Հարյուր տարվա մենություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարյուր տարվա մենություն
իսպ.՝ Cien años de soledad
ՀեղինակԳաբրիել Գարսիա Մարկես
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմոգական ռեալիզմ
Բնօրինակ լեզուիսպաներեն
Ստեղծման տարեթիվ1960[1][2]
Նկարագրում էՄակոնդո
ԵրկիրԱրգենտինա[3][4]
Հրատարակման վայրԲուենոս Այրես[3][4]
ՀրատարակիչEditorial Sudamericana
Հրատարակման տարեթիվ1967[5][6]
ԹարգմանիչԳրեգորի Ռաբասա, Վլադիմիր Մեդեկ և Aita Kurfeldt?[7]
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքՀարյուր տարվա մենություն
 One Hundred Years of Solitude Վիքիպահեստում

Հարյուր տարվա մենություն (իսպ.՝ Cien años de soledad), կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպերից, լատինաամերիկյան և համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Այն իսպաներենով գրված ամենակարդացվող և թարգմանվող ստեղծագործություններից մեկն է։ Նշվել է որպես իսպաներենով գրված, նշանակությամբ երկրորդ (Սերվանտեսի «Դոն Կիխոտից» հետո) ստեղծագործությունը իսպաներենին նվիրված IV միջազգային կոնգրեսի ժամանակ (անցկացվել է Կոլումբիայի Կարտախենա քաղաքում 2007 թվականի մարտին)։ Առաջին անգամ հրատարակվել է Բուենոս-Այրեսում 1967 թվականի հունիսին 8000 տպաքանակով[8]։ Ներկա դրությամբ վաճառվել է գրքի ավելի քան 30 միլիոն օրինակ աշխարհի 35 լեզուներով։

Վեպի գործողությունները տեղի են ունենում մտացածին Մակոնդո քաղաքում, սակայն մեծապես առնչվում են հեղինակի՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենի Կոլումբիայում տեղի ունեցող իրադարձություններին։

Մասնագետների կարծիքով «Հարյուր տարվա մենություն» ստեղծագործությունն էր գլխավոր դրդապաճառը, որ 1982 թվականին Գաբրիել Գարսիա Մարկեսն արժանացավ Նոբելյան մրցանակի։ Այդ ժամանակ նրա պարգևատրումը բացատրվեց հետևյալ կերպ. «Վեպերի ու պատմվածքների համար, որոնցում ֆանտազիան ու իրականությունը միախառնվելով արտացոլում են ամբողջ մայրցամաքի կյանքն ու կոնֆլիկտները»։

Պատմական համատեքստը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հարյուր տարվա մենություն» վեպը Մարկեսը գրել է 18 ամիսների ընթացքում՝ 1965-1966 թվականներին, Մեխիկոյում։ Ստեղծագործության գաղափարը ծագել էր դեռևս 1952 թվականին, երբ հեղինակը տասնհինգ տարվա բացակայությունից հետո իր մոր հետ այցելեց հայրենի գյուղը՝ Արակատական։ Նրա «Շաբաթ օրվա հաջորդ օրը» պատմվածքում առաջին անգամ հայտնվում է Մակոնդոն։ Իր նոր վեպը Մարկեսը ծրագրել էր անվանել «Տուն», բայց արդյունքում մտափոխվեց՝ ցանկանալով խուսափել 1954 թվականին իր ընկերոջ՝ Ալվարո Սամուդիոյի կողմից հրատարակված «Մեծ տուն» վեպի հետ շփոթմունքից։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է 20 անվերնագիր գլուխներից, որոնցում նկարագրվում են Մակոնդոյում և Բուենդիաների ընտանիքում տեղի ունեցող իրադարձությունները։ Հերոսների անուններն անընդհատ կրկնվում են՝ միավորելով ֆանտազիան և իրականությունը։ Առաջին երեք գլուխներում պատմվում է մի խումբ մարդկանց վերաբնակեցման և նրանց կողմից Մակոնդո գյուղի հիմնադրման մասին։ 4-16 գլուխներում նկարագրվում է բնակավայրի տնտեսական, քաղաքական ու սոցիալական զարգացումը։ Վերջին գլուխներում ցույց է տրվում գյուղի անկումը։

Վեպի համարյա բոլոր նախադասությունները կառուցված են անուղղակի խոսքով և բավականին երկար են։ Ուղղակի խոսքը և երկխոսությունները գրեթե չեն կիրառվում։ Հատկանշական է 16-րդ գլխի այն նախադասությունը, որում Ֆերնանդա դել Կարպիոն խղճում է ինքն իրեն, տպագիր տեսքով այդ նախադասությունն զբաղեցնում է համարյա երկուսուկես էջ։

Գրելու պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Esquire ամսագրին իր հարցազրույցում Մարկեսն ասել է.

