Կլեոպատրա և Կեսար
Կլեոպատրա և Կեսար Cléopâtre et César | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ժան Լեոն Ժերոմ |
տարի | 1866 |
բարձրություն | 183 սանտիմետր |
լայնություն | 129,5 սանտիմետր |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Cleopatra and Caesar (Gérôme) Վիքիպահեստում |
«Կլեոպատրա և Կեսար» (ֆր.՝ Cléopâtre et César, ինչպես նաև «Կլեոպատրան Կեսարի առջև» (ֆր.՝ Cléopâtre devant César)), ֆրանսիացի նկարիչ Ժան Լեոն Ժերոմի նկարը՝ ստեղծված 1866 թվականին։
Պատմական համատեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիացի գեղանկարիչ և քանդակագործ Ժան Լեոն Ժերոմը (1824-1904) բազմիցս ճանապարհորդել է ամբողջ Մերձավոր Արևելքում, մասնավորապես շատ անգամներ եղել է Եգիպտոսում՝ լինելով 19-րդ դարի ակադեմիզմի գեղանկարչական ուղղության առաջատարներից մեկը, որ մասնագիտացած էր օրիենտալիստական ու պատմական գեղանկարչության մեջ[1]։ Նեոդասականության վերջում և իմպրեսիոնիզմի զարգացման շրջանում Ժերոմը, որ հայտնի էր ֆրանսիական արիստոկրատիայի շրջանում, շարունակում էր նկարել իրատեսական ոճով և լուսանկարչական ճշգրտությամբ նկարներ։ Նա հայտնի էր դարձել մերկ ստրուկների, հարեմների տեսարաններով, հասարակ ժողովրդի կենցաղը և այլ կերպարներ պատկերող կտավներով, որոնք մարմնավորում էին Արևելքի կարծրատիպերը՝ որպես զգացմունքայնության, բարոյալքման և դաժանության խառնուրդ[2][3]։
Ստեղծում և ճակատագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1860 թվականի դեկտեմբերին ֆրանսիացի գրող Պրոսպեր Մերիմեն Ժան Լեոն Ժերոմին ուղարկված նամակում առաջին անգամ նրան առաջարկել է ստեղծել նկար Կլեոպատրիայի և Կեսարի հարաբերությունների թեմայով[4][5]։ Ժերոմի նկարի համար որպես հիմք է վերցրել նրանց հանդիպման տեսարանը, որը նկարագրված է հույն պատմիչ Պլուտարքոսի (46-127) «Զուգահեռ վարքագրություններ» ստեղծագործության մեջ՝ գրված այդ իրադարձությունից ավելի քան մեկ դար հետո[6]։ Ըստ Ռայսի համալսարանի պատմաբան Ջորջ Ուայտինգի տվյալների՝ երբ 1857 թվականին Ժերոմն այցելել է Եգիպտոս, «նա ձեռք է բերել տեղական կոլորիտի բազմաթիվ տարրեր և ճշգրիտ մանրամասներ», որոնք հետագայում նրան օգնել են նկարի վրա աշխատելիս[7]։ Նկարի պատվիրատուն հարուստ կուրտիզանուհի Պաիվան էր, որը մտադիր էր այն կախել Ելիսեյան դաշտերի իր առանձնատանը[2]։
Հիմնական պատկերը նկարելուն նախապատրաստվելիս Ժերոմն արել է յուղաներկով առնվազն 2 նախնական աշխատանք և մի շարք ուրվանկարներ[8]։ Մի դեպքում Կլեոպատրան պառկել է գետնին՝ ձգվելով դեպի Կեսարի կողքին կքանստած Ապոլլոդորոսի կողմը։ Մյուս տարբերակում, որ նկարել է նախքան վերջնական տարբերակը, Կեսարը, ձեռքերը սեղանին դրած, նայում է Կլեոպատրիային։ 1866 թվականին ավարտած նկարում Ժերոմը փոխել է Կլեոպատրիայի դիրքը՝ նրան կանգնեցնելով Կեսարի առջև խոնարհված Ապոլլոդորոսի մոտ, իսկ Կեսարի կողքին նստած են 4 քարտուղարներ[8][9]։ Շարունակելով իր նկարներում բառախաղի ավանդույթը՝ Ժերոմը Կլեոպատրիայի գոտու ճարմանդի վրա պատկերել է առյուծի գլուխ՝ ակնարկելով իր անունը և սեռական հրապուրանքի սեփական զգացողությունը, ինչպես նաև տիկին Պաիվայի հակումները[8]։ Ֆիգուրաները պատկերված են բնական չափերի մոտավորապես կեսի չափով[4], նկարի չափսերն են 183 × 129,5 սմ [10]: Ժերոմը որպես հանդիպման ֆոն ընտրել է Դեյր էլ-Մեդինա տաճարի շենքը՝ նրա պատկերը վերցնելով «Եգիպտոսի նկարագրություն» (1809-1829) հրատարակությունից[11]։ Ամերիկացի արվեստագետ Էրլ Շիննի տվյալներով՝ սկզբում աշխատանքը յուղաներկով նկարված է եղել մետաքսի վրա նրա համար, որպեսզի Պաիվայի առանձնասենյակում «փոքրացնի կամ մեծացնի թափանցիկությունը երկար հյուրասենյակի կիսաճանապարհին»[2]։ Սակայն Պաիվային դուր չի եկել պատրաստի նկարը, և նա շատ բարձր գնով Ժերոմին է վերադարձրել այն[4]։ Դրանից հետո վերջինս ձևափոխել է այն՝ ամրության համար ավելացնելով ևս մեկ կտավ[3]։
Պաիվայի՝ նկարից հրաժարվելուց հետո այն գնել է Ֆրանսիայում 19-րդ դարի առաջատար արտ-դիլեր և «Goupil & Cie» ընկերության ղեկավար Ադոլֆ Գուպիլը (1806-1893)։ Ժերոմն Գուպիլի հետ առաջին անգամ հանդիպել է 1859 թվականին, իսկ 1863 թվականին ամուսնացել է նրա դստեր՝ Մարիի հետ[3]։ «Կլեոպատրա և Կեսար» նկարը Ժերոմի 3 աշխատանքներից մեկն է, որ 1866 թվականին ներկայացվել է Փարիզյան սալոնում և 1871 թվականին ցուցադրվել Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, այն կրել է «Կլեոպատրան գորգի մեջ փաթաթված մատուցվել է Կեսարին» (ֆր.՝ Cléopâtre apportée à César dans un tapis) անվանումը[12][13][14]։ Այն ժամանակ, երբ նկարը հայտնի էր նաև «Կլեոպատրան Կեսարի առջև» (ֆր.՝ Cléopâtre devant César) անվանումով[9], դարձել էր աշխարհահռչակ[8]։ 1881 թվականին աշխատանքը Ալբերտ Հերթլերի կողմից ձևակերպված էր բանկիր և բարերար Դարիուս Օգդեն Միլլսի պատկերասրահում (Միլբրե, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2]։ Ներկայումս «Կլեոպատրա և Կեսար» նկարը գտնվում է ԱՄՆ-ում՝ մասնավոր հավաքածուում[9]։
2012 թվականի նոյեմբերին Ժերոմի ուրվանկարներից մեկը 50 հազար ֆունտ ստերլինգով ներկայացվել է «Sotheby's» աճուրդում[8]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված է մեր թվարկությունից առաջ 48 թվականի իրադարձություն. Եգիպտոսի 22-ամյա թագուհին՝ Կլեոպատրան, որը քաղաքացիական պատերազմի մեջ էր գտնվում իր կրտսեր եղբայր և կառավարչակից Պտղոմեոս XIII-ի հետ, կանգնած է հռոմեական զորահրամանատար Հուլիոս Կեսարի առաջ, որը ռազմական ուժի օգնությամբ գրավել էր նրա նախկին պալատը։ Ապոլլոդորոս ծառան, անցնելով հռոմեացի պահակների կողքով, Կլեոպատրային գորգի մեջ գաղտնի բերել է պալատ՝ Կեսարի մոտ։ Կլեոպատրան գրեթե անկշիռ հագուստով ու ոսկյա խոշոր զարդերով կանգնած է գորգի ամենածայրում և նայում է ուղիղ Կեսարին, կարծես փորձում է նրան հմայել։ Ճաղատ զորահրամանատարը սեղանի մոտ նստած է իր 4 քարտուղարների հետ՝ գրեթե անհետանալով ստվերում։ Կեսարը զարմանքով բարձրացրել է ձեռքը, որի տակ կարելի է հասկանալ իրավիճակն իր իրավասության տակ վերցնելու նրա մտադրությունը։ Ներկայացված նուբիացի Ապոլլոդորոսն ստրուկի դիրքով ծնկի է եկել՝ խոնարհվելով տիկնոջ գեղեցկության առաջ, որի մարմնավորումն է դարձել նրա թուխ մաշկի ու թագուհու թագավորական սպիտակության միջև եղած հակադրությունը։ Կլեոպատրան պատկերված է ուժեղ և հրապուրիչ, ինչի շնորհիվ էլ շուտով Կեսարին դարձրել է իր սիրեկանն ու համախոհը[2][8][15][16][17]։
Ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջորջ Մեյսոնի համալսարանի «The American Egyptomania» նախագծում նկարը ներկայացված է որպես եգիպտամոլության օրինակ, որ պարունակում է «ստրկություն, մերկություն և անկում»[2]։ Հետազոտող Լյուսի Հյուպերն այն նման է համարել Ժերոմի՝ ավելի վաղ ստեղծված «Ֆրինան Արեոպագոսի առջև» աշխատանքին (1861)[1]։ Այս նկարը և Էժեն Դելակրուայի «Կլեոպատրան և գյուղացին» (1838) աշխատանքը դարձել են 19-րդ դարում Կլեոպատրայի ամենահայտնի 2 նկարները[18]։
«Ֆրինան Արեոպագոսի առջև» (1861), Ժան-Լեոն Ժերոմ | «Կլեոպատրան և գյուղացին» (1838), Էժեն Դելակրուա |
Ժերոմի և Գուպիլի մասնագիտական հարաբերությունները թույլ էին տալիս նրա նկարը դարձնել զանգվածային արտադրության օբյեկտ՝ փորագրանկարների և լուսանկարների տեսքով[3][19]։ Նկարը ոգեշնչման աղբյուր է դարձել կերպարվեստի, թատրոյի և կինոյի գործիչների համար, մասնավորապես Հոլլիվուդում[20]։ Նրա ազդեցությունը նկատելի է ամերիկացի նկարիչ Ռ. Հ. Իվա Գեմելլի «Սուլամիթայի երազանքը» (1934) աշխատանքի գաղափարի և կոմպոզիցիայի վրա[21]։ Ուայթինգը պնդում է, որ Ժերոմի աշխատանքն ազդել է իռլանդացի դրամատուրգ Ջորջ Բեռնարդ Շոուի «Կեսար և Կլեոպատրա» պիեսի վրա (1898), մասնավորապես 3-րդ գործողության գորգի տեսարանի վրա[7]։ Ժերոմի բազմաթիվ նկարներ ազդեցություն են ունեցել հնագույն պատմությունը ներկայացնող ֆիլմերի վրա[20]։
Պատմական անճշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլուտարքոսի «Զուգահեռ վարքագրություններ» աշխատության թարգմանության մեջ, որ կատարել են Ջոն Լենգբորնն ու նրա եղբայր Ուիլյամը, և հրատարակվել է 1770 թվականին, նյութի նկարագրության մեջ, որով Կլեոպատրան թափանցել է պալատ, առաջին անգամ օգտագործվել է «գորգ» բառը՝ «խիտ նյութից գործվածք» իմաստով։ Միևնույն ժամանակ Պլուտարքոսը գրել է այն մասին, որ այժմ հայտնի է որպես ուսապարկ, սակայն գործածված բառի իմաստային փոփոխությունը լեգենդ է վերագրել գորգի մեջ թաքնված Կլեոպատրիայի մասին այլ իմաստով, որը պատմականորեն անստույգ է, սակայն ժամանակակից մշակույթում հայտնի է դարձել հիմնականում Ժերոմի շնորհիվ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Lucy H. Hooper Léon Gérôme. — The Art Journal, 1877. — Vol. 3. — P. 26–28.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Earl Shinn Gerome: A Collection of the Works of J.L. Gerome in One Hundred Photogravures. — New York: Samuel L. Hall, 1881. — Vol. 10.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «The Spectacular Art of Jean-Léon Gérôme (1824–1904)». Musée d'Orsay. 2006. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 20 июня 2015-ին.
