Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 21, 2019 թ.
Ֆեռնանդո Կորտես դե Մոնրոյ ի Պիսառո Ալտամիրանո (իսպ.՝ Fernando Cortés de Monroy y Pizarro Altamirano, առավել հայտնի է Ֆեռնանդո, Էռնանդո, Ֆեռնան կամ Էռնան Կորտես (իսպ.՝ Hernán Cortés) անուններով, ), իսպանացի կոնկիստադոր, ով նվաճել է Մեքսիկան և ոչնչացրել ացտեկների պետությունը։ Կառլոս V կայսրը Կորտեսին շնորհել է Marqués del Valle de Oaxaca (հայերեն տառադարձությամբ՝ Մարկիզ դել Վալյե դե Օախակա, թարգմանաբար՝ Օախակա հովտի մարկիզ) կոչում։ Նրա շնորհիվ Եվրոպայում 1520 թվականից սկսել են օգտագործել վանիլ և շոկոլադ։
Էռնան Կորտեսը ոչ շատ հարուստ, բայց ազնվական իդալգոների ընտանիքից էր։ Երկու տարի սովորել է Սալամանկայի համալսարանում, սակայն գերադասել է ռազմական կարիերան։ 1504 թվականին տեղափոխվել է Էսպանյոլա, 1510-1514 թվականներին Դիեգո դե Վելասկեսի գլխավորությամբ մասնակցել է Կուբայի նվաճման արշավին։ 1519-1521 թվականներին սեփական նախաձեռնությամբ սկսել է Մեքսիկայի նվաճումը։ 1522-1526 թվականներին նորաստեղծ Նոր Իսպանիա գաղութում զբաղեցրել է գեներալ-կապիտանի պաշտոնը՝ այնտեղ անցկացնելով անկախ քաղաքականություն, սակայն իշխանության համար կատաղի պայքարի պատճառով 1528 թվականին վերադարձել է Եվրոպա։
1529 թվականին թագավոր Կառլոս V-ն Էռնան Կորտեսին շնորհել է Օախակայի մարքիզի կոչում (իսպ.՝ Marqués del Valle de Oaxaca)։ 1530 թվականին Կորտեսը վերադարձել է Մեքսիկա ռազմական նահանգապետի կոչումով, սակայն իրական իշխանություն արդեն չի ունեցել։ 1540 թվականին վերջնականապես վերադարձել է Եվրոպա, 1541 թվականին մասնակցել է Ալժիրի դեմ անհաջող արշավին։ Մահացել է և հողին հանձնվել Իսպանիայում, 1566 թվականին նրա աճյունը տեղափոխվել է Մեքսիկա։ 1560-ական թվականներին նրա ժառանգները Մեքսիկայում փորձել են գրավել իշխանությունը, սակայն հեղաաշրջման փորձն ավարտվել է ձախողմամբ։
Նվաճողի կյանքի մասին շատ քիչ աղբյուրներ են պահպանվել, որոնք շատ հաճախ հակասում են իրար, այդ պատճառով պատմաբանների գնահատականներն այդ անձի և նրա ժառանգության մասին խիստ տարբերվում են։ Բարտոլոմե դե լաս Կասասի աշխատանքները նրան դարձրել են... Ավելին⇒