Ես ունեի կին և երկու փոքրիկ տղա։ Ես աշխատում էի որպես փիար մենեջեր և խմբագրում էի կինոսցենարներ։ Բայց գիրք գրելու համար պետք էր հրաժարվել աշխատանքից։ Ես մեքենաս գրավ դրեցի և գումարը տվեցի Մերսեդեսին։ Ամեն օր նա ինձ համար ձեռք էր բերում թուղթ, ծխախոտ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է աշխատելու համար։ Երբ գիրքն ավարտվեց, պարզվեց, որ մենք մսավաճառին պարտք ենք 5000 պեսո՝ հսկայական գումար։ Շրջանում լուր էր տարածվել, որ ես շատ կարևոր գիրք եմ գրում, և բոլոր կրպակատերերը ցանկանում էին մասնակցություն ունենալ այդ գործում։ Որպեսզի տեքստն ուղարկեի հրատարակչին, անհրաժեշտ էր 160 պեսո, իսկ ունեի ընդամենը 80։ Այդ ժամանակ ես գրավ դրեցի Մերսեդեսի հարիչն ու վարսահարդարիչը։ Այդ իմանալով՝ նա ասաց. «Այդ է պակաս, որ վեպը վատը լինի»։

Կենտրոնական թեմաները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեի ամբողջ ընթացքում վեպի հերոսներին ճակատագրի կողմից կանխորոշված էր տառապել միայնությունից, որը Բուենդիաների ընտանիքի բնածին անեծքն էր։ Բնակավայրը, որտեղ տեղի են ունենում վեպի գործողությունները՝ Մակոնդոն՝ նույնպես միայնակ և անջատված ամբողջ ժամանակակից աշխարհից, ապրում է՝ սպասելով գնչուներին, ովքեր իրենց հետ բերում են նոր հայտնագործություններ, ապրում է մոռացության մեջ և մշտական ողբերգական իրադարձությունների պայմաններում։

Մենությունն ամենից շատ նկատելի էր գնդապետ Աուրելիանո Բուենդիայի մեջ, քանի որ սերն արտահայտելու նրա անկարողությունը ստիպում է նրան գնալ պատերազմ՝ թողնելով տարբեր մայրերից ծնված իր տղաներին տարբեր բնակավայրերում։ Մեկ այլ դեպքում նա խնդրում է իր շուրջ գծել 3 մետր շառավղով շրջանագիծ, որպեսզի ոչ ոք չմոտենա իրեն։ Ստորագրելով խաղաղության պայմանագիրը՝ գնդապետը կրակում է իր կրծքին, որպեսզի չհանդիպի իր ապագային, սակայն իր անհաջողության պատճառով չի հասնում նպատակին և ծերությունն անցկացնում է արհեստանոցում՝ պատրաստելով ոսկե ձկներ և համակերպվելով միայնության հետ։

Վեպի մյուս հերոսները՝ Մակոնդոյի հիմնադիր Խոսե Արկադիո Բուենդիան (մահացավ մենակության մեջ ծառի տակ), Ուրսուլան (ծերության շրջանում կուրացել էր և ապրում էր մեկուսացած), Խոսե Արկադիոն և Ռեբեկան (գնացին ապրելու առանձին տանը, որպեսզի չխայտառակեն ընտանիքը), Ամարանտան (ողջ կյանքում ապրեց և մեռավ չամուսնանալով ու մնալով կույս), Գերինելդո Մարկեսը (ամբողջ կյանքում անհույս սպասեց թոշակին և Ամարանտայի սիրուն), Պյետրո Կրեսպին (մերժվեց Ամարանտայի կողմից և ինքնասպան եղավ), Խոսե Արկադիո Երկրորդը (իր տեսած գնդակահարությունից հետո երբեք ոչ ոքի հետ հարաբերությունների մեջ չէր մտնում և կյանքի վերջին տարիներն անցկացրեց մեկուսացած՝ Մելկիադեսի սենյակում), Ֆերնանդա դել Կարպիոն (ծնվել էր թագուհի դառնալու համար և առաջին անգամ իր տունը լքեց 12 տարեկանում), Ռենատա Ռեմեդիոս «Մեմե» Բուենդիան (Մաուրիսիո Բուենդիայի մահից հետո առանց հակառակվելու ուղարկվեց մենաստան և այնտեղ ապրեց հավերժ լռության մեջ) և Աուրելիանո Բաբիլոնիան (ապրում էր Մելկիադեսի սենյակում մեկուսացած) ամենից շատն էին տառապում մենության և լքվածության հետևանքներից։

Նրանց միայնակ կյանքի ու լքվածության հիմնական պատճառներից էին սիրելու անկարողությունը և նախապաշարմունքները, որոնք կոտրվեցին Աուրելիանո Բաբիլոնիայի և Ամարանտա Ուրսուլայի հարաբերություններով։ Ազգականներ լինելու մասին նրանց անտեղյակությունը հանգեցրեց պատմության ողբերգական ավարտին, իսկ նրանց սիրո պտուղը՝ միակ որդին, դարձավ մրջյունների կեր։ Այս ցեղն անկարող էր սիրել, այդ պատճառով նրանք դատապարտված էին միայնության։ Բացառություն էր Աուրելիանո Երկրորդի և Պետրա Կոտեսի միջև դեպքը. նրանք սիրում էին իրար, բայց չունեին և չէին կարող ունենալ երեխաներ։ Բուենդիա ընտանիքի կանանց՝ սիրո պտուղ երեխա ունենալու միակ հնարավորությունը Բուենդիա ընտանիքի տղամարդու հետ հարաբերություններն էին, ինչն էլ տեղի ունեցավ Աուրելիանո Բաբիլոնիայի և նրա մորաքույր Ամարանտա Ուրսուլայի միջև։ Այս միությունը դարձավ Բուենդիա ցեղի վերջը։

