Կարպ Մկրտչի Խաչվանքյան (հունվարի 23, 1923(1923-01-23)[1][2], Ախալցխա, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ[1][2] - նոյեմբերի 29, 1998(1998-11-29)[2], Երևան, Հայաստան[2]), հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1957)։ Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ XX դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։
Կարպ (իսկական անունը՝ Կարապետ) Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին։ 1928 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս։ 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում[3]։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում[4]։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Սիլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։
Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» ու այլ կատակերգություններ։ Նկարահանվել է նաև կինոյում՝ «Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թվականին, «Պատվի համար», 1956 թվականին, «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թվականին, «Ատամնաբույժն արևելյան», 1981 թվականին։ 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Կարպ Խաչվանքյանը մահացել է 1998 թվականի նոյեմբերի 29-ին[5]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 28)։