Jump to content

Լոթար I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոթար I
Ծնվել է՝795[1]
ԾննդավայրԱլթդորֆ, Լանդսհուտ, Ստորին Բավարիա, Բավարիա[2]
Մահացել է՝սեպտեմբերի 29, 855[3]
Վախճանի վայրՊրյում, Գերմանիա[4][5][6]
Prüm Abbey
ԵրկիրԿարոլինգյան կայսրություն
ՏոհմԿարոլինգներ[3]
միապետ և գրող
ՀայրԼյուդովիկոս I Բարեպաշտ[3]
ՄայրErmengarde of Hesbaye?[3]
ԵրեխաներԼյուդովիկոս 2-րդ[7], Lothair II of Lotharingia?[8], Charles of Provence?[9], Rotrude?[10], Hiltrude?[11], Bertha?[12], Ermengard?[13], Gisela?[14] և Carloman?[15]

Լոթար I (գերմ.՝ Lothar, 795[1], Ալթդորֆ, Լանդսհուտ, Ստորին Բավարիա, Բավարիա[2] - սեպտեմբերի 29, 855[3], Պրյում, Գերմանիա[4][5][6]), կայսր Կարոլինգների արքայատոհմից Լյուդովիկ Բարեպաշտի ավագ որդին։ Բավարիայի թագավոր 814-817 թվականներին, Իտալիայի թագավոր 818-843 թվականներին, միջին թագավորության թագավոր 843-855 թվականներին։ 817 թ.-ից եղել է հոր գահակիցը, բայց փաստաթղթերում նրա անունը հոր անվան կողքին հանդիպում է միայն 825 թվականից։ Որպես կայսր թագադրվել է 823 թվականին։ Եղբայրների հետ մի քանի անգամ հանդես է եկել հոր դեմ։ Կնքել է կայսրության բաժանման մասին վերդենյան պայմանագիրը, իսկ մահվանից կարճ ժամանակ առաջ հրաժարվել է գահից և պետությունը բաժանել իր որդիների՝ Լյուդովիկի, Կառլի և Լոթարի միջև[16][17][18]։

Հարաբերությունները հոր հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուդովիկ I Բարեպաշտը 817 թվականին հրապարակեց Ordinatio imperii, որով փորձ էր անում հաստատելու թագաժառանգման նոր սկզբունք։ Կայսրական տիտղոսի հետ առավելագույն իշխանությունը կենտրոնանում էր արքայորդիներից մեկի՝ Լոթարի ձեռքերում։ Նրա երկու կրտսեր եղբայրները Պիպինը և Լյուդովիկը համապատասխանաբար ստանում էին Ակվիտանիան և Բավարիան՝ ծայրամասային երկրամասեր, որոնք քաղաքական տեսակետից խիստ անհանգիստ էին։ Բացի այդ եղբայրները պետք է ենթարկվեին Լոթարի կամքին և չէին կարող նույնիսկ ամուսնանալ առանց նրա համաձայնության։ Պիպինի կամ Լյուդովիկի մահվան դեպքում նրանց երկրամասերը ինքնաբերաբար հանձնվում էին Լոթարին, իսկ եթե վերջինս էր անժամանակ մահանում, նրա տիտղոսը երկրամասերը ու լիազորությունները, արիստոկրատիայի որոշմամբ, փոխանցվում էին կրտսեր եղբայրներից մեկին։ Նորամուծությունը կտրուկ հակասության մեջ էր մտնում նախկին կարգի հետ, երբ արքայորդիները օգտվում էին ժառանգության հավասար իրավունքներից։ Դա ծնունդ տվեց մի շարք պառակտիչ պատերազմների՝ պարզ դարձնելով, որ նոր սկզբունքը Ֆռանկյան արիստոկրատիայի մեծ մասի աջակցությունը չի վայելում։ Լոթարը մի քանի անգամ ապստամբել է հոր դեմ։ 830 թվականին պաշտպանել է կրտսեր եղբոր Պիպին I-ի ապստամբությունը ուղղված հոր դեմ։ Կոմպյենի համագումարը Լոթարին հռչակեց կայսրության առաջնորդ, բայց կարճ ժամանակ անց եղբայրների խարդավանքների պատճառով զրկվեց իշխանությունից։ 832 թվականին զավակները կրկին ապստամբեցին հոր դեմ և 833 թվականի հունիսին Լոթարը երկրորդ անգամ գահընկեց արեց հորը։ Ի դժբախտություն նրա եղբայրները ոչ մի կերպ չկարողացան համաձայնության գալ և արդեն 834 թվականի մարտին Լյուդովիկ Բարեպաշտի կողմնակիցները իշխանությունը վերադարձրին նրան։ Լոթարը փորձեց դիմադրել, բայց 834 թվականի հունիսին Բլուայի ճակատամարտում ջախջախիչ պարտություն կրեց և պարտավոր էր ծնկաչոք ներողություն աղերսել։ Հոր կյանքի վերջին տարիներին Լոթարը բավարարվեց Իտալիայի վրա իշխելով և երազում էր առանձնացնել Իտալական կայսրությունը և խառնվել Պապական մարզի ներքին կառավարմանը։