Կարելի է ասել, որ մենությունը դրսևորվեց բոլոր սերունդներում։ Ինքնասպանությունը, սերը, ատելությունը, դավաճանությունը, ազատությունը, տառապանքը, արգելվածի ձգտումը երկրորդական թեմաներ են, որոնք վեպի ընթացքում մեծ չափով փոխում են մեր հայացքները և հասկացնում են, որ այս աշխարհում մենք ապրում և մեռնում ենք մենության մեջ։

Իրականություն և հերյուրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկում ֆանտաստիկ իրադարձությունները ներկայացվում են որպես առօրեություն այնպիսի իրավիճակների միջոցով, որոնք հերոսների համար անբնական չեն։ Կոլումբիայի պատմական իրադարձությունները՝ քաղաքացիական պատերազմը քաղաքական կուսակցությունների միջև, բանանի պլանտացիաների բանվորների զանգվածային սպանդը, ևս արտացոլված են Մակոնդոյի մասին առասպելում։ Այնպիսի իրադարձությունները, ինչպիսին են Ռեմեդիոսի երկինք համբառնալը, Մելկիադեսի գուշակությունները, մահացած հերոսների հայտնվելը, գնչուների բերած անսովոր առարկաները (մագնիս, հեռադիտակ, սառույց) ներխուժում են գրքում արտացոլված իրական դեպքերի համատեքստ և ստիպում ընթերցողին մտնել մի աշխարհ, որում հնարավոր են անհավատալի իրադարձություններ։ Հենց սրանում է մոգական ռեալիզմի իմաստը։

Ինցեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարազատների միջև հարաբերությունները գրքում նկարագրվում են խոզի պոչով ծնվող երեխաների առասպելով։ Չնայած դրան՝ ընտանիքի անդամների միջև կապեր են ստեղծվում ամբողջ վեպի ընթացքում տարբեր սերունդների միջև։ Պատմությունը սկսվում է Խոսե Արկադիո Բունդիայի և նրա զարմուհի Ուրսուլայի միջև հարաբերություններից, ովքեր բազում անգամներ լսել էին իրենց հորեղբոր մասին, ով ուներ խոզի պոչ։ Արդյունքում Խոսե Արկադիոն (հիմնադրի որդին) ամուսնացավ Ռեբեկայի հետ, ով որդեգրված աղջիկ էր և համարվում էր նրա քույրը։ Աուրելիանո Խոսեն սիրահարվեց իր հորաքույր Ամարանտային, առաջարկեց ամուսնանալ, բայց մերժվեց։ Որպես սիրուն մոտ հարաբերություններ կարելի է որակել նաև Խոսե Արկադիոյի (Աուրելիանո Երկրորդի որդին) և Ամարանտայի հարաբերությունները, որոնք նույնպես անհաջող էին։ Վերջիվերջո հարաբերություններ են ծագում Ամարանտա Ուրսուլայի և նրա քրոջ որդու՝ Աուրելիանո Բաբիլոնիայի միջև, ովքեր անգամ չէին կասկածում, որ իրենք արյունակիցներ են, քանի որ Ֆերնանդան՝ Աուրելիանոյի տատը, և Ամարանտայի մայրը, գաղտնի էին պահել Աուրելիանոյի ծնունդը։ Որքան էլ պարադոքսալ չթվա, ընտանիքի պատմության այս վերջին և անկեղծ սերը դարձավ Բուենդիա տոհմի մահվան պատճառը։

Բուենդիա ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Արկադիո Բուենդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուենդիա տոհմի հիմնադիրն է, կամային, համառ և անսասան բնավորության տեր։ Մակոնդո քաղաքի հիմնադիրն է։ Ուներ խորը հետաքրքրություն աշխարհի կառուցվածքի, գիտությունների, տեխնիկական նորությունների և ալքիմիայի նկատմամբ։ Խոսե Արկադիո Բուենդիան խելագարվեց՝ փորձելով գտնել փիլիսոփայական քարը և վերջնական հաշվով մոռացավ մայրենի լեզուն ու սկսեց խոսել լատիներեն։ Նրան կապեցին բակում աճող շագանակենու ծառին, որտեղ էլ նա դիմավորեց ծերությունը Պրուդենսիո Ագիլյարի հետ միասին, ում սպանել էր երիտասարդ տարիներին։ Նրա մահից առաջ Ուրսուլան՝ նրա կինը, արձակում է կապերը և ազատում ամուսնուն։

Ուրսուլա Իգուարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Արկադիո Բուենդիայի կինն է և ընտանիքի մայրը, ով դաստիարակում էր տոհմի անդամների մեծ մասին՝ ընդհուպ մինչև թոռան թոռանը։ Ամուր և խիստ կառավարում էր ընտանիքը։ Սառնաշաքարների վաճառքից կարողացավ մեծ գումար կուտակել և վերանորոգել տունը։ Կյանքի վերջում Ուրսուլան կուրանում է և մահանում մոտ 120 տարեկան հասակում։ Բացի նրանից, որ նա բոլորին դաստիարակում և վաստակում էր գումար, Ուրսուլան, կարելի է ասել, ընտանիքում խելքը գլխին միակ մարդն էր, ով կարող էր գոյատևել ցանկացած իրավիճակում։ Եթե չլիներ Ուրսուլան՝ ընտանիքի միջուկը, անհայտ է, թե ուր կգլորվեր ընտանիքի ճակատագիրը։

