Jump to content

Հայաստանի կինոյի հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի կինոյի հիմնադրամ
Ընկերության տեսակկինոարտադրություն
ՀիմնադիրՀայաստանի Կառավարություն
ՎայրՏերյան 3ա
Գլխավոր անձինքԴավիթ Բանուչյան
Ծառայություններֆիլմերի արտադրության աջակցություն
Կայքcfarmenia.am

Հայաստանի կինոյի հիմնադրամ (մինչև 2024 թվականը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն), կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություն է, որը շարունակում է հայկական կինոավանդույթները, պահպանում, տարածում և զարգացնում հայկական կինոարվեստը՝ ուշադրության կենտրոնում պահելով ազգային ու համազգային կինոհիմնախնդիրները։

2006 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը 1923 թվականի ապրիլի 16-ին հիմնադրված «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի» իրավահաջորդն է։

Կինոարտադրության կազմակերպումը վստահվել է տաղանդավոր ու փորձառու կինոգործիչներին՝ Դանիել Դզնունուն (արվեստաբան, 1923-1937 թվականներին՝ «Հայկինոյի» տնօրեն, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր) և Համո Բեկնազարյանին (կինոդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ)։

  • 1923 թվականի աշնանը «Պետկինոն» վերակազմավորվել է «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերության, որը սկզբում կոչվել է «Կինոֆաբրիկա», 1924 թվականից գործել է որպես կինոլաբորատորիա, 1928 թվականին անվանվել «Հայկինո»
  • 1938 թվականին՝ «Երևանի կինոստուդիա», 1957 թվականին՝ «Հայֆիլմ», իսկ Համո Բեկնազարյանի մահից մեկ տարի անց՝ 1966 թվականին վերանվանվել է նրա անունով
  • 1924 թվականին նկարահանվել է հայկական առաջին վավերագրական ֆիլմը «Խորհրդային Հայաստան» (օպերատորական խմբի ղեկավար Ի. Կրասլավսկի)։ Այնուհետև, տարեկան արտադրելով 1-5 ֆիլմ, պարբերաբար ժապավենին են հանձնվել երկրի ժողովրդական տնտեսության և մշակույթի նվաճումները, տեղի ունեցած բոլոր իրադարձությունները՝ քաղաքական նստաշրջանների օրագրեր, հանդիպումներ, հոբելյաններ և այլ իրադարձություններ
  • 1925 թվականին նկարահանվել է առաջին խաղարկային համր ֆիլմը՝ «Նամուսը» (ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան)
  • 1926 թվականին՝ առաջին կատակերգությունը՝ «Շոր և Շորշորը» (ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան)
  • 1926 թվականին «Հայկինոն» առաջին անգամ պատկերել է այլազգիների կյանքը՝ «Զարե» ֆիլմով (ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան)
  • 1931 թվականին նկարահանվել է առաջին քաղաքական, երգիծական խաղարկային ֆիլմը՝ «Մեքսիկական դիպլոմատները» (ռեժիսոր Ամասի Մարտիրոսյան, Լևոն Քալանթար)
  • 1935 թվականին ստեղծվել է հայկական առաջին հնչյունային ֆիլմը՝ «Պեպոն» (ռեժիսոր՝ Հաո Բեկնազարյան)
  • 1938 թվականին նկարահանվել է առաջին գունավոր մուլտֆիլմը՝ «Շունն ու կատուն» (ռեժիսոր՝ Լև Ատամանով)
  • 1940 թվականին հիմնադրվել է կինոստուդիայի կրկնօրինակման արտադրամասը և նույն թվին էլ կրկնօրինակվել է առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմը՝ «Կառավարության անդամը» (1940 թ., ռեժիսոր Ի Հեյֆից և Ա. Զարխի, կրկնօրինակման ռեժիսոր Լ. Իսահակյան)։ Գլխավոր դերակատարուհի Վ. Մարեցկայայի դերը կրկնօրինակել է հայկական թատրոնի մեծանուն արտիստուհի Արուս Ոսկանյանը, մյուս դերերը՝ Գուրգեն Գաբրիելյանը, Դավիթ Մալյանը և ուրիշ անվանի դերասաններ։
  • 1941-1945 թթ. երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարահանվել է ազգային ազատագրական պայքարի թեմայով պատմական «Դավիթ Բեկ» ֆիլմը (1944 թ., ռեժիսոր՝ Համո Բեկնազարյան), ռազմահայրենասիրական այլ խաղարկային ժապավեններ, երկրորդ աշխարհամարտը փաստագրած շատ ֆիլմեր և Հայաստանի, հայ ժողովրդի անցած դարավոր ուղու մասին պատմող «Երկիր հայրենի» լիամետրաժ վավերագրական ֆիլմը (1945 թ., ռեժիսոր Լ. Իսահակյան, Գ. Բալասանյան, Հ. Զարգարյան)
  • 1954 թվականից կինոստուդիան սկսել է վերականգնել նախապատերազմական տարիների արտադրական ռիթմը և խաղարկային ֆիլմերի թողարկումը