Լոթարի պատերազմը Լյուդովիկ Գերմանացու դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

848 թվականի հունիսին հոր մահից անմիջապես հետո Լոթարը սուրհանդակներ ուղարկեց կայսրության բոլոր մարզերը հայտնելով, որ ինքը ձեռնամուխ է եղել հայրական ժառանգության տիրապետմանը և պահանջում է հավատարմության երդում տալ իրեն։ Բայց մինչ այդ խռովություններն ու բաժանություններն այն աստիճանի էին թուլացրել կենտրոնական իշխանությունը միայն զենքի ուժով էր հնարավոր հաստատվել պետության գլուխ։ Լոթարի եղբայրը՝ Լյուդովիկ Գերմանացին առաջինը սկսեց ռազմական գործողությունները։ Դիմադրության չհանդիպելով Ալեմանիայից հասավ Հռենոս նվաճեց Վորմսը ոտք դրեց ֆրանկոնիայում և Սակսոնիայում։ Այդ մասին լսելով Լոթարը իր զորքերը Իտալիայից հասցրեց Հռենոս։ Նա իր այն բոլոր վասալներին, ովքեր կճանաչեին իր իշխանությունը, խոստացավ հաստատել նրանց տիրույթներում, իսկ անհնազանդներին սպառնում էր մահով և ունեզրկումով։ Ամենաբուռն աջակցությունը նրան ցույց տվեցին Ավստրազիայում։ Մյուս եղբորը՝ Ակվիտանիայի թագավոր Կառլ Ճաղատին Լոթարը իր ուղարկած բանագնացների միջոցով հավատացրեց, որ նրա նկատմամբ բարեկամաբար է տրամադրված, իսկ ինքը զորքն ուղեց Լյուդովիկի դեմ, ետ գրավեց Վորմսը և անցավ Հռենոսի միուս ափը։ Մայնի Ֆրանկֆուրտի մերձակայքում բանակները դեմ դիմաց ելան, բայց ճակատամարտ տեղի չունեցավ։ Եղբայրները զինադադար կնքեցին մինչև նոյեմբերի 11։

Ճակատամարտ Ֆոնտեի մոտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դենարի Լոթարիա I (840—855 թթ․).

Հռենոսից Լոթարը շարժվեց հարավ դեպի Լուարա գետը և այստեղ Պորլեանից ոչ հեռու հանդիպեց Կառլ Ճաղատի բանակին։ Գործն այս անգամ էլ ճակատամարտի չհասավ, բայց նոր պայամանագիր կնքվեց տիրույթների բաժանման մասին։ Կառլը հարկադրված էր իր տիրույթների մեծ մասը զիջել իր ավագ եղբորը։ 841 թվականի գարնանը Լոթարը շարժվեց մյուս եղբոր՝ Լյուդովիկի դեմ։ Ֆրանկներն ու սաքսոնցիները անցել էին նրա կողմը, և նա կարողացավ նեղել եղբորն ու ետ շպրտել Բավարիա։ Բայց Կառլին հաջողվեց Արևմուտքում հաղթել Լոթարի Վասալներին նվաճել նրանց բոլորի տիրույթները մինչև Սենա գետը, տիրանալ նաև Սեն-Դենին և Տրոային։ Ատտինյայում նրա մոտ ժամանեցին Լյուդովիկ եղբոր բանագնացները և առաջարկեցին դաշինք կնքել Լոթարի դեմ։ Կառլը սիրով ընդունեց այդ առաջարկը, քանզի միայն եղբոր հետ միանալով կարող էր պատերազմի բարեհաջող ավարտի հույս ունենալ։ Լյուդովիկը անցավ Հռենոսը և Շալոնից ոչ հեռու միացավ Կառլին։ Եղբայրները Լոթարի մոտ բանագնաց ուղարկեցին՝ առաջարկելով խաղաղ ճանապարհով վճռել բոլոր վիճելի հարցերը։ Լյուդովիկը պահանջեց, որ իրեն հանձնվեն Հռենոսից արևելք ընկած բոլոր երկրամասերը, իսկ Կառլը պահանջեց Ակվիտանիան և Նեյստրիան։ Բայց Լոթարը մերժեց այս առաջարկները։ Եվ 841 թվականի հունիսի 25-ին Օսերից ոչ հեռու, Ֆոնտենուայի մերձակայքում տեղի ունեցավ վճռական ճակատամարտը։ Լոթարի զինակիցները առաջինը հարձակվեցին հակառակորդի վրա։ Կայսրը ձի հեծած ցասումով մխրճվեց թշնամու շարքերը և իր իսկ ձեռքով ոչնչացրեց բազմաթիվ թշնամիների։ Բայց ճակատամրտի վերջնական աևրդյուքը նրա օգտին չէր․ Լյուդովիկը իր զորքի մի մասի հետ Բրետինելայի մերձակայքում այնպիսի խիզախությամբ էր մարտնչում, որ Լոթարը չկարողացավ դիմադրել ու փախուստի դիմեց։ Լոթարի զորքի մյուս մասը նույնպես նահանջեց չկարողանալով դիմադրել Կառլի հարձակվող զորքերին։ Միավորված տիրակալները լիակատար հաղթանակ տարան։ Այդ ճակատամարտում, ըստ տարեգիրների վկայությունների, երկու կողմերից այնքան շատ ֆրանգներ զոհվեցին, որքան չէր եղել ուրիշ ճակատամարտում։ Դրանից հետո Կառլը և Լյուդովիկը բաժանվեցին յուրաքանչյուրը մեկնեց իր թագավորությունը։