Երկրորդ սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Արկադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Արկադիոն Խոսե Արկադիո Բուենդիայի և Ուրսուլայի ավագ որդին է, ով հորից ժառանգել էր համառությունն ու ակտիվությունը։ Երբ Մակոնդո են ժամանում գնչուները, մի կին, տեսնելով Խոսե Արկադիոյի մերկ մարմինը, բացականչում է, որ երբեք չի տեսել այդքան մեծ առնանդամ։ Խոսե Արկադիոյի սիրուհին է դառնում ընտանիքի ծանոթ Պիլար Տերներան, ով հղիանում է նրանից։ Խոսե Արկադիոն թողնում է ընտանիքը և փախչում գնչուների հետ։ Նա վերադառնում է միայն բազում տարիներ անց, որոնց ընթացքում դարձել էր ծովագնաց և կատարել մի քանի շուրջերկրյա ճանապարհորդություն։ Խոսե Արկադիոն վերածվել էր ուժեղ ու խստադեմ մարդու, ում ամբողջ մարմինը պատված էր դաջվածքներով։ Վերադառնալով ամուսնանում է հեռավոր բարեկամուհու՝ Ռեբեկայի հետ, ով դաստիարակվել էր նրա ծնողների ընտանիքում։ Այս ամուսնության համար Խոսե Արկադիոյին վռնդում են Բուենդիաների տնից։ Նա ապրում էր Մակոնդոյի ծայրամասում՝ գերեզմանների մոտ և շնորհիվ որդու՝ Արկադիոյի մեքենայությունների, հանդիսանում էր Մակոնդոյի ամբողջ հողերի սեփականատերը։ Պահպանողականների կողմից քաղաքի գրավման ժամանակ գնդակահարությունից փրկում է եղբորը՝ գնդապետ Աուրելիանո Բուենդիային, բայց շուտով մահանում է առեղծվածային մահով։ Խոսե Արկադիոն մարմնավորում էր գերմաչոյի գծերը. բացի սեռական ուժից, նա նաև ուներ ֆիզիկական մեծ ուժ։

Գնդապետ Աուրելիանո Բուենդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Արկադիո Բուենդիայի և Ուրսուլայի երկրորդ որդին։ Աուրելիանոն հաճախ լալիս էր մոր արգանդում և ծնվեց բաց աչքերով։ Մանկուց զարգացած էր ինտուիցիան, զգում էր վտանգի և կարևոր իրադարձությունների գալը։ Աուրելիանոն հորից ժառանգել էր մտախոհությունը և փիլիսոփայական էությունը, սովորում էր ոսկերչական գործը։ Ամուսնանում է Մակոնդոյի ալկալդի մանկահասակ դստեր՝ Ռեմեդիոսի հետ, որը շուտով մահանում է՝ արգանդում կրելով երկվորյակների։ Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո միանում է լիբերալների կուսակցությանը և հասնում Ատլանտյան ափի հեղափոխական ուժերի գլխավոր հրամանատարի կոչման, սակայն հրաժարվում է ընդունել գեներալի կոչումը, քանի դեռ պահպանողականների իշխանությունը չի տապալվել։ Երկու տասնամյակների ընթացքում սկսել է 32 զինված ապստամբություն և բոլորն էլ տանուլ տվել։ Կորցնելով ողջ հետաքրքրությունը պատերազմի հանդեպ՝ 1903 թ. ստորագրում է հաշտության Նեերլանդական պայմանագիրը և կրակում կրծքին, սակայն ողջ է մնում։ Դրանից հետո գնդապետը վերադառնում է հայրենի Մակոնդո։ Եղբոր սիրեկան Պիլար Տերներայից ծնվում է նրանց որդին՝ Աուրելիանո Խոսեն, իսկ 17 այլ կանանցից, որոնց բերում էին ռազմական գործողությունների ժամանակ, ունենում է 17 զավակ։ Ծերության օրերին գնդապետը զբաղվում էր ոսկե ձկնիկների պատրաստմամբ։ Գնդապետը մահանում է ծառի տակ միզելիս, որտեղ երկար տարիներ կապված ապրել էր հայրը։

Ամարանտա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Արկադիո Բուենդիայի և Ուրսուլայի երրորդ երեխան։ Ամարանտան մեծանում է իր հեռավոր զարմուհի Ռեբեկայի հետ միասին, նրանք միաժամանակ սիրահարվում են իտալացի Պյետրո Կրեսպիին, ով փոխադարձաբար պատասխանում էր Ռեբեկայի զգացմունքներին, և այդ ժամանակից սկսած Ռեբեկան դառնում է Ամարանտայի ոխերիմ թշնամին։ Ատելության րոպեներին Ամարանտան փորձում էր անգամ թունավորել մրցակցուհուն։ Այն բանից հետո, երբ Ռեբեկան ամուսնանում է Խոսե Արկադիոյի հետ, Ամարանտան կորցնում է հետաքրքրությունը իտալացու հանդեպ։ Ավելի ուշ Ամարանտան մերժում է նաև գնդապետ Գերինելդո Մարկեսին՝ արդյունքում մնալով պառաված օրիորդի կարգավիճակում։ Նրան սիրահարված էին և նրա հետ սեքս էին տենչում եղբորորդին՝ Աուրելիանո Խոսեն և եղբորորդու թոռը՝ Խոսե Արկադիոն։ Բայց նա մեռնում է խորը ծերության մեջ կույս մնալով, ճիշտ այն կերպ, ինչպես պատմել էր ինքը՝ մահը, այն բանից հետո, երբ Ամարանտան վերջացրեց կարել պատանքը։

Ռեբեկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբեկան որբ էր։ Նրան որդեգրեցին Խոսե Արկադիո Բուենդիան և Ուրսուլան։ Ռեբեկան եկավ Բուենդիաների ընտանիք մոտ 10 տարեկան հասակում մի պարկով, որի մեջ նրա ծնողների ոսկորներն էին, ովքեր Ուրսուլայի բարեկամներն էին։ Սկզբում աղջնակը վեհերոտ էր, համարյա չէր խոսում և ուներ հող ու պատերի ծեփ ուտելու և մատը ծծելու սովորություն։ Երբ Ռեբեկան մեծանում է, նրան սիրահարվում է Պյետրո Կրեսպին, բայց նրանց հարսանիքն անընդհատ հետաձգվում էր բազմաթիվ սուգերի պատճառով։ Արդյունքում այս սերը Ամարանտային դարձնում է նրա ոխերիմ թշնամին։ Խոսե Արկադիոյի վերադարձից հետո ամուսնանում է նրա հետ՝ հակառակ Ուրսուլայի կամքին։ Դրա պատճառով սիրահարված զույգին վտարում են տնից։ Խոսե Արկադիոյի մահից հետո Ռեբեկան փակվում է տանը՝ միայնության մեջ՝ չարացած ամբողջ աշխարհի վրա։ Ռեբական մեռնում է խորը ծերության մեջ մատը բերանում։

Երրորդ սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադիոն Խոսե Արկադիոյի և Պիլար Տերներայի անօրինական որդին է։ Ուսուցիչ է, սակայն գնդապետ Աուրելիանոյի պահանջով իր վրա է վերցնում Մակոնդոյի ղեկավարումը գնդապետի հեռանալուց հետո։ Դառնում է դաժան բռնապետ։ Արկադիոն փորձում էր արմատահան անել եկեղեցին, սկսվում են քաղաքում ապրող պահպանողականների նկատմամբ հետապնդումները (հատկապես դոն Ապոլինար Մոսկոտեի նկատմամբ)։ Երբ Արկադիոն պատրաստվում էր գնդակահարել Ապոլինարին ծաղրական նկատողության համար, Ուրսուլան, չդիմանալով, մայրաբար սկսում է ծեծել Արկադիոյին։ Տեղեկանալով, որ պահպանողականների ուժերը վերադառնում են՝ Արկադիոն որոշում է պայքարել նրանց դեմ իր փոքրաթիվ ուժերով։ Պարտությունից և պահպանողականների կողմից քաղաքի գրավումից հետո նա գնդակահարվում է։

Աուրելիանո Խոսե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ Աուրելիանոյի և Պիլար Տերներայի անօրինական որդին է։ Ի տարբերություն խորթ եղբոր՝ Արկադիոյի, գիտեր իր ծագման գաղտնիքը և շփվում էր մոր հետ։ Դաստիարակվել է հորաքրոջ՝ Ամարանտայի կողմից, ում սիրահարված էր, բայց չկարողացավ հասնել։ Որոշ ժամանակ ուղեկցում էր հորը նրա արշավների ժամանակ և մասնակցում ռազմական գործողություններին։ Վերադառնալով Մակոնդո՝ սպանվում է իշխանություններին չենթարկվելու արդյունքում։

Գնդապետ Աուրելիանոյի մյուս որդիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ Աուրելիանոն ուներ 17 որդի 17 տարբեր կանանցից, որոնց ուղարկում էին իր մոտ արշավների ժամանակ «ցեղը լավը դարձնելու համար»։ Նրանք բոլորը կրում էին հոր անունը (բայց ունեին մականուններ), կնքվել էին տատի՝ Ուրսուլայի կողմից, բայց նրանց դաստիարակել էին մայրերը։ Առաջին անգամ բոլորը միասին հավաքվել էին Մակոնդոյում, երբ իմացել էին գնդապետ Աուրելիանոյի հոբելյանի մասին։ Նրանցից չորսը սկսեցին ապրել և աշխատել Մակոնդոյում։ Գնդապետ Աուրելիանոյի դեմ կառավարական ինտրիգների արդյունքում մեկ գիշերվա մեջ սպանվեցին գնդապետի 16 որդիները։ Եղբայրներից միայն Աուրելիանո Սիրահարվածին հաջողվեց խույս տալ մահից։ Նա երկար ժամանակ թաքնվում էր, և խորը ծերության ժամանակ ապաստան է խնդրում Բուենդիա տոհմի վերջին ներկայացուցիչներից՝ Խոսե Արկադիոյից և Աուրելիանոյից, ովքեր նրան մերժում են, քանի որ չեն ճանաչում։ Սրանից հետո սպանվում է նաև վերջին Աուրելիանոն։ Բոլոր եղբայրներին սպանում էին կրակելով ճակատի մոխրե խաչերին, որը նկարել էր հայր Անտոնիո Իսաբելը և որը նրանք չկարողացան մաքրել, մինչև իրենց կյանքի վերջը։

