Հղի կնոջ սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեսթեր Ջիլեթի ռեզոնանսային պատմությունը, որը սպանել է իր հղի սիրուհուն՝ Գրեյս Բրաունին, դարձել է Թեոդոր Դրայզերի «Ամերիկյան ողբերգություն» (1925) վեպի հիմքը

Հղի կնոջ սպանություն, հղի կնոջ մահվան պատճառ, մարդասպանության տեսակներից մեկը։ Կարող է լինել դիտավորյալ կամ անզգույշ և հաճախ տեղի է ունենում ընտանեկան բռնության կամ տուժողի սեռական զուգընկերոջ կողմից բռնության հետևանքով։ Հատկապես լուրջ դեպքերում հղի կնոջը սպանելու պատճառը կարող է լինել հենց հղիությունը[1][2][3], սակայն նման դեպքերի վերաբերյալ հավաստի վիճակագրություն դեռևս չկա, քանի որ սպանությունների այս դասի հետազոտությունները սկսվել են համեմատաբար վերջերս[4]։

ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ABC News-ի՝ Մերիլենդում, Նյու Յորքում և Չիկագոյում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հղի կանանց մահացության բոլոր դեպքերի մեջ սպանությունները կազմում են մոտ 20 տոկոս[5]։ Ըստ «Վաշինգտոն Փոստի»՝ 1990-2004 թվականներին ԱՄՆ-ում գրանցվել է հղի և վերջերս ծննդաբերած կանանց 1367 սպանություն։ Նրանց 67 տոկոսը սպանվել է հրազենով, շատերը սպանվել են բնակելի տներում՝ իրենց ծանոթ տղամարդկանց կողմից[4]։

Մերիլենդի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչներ Իզաբել Հորոնը և Դիանա Չենը ուսումնասիրել են հղիության և դրա ավարտից հետո մեկ տարվա ընթացքում կանանց մահվան դեպքերը։ Նրանց մահվան պատճառների թվում առաջին տեղում սպանություններն էին, որոնք կազմել են բոլոր դեպքերի 20 տոկոսը։ Երկրորդ տեղում (19 տոկոս) եղել են սրտի հիվանդությունները։ Համեմատության համար․ վերարտադրողական տարիքի այլ կանանց շրջանում սպանությունները կազմել են մահվան պատճառների ընդամենը 6,4 տոկոսը և զբաղեցնում են հինգերորդ տեղը[6][7]։

Կոլումբիայի շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ 1988-1996 թվականներին մարդասպանությունը եղել է հղիների կամ վերջերս հղի եղած կանանց մահվան հիմնական պատճառը[8]։

ԱՄՆ-ում շատ ցածր մայրական մահացության ֆոնի վրա մահացության պատճառների մեծ մասը սպանություններն են։ Այսպիսով, ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների՝ հղիության հետ կապված սպանությունները տեղի են ունենում 100․000 կենդանի ծնված երեխաների հաշվով 1,7 դեպքում։ Ըստ նույն տվյալների՝ հղի կամ վերջերս հղի կանանց մահվան պատճառների շարքում սպանությունը ոչ թե առաջին տեղում է, այլ առաջատար տեղերից մեկում[9]։ Սակայն Հորոնը և Չենը կասկածի տակ են դնում հետազոտության արդյունքների հավաստիությունը՝ ենթադրելով, որ այն հիմնված է էականորեն թերի տեղեկությունների վրա, ինչը հանգեցնում է դեպքերի հաճախականության թերագնահատմանը[10]։ Ըստ այդ հետազոտողների՝ Մերիլենդում հղի և վերջերս հղի կանանց սպանությունների մակարդակը 10,5 է 100․000 կենդանի ծնվածի հաշվով։ Նրանք կարծում են, որ ԱՄՆ-ի նահանգները պետք է բարելավեն հղիների և վերջերս հղի կանանց մահվան պատճառների վերաբերյալ տվյալների հավաքագրումը[10]։ «Վաշինգտոն Փոստը» 2004 թվականին հաղորդել է, որ 13 նահանգներ ընդհանրապես տվյալներ չունեին այն մասին, թե քանի հղի կամ վերջերս հղի կին է սպանվել վերջին մի քանի տարիների ընթացքում[4]։ Սակայն Կալիֆոռնիա նահանգում 2003 թվականից կնոջ մահվան վկայականում կատարվում է գրառում, որը ցույց է տալիս, թե արդյոք նա հղի է եղել մահվան պահին[4]։

1999 թվականին սպանությունները 20-24 տարեկան կանանց մահացության երկրորդ պատճառն էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հինգերորդը՝ 25-34 տարեկան կանանց շրջանում։ Երկու տարիքային խմբերում էլ դժբախտ պատահարներն առաջին տեղում էին[11]։