842 թվականի հաշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույն ժամանակ Լոթարը հավաքեց Ախենում նոր զորք։ Որպեսզի իր կողմը գրավեր սաքսոնացիներին, նա խոստացավ նրանց վերականգնել այն իրավունքները, որոնցից նրանք օգտվել էին հեթանոսության շրջանում։ Ոգևորված նրա խոստումներից սաքսոնացիները դուրս եկան իրենց ազնվական-ֆեոդալների դեմ (որոնց մեծ մասը ծագումով ֆրանկ էին և Կարլոս Մեծի կողմից տեղավորվել էին Սաքսոնիայում)։ Լոթարը նաև դաշինքի մեջ մտավ հեթանոս-նորմանների հետ, նրանց ապրելու համար տվեց Վալխերն կղզին և Ռյուխստրինգենի կոմսությունը, ինչպես նաև օգնության դիմաց թալանել քրիստոնեական ժողովուրդներին։ 842 թվականի գարնանը պատերազմը վերսկսվեց։ Չկարողանալով դիմագրավել եղբայրների միացյալ զորքերին Լոթարը Ախենից նահանջեց Շալոնից և Տրուայից մինչև Լիոն։ Այստեղ կողմնակիցները սկսեցին լքել նրան։ Ձգտելով պահել նրանց, նա բաժանեց իր բոլոր գանձերը (այդ թվում մանրացրեց նաև Կարլոս Մեծի արծաթե սեղանը՝ արվեստի հիանալի նմուշ), սակայն ամեն ինչ ապարդյուն էր։ Նրա վասալները և եպիսկոպոսները մեկնեցին Ախեն և իրենց ենթակայությունը հայտնեցին Կարլ Լիսոնին և Լյուդովիկ Գերմանացուն։ Բոլոր կողմերից իրեն միայնակ զգալով Լոթարը վերջապես համաձայնեց բանակցությունների։ 842 թվականի հունիսի 15-ին կնքվեց պայմանագիր։ Բոլոր երեք եղբայրները մեկնեցին փոքր կղզի Սոնե-Անսիլա և որոշեցին ներել միմյանց բոլոր անհարմարությունները, հաշտվել և միմյանց միջև բաժանել պետության տարածքները՝ որոնք գտնվում էին նախկին Իտալիայի, Բավարիայի և Աքվիտանիայի սահմաններում։

Վերդենյան պայմանագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բավարիայի Թագավորություն

843 թվականի օգոստոսի 11-ին Վերդենում եղբայրները պայամանագիր կնքեցին կայսրության բաժանման մասին։ Լոթարը իրեն վերցրեց բացի Իտալիայից, Պրոանսը, բուրգունդյան երկրամասերը Ռոնայի աջ ափից մինչև Յուզե ընկած տարածքները, Բուրգունդյան հեցոգությունը, Մոզելյան երկրամասը և ֆրիզների՝ Ռենոսի ու Վեզերի գետաբերանների միջև ընկած երկրամասը։ Նրա պետությունը բացարձակ արհեստական դուրս եկավ և այդ պատճառով ել ամուր չէր կարող լինել։ Վերդենյան բաժանումից հետո Լոթարը մի քանի անգամ ել հանդիպեց եղբայրների հետ բանակցելու համար, բայց այդ հանդիպումնները չխանգարեցին եղբայրների հետ նորանոր բախումնների։ Իր կյանքի վերջին տարիները նա անցկացրեց Նորմանների դեմ պատերազմելով։