Չորրորդ սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմեդիոս Գեղեցկուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադիոյի և Սանտա Սոֆիա դե լա Պյեդադի դուստրն է։ Իր գեղեցկության համար ստացել է Գեղեցկուհի մականունը։ Ընտանիքի անդամների մեծ մասը նրան համարում էին մանկամիտ աղջնակ, միայն գնդապետ Աուրելիանո Բուենդիան էր նրան համարում ամենախելամիտը ամբողջ ընտանիքում։ Բոլոր տղամարդիկ, ովքեր արժանանում էին նրա ուշադրությանը, տարբեր հանգամանքներում մահանում էին, ինչն էլ վատ համբավ բերեց Ռեմեդիոսին։ Սպիտակեղենը հավաքելու ժամանակ Ռեմեդիոս Գեղեցկուհին թեթև քամուց համբարձվեց երկինք։

Խոսե Արկադիո Երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադիոյի և Սանտա Սոֆիա դե լա Պյեդադի որդին է, Աուրելիանո Երկրորդի երկվորյակ եղբայրը։ Նրանք ծնվեցին Արկադիոյի սպանությունից հինգ ամիս անց։ Երկվորյակները, գիտակցելով միմյանց նմանությունը, փոքր հասակում սիրում էին փոխվել տեղերով։ Ժամանակի ընթացքում խառնաշփոթը միայն ավելացավ։ Ուրսուլան կարծում էր, որ ընտանեկան բնավորությունների անհամապատասխանության պատճառով նրանք այնուամենայնիվ խառնվել են։ Խոսե Արկադիո Երկրորդը մեծացավ նիհար, ինչպես գնդապետ Աուրելիանոն։ Գրեթե 2 ամիսների ընթացքում եղբոր հետ կիսում էր միևնույն կնոջը՝ Պետրա Կոտեսին, բայց հետո լքեց նրան։ Աշխատում էր բանանի ընկերությունում, հետագայում դարձավ արհմիութենական առաջնորդ, ջրի երես հանեց կառավարության մեքենայությունները։ Ողջ մնաց խաղաղ ցույցի աշխատողների վրա կրակոցներից հետո և արթնացավ գնացքում, որը դեպի ծովն էր տանում ավելի քան 3000 աշխատողների, ծերերի, կանանց և երեխաների դիակներ։ Այս դեպքից հետո խելագարվեց և կյանքի մնացաց մասն անցկացրեց Մելկիադեսի սենյակում՝ ուսումնասիրելով նրա թղթերը։ Մահացավ եղբոր՝ Աուրելիանո Երկրորդի հետ միաժամանակ։ Արդյունքում թաղման խառնաշփոթի ժամանակ Խոսե Արկադիոյի դագաղը թաղեցին Աուրելիանո Երկրորդի գերեզմանում։

Աուրելիանո Երկրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադիոյի և Սանտա Սոֆիա դե լա Պյեդադի որդին է, Խոսե Արկադի Երկրորդի երկվորյակ եղբայրը։ Մեծացավ հաղթանդամ ինչպես պապը՝ Խոսե Արկադիո Բուենդիան։ Շնորհիվ իր և Պետրա Կոտեսի միջև կրքոտ սիրո, նրա անասունները բազմանում էին անհավատալի արագությամբ, և կարճ ժամանակում Աուրելիանո Երկրորդը դարձավ Մակոնդոյի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Դրանով հանդերձ նա շատ ուրախ և հյուրասեր մարդ էր։ Ամուսնացավ նա, իհարկե, ոչ թե Պետրա Կոտեսի, այլ Ֆերնանդա դել Կարպիոյի հետ, որին երկար փնտրեց դիմակահանդեսից հետո՝ նրա մասին իմանալով միայն մի բան. նա ամենագեղեցիկ կինն է ամբողջ աշխարհում։ Նրանք ունեցան երեք զավակ՝ Ամարանտա Ուրսուլան, Խոսե Արկադիոն և Ռենատա Ռեմեդիոսը, ում հետ հատկապես հայրը շատ մտերիմ էր։ Անընդհատ տեղափոխվելով կնոջից սիրուհու մոտ՝ մահացավ, ինչպես խոստացել էր, օրինական կնոջ՝ Ֆերնանդայի կողքին կոկորդի ուռուցքից, եղբոր՝ Խոսե Արկադիո Երկրորդի հետ միաժամանակ։

Հինգերորդ սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռենատա Ռեմեդիոս (Մեմե)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերնանդայի և Աուրելիանո Երկրորդի առաջին դուստրն է։ Ավարտել է կլավիկորդի ուսումնարանը։ Այն ժամանակ, երբ իրեն նվիրել էր այդ գործիքին, Մեմեն զվարճանում էր խնջույքներում, ինչպես իր հայրը։ Ծանոթանում և սիրահարվում է բանանի ընկերության մեխանիկի աշակերտ Մաուրիսիո Բաբիլոնիային, ում միշտ շրջապատում էին դեղին թիթեռներ։ Երբ Ֆերնանդան իմանում է նրանց սեռական հարաբերությունների մասին, ալկալդից պահանջում է, որ իրենց տան մոտ գիշերային պահակախումբ կարգի։ Մաուրիսիոյի գիշերային այցերից մեկի ժամանակ նրա վրա կրակում են, և նա ամբողջ կյանքում մնում է անկողնուն գամված հաշմանդամ։ Իսկ Մեմեին Ֆերնանադան տանում է մենաստան, որպեսզի կոծկի դստեր ամոթալի կապը Մաուրիսիոյի հետ։ Բաբիլոնիայի վիրավորվելուց հետո Մեմեն լռեց իր ամբողջ կյանքում։ Մի քանի ամիս անց Մեմեն որդի է լույս աշխարհ բերում, որին տանում են Ֆերնանդայի մոտ և անվանում Աուրելիանո՝ պապի պատվին։ Ռենատան մահանում է ծերության մեջ Կրակովի հիվանդանոցում՝ այդպես էլ ոչ մի բառ չարտասանելով և մտածելով իր սիրելի Մաուրիսիոյի մասին։