1960-ականներին «Հայֆիլմն» ունեցել է ստեղծագործական բարձր նվաճումներ, կատարվել են նաև հայկական համր ֆիլմերի վերականգնման ու կրկնօրինակման աշխատանքներ։ 20-րդ դարի վերջերին «Հայֆիլմ» կինոստուդիայում տարեկան կրկնօրինակվում էր 42-45 ֆիլմ

  • 1967 թվականից մուլտֆիլմերի արտադրությունը դարձել է մշտական
  • 1978 թվականից կինոստուդիան տեղափոխվել է նորակառույց շենք, ձեռք բերել արտադրական նոր հնարավորություններ, ընդլայնել ֆիլմարտադրությունը, տարեկան թողարկել 6-7 ֆիլմ, պատվերներ ստանալ ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությունից, ֆիլմեր նկարահանել «Մոսֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ, 1980-ականներին հասել ստեղծագործական բարձր նվաճումների
  • 1990 թվականին «Հայֆիլմի» վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորումն առանձնացել է և փաստագրական ֆիլմադարանով հանդերձ՝ վերակազմակերպվել Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի
  • 1990-ականներին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի տնտեսության մեջ շուկայական հարաբերությունների հաստատմամբ՝ կինոարտադրությանը հատկացվող ֆինանսական ներդրումները եղել են նվազագույն, որի պատճառով կտրուկ կրճատվել է ֆիլմարտադրության ծավալը
  • 2000 թվականից ի վեր՝ աճել է ինչպես կինոարտադրության ծավալը, այնպես էլ ստեղծագործական հաջողությունները

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը որպես կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություն, ունի բազմաթիվ գործառույթներ, ակտիվորեն մասնակցում է միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներում ներկայացնում հայկական կինոնկարները։

2024 թվականի մայիսի 2-ին ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի[1]:

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը մասնակցում է կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականության իրականացմանը՝ շարունակելով հայկական կինոյի ավանդույթները, պահպանում, տարածում և զարգացնում է հայկական կինոարվեստը՝ ուշադրության կենտրոնում պահելով ազգային ու համազգային հիմնախնդիրները՝ արդիական և պատմական թեմաների արծարծմամբ, բավարարում է նաև երեխաների և պատանիների հոգևոր պահանջները՝ կազմակերպելով մուլտիպլիկացիոն կինոնկարների և մանկապատանեկան երգիծական կինոհանդեսների արտադրությունը։ Իրականացնում է ամենամյա «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրը։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Տերյան 3ա հասցեում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հովսեփյան, Սերգեյ (2024-05-01). «Կինոկենտրոնի փոխարեն գործելու է Հայաստանի կինոյի հիմնադրամը». ԿինոՊրես. Վերցված է 2024-08-25-ին.