Խորոգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայր | |||
---|---|---|---|
Խորոգ | |||
տաջ.՝ Хоруғ | |||
| |||
Երկիր | Տաջիկստան | ||
Համայնք | Shughnon District? | ||
ԲԾՄ | 2123±1 մետր | ||
Բնակչություն | ▲31 100 մարդ (հունվարի 1, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+6 | ||
Փոստային դասիչ | 736000 | ||
| |||
Խորոգ, քաղաք Տաջիկստանում, Լեռնային Բադախշանի ինքնավար մարզի վարչական կենտրոնը։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է մարզի հարավարևմտյան մասում՝ մայրաքաղաք Դուշանբեից 525 կմ հեռավորության վրա։ Արևմուտքից սահմանակից է Աֆղանստանի Բադախշան մարզին։
Խորոգը գտնվում է ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա, որով և հետխորհրդային տարածքի ամենաբարձր քաղաքներից մեկն է։ Գտնվում է Պամիրի բարձրավանդակի հարավարևմտյան մասում, Գունտ և Փյանջ գետերի միախառնման վայրին մոտ։ Քաղաքն ընդգրկված է կիսաչորային կլիմայական գոտում։ Տարվա ընթացքում քիչ տեղումներ են լինում։ Համաձայն Կյոպենի կլիմայական դասակարգման՝ քաղաքն ունի բարեխառն լայնությունների չոր կիսաչորային կլիմա՝ զով ձմեռներով։ Տարվա միջին օդի ջերմաստիճանը 9,3 °C է, տարեկան տեղումների թիվը՝ մոտ 276 մմ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորոգի բնակչությունը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 30,3 հազար մարդ։ Բնակչության կողմից խոսվող պամիրյան լեզուներն ընդգրկված են հնդեվրոպական լեզվաընտանիքի իրանական ճյուղի հարավարևելյան խմբում, ինչով նրանք տարբերվում են իրանական լեզուների հարավարևմտյան խմբին պատկանող տաջիկերենից։ Տեղացիները դավանում են հիմնականում շիա իսլամ, իսկ թյուրքալեզու փոքրամասնությունը՝ սուննի իսլամ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 19-րդ դարի վերջը Խորոգը գտնվում էր Բուխարայի էմիրի, Աֆղանստանի շահի, Ռուսաստանի և Բրիտանիայի միջև վիճելի տարածքում։ Ի վերջո քաղաքն անցնում է Ռուսական կայսրությանը՝ գետահունը դարձնելով Աֆղանստանի հետ սահման։ 1896 թվականին ռուսները այստեղ ամրություն կառուցեցին և կայազոր դրեցին։ Ցարական Ռուսաստանի անկումից և Խորհրդային Միության հիմնադրումից հետո 1925 թվականին Խորոգը դարձավ Լեռնային Բադախշանի մայրաքաղաքը։
Տաջիկստանի անկախության տարիներին՝ 2012, 2014, 2018, 2021 և 2022 թվականներին Խորոգում տեղի են ունեցել տարաբնույթ հակակառավարական ցույցեր։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորոգը առևտրային, տրանսպորտային և մշակութային կենտրոն է տարածաշրջանի համար։ Այստեղ են գտնվում՝ Մոյոնշո Նազարշոևի անվան Խորոգի պետական համալսարանը, Կենտրոնական Ասիայի միջազգային համալսարանի մասնաճյուղը և Աղա Խանի հիմնադրամի ճեմարանը։
Խորոգով անցնում է Պամիրի մայրուղին՝ քաղաքը կապելով Դուշանբեի և Օշի հետ (Ղրղզստան)։ Վախանի հովտով (Աֆղանստան) և Ալիչուր գյուղով անցնում է գրունտային ճանապարհ։ Քաղաքը Կուլմա-Կարոկուրում լեռնանցքով կապվում է Չինաստանի հետ։ Քաղաքն ունի փոքր օդանավակայան։
Խորոգը Պամիրի զբոսաշրջային կենտրոններից է և Պամիրի հիմնական տեսարժան վայրերի մեկնարկային կետը։ Բացի բնության տեսարժան վայրերից՝ քաղաքը հայտնի է Պամիրի բուսաբանական այգով, որը ամենաբարձրն է ԱՊՀ տարածքում և երկրորդը աշխարհում (2320 մ)՝ Նեպալի բուսաբանական այգուց հետո։ Այգին հիմնադրվել է 1940 թվականին։ Բուսաբանական այգու հավաքածուն ներառում է ավելի քան 4 հազար տեսակի բույսեր աշխարհի բոլոր տարածաշրջաններից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 90)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորոգ» հոդվածին։ |
|