Կրիտերիոն (ռեստորան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիտերիոն
Տեսակռեստորան
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՎեստմինստեր
ՓողոցՓիքադիլի (224)
Մասն էCriterion Theatre and Restaurant?
Հիմնադրված է1873
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կրիտերիոն, (լատին․՝ Criterion «չափանիշ» ), շքեղ ռեստորանային համալիր Լոնդոնի հենց սրտում, Պիկադիլի հրապարակի դիմաց։ Այն կառուցվել է նորբյուզանդական ոճով ճարտարապետ Թոմաս Վերիթիի կողմից Սփայերս և Փոնդ ընկերության համար, բացումը կատարվել է 1873 թվականին։ Բացի ընտիր ռեստորաններից ունի նաև բար։ Այս շինությունը պետության կողմից պահպանվող երկրորդ կարգի ճարտարապետական հուշարձան է[1] և մտնում է աշխարհի հնագույն ու պատմական ռեստորանների տասնյակի մեջ:[2]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտերիոն ռեստորան 1873 թվական

1870 թվականին ռեստորանի տարածքը գնվել է գինու առևտրով ու հասարակական սննդի գործով զբաղվող պարոններ Սփայերսի և Փոնդի կողմից, որոնք անց կացրեցին ճարտարապետական սահմանափակ մրցույթ մեծ ռեստորանի, պանդոկի և լրացուցիչ հասարակական տարածքների նախագծի համար:[3] Մրցույթը շահեց Թոմաս Վերիթին։ Շինարարական աշխատաքները սկսվեցին 1871 թավականի ամռանը և ավարտվեցին 1873 թվականին։ Շինարարության ընդհանուր արժեքը կազմեց 80 000 ֆունտ ստերլինգ:[4] Թոմաս Վերիտիսը շենքը նախագծել էր որպես հինգհարկանի շինություն, առաջին հարկում Մարմարե Դահլիճով ու երկար բարով, ճաշասրահները երկրորդ և երրորդ հարկերում, պարահանդեսների դահլիճը չորրորդ հարկում, իսկ թատրոնը՝ նկուղային հարկում:[5] Նոր շենքի ինտերիերը լայնորեն զարդարված էր դեկորատիվ սալիկներով, այդ շինանյութի լայնամասշտաբ օգտագործման առաջին օրինակներից մեկը Հարավային Կենսինգտոնի թանգարանի (հիմա Վիկտորիայի և Ալբերտի թանգարան) հանգստի սենյակներում դրա հաջող կիրառումից հետո:[6]

Ռեստորանը բացվեց 1873 թվականի նոյեմբերի 17-ին:[7] Կարճ ժամանակում պարզվեց, որ նոր ձեռնարկությունը շատ շահավետ է։ Արևելյան սենյակը հայտնի էր այն կանանց շրջանում, որոնք գալիս էին լոնդոնյան Ուեսթ Էնդի խանութներում առևտուր անելու:[8]

Ռեստորանը շատ միջոցառումների ու տոնահանդեսների անցկացման վայր էր, այնպիսիք, ինչպիսիք էին Գիտությունների Թագավորական Քոլեջի ամենամյա առաջին ընթրիքը։ Այդ երեկոյի կազմակերպիչը Հերբերտ Ուելսն էր, գիտական ֆանտաստիկայի պիոներ:[9]

1920-ական թվականներին Կրիտերիոնը հաճախ օգտագործում էին որպես լանչ ակումբներ։ Ամեն հինգշաբթի ժամը 13:00 ակումբի անդամները հանդիպում էին ճաշելու, իսկ ճաշի արժեքը կազմում էր 4-6 պեննի։ Առաջին գրանցված լանչ ակումբը կայացավ 1923 թվականի դեկտեմբերի 6-ին։ Զեկուցողներից մեկը միս Ջոյ Պարտրիջն էր, վիրաբույժ և անատոմիայի դասախոս։ Հրավիրված զեկուցողների ցուցակը տպավորիչ էր ու բազմազան, այնտեղ էին Էդգար Ուոլեսը, սըր Հյու Ուոլպոլը, Գիլբերտ Կիտ Չեսթերտոնը և Բերտրան Ռասելը:[10]

Սուֆրաժիստներ և Կրիտերիոն[խմբագրել | խմբագրել կոդը]

