Խորխե Վալդանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորխե Վալդանո
Քաղաքացիությունը  Արգենտինա և  Իսպանիա
Մականուն El filósofo del fútbol
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1955(1955-10-04)[1][2][3] (68 տարեկան)
Ծննդավայր Las Parejas, Բելգրանո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Խորխե Ալբերտո Ֆրանցիսկո Վալդանո Կաստելյանոս (իսպ.՝ Jorge Alberto Francisco Valdano Castellanos, հոկտեմբերի 4, 1955(1955-10-04)[1][2][3], Las Parejas, Բելգրանո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Աշխարհի երկու առաջնությունների մասնակից։ 1986 թվականի աշխարհի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդանոյին դեռ պատանեկան տարիքում նկատել են «Նյուելս Օլդ Բոյզ» թիմի ներկայացուցիչները մրցաշարերից մեկում։ Թիմի հիմնական կազմում Խորխեն նորամուտը նշել է թերի 17 տարեկանում։ Վաղ տարիքից նա առանձնացել է երկու ոտքով լավ հարվածելու, գլխով խաղալու ունակությամբ, ինչպես նաև հարձակման գծում ցանկացած դիրք գրավելու ունակությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կիսապաշտպանությունում։ Բացի այդ, հարձակվողը հակված չէր անհատական խաղը չարաշահելու և աչքի էր ընկնում թիմային խաղով։ Նրա օգնությամբ ակումբը 1974 թվականին նվաճել է իր առաջին չեմպիոնական տիտղոսը։

1975 թվականին Վալդանոն տեղափոխվել է Եվրոպա, որտեղ սկսել է հանդես գալ երկրորդ դիվիզիոնի «Ալավես» ակումբում։ Թեպետ արգենտինացին բավականին արագ դարձավ թիմի լավագույն ռմբարկուն և երկրպագուների սիրելին, չորս տարվա ընթացքում «Ալավեսին» չհաջողվեց առաջխաղացում ունենալ և բարձրանալ Լա Լիգա։ Արդյունքում, 1979 թվականին, 24 տարեկան հասակում, Վալդանոն տեղափոխվեց Պրիմերայի «Ռեալ Սարագոսա» ակումբ։ Թիմը չէր հավակնում բարձր տեղերի, բայց ամեն տարի հաջողությամբ պայքարում էր իսպանական ֆուտբոլի էլիտայում տեղը պահպանելու համար։ Ինչպես ակումբի, այնպես էլ արգենտինացու համար ամենահաջողը 1982/83 մրցաշրջանն էր, որը «Սարագոսան» ավարտեց վեցերորդը, իսկ Խորխեն 16 գոլով մտավ առաջնության լավագույն ռմբարկուների հնգյակ։

Վալդանոյի վառ խաղը թույլ է տվել նրան 1984 թվականին տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»։ Առաջին իսկ մրցաշրջանի արդյունքներով արգենտինացին դարձել է թիմի լավագույն ռմբարկուն։ Այն բանից հետո, երբ մադրիդցիների կազմը համալրել է մեքսիկացի Ուգո Սանչեսը, թիմում ձևավորվել է վառ հարձակողական եռյակ, որում Վալդանոյից և Սանչեսից բացի ընդգրկվել էր նաև Էմիլիո Բուտրագենյոն։ Հարձակվողական եռյակի խաղը թիմին թույլ է տվել 1986 թվականին նվաճել հինգ տարվա ընթացքում առաջին չեմպիոնական տիտղոսը, իսկ մեկ տարի անց հաջողությամբ պաշտպանել այն (ընդհանուր առմամբ, «Ռեալը» հինգ անընդմեջ չեմպիոնություն է նվաճել)։ Բացի այդ, «Ռեալին» հաջողվել է նվաճել ՈւԵՖԱ-ի երկու գավաթ, իսկ Վալդանոն եզրափակչում գոլ է խփել նրանցից յուրաքանչյուրում։ Չնայած հաջող խաղին, 1987 թվականին Խորխե Վալդանոն որոշել է ավարտել խաղացողի կարիերան։