Խոսե Արկադիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսե Արկադիոն Ֆերնանդայի և Աուրելիանո Երկրորդի որդին է, ով ուներ իր նախկին Արկադիոների բնավորությունը։ Նրան մեծացնում էր Ուրսուլան, ով ցանակնում էր, որ նա դառնա Հռոմի Պապ և դրա համար նրան ուղարկում են Հռոմ սովորելու։ Սակայն Խոսե Արկադիոն շուտով թողնում է ուսումը։ Մոր մահից հետո վերադառնալով՝ հայտնաբերում է տատի թաքցրած ոսկին և վատնում խնջույքների վրա։ Որոշ ժամանակ անց մտերմանում է իր անօրինական զարմիկի՝ Աուրելիանո Բաբիլոնիայի հետ, ում ցանկանում էր թողնել ոսկու մի մասը՝ իր՝ Նեապոլ մեկնելուց հետո։ Բայց դա տեղի չի ունենում։ Նրան բաղնիքում խեղդամահ են անում իր հետ ապրած 4 երեխաները, ովքեր էլ գողանում են ոսկու 3 պարկերը, որոնց մասին գիտեին միայն իրենք և Խոսե Արկադիոն։

Ամարանտա Ուրսուլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամարանտա Ուրսուլան Ֆերնանդայի և Աուրելիանո Երկրորդի կրտսեր դուստրն է։ Շատ նման է Ուրսուլային (տոհմի հիմնադրի կնոջը), ով մահացավ, երբ Ամարանտան դեռևս երեխա էր։ Երբեք չի իմանում, որ այն տղան, որ ուղարկվել էր Բուենդիաների տուն, իր քրոջ՝ Մեմեի որդին է։ Ամարանտան այդ տղայից որդի է ունենում (խոզի պոչով)։ Ի տարբերություն ընտանիքի մյուս անդամների, այդ տղան սիրո ծնունդ էր։ Ամարանտան սովորել էր Բելգիայում, բայց Եվրոպայից Մակոնդո է վերադառնում ամուսնու՝ Գաստոնի հետ, բերելով մոտ հիսուն թռչուններ, որպեսզի Մակոնդոյում կրկին թռչուններ ապրեն, ովքեր սպանվել էին Ուրսուլայի մահից հետո։ Ավելի ուշ Գաստոնը վերադառնում է Բելգիա և շատ հեշտ ընդունում է կնոջ և Աուրելիանո Բաբիլոնիայի սիրավեպի մասին նորությունը։ Ամարանտա Ուրսուլան մահանում է իր միակ որդու՝ Աուրելիանոյի լույս աշխարհ գալուց, ում ծնունդով էլ վերջ դրվեց Բուենդիաների տոհմին։

Վեցերորդ սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուրելիանո Բաբիլոնիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուրելիանոն Ռենատա Ռեմեդիոսի (Մեմե) և Մաուրիսիո Բաբիլոնիայի որդին է։ Բուենդիաների տուն էր բերվել մենաստանից, որտեղ նրան ծնել էր Մեմեն։ Նրա տատը՝ Ֆերնանդան, փորձելով թաքցնել նրա ծագումը, բոլորին հայտնում էր, որ փոքրիկին գտել է գետի մեջ զամբյուղով և նրան թաքցնում էր ամբողջ աշխարհից։ Տղային նա երեք տարի թաքցնում էր գնդապետ Աուրելիանոյի ոսկերչական արհեստանոցում։ Երբ նա մի անգամ փախչում է իր «մեկուսարանից», ոչ ոք անգամ չի էլ կասկածում նրա գոյության մասին։ Բնավորությամբ շատ նման է գնդապետին, իսկական Աուրելիանո է։ Բուենդիաներից ամենակարդացածն էր, կարող էր խոսակցություն վարել ցանկացած թեմայով։

Մանկության տարիներին ընկերություն էր անում Խոսե Արկադիո Երկրորդի հետ, ով նրան պատմում է բանանի ընկերության բանվորների սպանության ճշմարիտ պատմությունը։ Մինչ ընտանիքի մյուս անդամները գալիս ու գնում էին (նախ մահացավ Ուրսուլան, հետո՝ երկվորյակները, նրանցից հետո Սանտա Սոֆիա դե լա Պյեդադը, մահացավ Ֆերնանդան, վերադարձավ և սպանվեց Խոսե Արկադիոն, և վերջապես վերադարձավ Ամարանտա Ուրսուլան), Աուրելիանոն մնում էր տանը և համարյա երբեք դուրս չէր գալիս։ Ողջ մանկությունն անցկացրեց Մելկիադեսի գրերն ուսումնասիրելով, փորձելով վերծանել նրանցում թաքնված գաղտնիքը, որը գրված էր սանսկրիտով։ Վաղ հասակում նրան հաճախ հայտնվում էր Մելկիադեսի ուրվականը՝ տալով հուշումներ իր ձեռագրերի վերաբերյալ։ Կատալոնացի գիտնականի գրքի կրպակում Աուրելիանոն ծանոթանում և շատ մտերմանում է 4 պատանիների հետ, ովքեր, սակայն, շուտով լքում են Մակոնդոն՝ զգալով, որ քաղաքը գնում է անկասելի կործանման։ Կարելի է ասել, որ հենց նրանք դուրս բերեցին Աուրելիանոյին արտաքին աշխարհ, որը նրան անհայտ էր։