1909 թվականի ապրիլին Կրիտերիոն ռեստորանը, որը հայտնի էր իր մատուցած հետճաշյա թեյով և կանանց հանդերձարանի առանձնահատուկ բարձր ստանդարտներով, բազմաթիվ ժողովների համար նստավայր էր հետճաշի թեյի սեղանի շուրջ։ Դրանք կազմակերպում էր կանանց սոցիալական և քաղաքական միությունը և սուֆրաժիստուհի Քրիստաբել Պանկուրստը, որպես Միացյալ Թագավորությունում կանանց ընտրության իրավունքի համար պայքարող կին:[11] Քեյթ Ֆրայը, որը կին դերասանների լիգայի անդամ էր, հաճախ էր այցելում ու որոշ գրառումներ անում Կրիտերիոնում կազմակերպված ժողովներին։

Քեյթ Ֆրայի օրագիրը
Մյուիրելյան Ընկերության կանայք սուֆրաժիստների հագուստներով տոնակատարություն են անում հետճաշյա թեյի սեղանի շուրջ, 2013 թվական: Հետճաշյա թեյը մինչ այսօր ընդունված արարողություն է:

1910, փետրվարի 4, ուրբաթ։ Սկիզբը մոտավորապես ժամը 1.45 Կրիտերիոն ռեստորանում։ Գնացի ավտոբուսով։ Մենք շուտ էինք գնացել, քանի որ ուզում էինք լավ տեղեր զբաղացնել միս Պանկուրտին տեսնելու համար։ Ժամը 3-ին, նախքան նրանք կսկսեին ժողովը, տարածքը լեփլեցուն էր։ Միս Գրենվիլը աթոռ զբաղեցրեց, միս Ադելին Բորնը որպես քարտուղարուհի էր, միս Մոդ Հոֆմանը որպես գանձապահ խոսում էր քիչ թե շատ գործնական տոնով և փոխգնդապետ սր Թերները խոսեց, մի ծեր դոդողացող մարդ։ Ես հազիվ էի կարողանում դեմքս ուղիղ պահել, նա այնքան սիրալիր ազդեցություն էր թողնում կանանց վրա, բայց, իհարկե, օրվա իրադարձությունը Քրիստաբել Պանկուրստն էր։ Նա մի փոքր զարմացած էր։

— Քաղվածք Քեյթ Ֆրայի օրագրից Քրիստաբել Պանկուրստի մասին:[12]

Դեյվիդ Լլոյդ Ջորջ և Ուինսթոն Չերչիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականին Դեյվիդ Լլոյդ Ջորջի կոալիցիոն կառավարությունը ուժեղ իշխանության և հասարակական աջակցության դիրքերում էր։ Լլոյդ Ջորջի անձնական հեղինակությունը հայտնի էր որպես «մարդ, ով հաղթեց առաջին համաշխարհային պատերազմը»։ Այնուամենայնիվ, կառավարությունը բախվեց լուրջ խնդիրների հետ, հատկապես տնտեսությունում, գործադուլներ, անկարգություններ։ Ավելի խնդրահարույց էր կոալիցիայի կայունությունը որպես ղեկավարության հարթակ։ Լլոյդ Ջորջը հասկանում էր, որ զուտ իր անձնական դիրքը դժվար թե բավարար լինի կոալիցիան երկարաժամկետ քաղաքական ուժ դարձնելու համար։ Ազգային միասնության ռազմական իդեալը ամրապնդելու միակ ձևը կոալիցիայի «ավելի մեծ միասնության» կոչ անելն էր, որը կհանգեցներ խորհրդարանական համակարգում եզակի «միաձուլված» կուսակցության ստեղծմանը։ 1919 թվականի հուլիսից մինչև 1920 թվականի մարտ ամիսը Լլոյդ Ջորջը և իր թիմակիցները ջանք չխնայելով աշխատում էին այդ ծրագրի վրա, որպեսզի հասցնեն այն մինչև վերջնական «միաձուլում»։ Հուլիսի 15-ին Ուինսթոն Չերչիլը պաշտոնապես ելույթ ունեցավ նոր անդամների խմբի առջև Լոնդոնի Կրիտերիոն ռեստորանում:[13]

Կուսակցության ոգին, կուսակցության հետաքրքրությունը, կուսակցական կազմակերպությունը պետք է անպայմանորեն ենթարկվեն ազգային ոգուն, ազգային շահերին և ազգային կազմակերպությանը։

