Հայկական կրկեսի կոլեկտիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական կրկեսի կոլեկտիվ, կազմակերպվել է 1956 թվականին՝ Վ. Արզումանյանի ղեկավարությամբ։ Կոլեկտիվի նպատակն էր զարգացնել հայկական կրկեսի լավագույն ավանդույթները, ստեղծել ժամանակակից հանդիսատեսի գեղագիտական պահանջմունքները բավարարող, ազգային դիմագիծ ունեցող ներկայացումներ։ Դիմելով անցյալի ժառանգությանը՝ կոլեկտիվի առաջատար դերասանները ստեղծել են ազգային բնորոշ գույներով, տարազներով ու արտահայտչամիջոցներով, ժանրային բազմազանությամբ հարուստ ներկայացումներ։

Առանձնապես նշանակալից էին էքվիլիբրիստ Վ. Արզումանյանի, մոտոատրակցիոնիստ Լ. Հայկազունու, ժոնգլյոր Ն. Շիրայի, ակրոբատ Արկադի Մագդասյանի («Բրոնզե մարդիկ»), «գորգի վարպետներ» Ռ. Հարությունյանի ու Լ. Միներելյանի, օդային մարմնամարզուհի Ե. Ավանեսովայի և այլոց համարները։ Թեմատիկ ներկայացումներ են ստեղծել վարժեցնող Ս. Իսահակյանը («Կենդանիների խառը խումբ»), օդային մարմնամարզիկներ Մ. և Ռ. Հակոբյանները, իր ուրույն ավանդն է ներդրել մեծատաղանդ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը։ Հաջողությամբ ելույթներ են ունեցել նաև ակրոբատ Բ. Ղազարյանի (1973-ից՝ ՀԿԿ-ի ղեկավար) ակրոբատ-էքսցենտրիկների (ղեկավար Հ. Խասխազյան), ակրոբատ-ցատկորդների (ղեկավար Ա. Դուդուկչյան) խմբերը, ակրոբատներ Ի. Շեստուան և Ասատրյան եղբայրները, լարախաղացներ Գ. Գրիգորյանը, Ն. Մանուկյանը, Ս. Մինասյանը, ձեռնածու Սոս Պետրոսյանը (1985-ից՝ ՀԿԿ-ի գլխավոր ռեժիսոր) և ուրիշներ։ Կոլեկտիվում են ծաղրածու Վ. Մելիքջանյանը, վարժեցնողներ Մ. Բաղդասարյանը, Գ. Մինասյանը, էքվիլիբրիստներ Ի. և Ռ. Սարադյանները, ուժային ակրոբատներ Կ. և Գ. Գասպարյանները և ուրիշներ։ 1961-ին կոլեկտիվը կոչվել է «Երևան», արժանացել Հայաստանի վաստակավոր կոլեկտիվի կոչման, 1974-ին՝ «Էրեբունի»։ Կրկեսի կոլեկտիվը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Կորեայում, Ռումինիայում, Կուբայում և այլուր։ 1980-ական թթ-ից ԱՊՀ և արտասահմանյան մի շարք երկրներում հայկական կրկեսաի արվեստն են ներկայացնում ծաղրածուներ Ա. Փիլոսյանը, Է. Հակոբյանը, ձեռնածու Սոս Պետրոսյան կրտսերը, էքվիլիբրիստ Ա. Սարգսյանը, լարախաղաց Հ. Խաչատրյանը և ուրիշներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 184