{{cite web}}
: Unknown parameter|aithor=
ignored (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 Gerald M. Ackerman The Life and Work of Jean-Léon Gérôme. — Sotheby's, 1986. — P. 218. — 352 p. — ISBN 978-0-85667-311-5
- ↑ Étienne Charavay Lettres Autographes Composant La Collection De M. Alfred Bovet. — Paris: Charavay Freres, 1884. — P. 320. — 488 p.
- ↑ 6,0 6,1 Christopher Pelling Plutarch Caesar: Translated with an Introduction and Commentary. — Oxford: Oxford University Press, 2011. — P. 385. — 519 p. — ISBN 9780198149040
- ↑ 7,0 7,1 George W. Whiting (январь 1960). «The Cleopatra Rug Scene: Another Source». The Shaw Review. Վերցված է 20 июня 2015-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Jean-Léon Gérôme. Lot — CLÉOPÂTRE ET CÉSAR». Sotheby's. 20 ноября 2012. Վերցված է 20 июня 2015-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Scott Trafton Egypt Land: Race and Nineteenth-Century American Egyptomania. — Durham: Duke University Press, 2004. — P. 198, 298–299. — 376 p. — (New Americanists). — ISBN 9780822386315
- ↑ «Caesar and Cleopatra». The Athenaeum. Վերցված է 20 июня 2015-ին.
- ↑ Christina Riggs Ancient Egyptian Art and Architecture: A Very Short Introduction. — Oxford: Oxford University Press, 2014. — P. 113. — 152 p. — ISBN 9780191505256
- ↑ Algernon Graves The Royal Academy of Arts: A Complete Dictionary of Contributors and their Work from its Foundation in 1769 to 1904. — London: H. Graves and co., ltd., 1905. — Vol. 3. — P. 226. — 516 p.
- ↑ Fanny Field Hering Gérôme: The Life and Works of Jean Léon Gérôme. — New York: Cassell Pub. Co., 1892. — P. 112–113. — 394 p.
- ↑ Théophile Thoré-Bürger Salons de W. Bürger 1861 à 1868. — Paris: Renouard, 1870. — Vol. 2. — P. 294–295. — 466 p.
- ↑ «Cleopatra: Exotic Queen and Femme Fatale». Painting History. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 20 июня 2015-ին.
- ↑ «The Story in Paintings: Jean-Léon Gérôme and the spectacular». The Eclectic Light Company. 7 февраля 2016. Վերցված է 10 октября 2016-ին.
- ↑ «Cleopatra and Julius Caesar. Artwork of the Week». Музей искусств Толидо. 11 сентября 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 10 октября 2016-ին.
- ↑ Anthony Grafton, Glenn W. Most, Salvatore Settis The Classical Tradition. — Cambridge: Harvard University Press, 2010. — P. 207. — 1067 p. — ISBN 9780674035720
- ↑ Jeffrey Richards Hollywood's Ancient Worlds. — London: Continuum, 2008. — P. 11. — 227 p. — ISBN 9780826435385
- ↑ 20,0 20,1 Marta Garcia Morcillo, Pauline Hanesworth Imagining Ancient Cities in Film: From Babylon to Cinecittà. — London: Routledge, 2015. — P. 118, 176, 181. — 330 p. — ISBN 978-0415843973
- ↑ Gerald M. Ackerman, Elizabeth Ives Hunter Transcending Vision: R. H. Ives Gammell 1893–1981. — R.H. Ives Gammell Studios Trust, 2001. — P. 104. — 171 p.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Thoré, T. (1870). Salons de W. Bürger 1861 à 1868. Volume 2. Paris: Librairie de Ve Jules Renouard. pp. 294–295.