Ամարանտա Ուրսուլայի վերադարձից հետո, միանգամից սիրահարվում է նրան։ Սկզբում նրանք հանդիպում էին գաղտնի, բայց Ամարանտայի ամուսնու՝ Գաստոնի հեռանալուց հետո կարողացան սիրել միմյանց առանց թաքնվելու։ Այս սերը կրքոտ և գեղեցիկ է նկարագրված երկում։ Երկար ժամանակ կասկածում էին իրենց արյունակից լինելու մասին, բայց ոչ մի փաստաթուղթ չգտնելով՝ ստիպված հավատացին Ֆերնանդայի հորինած պատմությանը։ Երբ ծննդաբերությունից հետո Ամարանտան մահացավ, Աուրելիանոն դուրս եկավ տնից՝ սիրելիի կորսուտի կսկիծը սրտում։ Առավոտյան վերադառնալով տուն՝ հիշեց նորածին որդու մասին, որն այդ ժամանակ արդեն մրջյունների կեր էր դարձել։ Եվ հանկարծ նա հասկանում է Մելկիադեսի ձեռագրերի իմաստը, և պարզ է դառնում, որ դրանցում նկարագրված է Բուենդիա տոհմի ճակատագիրը։

Աուրելիանոն հեշտությամբ սկսում է վերծանել ձեռագրերը, երբ Մակոնդոյում սկսվում է ավերիչ փոթորիկ, որը Երկրի երեսից և մարդկանց հիշողությունից սրբում-տանում է քաղաքը, ինչպես որ Մելկիադեսն էր կանխագուշակել. «քանզի մարդկային այն տոհմերը, որոնք դատապարտված են հարյուր տարվա մենության, երկրորդ անգամ չեն հայտնվում Երկրի երեսին»։

Յոթերորդ սերունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուրելիանո[խմբագրել | խմբագրել կոդը]

Աուրելիանո Բաբիլոնիայի և նրա մորաքրոջ՝ Ամարանտա Ուրսուլայի որդին է։ Նրա ծնունդով իրականացավ Ուրսուլայի հին կանխագուշակումը՝ երեխան ծնվեց խոզի պոչիկով՝ նշանավորելով Բուենդիա տոհմի ավարտը։ Չնայած որ մայրը ցանկանում էր որդուն կոչել Ռոդրիգո, հայրը որոշեց անվանել նրան Աուրելիանո՝ հետևելով ընտանեկան ավանդույթին։ Այս երեխան տոհմի հարյուրամյա պատմության մեջ միակն էր, որ ծնվել էր սիրո մեջ։ Բայց քանի որ ընտանիքը դատապարտված էր հարյուր տարվա մենության, նա չէր կարող գոյատևել։ Աուրելիանոյին կերան մրջյունները, որոնք ջրհեղեղի ժամանակ լցվել էին տուն։ Եվ ինչպես գրել էր Մելկիադեսը. «Առաջինը տոհմում կկապվի ծառից, իսկ վերջինին կուտեն մրջյունները»։

Ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարկեսի ու նրա ստեղծագործության ազդեցությունն ու ժողովրդականությունը մինչ օրս էլ այնքան մեծ է, որ 2006 թվականին նրա ծննդավայրի՝ կոլումբիական Արակատակա քաղաքի քաղաքապետ Պեդրո Սանչեսը հանդես եկավ քաղաքի անունը փոխելու և Մակոնդո վերանվանելու նախաձեռնությամբ։ Այդ ժամանակ անցկացված հանրաքվեի արդյունքում քաղաքի բնակիչների 90 տոկոսից ավելին նախաձեռնությանը կողմ քվեարկեցին, սակայն անվանափոխությունը տեղի չունեցավ, քանի որ հանրաքվեին մասնակցությունը քիչ էր պահանջվող նվազագույն շեմից[9]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Greenberg M. Looking for the Patriarch / R. B. Silvers, B. Epstein, E. Hardwick, I. Buruma — 2009. — ISSN 0028-7504; 1944-7744
  2. The Guardian.com, The Guardian — 1999. — ISSN 1756-3224; 1354-4322
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction DatabaseEditorial Sudamericana, 1967.
  4. 4,0 4,1 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. Milne D. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. https://www.ester.ee/search~S1*est?/tsada+aastat/tsada+aastat/51%2C83%2C98%2CB/exact&FF=tsada+aastat+w~dksildust+romaan&1%2C3%2C
  8. «Gabo' y Cien años de soledad». cambio. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  9. «ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՎԱ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ», «ԼՈԼԻՏԱՆ»...

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են