—Քաղվածք Ուինսթոն Չերչիլի ելույթից, Կրիտերիոն ռեստորան, 1919 թվական, հուլիսի 15։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատային մուտքը հոնիական կիսասյուներով և կանանց քանդակներով

Կրիտերիոն ռեստորանը կարող է համարվել Թոմաս Վերիթիի՝ այն ժամանակվա թատրոնների առաջատար ճարտարապետի ամենալավ պահպանված աշխատանքը։ Ֆրանսիական երկրորդ կայսրության գլուխգործոցները,ինչպիսիք են Չարլզ Գարնիեյի Փարիզի Օպերային Թատրոնը և Մոնտե Կարլոի կազինոն, մեծ ազդեցություն թողեցին Վերիթիի արած դիզայնի վրա, որը կատարել էր քարից, հիմա ներկված է և ավելացված շքամուտքի վերևի շրջանաձև ծածկույթը, որը մասամբ սուզված է թևերի մեջ, իսկ լայնությունը և բարձրությունը իր չորս հարկերով նույնությամբ պահպանվել են։ Ի սկզբանե առաջին երկու հարկերում կենտրոնական տեսքը իրենից ներկայացնում է աղեղնաձև բացվածք, որը տանում է դեպի ռեստորանի մուտք։ Շինության ամեն թևում առաջին երկու հարկերը ունեն երեք անցում՝ մեկ ընդարձակ և երկու նեղ։ Ընդարձակը գտնվում է երկու նեղ անցումների արանքում, որոնք եզերված են լայն սյուներով։ Առաջին հարկում սյուները հարթ են, իսկ երկրորդ հարկում դրանք պարունակում են սեգմենտային ճակտոններ և արձանիկներ պարունակող որմնանկարներ։ Հարուստ տախտակադրվագներով պատվանդանը ընդգծում է վեհասքանչ երրորդ հարկը, որտեղ կենտրոնական տեսքը երեք կամարակապ պատուհաններն են, անտաբլեմենտներից սկիզբ առած ձուլածո արքիվոլտները վեր են խոյանում հարթ սյուներից վեր, որոնք ավարտվում են հոնիական կիսասյուներով։ Կամարների աղեղներում քանդակված են կանացի ֆիգուրներ, որոնք պահում են ֆեստոնները։ Ամեն թևում զուգորդված կորնթյան հարթ պիլյաստրները եզրազարդում են հոնիական վենետիկյան հովհարաձև պատուհանը։

Ռեստորանը զարդանախշված է այնպիսի կիսաթանկարժեք քարերով, ինչպիսիք են նեֆրիտը, սադափը, փիրուզը

Հիմնական անտաբլեմենտն ունի հարուստ արքիտրավ, հասարակ ֆրիզ, բացառությամբ կորնթյան պիլյաստրների միջնամասերում գտնվող փորագրված տախտակադրվագների։ Բարձր պատվանդան եզրապատը եզերված է ճոխ զարդանախշված պանելներով, որը տիպիկ ֆրանսիական առանձնահատկություն է, Ինչպես նաև տաղավարների բարձրադիր տանիքները իրենց դիտանցքերով։ Կենտրոնական շինության վրա մեկհարկանի տանիքը եզերված է երկաթյա փորագրված ճաղաշարքերով։ Ռեստորանի ամենահայտնի առանձնահատկությունը դա երկար բարն է (Long Bar), որտեղ պահպանվել է ոսկյա խճանկարներով փայլփլուն առաստաղը և որի կողազարդերը կապույտ, սպիտակի համադրությամբ գծեր ու զարդանախշեր են։ Պատերի դրվագազարդը լավ է համադրվում իսկական ոսկու թերթիկներով պատված առաստաղի հետ։ Այն երեսպատված է ջերմ գույների մարամարով և ձևավորված կիսաօվալ կամարների տեսքով, հենված բարակ ութանկյուն սյուների վրա, որոնք ևս խճանկարված են ոսկու հիմքի վրա:[14]

Սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին ռեստորանը գնել է Մարկո Պիեռ Ուայթը և նա հոգ է տարել, որ այն վերանորոգի ինտերիերի գլխավոր դիզայներ Դեվիդ Կոլինզը:[5] 2009 թվականին Ռեստորանը գնեց Իրակլի Սոպրոմաձեն, նա կատարեց թեթև ու հաճելի վերանորոգում, ներառյալ տարածքների վերանորոգումը և խոհանոցի ու սարքավորումների մոդեռնացումը։ Իրակլի Սոպրոմաձեն վերաբացեց ռեստորանը 2009 թվականի մայիսին և պլանավորում էր ձեռք բերել այլ ռեստորաններ Լոնդոնի կենտրոնում:[15] Թայմս ամսագրից Ջայլս Քորենը ստուգեց ռեստորանը օգտագործելով Թվիթերի իր հաշիվը, ընդհանուր գնահատման արդյունքը եղավ 8/10: Կրիտերիոնը ստացել է «Լոնդոնի լավագույն ռեստորան 2011» մրցանակը, որը առաջին անգամ անց կացվեց ռեստորանների միության կողմից:[16] 2014 թվականին ռեստորանն ուներ «Կատարելության սերտիֆիկատ», որը խստորեն հիմնված էր վարկանիշային համակարգի վրա:[17] 2009 թվականի հուլիսին Մարինա Օ Լոֆլին «Մետրո» ռեստորանի ստուգումներից հետո ասել է, որ վրացի ձեռներեց Իրակլի Սոպրոմաձեի սեփականատիրության ժամանակ Կրիտերիոնը շոուի աստղն է, հիմնվելով այն փաստի վրա, որ նոր սեփականատիրոջ օրոք սնունդը սնունդը «անսահմանորեն ավելի լավն էր, քան այն Մարկո Պիեռ Ուայթի ղեկավարման ժամանակ էր»:[18] 2015 թվականի հունիսին, վարձակալության պայմանները վերանայելուց հետո, որի արդյունքում վարձավճարն ավելացավ 60%-ով, որոշում ընդունվեց ռեստորանի ղեկավարությունը հանձնել վարչակազմին։ Իսկ 2015 թվականի օգոստոսին ռեստորանը դեռ փակ էր[19]։

2015 թվականի դեկտեմբերին Գատտոների ընտանիքը՝ Միլանի Վիկտոր Էմանուիլ II-ի պատկերասրահում գործող Savini Restaurant ռեստորանի սեփականատերը, վերաբացեց ռեստորանը Savini At Criterion(չաշխատող հղում) անվանումով։ Այն մի ամբողջ օր մատուցում է դասական միլանյան ճաշացանկ։ Մեկնաբան Ջեյ Ռեյները Սավինին գնահատեց որպես ճնշող և անհաջող, աղանդեր համարելով այն «Լոնդոնում ամենավատ ու ամենաթանկ աղանդերի թեկնածուն»:[20] «The Spectator» ամսագրի համար Տանյա Գոլդը Սավինիի սնունդը գնահատել է որպես ձանձրալի և չափազանց հասարակ, նշելով որ «թանկարժեք իտալական ուտելիք մատուցելը չէ, որ հանդիսանում է իսկական, ավելի շուտ առաջնային նպատակ, որը առընչվում է մեռած հրուշակագործների հետ» և ծով քանակությամբ սեղաններից «զբաղված է միայն յոթ սեղան»:[21] Հայտարարվել էր, որ Սավինի ռեստորանը կփակվի 2018 թվականի հունիսի 27-ին և նորից կվերաբացվի 2018 թվականի հուլիսի վերջին։

Գրական հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտերիոն ռեստորանում տեղադրված ցուցատախտակ
  • Շերլոկ Հոլմսի մասին առաջին պատմվածքում («Ալ կարմիր գույներով էտյուդը») դոկտոր Ուոթսոնը՝ ընկերոջը Կրիտերիոն ռեստորանում դիմավորելուց հետո, պատմում է նրան իր սենյակի պոտենցիալ հարևանի մասին:[22] «Ես կանգնած էի Կրիտերիոն ռեստորանի բարում, երբ ինչ որ մեկը ուսիս թխթխկացրեց, և շրջվելով ես ճանաչեցի երիտասարդ Սթեմփֆորդին, որը Սուրբ Բարդուղիմեոս հիվանդանոցում բուժակ էր։ »[23] Այդ իրադարձությանը նվիրված հուշատախտակը ռեստորանում փակցվել է 1953 թվականին:[24]
  • Գ. Կ. Չեստերտոնի 1914 թվականին գրված նովելում (Թռչող հյուրանոցը) նշել է, որ Կրիտերիոնի բարը մեկն է այն երկու վայրերից, որտեղ մատուցում են ոգելից խմիչքներ։