1975 թվականից Վալդանոն հանդես է եկել նաև Արգենտինայի հավաքականի կազմում՝ նրա կազմում նորամուտը նշելով 19 տարեկանում։ 1978 թվականին նա տնային աշխարհի առաջնությանը մասնակցելու թեկնածուներից մեկն էր, սակայն գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտին նրան չներառեց մրցաշարի վերջնական հայտացուցակում։ Չորս տարի անց Խորխեն մեկնում էր Իսպանիա՝ աշխարհի առաջնությանը որպես Արգենտինայի հավաքականի հիմնական հարձակվողներից մեկը, սակայն Հունգարիայի հավաքականի դեմ արդեն երկրորդ խաղում նա վնասվածք ստացավ և ստիպված եղավ ավարտել ելույթը մրցաշարում, իսկ արգենտինացիները ի վերջո չկարողացան պաշտպանել տիտղոսը։ Վալդանոյի համար աստղային ժամ դարձավ Մեքսիկայի աշխարհի առաջնությունը, որն ավարտվեց Արգենտինայի հավաքականի հաղթանակով։ Հարձակվողը մասնակցել է մրցաշարի բոլոր 7 հանդիպումներին և դարձել 4 գոլի հեղինակ, որոնցից ամենակարևորը եզրափակիչ խաղում Գերմանիայի հավաքականի դարպասը գրավելն էր։ Ընդհանուր առմամբ, Վալդանոն հավաքականի կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։ Վալդանոյի ոչ մեծ թվով հանդիպումները հավաքականի կազմում բացատրվում են բարձր մրցակցությամբ, ինչպես նաև այն փաստով, որ հարձակվողն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Եվրոպայում՝ հաճախ բաց թողնելով թիմի ընկերական հանդիպումները, ինչպես նաև այն հանդիպումները, որոնք չունեն մեծ մրցաշարային նշանակություն։

Լինելով ֆուտբոլիստ՝ Վալդանոն ավարտել է մարզչական դասընթացները, ուստի խաղային կարիերայի ավարտից անմիջապես հետո սկսել է մարզել «Ռեալի» պատանեկան թիմը։ 1991 թվականին նա սկսել է ինքնուրույն մարզչական կարիերա՝ գլխավորելով «Տեներիֆե» ակումբը։ Իսպանիայի առաջնության 1991/92 և 1992/93 մրցաշրջանների վերջին տուրերում Վալդանոյի գլխավորած  «Տեներիֆեն» երկու անգամ հաղթել է առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալին», ինչի պատճառով երկու անգամ էլ տիտղոսը բաժին է հասել «Բարսելոնային»։ 1992/93 մրցաշրջանի արդյունքներով Կանարյան ակումբը Իսպանիայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը և առաջին անգամ հնարավորություն ստացավ խաղալ եվրոգավաթներում։ Այս հաջողության շնորհիվ Վալդանոն առաջարկ է ստացել դառնալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Վալդանոյի գլխավորությամբ «Ռեալը» կարողացավ հինգ տարվա ընթացքում նվաճել առաջին չեմպիոնական տիտղոսը՝ ընդհատելով «Բարսելոնայի» հեգեմոնիան։ Սակայն հաջորդ մրցաշրջանում մադրիդցիները առաջնությունում գրավեցին միայն 6-րդ տեղը, որից հետո Վալդանոն հեռացվեց զբաղեցրած պաշտոնից։ Արգենտինացի մասնագետի շնորհիվ «Ռեալի» կազմը համալրել է Ֆեռնանդո Ռեդոնդոն, նորամուտը նշել են Ռաուլն ու Գուտին։ Հետագայում, ի պատիվ մադրիդյան ակումբում իր առաջին մարզչի և հայտնագործողի, Ռաուլը անվանեց իր առաջին երեխային՝ Խորխեին[4]։

Վալդանոյի մարզչական կարիերայի վերջին թիմը եղել է «Վալենսիան», որի հետ նա 1997 թվականին զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ Դրանից հետո արգենտինացին որոշել է չվերադառնալ մարզչական աշխատանքի։

1998 թվականին նա Մադրիդի «Ռեալում» զբաղեցրել է գլխավոր տնօրենի պաշտոնը, սակայն 2011 թվականի մայիսի 25-ին լքել է պաշտոնը։ Պաշտոնական վարկածով՝ ակումբի կազմակերպչական կառուցվածքի փոփոխությունների պատճառով[5], իսկ ոչ պաշտոնական վարկածով՝ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ կոնֆլիկտի պատճառով[6]։

Բացի այդ, Վալդանոն հեռուստատեսության մեկնաբան և ֆուտբոլային փորձագետ աշխատելու փորձ ունի։

Խորխե Վալդանոն գրել է «Երազանքներ ֆուտբոլի մասին» գիրքը (իսպ. ՝ Sueños de fútbol), ինչպես նաև հանդես է եկել որպես «Ֆուտբոլային պատմություններ» ժողովածուի խմբագիր (իսպ.՝ Cuentos de fútbol)։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Raúl González» (իսպաներեն). El Mundo. 2003 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 11-ին. {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)
  5. «Florentino Pérez: "La salida de Valdano del club se debe a una reestructuración organizativa"» (իսպաներեն). Sitio Oficial del Real Madrid CF. 2011 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  6. «Моуриньо выживает Вальдано из «Реала»». Football.ua. 2011 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորխե Վալդանո» հոդվածին։