Հարի Քոլբորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարի Քոլբորն
անգլ.՝ Harry Colebourn
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1887(1887-04-12)[1]
ԾննդավայրԱնգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 24, 1947(1947-09-24)[1] (60 տարեկան) կամ սեպտեմբերի 25, 1947(1947-09-25)[2] (60 տարեկան)
Մահվան վայրՎինիպեգ, Կանադա
ԳերեզմանBrookside Cemetery
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունանասնաբույժ
 Harry Colebourn Վիքիպահեստում

Հարի Քոլբորն (անգլ.՝ Harry Colebourn, ապրիլի 12, 1887, Անգլիա - սեպտեմբերի 24, 1947, Վիննիպեգ, Կանադա), կանադացի անասնաբույժ, որը ծառայել է Կանադայի արքայական բանակի անասնաբուժական ծառայությունում։ Հայտնի է որպես Վիննիփեգ («Վիննի») արջի տեր։ Հարին արջուկին նվիրեց Լոնդոնի կենդանաբանական այգուն, որտեղ էլ այն ոգեշնչեց գրող Ալան Միլնին գրել Վինի Թուխի մասին իր հայտնի գրքերը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարի Քոլբորնը ծնվել է 1887 թվականի ապրիլի 12-ին Անգլիայում և 18 տարեկան հասակում տեղափոխվել Կանադա։ Ավարտել է Գուելֆ քաղաքի Օնտարիոյի անասնաբուժական քոլեջը՝ ստանալով գիտական աստիճան անասնաբուժական վիրաբուժության բնագավառում, որից հետո հաստատվում է Մանիտոբա նահանգի Վիննիպեգ քաղաքում։

Վիննին և Առաջին համաշխարհային պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Քոլբորնը ծառայում էր պահեստային հեծելազորի գնդում և կանադական էքսպեդիցիոն կորպուսի կազմում նրան ուղարկեցին Եվրոպա։ 1914 թվականի օգոստոսի 24-ին, Վալկարտիեի հավաքատեղի գնալիս (Քվեբեկից 25 կմ հյուսիս), Ուայթ Ռիվեր կայարանում (Ալգոմայի շրջան, Օնտարիո նահանգ) Քոլբորնը հանդիպեց մի որսորդի, որը մի արջուկ էր վաճառում (հավանաբար մայր արջին սպանել էր)։ Հարին 20 ԱՄՆ դոլարով գնեց այդ արջուկին (որը պարզվեց էգ էր) և անվանեց Վիննի՝ Վիննիպեգ քաղաքի պատվին, որտեղ նա ապրում էր երկար տարիներ։ Քոլբորնին հաջողվեց Վիննիին Կանադայից տանել Մեծ Բրիտանիա, որտեղ որ ծառայում էր։ Արջուկն անմիջապես դարձավ հեծելազորային կորպուսի ոչ պաշտոնական կենդանի թալիսմանը, որտեղ Քոլբորնը ծառայում էր որպես անասնաբույժ։ Քոլբորնի զորամասին շուտով Մեծ Բրիտանիայից ուղարկեցին Ֆրանսիա, որտեղ նա ծառայեց 3 տարի և ստացավ մայորի աստիճան։ Մեկնելուց առաջ Քոլբորնը Վիննիին թողեց Լոնդոնի կենդանաբանական այգում, իսկ պատերազմից հետո՝ նվիրեց այգուն[3]։

Վիննին Լոնդոնի կենդանաբանական այգու այցելուների մեծ սերն էր վայելում․ նրա երկրպագուների թվում էր նաև գրող Ալան Միլնի որդին՝ Քրիստոֆեր Ռոբինը[4]։ 1924 թվականին չորսամյա Քրիստոֆերն առաջին անգամ տեսավ Վիննիին, որը տղայի վրա այնպիսի տպավորություն թողեց, որ նա Վիննի արջուկի պատվին փոխեց իր խաղալիք արջուկի՝ «Էդվարդ արջուկի» անունը «Վինի Թուխ»-ի։ Սա էլ իր հերթին ոգեշնչեց Քրիստոֆերի հորը գրել Վինի Թուխի մասին «Վինի Թուխը և բոլորը-բոլորը» (1926) և «Տունը արջուկի անկյունում» գրքերը (1928)[5]։ Վիննին ապրեց Լոնդոնի կենդանաբանական այգում գրեթե 20 տարի և մահացավ 1934 թվականին։

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլբորնը թաղված է Կանադայի Բրուքսայդ զինվորական գերեզմանատանը

Պատերազմի ավարտից հետո Քոլբորնը Լոնդոնի Անասնաբուժական վիրաբույժների արքայական քոլեջում պաշտպանեց հետդիպլոմային աշխատանք, իսկ 1920 թվականին վերադարձավ Կանադա և սկսեց աշխատել Վիննիպեգում։ 1945 թվականին թոշակի անցավ, մահացավ 1947 թվականի սեպտեմբերին։ Թաղված է Վիննիպեգի Բրուքսայդ զինվորական գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին հեծելազորային կորպուսի վետերանները, որտեղ ծառայել է Հարի Քոլբորնը, Լոնդոնի կենդանաբանական այգում տեղադրեցին մի հուշարձան, որը պատկերում է Քոլբորնին Վիննիի հետ[6]։ Այս հուշարձանի կրկնօրինակը դրվել է նաև Վիննիպեգ քաղաքի Ասինիբոյն զբոսայգում[6][7]։ 2003 թվականին Քոլբորնի և Վիննիի պատմության հիման վրա ֆիլմ նկարահանվեց («Վիննի անունով արջուկը»), որտեղ Հարի Քոլբորնի դերը կատարեց Մայքլ Ֆասբենդերը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Artefact of the month: Winnie the bear and Lt. Colebourn Statue at Zoological Society of London, 28 November 2014
  4. «Winnie the Pooh: Inspired by a Canadian bear». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  5. «Winnie the Pooh: Inspired by a Canadian bear». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.
  6. 6,0 6,1 The true tale of Winnie the Pooh, an unlikely First World War legacy at CBC Radio, 11 November 2015
  7. Statue of Winnie the Bear has new home // winnipegfreepress.com(չաշխատող հղում)
  8. «A Bear Named Winnie». IMDb. Վերցված է 2008 թ․ մարտի 27-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Shushkewich, Val. The Real Winnie: A One-of-a-Kind Bear, Toronto, ON: Natural Heritage Books, 2003. ISBN 1-896219-89-6
  • Mattick, Lindsay Finding Winnie, Little, Brown Books for Young Readers, 2015. ISBN 978-0-316-32490-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Քոլբորն» հոդվածին։