Հայաստանի գենետիկական պաշարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գենետիկական պաշար - ժառանգվող գենետիկական տեղեկույթի ամբողջությունը՝ ամփոփված կենդանի օրգանիզմների գենետիկական կոդում։ Օրգանիզմների տեսակային բազմազանության նվազումը հանգեցնում է էկոհամակարգերի հավասարակշռության խախտման և սպառնում է կյանքի պայմանների այնպիսի փոփոխման, որը կարող է ոչ միայն անբարենպաստ ազդել մարդու վրա, այլև նրան զրկել կյանքից։ Երկրում, տվյալ դեպքում ՀՀ-ում, գենետիկական պաշարների ծավալը պայմանավորված է բուսական և կենդանական աշխարհների բնաշխարհիկների, ընտրասերման ճանապարհով ստացված նոր տեսակների բազմազանությամբ։ Գենետիկական պաշարների մատչելիությունը կապված է դրանց պահպանության, ճիշտ օգտագործման և սննդի անվտանգության ապահովման հետ։ Բուսական և կենդանական գենետիկական պաշարների բազմազանությանը սպառնացող վտանգի և կենսատեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ բարձրանում է գենետիկական պլազմայի դերն ու արժեքը՝ որպես ընտրասերման հումք։ Այս տեսանկյունից արժեքավոր են մշակաբույսերի վայրի ցեղակիցները, որոնք չորադիմացկունության, հիվանդությունների ու միջատների դեմ դիմակայության գենի կրողներն են և մեծ նշանակություն ունեն հարմարվողական ընտրասերման համար։

1993 թվականից ՀՀ անդամակցում է «Կենսաբանական բազմազանության մասին» համաձայնագրին, ըստ որի՝ իրավունք է վերապահվում կառավարելու սեփական գենետիկական պաշարներն ու ստանձնելու դրանց մատչելիության ապահովման և օգտագործումից ստացված շահույթի բաշխման հարցերի լուծման պարտավորություններ։

Գենետիկական պաշարների մատչելիության գործում կարևոր է in-situ (բնական միջավայր, բնության հատուկ պահպանվող տարածքներ) և ex-situ (բնության հատուկ պահպանվող տարածքներից դուրս՝ բուսաբանական, կենդանաբանական այգիներ, կանաչ տնկարկներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության գիտական կենտրոններ, բուհերի համապատասխան ամբիոններ) պայմաններում դրանց վերաբերյալ տեղեկատվական հենքի ստեղծումը։

In-situ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենետիկական պաշարների բնաշխարհիկ, հազվագյուտ, անհետացող տեսակների մասին տեղեկույթն ընդգրկված է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվության մեջ, որը ներառում է ազգային պարկերի, արգելավայրերի, արգելոցների տարածքում աճող բուսա- և կենդանատեսակների, դրանց կարգավիճակի ու պահպանման անհրաժեշտ միջոցառումների մասին տվյալներ։

Ex-situ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանիների գենետիկական պաշարներին վերաբերող տեղեկատվության աղբյուր են Կենդանաբանության ինստիտուտի, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի, ԵՊՀ, ՀՊԱՀ և Հայաստանի բնության պետական թանգարանի հավաքածուները։ Ամենախոշոր հավաքածուն գտնվում է Երևանի կենդանաբանական այգում։

Բույսերի հիմնական սերմային հավաքածուները գտնվում են Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում, Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնում, Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնում, Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնում, ՀՊԱՀ-ում։ Բազմաթիվ բուսատեսակներ պահպանվում են բուսաբանական այգում։

Ex-situ հավաքածուները համալրվում են այն մշակաբույսերով և դրանց վայրի ազգակիցներով, որոնք կիրառվում են ընտրասերման համար։ Մասնավոր հավաքածուները (հատկապես հատապտուղների և խաղողի տնկարանները) նույնպես համարվում են գենետիկական պաշարներ։ Մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնում պահպանվում են շուրջ 14 հզ. բակտերիաների, սնկերի, շաքարա- և ճառագայթասնկերի գիտաարտադրական կարևոր մանրէային շտամներ։ ՀՊԱՀկաթի, մսի ու կաթնամթերքների հիգիենայի, սանիտարիայի և փորձաքննության լաբորատորիայում պահպանվում է կաթնաթթվային բակտերիաների ոչ մեծ հավաքածու, որի նմուշներն օգտագործվում են բակտերիային կաթնամերանների պատրաստման համար։

ՀՀ-ում օգտակար բույսերի գենետիկական պաշարները, որոնք իրացվում են ներքին շուկայում, հավաքվում են անհատական կարգով՝ առանց հատուկ հաշվառման և վերահսկողության։ Բուսական պաշարներ հավաքող և վաճառող կազմակերպությունների գործունեությունը վերահսկում է բնապահպանության նախարարությունը։

Կենդանիների և բույսերի գենետիկական պաշարների կենդանի և անկենդան հավաքածուներ ավանդաբար, գիտակրթական նպատակով՝ ըստ պահանջարկի, փոխանակման կարգով կամ անհատույց տրվում են այլ երկրների։ Բուսաբանության ինստիտուտի սերմերի հավաքածուն անցյալում ունեցել է փոխանակման յուրահատուկ ֆոնդ, որի կազմի մասին նախապես տեղեկացվել է շահագրգիռ հայրենական և արտերկրյա կազմակերպություններին։ Այժմ գործող փոխանակային ֆոնդ ունի նույն ինստիտուտի հերբարիումը։ Գենետիկական պաշարների արտահանման թույլտվությունը տալիս է ՀՀ բնապահպանության նախարարությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png