Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 7, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Ջիվանի (Սերոբ Ստեփանի Բենկոյան, Սերովբե Ստեփանի Բենկոյան, 1846, Կարծախ, Ախալքալաքի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 5, 1909, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ աշուղական երգարվեստի ազգային դպրոցի ներկայացուցիչ, գուսան, ժողովրդական երգիչ։

Նրա ստեղծագործություններից մեր օրերն է հասել մոտ 800 երգ։ Իր խմբով ունեցել է բազմաթիվ երաժշտական շրջագայություններ, հանդես է եկել Ռուսական կայսրության տարբեր վայրերում (ներկայիս Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի քաղաքներում)։ Մասնակցություն է ունեցել նաև հայ ժողովրդի ազատագրական պայքարին, որի համար ենթարկվել է հետապնդումների, նրա ելույթները երբեմն արգելվել են, բռնագրավել են նվագարանը։ Երևանում գործում է Ջիվանու անվան աշուղական արվեստի դպրոց, նրա անունով փողոցներ են կոչվել Երևանում, Գյումրիում և այլուր։

Սերովբե Բենկոյանը ծնվել է 1846 թվականին Ռուսական կայսրության կազմում գտնվող Ջավախքի Կարծախ գյուղում Գասպար Բենկոյենցի ընտանիքում։ Նրա ծնողները ռուս-թուրքական պատերազմի պատճառով Բասենից գաղթել էին Կարծախ։

Նա հետաքրքրությամբ է լսում Կարծախ այցելած շրջիկ աշուղների երգն ու զրույցը, և նրա մեջ հետզհետե ամրապնդվում է աշուղ դառնալու ցանկությունն ու երազանքը, և ինքն էլ սկսում է երգեր հորինել։ Համագյուղացի աշուղ Սիային, ում մուգ մաշկ ունենալու պատճառով կոչում էին Ղարա-Ղազար, նկատում է պատանու հակումներն ու սերը և համաձայնվում է վերցնել վերջինիս իրեն աշակերտ։

Ջիվանին Սիայուն աշակերտում է հինգ տարի։ Սովորում է ու հմտանում աշուղական երգարվեստի մեջ։ Նա շուտով սովորում է նաև սազ նվագել, տիրապետել աշուղական արվեստի նրբություններին ու յուրահատկություններին, հորինել երգեր, երբեմն էլ գերազանցել նաև իր վարպետին։ Ընդունված կարգի համաձայն՝ աշուղ Սիային նրան հինգ տարի անց շնորհում է աշուղի կոչում և աշուղի անուն՝ Ջիվանի։

1871 թվականից սկսած Ջիվանին ունեցել է սեփական խումբ՝ հիմնականում բաղկացած երեք հոգուց։ Նրա խմբի հիմնական անդամներից էր աշուղ Ջամալին՝ Ջիվանու կնոջ եղբայրը։ Կյանքի վերջին տարիներին Ջիվանու խումբը բաղկացած էր չորս հոգուց։ Ինքը նվագում էր ջութակ, Ջամալին՝ սանթուր, Ալեքսին՝ թառ, էրզրումցի Հարութիկը՝ կլառնետ։

Ջիվանին վախճանվել է 1909 թվականի փետրվարի 24-ին։ Անվանի աշուղի հուղարկավորությանը մասնակցել են տարբեր ազգերի մեծ թվով ներկայացուցիչներ։ Այդ օրերին «Դաշնակցության» գործով վրացական Մետեխի վանքի ներքևում գտնվող համանուն բանտում պահվող Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, երբ հուղարկավորության թափորն անցնում էր բանտի մոտով, վանդակապատ պատուհանից թաշկինակները թափահարելով վերջին հրաժեշտն են տվել մեծ աշուղին։ Նրա մարմինը ամփոփվել է Թիֆլիսի Հավլաբար հայկական թաղամասի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը։ Նրա գերեզմանը գերեզմանատան հետ միասին ոչնչացվել է 1938 թվականին․․․ Ավելին