Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ
Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ | |
---|---|
Գործունեություն | 1938 |
Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլ, , ստեղծվել է 1938 թվականին, Երևանում (կազմը՝ գործիքային և պարային խմբեր, երգչախումբ, մենակատարներ, սկզբում՝ 85-90 հոգի)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականից՝ հիմնադիր Թաթուլ Ալթունյանի (մինչև 1970 թվականը գեղարվեստական ղեկավար) անվան։ Գործիքային խմբի ղեկավար՝ Ա. Ալեքսանդրյան, պարերի բեմադրող՝ Է. Մանուկյան, բալետմայստերներ՝ Ի. Արբատովի (Յաղուբյան), Զ. Մուրադյանի և ուրիշների մասնակցությամբ, զգեստները ձևավորել են նկարիչներ Մարտիրոս Սարյանը, Խաչատուր Եսայանը, Մարտին Պետրոսյանը, Ռոբերտ Էլիբեկյանը և այլք։ Համույթը հատուկ բեմականացմամբ մեկ ամբողջության մեջ է միավորել հայկական երգը, պարը, գործիքային նվագակցությունը, խմբերգը, խաղը, տարազը։ Համերգացանկն ընդգրկում է հայկական ժողովրդական և պրոֆեսիոնալ երգեր։ Համույթում, պահպանելով հայկական ժողովրդական երգի կերպարային ու լեզվական յուրահատկությունը, ստեղծվել են ժողովրդական երգի մշակման ու գործիքավորման ինքնատիպ սկզբունքներ (երգի տարբերակային կրկնություններով զարգացում, բազմաձայնության, հատկապես ենթաձայնային պոլիֆոնիայի տարրի օգտագործում և այլն)։ Կատարողական ոճին բնորոշ է բովանդակության ճշմարտացի մեկնաբանությունը, համույթային միաձուլությունը։
Կոլեկտիվում է ձևավորվել Հայաստանի ժողովրդական արտիստներ, երգչուհիներ Լուսիկ Քոշյանի, Աստղիկ Քամալյանի, դուդուկահար Ջիվան Գասպարյանի, պարողներ Ա. Շահնաբաթյանի, Վ. Ռաշիդյանի և ուրիշների արվեստը։ Համերգներ է ունեցել ԽՍՀՄ հայրենական պատերազմի ռազմաճակատներում, ԱՊՀ քաղաքներում, 30-ից ավելի արտասահմանյան երկրներում։
Տարբեր տարիների համույթը ղեկավարել են՝
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդգար Հովհաննիսյան (1970-1974)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խաչատուր Ավետիսյան (1974-1977)
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էմմա Ծատուրյան (1977-1987 և 1990-1991)
- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Ալթունյան (1987-1990)
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Մելիք Մավիսակալյան (1991-1997)
- դիրիժոր-խմբավար Հենրի Մանգասարյան (1998-2004)
- 2004 թվականից՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյան
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խանջյան Հ., Հայկական ժողովրդական երգի պարի պետական վաստակավոր անսամբլ, Ե., 1973։ Բալյան Վ., Թաթուլ Ալթունյան, Ե., 1977։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |