Հայկ (կինոստուդիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հայկ (այլ կիրառումներ)

«Հայկ», ՀՀ մշակույթի նախարարության վավերագրական, գիտահանրամատչելի և կարճամետրաժ կինոնկարների կինոստուդիա։ Ստեղծվել է 1990 թվականին, Երևանում, «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման (1982-1990, նախկինում՝ 1959 թ.-ից՝ Երևանի, 1982 թ.-ից՝ Հայաստանի վավերագրական ֆիլմերի կինոստուդիա) հիման վրա։ Թողարկում է վավերագրական, գիտահանրամատչելի, ուսումնական ֆիլմեր ու ակնարկներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում առաջին փաստագրական նկարահանումները կատարվել են 1907 թ.-ին։ 1924 թ.-ին ստեղծվել է «Խորհրդային Հայաստան» առաջին փաստավավերագրական կինոնկարը։ Վավերագրական կինոյի ավագ սերնդի ռեժիսորներ Վ․ Հայկազյանի, Գ․ Բալասանյանի, Ջ․ Ժամհարյանի, Լ․ Իսահակյանի, Ռ․ Ֆրանգուլյանի, Ս․ Առաքելյանի, օպերատորներ Գ․ Ասլանյանի, Գ․ Արամյանի, Գ․ Սանամյանի, Ն․ Սիմոնյանի, Գ․ Եղիազարյանի և ուրիշների կողքին աշխատել են գեղարվեստական կինոյի ռեժիսորներ Գրիգոր Մելիք-Ավագյանը, Սերգեյ Փարաջանովը, Է. Մարտիրոսյանը, Արման Մանարյանը, Լաերտ Վաղարշյանը, Յուրի Երզնկյանը, Դմիտրի Կեսայանցը, օպերատորներ Ալբերտ Յավուրյանը, Սերգեյ Իսրայելյանը, Կ․ Մեսյանը և այլք։ Ռեժիսորների և օպերատորների նոր սերունդը՝ Արտավազդ Փելեշյանը, Արա Վահունին, Ռուբեն Գևորգյանցը, Ա․ Շահբազյանը, Պ․ Մալայանը, Ս․ Փոշոտյանը, Բ․ Հովսեփյանը, Յ․ Բաբախանյանը, Մ․ Վարդանովը, Է․ Մաթևոսյանը, Հ․ Խաչատրյանը, Գ․ Ստեփանյանը, Դ․ Սաֆարյանը, Ա․ Մնացականյանը, Գ․ Հարությունյանը, Հ․ Հակոբյանը և ուրիշներ, իրենց ստեղծագործություններում զարգացրել են հայկական վավերագրական կինոյի լավագույն ավանդույթները, ընդլայնել թեմաների շրջանակը, հարստացրել արտահայտչամիջոցների զինանոցը։

1990 թվականին «Վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորումը» դուրս է բերվել «Հայֆիլմ» կինոստուդիայի կազմից և սկսել է գործել ինքնուրույն՝ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» անվանմամբ, այնուհետև՝ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ անվամբ։

Արցախյան շարժում և «Հայկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախյան շարժման առաջին օրերից, այնուհետև գոյամարտի տարիներին հայ կինովավերագրողները ժապավենին են հանձնել հայ ժողովրդի պատմության այդ կարևորագույն իրադարձությունները։

Ստեղծվել են՝

  • «Արցախի վարպետները» (ռեժիսոր՝ Ա. Մնացականյան, օպերատոր՝ Ա. Խաչատրյան)
  • «Թատերական հրապարակ» (ռեժիսոր՝ Գ. Հարությունյան, օպերատոր՝ Շ. Վարդանյան)
  • «Պարետային ժամ» (ռեժիսոր՝ Լ. Մկրտչյան, օպերատոր՝ Շ. Վարդանյան),
  • «Արցախ. E=mc²» (ռեժիսոր՝ Ա. Մանարյան, օպերատոր Կ. Էքմեքջյան (Կալաֆատիս)

Մեկնելով ռազմաճակատ, հայ կինովավերագրողները ստեղծել են մի շարք ֆիլմեր, որոնցից առանձնանում են՝

  • «Շուշի. վերադարձ գերությունից» (լիամետրաժ ֆիլմ, ռեժիսոր՝ Բ. Հովսեփյան, օպերատորներ՝ Լ. Պետրոսյան, Բ. Հովսեփյան)
  • «Թռիչքներ դեպի պատերազմ» (ռեժիսոր՝ Գ. Ստեփանյան, օպերատոր Լ. Պետրոսյան)
  • «Արցախյան օրագիր» կինոհանդեսների շարքը և այլն

Անկախության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության անկախանալուց հետո «Հայկ» կինոստուդիան կինոժապավենին է հանձնել պետության ու ժողովրդի կյանքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները, ստեղծել է մի շարք ֆիլմեր՝ ի նպաստ աճող սերնդի հայեցի դաստիարակման, երիտասարդության շրջանում հայրենասիրական ոգու ամրապնդման, աշխարհին Հայաստանի և հայ ժողովրդի պատմության իրազեկման, ինչպես նաև համաշխարհային մշակույթում նրա ունեցած նշանակության քարոզչության։

Վերջին տարիներին «Հայկ» կինոստուդիայի հետ սկսել են համագործակցել օպերատոր Ա. Մովսեսյանը և ռեժիսոր Վ. Կևորկովը, երիտասարդ ռեժիսորներ Ա. Գասպարյանը, Ա. Մովսեսյանը, Դ. Ստեփանյանը, օպերատորներ Վ. Տերտերյանը, Մ. Խաչատրյանը և ուրիշներ։

Լավագույն ֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական վավերագրական լավագույն ֆիլմերից են՝

  • «Երկիր հայրենի» (1945, գեղարվեստական ղեկավար և տեքստի հեղինակ՝ Ալեքսանդր Դովժենկո, ռեժիսորներ՝ Գ․ Բալասանյան, Լ․ Իսահակյան, Հ․ Զարգարյան)
  • «Պոեմ Հայաստանի մասին» (1960, ռեժիսոր՝ Վ․ Հայկազյան)
  • «Մեծ երգիծաբանը- Հակոբ Պարոնյան» 1964 , ռեժիսոր՝ Ս. Առաքելյան )
  • «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967, ռեժիսոր՝ Գ․ Մելիք-Ավագյան)
  • «Էրեբունի-Երևան» 1968 ,( ռեժիսոր՝ Ս. Առաքելյան )
  • « Քարակերտ տարեգրություն »1977, ( ռեժիսոր՝ Ս. Առաքելյան) (1977, Աշխաբադի համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ « Թեմայի քնարական էկրանավորման համար »
  • «Այվազովսկին և Հայաստանը» (1983, ռեժիսոր՝ Պ․ Մալայան)
  • «Կանչ» (1976, համամիութենենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ, 1978, Երևան)
  • «Մուսալեռ-88։ Վիշապի տարի» (1988, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Արա Վահունի)
  • «Բարի հետք» (1980, միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ, 1981, Օբերհաուզեն, Գերմանիա)
  • «Սպասում» (1984, համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ, 1985, Մինսկ)
  • « Մեր Սևանը» 1987, ( ռեժիսոր՝ Ս. Առաքելյան)
  • «Կղզիներ» (1988, միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ, 1988, Ամստերդամ)
  • «Փարաջանով. վերջին կոլաժ» (1995, միջազգային կինոփառատոնի «Կենտավրոս» մրցանակ, 1995, Սանկտ Պետերբուրգ, բոլորն էլ՝ ռեժիսոր՝ Ռուբեն Գևորգյանց)
  • «Երկրորդ կյանք» (1984)
  • «Բոլորակ» (1990, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Գ․ Ստեփանյան)
  • «Կոնդ» (1987, միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ, 1987, Կիև, համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ, 1989, Սվերդլովսկ, միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ, 1988, Նիոն, Շվեյցարիա և այլն)
  • «Սպիտակ քաղաք» (1988, Փարիզի կինոփառատոնի մրցանակ, 1989, երկուսն էլ՝ ռեժիսոր՝ Հ․ Խաչատրյան)
  • «Թատերական հրապարակ» (1988, միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ, 1990, Կիև, ռեժիսոր՝ Գ․ Հարությունյան)

Ստուդիայի հետագա ֆիլմերից են՝

  • «Անվերջանալի պատմություն» (1998, ռեժիսոր՝ Մ․ Շահբազյան)
  • «Վաճառվում է» (1999, ռեժիսոր՝ Ա․ Վահունի)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png