Ջրասույզ, ձիաձետանման, միատուն և երկտուն ջրիմուռներ են։ Ունեն կանաչ կենտրոնական առանցք (ցողուն), որի բարձրությունը՝ 0,2-1 մ է, օղակաձև դասավորված կարճ (տերևներ հիշեցնող) ու երկար (դուրս են գալիս կարճերի անութներից) ճյուղեր և անգույն արմատանման թելիկներ՝ ռիզոիդներ։ Առանցքը և ճյուղերը կազմված են միանման հանգույցներից և միջհանգուցային մասերից։
Հայտնի է մոտ 130, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ Խարա սովորական (C. vulgaris), Խարա կոտրվող (C. fragilis), Խարա միջանկյալ (C. intermedia), Խարա հակադիր (C. contraria) և այլն։
Բազմացման օրգանները կարմիր են կամ դեղին։ Բազմանում են վեգետատիվ (ցողունի ստորին մասում ձևավորված պալարիկներով) և սեռական (օսպորներով՝ օգամիա) ճանապարհներով։ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցման, թափանցելիության նվազման և այլ պատճառներով Խարաի բուսուտները վերացել են և պահպանվել են միայն ծովախորշերում ու քիչ թե շատ թափանցիկ հատվածներում։ Այդ պատճառով զգալի չափով վատթարացել է և խախտվել ջրավազանի թթվածնային ռեժիմը, Սևանա լճում առաջացել է անցանկալի իխտիոֆաունա (խեցգետիններ, տարաշխարհիկ ձկներ և այլն), որը բացասաբար է անդրադարձել սիգ և իշխան ձկների ու շատ կարևոր միջատների վերարտադրության վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։