Հայկական կապույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական կապույտ, հայկական լազուր, Հայաստանում գործածված կապույտ ներկերի հավաքական անվանումը։
Հաճախ նույնացվել է թանկարժեք կապույտ ներկ լաջվարդին, որի հիմքը կազմել է կիսաթանկագին քարից՝ լաջվարդից Հայաստանում ստացվող փոշենման լեղակը։ Կիրառվել է գեղանկարչության, հատկապես մանրանկարչության մեջ, ինչպես և գործվածքներ ներկելու համար։ Պլինիոսը լաջվարդն անվանել է հայկական քար (lapis armenium)։ Գերադասվել է նաև սպիտակ երանգով քրիզոկոլան՝ պղնձի օքրան, որը փոշի վիճակում ոսկեգույն է, կապույտի զուգակցությամբ՝ կանաչ, իսկ մշակող նյութերի, մասնավորապես քացախի ազդեցությամբ դառնում է կապույտ։ Հիմնականում օգտագործվել է գործվածքներ ներկելու համար։ Արդյունահանվել է Ուրմիա լճի մոտ, արտահանվել՝ Իրաք, Սիրիա, Եգիպտոս։ Բացի հանքային ներկանյութերից Հայաստանում հայտնի էին բուսական լեղակները։ Հռչակված էր ինդիգոն, որը կոչվել է քաբուլյան ինդիգո (Հնդկաստանից Հայաստան և Եվրոպա տարվել է Քաբուլի վրայով)։ Ներկել են գործվածքներ, որոնք ստանում էին բաց, գեղեցիկ կապտականաչ գույն։ XIX դ. Շամախիի մոտ կային լեղակաբույսի՝ հայերին պատկանող տնկադաշտեր։ Կապույտ ներկեր են ստացել նաև սանդալենուց (ճանգան), լրջաբույսերից, գխտորից, հապալասից (կովկասյան) և այլ բույսերից։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։