Այն բանից հետո, երբ 2004 թվականի ապրիլին Միացյալ Նահանգներում ուժի մեջ է մտել Բռնության չծնված զոհերի մասին դաշնային օրենքը (անգլ.՝ Unborn Victims of Violence Act), չծնված երեխաները կարող են ճանաչվել որպես զոհ, եթե հղի կնոջ դեմ դաշնային բռնի հանցագործությունը հանգեցրել է պտղի առողջությանը վնաս պատճառելու կամ նրա մահվան[12]։ 38 նահանգների օրենքներով սպանված կնոջ հղիությունը ծանրացնող հանգամանք է և մեծացնում է մարդասպանի պատիժը[13][14]։ Նահանգային այդ օրենքներից մի քանիսով չծնված երեխան համարվում է ֆիզիկական անձ՝ հանցագործությունները հետաքննելու նպատակով[15]։

Հղի կանանց ամենահայտնի սպանություններից մեկը 2002 թվականի վերջին ամուսնու՝ Սքոթ Փեթերսոնի կողմից Լեյսի Փեթերսոնի սպանությունն էր։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ հղի կանանց սպանություններն առավել հաճախ կատարվում են նրանց հարազատների կամ սեռական զուգընկերների կողմից, կանխարգելման կարևոր միջոց է հղիությունը թաքցնելու և նրանցից գաղտնի բժշկական օգնություն ստանալու հնարավորությունը։ Բժիշկների համար կարևոր է իմանալ կանանց նկատմամբ ընտանեկան բռնության նշանները և հղիներին դրանից պաշտպանելու հնարավորությունները[16][3][1]։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Martin, 2007
  2. Parker, 1994
  3. 3,0 3,1 Campbell, 2007
  4. 4,0 4,1 4,2 4,3 St. George, Donna (2004 թ․ դեկտեմբերի 19). «Many New or Expectant Mothers Die Violent Deaths» (անգլերեն). Washington Post.
  5. «Murder Is One of Top Causes of Death for Pregnant Women» (անգլերեն). ABC News. 2007 թ․ հունիսի 26.
  6. Horon, Isabelle L.; Cheng, Diana Enhanced Surveillance for Pregnancy-Associated Mortality—Maryland, 1993-1998(անգլ.) // JAMA. — 2001. — Т. 285. — С. 1455–1459. — doi:10.1001/jama.285.11.1455
  7. «No. 1 Cause of Death in Pregnant Women: Murder». webmd.com.
  8. Krulewitch, Cara J.; Pierre-Louis, Marie Lydie; de Leon-Gomez, Regina; Guy, Richard; Green, Richard Hidden from view: violent deaths among pregnant women in the District of Columbia, 1988-1996(անգլ.) // Journal of Midwifery & Women's Health. — 2001. — Т. 46. — С. 4–10. — doi:10.1016/s1526-9523(00)00096-9 — PMID 11300307.
  9. Chang, J.; Berg, C. J.; Saltzman, L. E.; Herndon, J. Homicide: a leading cause of injury deaths among pregnant and postpartum women in the United States, 1991–1999(անգլ.) // Am J Public Health. — 2005. — Т. 95. — С. 471–477. — doi:10.2105/AJPH.2005.072017 — PMID 16195505.
  10. 10,0 10,1 Horon, Cheng, 2005
  11. Curtis, Kim (2003 թ․ ապրիլի 23). «Murder: The Leading Cause of Death for Pregnant Women» (անգլերեն). Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. Ghazaleh, S.; Martin, S. L.; Schiro, S. Homicide Among Pregnant and Postpartum Women in the United States: A Review of the Literature(անգլ.) // Trauma, Violence, & Abuse. — 2010. — В. 11. — С. 42—54.
  13. «State Homicide Laws That Recognize Unborn Victims». www.nrlc.org (անգլերեն). National Right to Life Committee. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  14. Legislatures, National Conference of State. «Fetal Homicide State Laws». www.ncsl.org (անգլերեն). Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. (National Conference of State Legislatures, 2008)
  16. Frye, V. Examining Homicide's Contribution to Pregnancy-Associated Deaths(անգլ.) // Journal of American Medical Association. — 2001. — В. 11. — С. 1510—1511.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Campbell, J. C.; Glass, N.; Sharps, P. W.; Laughon, K.; Bloom, T. Intimate Partner Homicide: Review and Implications of Research and Policy(անգլ.) // Trauma, Violence, & Abuse. — 2007. — В. 8. — С. 246—269.
  • Horon, Isabelle; Cheng, Diana Underreporting of pregnancy-associated deaths(անգլ.) // American Journal of Public Health. — 2005. — Т. 95. — С. 1879. — doi:10.2105/ajph.2005.072017 — PMID 16195505.
  • Martin, S. L.; Macy, R. J.; Sullivan, K.; Magee, M. L. Pregnancy-Associated Violent Deaths: The Role of Intimate Partner Violence(անգլ.) // Trauma, Violence, & Abuse.. — 2007. — В. 8. — С. 135—148.
  • Parker, B.; McFarlane, J.; Soeken, K. Abuse During Pregnancy: Effects on Maternal Complications and Birth Weight in Adult and Teenage Women(անգլ.) // Obstet Gynecol. — 1994. — С. 323—328.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]