Խայտաբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խայտաբադ
Խայտաբադ
Խայտաբադ
Խայտաբադ (արու)
Խայտաբադ (արու)
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Վերնաընտանիք Anatoidea
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ենթաընտանիք Tadorninae
Ցեղ Tadorna
Տեսակ Խայտաբադ (T. tadorna)
Միջազգային անվանում
Tadorna tadorna
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Խայտաբադ (լատին․՝ Todorna todorna), բադերի ընտանիքի ջրլող թռչուն։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 58-67 սմ է, թևերի բացվածքը՝ 110-133 սմ, կենդանի զանգվածը՝ 0,9-1,65 կգ։ Հիմնականում սպիտակ է, կտուցը՝ կարմիր, գլուխը, վիզը՝ կանաչ, կրծքին կա դարչնագույն-շիկակարմիր շերտ, փորի երկայնքով և մեջքի կողքերին՝ սևավուն շերտ, թափահարող փետուրները սև են։ Արուի կտուցի հիմքում կա կոշտուկ։ Էգի ճակատը սպիտակ է, կտուցը՝ առանց կոշտուկի։ Երիտասարդի մարմինը ներքևից սպիտակավուն է, կտուցը՝ վարդագույն երանգով։ Ցերեկը հանգստանում է մերկ ջրափերին կամ բաց ջրատարածքներում։ Վտանգի պահին չափազանց զգույշ է։ Առանձին անհատներ կարող են հանդիպել կարմիր բադի հետ. սովորաբար կազմում են ոչ խառը երամներ։ Հայաստանում նստակյաց է, քիչ տարածված։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է լճերում և ձկնաբուծական լճակներում։ Բույնը ոչ խորը փոսիկ է՝ փորվածքներում, այլ կենդանիների լքված բներում, ծառերի փչակներում, պատերի ճեղքերում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ջրային անողնաշարավորներով, մանր ձկներով, ջրային բույսերով։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է 66 մմ տրամագծով, աղոտ սպիտակ 8-10 ձու։ Բնադրումը ՀՀ տարածքում վերջնականապես հաստատված չէ։ Առանձին հեղինակների կարծիքով բները հայտնվում են նաև խոտի կամ հարդի դեզերում։ 1940-2000-ի ընթացքում երամներ (1-40 թռչուն) են գրանցվել ՀՀ 25 կետում, երամում 100-ից ավելի թռչունի հայտնվելը հազվագյուտ երևույթ է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Բրիտանական կղզիներում, Միջերկրածովյան երկրներում, Փոքր Ասիայում, Եվրոպայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Սկանդինավյան երկրներում, Միջին Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանում և Ճապոնիայում։ Հայաստանում չուի շրջաններում հանդիպում է Սևանա լճի ավազանում, Արփի լճում և Արարատյան հարթավայրի գերխոնավ տարածքներում[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հազվագյուտ տեսակ է։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է քիչ մտահոգող կարգավիճակով ևգնահատվում է որպես խոցելի տեսակ։

Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում։

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.