Jump to content

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 33, 2019 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Գիլգամեշ, շումերաբաբելական հերոսական էպոսի պայմանական անվանումը։ Այն աշխարհի ամենահին պահպանված գրական ստեղծագործություններից մեկն է, սեպագրերով գրված ամենամեծ երկը, Հին Արևելքի գրականության խոշորագույն նմուշներից մեկը։ Էպոսն ստեղծվել է աքքադերենով շումերական ավանդազրույցների հիման վրա մեկուկես հազարամյակի ընթացքում՝ սկսած մ․թ․ա․ XVIII-XVII դարերից։ Նրա առավել ամբողջական տարբերակը հայտնաբերվել է 19-րդ դարի կեսերին Նինվեում՝ Աշուրբանիպալի գրադարանում կատարված պեղումների ժամանակ։ Այն գրված է տասներկու վեցասյուն պնակիտների վրա մանր սեպագրերով, ներառում է շուրջ երեք հազար տող և թվագրված է մ.թ.ա. 7-րդ դարով։ Քսաներորդ դարում գտնվել են նաև հատվածներ էպոսի այլ տարբերակներից, այդ թվում՝ խուռիերեն և խեթերեն։

Էպոսի գլխավոր հերոսներն են Շումերի (մ.թ.ա. 28-րդ դար) Ուրուկ քաղաքի կիսաառասպելական տիրակալ Գիլգամեշն ու Էնկիդուն, որոնց մասին պահպանվել են նաև առանձին երգեր շումերերենով, որոնցից մի քանիսը ստեղծվել են դեռ III հազարամյակի առաջին կեսին։ Առավել լավ է պահպանված աքքադական «Ամեն ինչ տեսածի մասին...» մեկնակերպը, որի գրառումը գալիս է մ.թ.ա. 19-18-րդ դարերից։ Տաղաչափությունը շեշտային է (բանատողի մեջ հիմնականում չորս շեշտակիր վանկ)։ «Գիլգամեշին» բնորոշ են հերոսական էպոսի գծերը՝ ավանդական սյուժեն (հերոսի բուռն երիտասարդությունը, նրա հանդիպումը Էնկիդու հակառակորդ վայրենու հետ, որը հետո դառնում է նրա դաշնակիցը), հերոսական թափառաշրջիկները (որի ընթացքում բարեկամները մի շարք սխրանքներ են կատարում), աստվածապայքարի մոտիվները (Իշտար աստվածուհու սիրո մերժումը, նրա ուղարկած ցլի սպանությունը)։ Հերոսները ունեն մեկ ընդհանուր թշնամի՝ Խումբաբան, որ պահպանում է սրբազան մայրիները։ Նրանց սխրանքներին հետևում են աստվածները, որոնք շումերական երգերում ունեն շումերերական անուններ, իսկ Գիլգամեշի մասին էպոսում՝ աքքադական։ «Գիլգամեշի մասին էպոսը» հիմն է ընկերությանը, որ ոչ միայն օգնում է արտաքին խոչընդոտների հաղթահարմանը, այլև վերափոխում է, ազնվացնում։

Էպոսի գլխավոր կոլիզիան Էնկիդուի մահն է, որը ցնցում է Գիլգամեշին։ Նա սկսում է անմահություն փնտրել։ Արևի աստծու ուղիով գնում է երանելի Ուտնապիշտիմի կղզին, որը համաշխարհային ջրհեղեղ է վերապրել, ձեռք է բերում հավերժական երիտասարդության ծաղիկը, բայց օձն առևանգում է այն (անդրաշխարհ ճամփորդելու ավանդական այս մոտիվը էպոսում ենթարկված է հերոսական նպատակների)։ «Գիլգամեշ» էպոսում համաշխարհային գրականության պատմության մեջ առաջին անգամ․․․ Ավելին