Հանրահայտ մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռասսել Քրոուի Մաքս Սքիններ գործող անձը «Լավ տարի »Ֆիլմում հանդիպում է իր ընկերոջ՝ անշարժ գույքի գործակալ Չարլզ Ուիլիսի (Թոմ Հոլանդեր) հետ Կրիտերիոն ռեստորանում, որպեսզի քննարկեն Մաքսի պլանները Ֆրանսիայում խաղողի այգիներ հիմնելու վերաբերյալ :[25]
  • Կրիտերիոնը ցուցադրվում է« Խավարի ասպետը » ֆիլմում, ռեստորանի սցենայի ժամանակ, երբ Բրյուս Ուեյնը իր հյուրերին հայտնում է, որ ինքն է ռեստորանի տերը, երբ նրանք հարցնում են թե կարելի է արդյոք սեղանները տեղափոխել միացնել միմյանց:[26]
  • «Թիկնապահը» Ֆիլմում Կրիտերիոնն այն ռեստորանն էր, որն ընտրվեց երբ Ռոբ Գանտը (Ռեյ Ուինսթոն) Հարի Միտչելի (Քոլին Ֆարել) հետ ընթրելու համար խնդրում է պատշաճ մի վայր։ Երբ նրանք հանդիպում են ռեստորանում, Ռոբը փորձում է Հարիին ստիպել, որ նա աշխատի իր համար, բայց նա հրաժարվում և դուրս է վազում իրենց կողմից պատվիրած սթեյքի համար գումարը սեղանին շպրտելուց հետո:[27]
  • «Գամբիտ» ֆիլմում (2012 թվական) արվեստի գործերի գողեր Հերի Դինը (Քոլին Ֆերթ) և Պ.Ջ. Պուզնովսկին (Քեմերոն Դիաս) ճաշում են հայհոյախոս լորդ Հարի Շաբանդարի (Ալան Ռիքման) հետ, որը ներկայացնում էր Պ.Ջ. Պուզնովսկուն Մարտին Զայդենվեբերին (Ստենլի Թուչի)։ Նա ասում է, որ Մարտինը նշանակված է իր անձնական հավաքածուն վերահսկելու համար:[28]
  • «Դաունթոն աբբայություն» ֆիլմի չորրորդ սերիայում գործող անձ Լեդի Էդիթ Քրոուլին (Լորա Քարմայքլ) հանդիպում է Մայքլ Գրեգսոնի (Չարլզ Էդվարդս) հետ Կրիտերիոն ռեստորանում ճաշելու։ Նա պատմում է Մայքլին, որ նախքան պատերազմը երբեք չի կարողացել սնվել հանրային ռեստորաններում, չնայած իր մայրը շատ հազվադեպ էր թույլ տալիս։ Նա նշում է, որ ինքը սիրում է Կրիտերիոնը։ Եվ երբ նրանք այդտեղ էին, Էդիթն ու Մայքլը կիսեցին իրենց առաջին համբույրը:[29]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Historic England, 1970
  2. huffingtonpost, 2005
  3. The Builder, 1870
  4. The Builder, 1871
  5. 5,0 5,1 Ryder, 2004, էջ 13
  6. The Builder, 1879
  7. Survey of London, 1960
  8. Rappaport, 2001, էջ 86
  9. Yeh, 2014
  10. Criterion Restaurant Online, 2011
  11. Crawford, 2012
  12. Frye, 2013
  13. Powell, 2004
  14. British History Online, 2008
  15. Kerstin Kuhn, 2009
  16. Best London Restaurants, 2011
  17. Tripadvisor, 2014
  18. O'Loughlin, 2009
  19. Rovnick, Naomi (2015 թ․ հունիսի 24). «London's historic Criterion restaurant falls into administration». Financial Times. ISSN 0307-1766. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  20. Rayner, 2016
  21. Gold, 2016
  22. Lehan, 1998, էջ 86
  23. Doyle, Crowder, էջ 270
  24. Redmond, 2009, էջ 302
  25. IMDB, 2006
  26. youtube, 2008
  27. youtube, 2010
  28. Criterion, 2014
  29. Midgley, 2013

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]