Խաղաղօվկիանոսյան կղզիներ
Խաղաղօվկիանոսյան կղզիներ Խաղաղ օվկիանոսային կղզիներ և կղզեխմբեր։
Խաղաղ օվկիանոսում, Ավստրալիա մայրցամաքից հյուսիս և արևելք, ցրված են բազմաթիվ կղզիներ ու կղզեխմբեր, որոնց ընդհանուր անվանումը Օվկիանիա է. կղզիների թիվը 10 հազար է, ընդհանուր տարածքը՝ 1300 հազար կմ2, որի 80 %-ը զբաղեցնում են Նոր Գվինեա և Նոր Զելանդիա կղզիները։ Տարածաշրջանը ներառում է Պապուա Նոր Գվինեան, Նոր Զելանդիան և 23 կղզային ու կղզեխմբային ինքնիշխան պետություններ և այլ երկրների պատկանող տարածքներ։
Օվկիանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օվկիանիայի կղզիներն ունեն մայրցամաքային (Նոր Գվինեա, Նոր Զելանդիա), հրաբխային (Հավայան, Սամոա, Մարկիզյան) և բուստային (Մարշալյան, Կարոլինյան, Գիլբերտի, Նաուրու) ծագում։ Այս կղզիները բաժանվում են 3 խոշոր կղզեխմբերի՝ ''Մելանեզիա'', ''Միկրոնեզիա'' և ''Պոլինեզիա''։
- Մելանեզիան (հունարեն՝ սև կղզիներ) ընդգրկում է Ավստրալիային հարող խոշոր կղզիները՝ Նոր Գվինեա, Բիսմարկի, Սողոմոնյան, Նոր Հեբրիդյան, Նոր Կալեդոնիա, Ֆիջի և այլ կղզիներ։
- Միկրոնեզիան (հունարեն՝ փոքր կղզիներ) ներառում է Մարիանյան, Մարշալյան, Կարոլինյան, Օուշն, Նաուրու և այլ կղզիներ։
Պոլինեզիան (հունարեն՝ բազմաթիվ կղզիներ) ընդգրկում է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավային շրջանների Հավայան, Տոնգա, Տուամոթու, Տուվալու, Կուկի կղզի, Զատկի և այլ կղզիներ։ Մայրցամաքային կղզիների մակերևույթը խիստ մասնատված է։ Բարձր լեռները ծածկված են ձյունով։ Կղզիներում կան բազմաթիվ հանգած և գործող հրաբուխներ, լինում են ուժեղ երկրաշարժեր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Օվկիանիայի կլիման հասարակածային ծովային է՝ մշտապես տաք և խոնավ։ Բարենպաստ է արևադարձային ջերմասեր բույսերի մշակման համար։ Կղզիները հիմնականում անտառածածկ են՝ բացառությամբ Օուշն և Նաուրու կղզիների, որտեղ ֆոսֆորի հանույթից հետո առաջացել են քարքարոտ տարածքներ։ Որոշ կղզիներ էլ (օրինակ՝ Մուրուրոան) այդ վիճակին են հասել միջուկային ռումբերի փորձարկումների հետևանքով։ Բնական լանդշաֆտները պահպանելու նպատակով ստեղծվել են արգելոցներ, որոնք ընդգրկում են տարածքի 6 %-ը։ Նշանավոր է Նոր Զելանդիա կղզու Ֆիորդլենդ արգելոցը։ Օվկիանիայում բնակվում են ռասայական, լեզվական և պատմամշակութային առումով միմյանցից տարբեր բազմաթիվ ժողովուրդներ, որոնք հավասարապես բաժանվում են բնիկների (պապուասներ, մաորիներ) և եկվորների (անգլիացիներ, ֆրանսիացիներ, չինացիներ, ճապոնացիներ և այլք)։ Երկար ժամանակ եվրոպացիները որևէ հետաքրքրություն չէին ցուցաբերում Օվկիանիայի նկատմամբ։ Միայն 12-րդ դարում այստեղ ներթափանցեցին առևտրականներ, քարոզիչներ, ստրկավաճառներ և սկսեցին զավթել կղզիները։ Այդպիսի տարածքներ նվաճեցին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նիդեռլանդները, ԱՄՆ-ը։ Օվկիանիայի գաղութային բաժանումը ավարտվեց 1906 թվականին։ Գաղութային տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում Օվկիանիայի բնակիչները պայքարել են գաղութարարների դեմ։ 1960–1970-ական թվականները շրջադարձային եղան Օվկիանիայի երկրների համար։ Համաշխարհային գաղութային համակարգի փլուզումը դրեց Օվկիանիայի ապագաղութացման սկիզբը։ Անկախացան Արևմտյան Սամոան (1962 թվականին), Նաուրուն (1968 թվականին), Տոնգան, Ֆիջին (1970 թվականին), Պապուա Նոր Գվինեան (1975 թվականին) և այլ պետություններ։ Սակայն մի շարք կղզիներ դեռևս շարունակում են մնալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի տիրապետության տակ։ Օվկիանիայի պետությունների տնտեսություններն ունեն ընդհանուր գծեր՝ գաղութային անցյալ, հանքային խոշոր պաշարների բացակայություն, կղզիների միջև մեծ հեռավորություն, որոնք էլ տնտեսական հետամնացության հիմնական պատճառներն են։
Երկրագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության գլխավոր զբաղմունքը արհեստագործությունն ու երկրագործությունն են։ Մշակում են սուրճ, կակաո, ադամաթուզ, մանգո, արքայախնձոր (համաշխարհային արտահանության 9/10-ը)։ Բազմատեսակ արմավենիներից արժեքավոր է կոկոսյանը, որի պտուղներից ստանում են կոկոսի յուղ, ընկույզի չորացրած միջուկից՝ կոպրա, տերևներով ծածկում են տնակները, մանրաթելից հյուսում պարաններ ու խսիրներ, բներից պատրաստում մակույկներ։ Պոլինեզիայում ծառի կեղևի ներսի շերտից ստացված թելից գործում են երկրաչափական բազմագույն նախշերով զարդարված գործվածք՝ տապա։ Տարածաշրջանում մեծ են ձկնային, այդ թվում արժեքավոր ու հազվադեպ ձկների և ծովային այլ կենդանիների պաշարները։ Օվկիանիայի երկրներն ունեն ուրույն և ինքնատիպ մշակույթ։ Հռչակված են մաորիների փայտե քանդակները, աստվածների և բնության ուժերի ոճավորված պատկերներով փորագրությունները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Հանրագիտարան Արխիվացված 2017-09-19 Wayback Machine