Կառլեն Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կառլեն Կարապետյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1938(1938-09-21) (80 տարեկան)
ԾննդավայրԱխալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրգրաֆիկա

Կառլեն Վլադիմիրի Կարապետյան (1938, սեպտեմբերի 21, Ախալքալաք), հայ նկարիչ, Վրաստանի վաստակավոր նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլեն Վլադիմիրի (Կարոյի) Կարապետյանը ծնվել է Ախալքալաքում 1938 թվականի սեպտեմբերի 21-ին աշխատավորի ընտանիքում: Փոքր հասակից զրկվել է ծնողներից. նրան մեծացրել և դաստիարակել է տատը: Սովորել և ավարտել է Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի հայկական միջնակարգ դպրոցը (1961):

1962 թվականին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի նորաստեղծ գեղագիտական ֆակուլտետի նկարչական բաժինը, որտեղ դասավանդում էին ԽՍՀՄ ժողովրդական նկարիչներ՝ Հովհաննես Զարդարյանը, Ղուկաս Չուբարյանը, Էդուարդ Իսաբեկյանը, Հմայակ Ավետիսյանը և Արտաշես Հովսեփյանը:

1968 թվականին վերադարձել է Ախալքալաք և աշխատանքի անցել հայկական միջնակարգ և ռուսաց դպրոցներում, որպես նկարչության և գծագրության ուսուցիչ: Նույն թվականին հայկական դպրոցում ստեղծել է նկարչական խմբակ, որտեղ ընդգրկվել են մոտ 10 տաղանդավոր աշակերտներ: Խմբակի շնորհիվ սաներից շատերը դարձել են ճանաչված արվեստագետներ՝ Սմբատ և Ռաֆիկ Մկրտչյաններ (քանդակագործներ), Ալբերտ Գոգորյան, Մնացական Ղալաչյան, Սամվել Նահատակյան (գեղանկարիչներ), Սուսաննա Ավետիսյան (ճարտարապետ) և կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

1985 թվականին մասնակցել է Երևանի նկարիչների տանը բացված «Պատմության քառուղիներով» ցուցահանդեսին: Նրա «Հայոց վիշտը անհուն մի ծով» կտավն արժանացել է մեծ գնահաականի և դարձել նկարիչների միության սեփականությունը: 1990 թվականին մեծ դժվարությամբ հիմնադրել է Ախալքալաքի գեղարվեստի դպրոցը և այն դարձրել ամենաճանաչված դպրոցը ողջ Վրաստանում: Վրաստանի մշակույթի նախարարությունը 2010 թվականին նրան շնորհել է Վաստակավոր նկարչի կոչում: Կառլեն Կարապետյանի անունը ներառված է Հայաստանի համառոտ հանրագիտարանի երկրորդ հատորում, Իոսյանի «Սամցխե-Ջավախքի նշանավոր հայորդիները» գրքում և Ալբերտ Փարսատանանի «Հայը» գրքում:

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Կարապետյանի նախաձեռնությամբ Երևանի նկարիչների տանը բացվեցլ է Ջավախքի նկարիչների անդրանիկ ցուցահանդեսը: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել են բազմաթիվ ցուցահանդեսներ Երևանում, Չարենցավանում, Գյումրիում, Թբիլիսիում, Բորժոմիում և Ախալցիխեում: 2002 թվականին Կարապտյանի ստեղծագործական աշխատանքներն երկու ամիս ցուցադրվել են ԱՄՆ-ում և Կանադայում: 2004 թվականին Կառլեն Կարապետյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ջավախքի նկարիչների հերթական ցուցահանդեսը: Նույն թվականին նկարիչների միությունը ներկայացրել է 12 ժամանակակից նկարիչների աշխատանքները ԱՄՆ-ում, այդ թվում՝ Կառլեն Կարապետյանի:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի վաստակավոր նկարիչ, 2010 թ.
  • Արծաթե հուշամեդալ հայ արվեստը տարածելու և զարգացնելու համար 2004 թ.
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» շքանշան, 2014 թ.[1]

Մեջբերումներ Կառլեն Կարապետյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Շատերն ինձ ասում են, որ իմ նկարներում պատկերված մարդը տխուր է. իրականում ես նկարում եմ այն, ինչ զգում եմ: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Կառլեն Կարապետյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-09-21