Աիդա Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աիդա Ներսիսյան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 6, 1948(1948-10-06) (75 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1971)
Մասնագիտությունհաղորդավար
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն

Աիդա Գառնիկի Ներսիսյան (հոկտեմբերի 6, 1948(1948-10-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ հաղորդավարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդա Ներսիսյանը ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 միջնակարգ դպրոցում, 1966-1971 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզու և գրականություն բաժնում։

1971 թվականից աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար և շուրջ 30 տարի աշխատել հեռուստատեսության բնագավառում՝ վարելով լրատվությանը, արվեստին, կինոյին, գրականությանն ու երաժշտությանն առնչվող, ինչպես նաև ուսումնական հաղորդումներ։ 1987 թվականին ստացել է բարձրակարգ հաղորդավարի որակավորում[2][3]։

Հաղորդավարության արվեստում Աիդա Ներսիսյանը եղել է հաղորդավարներ Գրիգոր Հարությունյանի, Սիրվարդ Ղազարյանի ուսուցիչը։

Հեռուստատեսությունում աշխատելու տարիներին պարբերաբար վարել է «Հայ գրականության դասականներ» հաղորդաշարը, որը համապատասխանեցված էր դպրոցական ծրագրերին և մի յուրօրինակ հեռուստատեսային դաս էր, որն աշակերտների մեջ սերմանում էր հայրենասիրություն, սեր գրականության հանդեպ, սովորեցնում խոսել մաքուր, գեղեցիկ հայերենով։ 2001 թվականին հաստիքի կրճատման պատճառով ազատվել է աշխատանքից։ 2001-2009 թվականներին աշխատել է «ՎԷՄ» ռադիոկայանում՝ որպես հաղորդավար[4]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աիդա Ներսիսյանի նախաձեռնությամբ 1993 թվականին տեղադրված խաչքար-հուշարձանը

Խորհրդային կարգերի փլուզումից հետո, անձնական նախաձեռնությամբ, երկար տարիներ ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի և Վրաստանի պատմության պետական արխիվներում՝ նպատակ ունենալով 1921 թվականի փետրվարի 17-ի՝ լույս 18-ի գիշերը Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարված հայազգի նշանավոր զինվորականների մասին տեղեկություններ, փաստաթղթեր հավաքագրել։ Հայաստանի պաշտպանության նախարարության աջակցությամբ հրատարակել է «Զինվորի մատենաշար» խորագրով ձեռնարկ, պատրաստել վավերագրական ֆիլմ կացնահարվածներից մեկի՝ Ղարաքիլիսայի ճակատամարտում հեծելազորային գնդի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանի մասին, գտել զոհերի թաղման վայրը (նախկինում «Կոմայգի» այժմ՝ «Անգլիական այգի»), որտեղ նահատակված գործիչների համար կանգնեցված է խաչքար-հուշարձան[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է Ֆրանսիայում (չի արտագաղթել)։ Ունի երկու զավակ և վեց թոռ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Այսօր աշխարհի ամենահմայիչ կանանցից մեկի՝ Աիդա Ներսիսյանի տարեդարձն է
  2. Հեռուստատեսային իրական աստղեր, Աիդա Ներսիսյան
  3. «Նոյեմբերի 29–ին Առաջին ալիքը նշում է ծննդյան օրը». www.1tv.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. «88-ի շարժումը ստեղծեց հեռուստատեսությունը. Աիդա Ներսիսյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. Ի հիշատակ կացնահարվածների