Կարմրան Մեյերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրան մեյերի
Կարմրան մեյերի
Կարմրան մեյերի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Կարմրանազգիներ (Tamaricaceae)
Ցեղ Կարմրան (Tamarix)
Տեսակ Կարմրան մեյերի (T. meyeri)
Միջազգային անվանում
Tamarix meyeri

Կարմրան Մեյերի (լատին․՝ Tamarix meyeri), կարմրանազգիների ընտանիքի, կարմրան ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ թուփ է՝ մինչև 6 մ բարձրությամբ, բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են մոխրագույն, միամյա շիվերը՝ ծիրանագույն, դեղնավուն կամ կանաչավուն կեղևով։ Միամյա շիվերը մեծ մասամբ աշնանը թափվում են։ Դրանց տերևները նշտարաձև են, սրտաձև հիմքով, մինչև 4 մմ երկարությամբ, գորշավուն։ Կանաչ ընձյուղների վրա գտնվող տերևները գծանման են կամ գծա-նշտարաձև, մինչև 8 մմ երկարությամբ, նստադիր։ Ծաղկային բողբոջները հիմնադրվում են աշնանից, խոշոր են, մինչև 6 մմ երկարությամբ, կոնաձև և սրված, բաց դեղնավուն, ծածկված մոմային խավով։ Տերևաբողբոջները խոշոր են, ծածկված կղմինդրաձև դասավորված դեղնավուն թեփուկներով։ Ողկույզները առաջանում են միամյա ճյուղերի վրա և ծաղկում են գարնանը, երբեմն՝ աշնանը, հասնելով մինչև 16 սմ երկարության և 1,5 սմ լայնության։ Ունեն լավ արտահայտված ծաղկակիր։ Ծաղիկը 4 անդամանի է։ Ունի ծաղկակից։ Բաժակաթերթիկները լայն-օվալաձև են, կանաչ, կեռիկով։ Պսակաթերթիկները սպիտակ են, բաց վարդագույն, բաց մանուշակագույն, հակառակ-ձվաձև կամ էլիպսաձև, մինչև 4 մմ երկարությամբ, ծաղկաթափի ժամանակ թափվում են։ Ենթավարսանդային սկավառակը չորսաբաժան է։ Փոշանոթները բաց դեղնավուն են կամ վարդագույն, փոշեհատիկը սպիտակ է։ Սերմնարանը լայն է՝ 4 բոլլավանման սռնակներով։ Տուփիկը ունի 6 մմ երկարություն և պարունակում է մոտ 50 սերմ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է Կովկասում, Հարավային Եվրոպայում, Միջին Ասիայում, Միջերկրական ծովի ափերին։ Հայաստանի պայմաններում հանդիպում է Արարատյան դաշտում և Մեղրիում, անապատային աղուտներում, գետափնյա ավազներում, ծովի մակերևույթից 900-1000 մ բարձրության վրա։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունը և ընձյուղները ընդունակ են արագ կերպով արմատակալելու։ Պիտանի է միջին և ստորին լեռնային գոտիների կանաչապատման և անտառապատման համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 239։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրան Մեյերի» հոդվածին։