Jump to content

Հայ սպաների աքսոր (1920-1921)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ սպաների աքսոր, 1920-1921 թվականներին Խորհրդային Ռուսաստանի, 11-րդ կարմիր բանակի հրամանատարության և Հայհեղկոմի կողմից կազմակերպված հայ սպաների, զանգվածային բանտարկություններ, սպանություններ, աքսոր։

Հալածանքների սկիզբը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչքար Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածներ` Խմբապետ Համազասպի, Նիկոլայ Ղորղանյանի, Հրանտ Տեր-Մարգարյանի, Երանոս Թարվերդյանի և Լևոնի Ենգիբարյանի հիշատակին

Հայհեղկոմը Երևան է ժամանում Հայաստանի բռնազավթումից 3 օր անց՝ դեկտեմբերի 5-ին։ Այն կազմված էր Հայաստանում երբևէ չապրած, իշխանությունների դեմ ատելությամբ լցված ծագումով հայ բոլշևիկներից։ Պարագլուխն էր Սարգիս Կասյանը, սպանությունների հիմնական իրականացնողը՝ 24-ամյա Ավիս Նուրիջանյանը։ Հայհեղկոմը Հայաստանի կառավարումը սկսում է բռնություններով, հալածանքներով, ձերբակալություններով, «Կեցցե՜ քաղաքացիական կռիվը», «Պետք է գլխատել դաշնակցությունը» կարգախոսներով։ Առաջին շաբաթներին, Հեղկոմն ու կարմիրբանակայինները թալան ու կողոպուտ են իրականացնում՝ «Բուրժուային պետք է սեփականազրկել ունեցվածքից» կոչով խլելով մարդկանց ունեցվածքը։

Հայ սպաների ու քաղաքական գործիչների ցուցակագրումն ու աքսորը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 12-ից 28-ը բոլոր հայ սպաներին հրավիրում են ցուցակագրվելու։ Առաջին օրերին ցուցակագրվում է ավելի քան 400 սպա, որոնց մեծ մասը կալանավորում է։ Դեկտեմբերի 17-ին աքսորվում է առաջին խումբը՝ 6 սպա։ Մինչև դեկտեմբերի 28-ը ցուցակագրված սպաների մեծ մասին աքսորում են Բաքու և Ռուսաստան։

1921հունվարի 14-ին Երևան է ժամանում չեկիստ Գևորգ Աթարբեկյանը և կարգադրում կրկին ցուցակագրել հայ սպաներին։ Հունվարի 21-ից 23-ը ցուցակագրվում են 966 սպա։ Նրանցից 29-ին կալանավորում են, այդ թվում՝ Հայոց բանակի գեներալներ Ա.Ի. Գաջիևին, Դ.Ի. Անդրեևսկիին, Աթաբեկ Բեյ-Մամիկոնյանին, Վ.Ս. Իվանովին, Ի.Ս. Բագրամովին, Վ.Մ. Խորոմանսկիին, Ն.Գ. Պավլովսկիին և Գրիգորի Շելկովնիկյանին։ Մինչ այդ արդեն կալանավորված էին խմբապետ Համազասպ Սրվանձտյանը, Արարատյան նահանգի նահանգապետ Սերգեյ Մելիք-Յոլչյանը, գնդապետ Նիկոլայ Ալեքսանդրի Կորգանովը (Ղորղանյան), Հայոց բանակի սպա սեբաստացի Վարդան Թելլալյանը, բաշգառնեցի խմբապետ Մակեդոն Հակոբջանյանը։

Հունվարի վերջին 1.000-ից ավելի սպաների, այդ թվում գեներալ-լեյտենանտներ Մովսես Սիլիկյանին, Թովմաս Նազարբեկյանին աքսորում են Ռուսաստան։ Նրանց մի մասը ճանապարհին զոհվում է ցրտից, մի քանիսն ինքնասպանություն են գործում, 64 սպա կարողանում է փախչել գնացքից։ Խորհրդային արխիվային տվյալներով Հայաստանից աքսորված 590 և Վրաստանից աքսորված 219 հայ սպաների բանտարկում են Ռյազանի համակենտրոնացման ճամբարում[1]։

Քաղաքական երևելի գործիչներից կալանավորվել էին Հովհաննես Քաջազնունին, Համո Օհանջանյանը, Վահան Նավասարդյանը, Նիկոլ Աղբալյանը, Լևոն Շանթը, Ավետիք Սահակյանը, և ուրիշներ[փա՞ստ]:

Հայ սպաների կացնահարումը Երևանի բանտում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երևանի բանտի սպանված բանտարկյալները

1921 թ. փետրվարի լույս 10-ի գիշերը Երևանում ձերբակալում են 200 սպաների, քաղաքական գործիչների, մտավորականների, որոնց մի մասին բանտում գնդակահարում կամ կացնահարում են։ Փետրվարի 13-ին Կոտայքի Զար գյուղում տեղի է ունենում խորհրդակցություն, որոշվում է ապստամբություն բարձրացնել։ Ապստամբ ուժերի պետ է նշանակվում Կուռո Թարխանյանը։ Փետրվարի 18-ին ժողովրդական ապստամբության մասնակիցները գրավում են Երևանի բանտը, ազատում բազմաթիվ մտավորականների, պետական, քաղաքական գործիչների, սպաների, այդ թվում՝ Հովհաննես Քաջազնունուն, Նիկոլ Աղբալյանին, Լևոն Շանթին, ինչպես նաև դուրս են բերում կացնահարված, գնդակահարված կամ խոշտանգված 21 հայ սպաների, այդ թվում՝ Համազասպ Սրվանձտյանի և Նիկոլայ Ղորղանյանի դիակները։

Ռյազանի համակենտրոնացման ճամբարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնազավթված Հայաստանի դրածո վարչախմբի ներկայացուցիչ Սահակ Տեր-Գաբրիելյանը 1921 թ. մարտի 29-ին հանդիպում է Ռյազանի համակենտրոնացման ճամբարում գտնվող հայ սպաներին, պատմում է, թե ինչպես է պարտվել ժողովրդական ապստամբությունը Հայաստանում, հայտնում սպասվող համաներման մասին, եթե խոստանան ծառայել խորհրդային զավթիչներին. հակառակ պարագայում՝ սպառնում մահապատժով կամ ցմահ ազատազրկմամբ։ Հայ սպաներից մի քանիսը հրաժարվում են ծառայել Խորհրդային Ռուսաստանին և մնում աքսորավայրում։ Մի քանիսը խոստանում են չըմբոստանալ զավթիչների դեմ և 1921-ի մայիսին ազատ են արձակվում։ Նրանց մի մասը փախչում է արտասահման, մնացածները գնդակահարվում են 1937 թվականին ստալինյան հալածանքների ընթացքում։

Հիշատակի խաչքար

[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի փետրվարին բոլշևիկ դահիճների ձեռքով սպանված 21 հայ ազգային գործիչների հիշատակին Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանի նախաձեռնությամբ 1993 թվականին տեղադրվում է հուշաքար, իսկ 2008 թվականին կանգնեցվում խաչքար-հուշարձան[2], որի մոտ ամեն տարի փետրվարի 18-ին կազմակերպվում է հիշատակի մոմավառություն[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]