Վերդենից հետո Լոթարը բնակություն հաստատեց Ավստրազիայում, որտեղ գտնվում էր Ախենի կայսրության մայրաքաղաքը և կառուցված էին բազմաթիվ պալատներ։ Նա Իտալիա ուղարկեց որդուն Լյուդովիկ II-ին, որին հռչակեց Իտալիայի արքա։ 855 թվականի սեպտեմբերի 19-ին ծեր կայսրը զգալով մահվան մոտ լինելը իրականացրեց իր տիրույթների բաժանումը․ ավագ որդուն Լյուդովիկին բաժին հասավ Իտալիան՝ կայսերական տիտղոսի հետ մեկտեղ, միջնեկին՝ Լոթարին Ֆռանկյան լավագույն տիրույթները Ֆրիզիայից մինչև Յուրա ինչպես նաև Լոթարինգիան, իսկ Կառլը որ մի ընկնավոր երեխա էր և ապագայում, ինչպես ենթադրում էին հազիվ թե ժառանգներ ունենար, ստացավ Պռովանսը, որին իրականում կառավարում էր Լիոնի և Վենիայի կոմս Ժերարը։ Այս ամենը իրականացնելով՝ Լոթար I թողեց իշխանությունը և դարձավ Պրիումի աբայության վանական։ 6 օր անց 855 թվականի սեպտեմբերի 29-ին նա մահացավ։ Երկերսանի ու նենգ Լոթարը իր մեջ միավորում էր աստվածությունը այլասերության հետ։ Հայտնի է Լոթարի «Հռոմեական շարադրանքը», որտեղ շարադրաված են այն ժամանակվա Հռոմեկան պետական իրավունքի կարևորագույն որոշումնները, հստակեցված են դատավարության կանոնները Հռոմում և պապի հարաբերությունները կայսեր հետ։

Ամուսնություն և երեխաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կինը (821 թվականի հոկտեմբերի 15-ից) Իրմենգարդա Տուրսկայա ՝ (804-20 մարտի 851), Տուրայի կոմս Գուգոյի աղջիկը
  • Լյուդովիկ II (825-12 օգոստոս 875) Իտալիայի թագավոր և կայսր 855 թվականից[19]
  • Գերտրուդա (826-865/866) ամուսինը Կամերոնի կոմս Բեևրենգար (մահացել է 868 թվականի հոկտեմբերին)
  • Բերտա (830-852 թվական մայիսի 7) Ավենեի միանձնուհի մինչև 847 թվականը
  • Իրմենգարդա (826/830-849) ամուսինը Մասգաույի կոմս Գիզելբերտ 846-թվականից
  • Գիզելա (830-860)851-860 թվականներից Բրեշում Սան-Սալվադորում մայրապետ
  • Լոթար II (835-869 օգոստոսի 8) Լոթարինգիայի թագավոր 855 թվականից[20]
  • Ռոտրուդա (835/840), ամուսինը Լամբերտ II (ծնվ․ 850/851)-մահացել 852 թ մայիսի 1)
  • Կարլ (845-863 փետրվարի 25) Պրովանսի թագավոր
  • Լոթարը ուներ նաև ոչ հայտնի որդի Դոդայից
  • Կարլոման (853-՞)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Goldberg E. J. Struggle for Empire: Kingship and Conflict Under Louis the German, 817-876Cornell University Press, 2006. — P. 26. — ISBN 978-0-8014-3890-5
  2. 2,0 2,1 2,2 http://genealogy.euweb.cz/carolin/carolin1.html#L1A
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 259—261. — ISBN 978-2-9501509-3-6
  4. 4,0 4,1 4,2 http://www.newrivernotes.com/family_genealogy_weaver_jeff_ancestorchart.htm
  5. 5,0 5,1 5,2 http://www.lawrencefamhis.com/bondurant-o/p630.htm
  6. 6,0 6,1 6,2 http://homepages.rpi.edu/~holmes/Hobbies/Genealogy2/ps04/ps04_458.htm
  7. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 267—269. — ISBN 978-2-9501509-3-6
  8. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 270—273. — ISBN 978-2-9501509-3-6
  9. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 266. — ISBN 978-2-9501509-3-6
  10. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 265. — ISBN 978-2-9501509-3-6
  11. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 262. — ISBN 978-2-9501509-3-6
  12. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 263. — ISBN 978-2-9501509-3-6
  13. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 264. — ISBN 978-2-9501509-3-6
  14. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 264—265. — ISBN 978-2-9501509-3-6
  15. Settipani C. La Préhistoire des Capétiens (ֆր.): Première partie : Mérovingiens, Carolingiens et RobertiensVilleneuve-d'Ascq: 1993. — P. 267. — ISBN 978-2-9501509-3-6
  16. ↑ Лотарь I
  17. Лотарь I Արխիվացված 2014-12-10 Wayback Machine // Гладкий В. Д. Древний мир. Энциклопедический словарь в 2-х томах. Центрполиграф, 1998 г.
  18. Лотарь I
  19. «Людовик II, римско-германский император». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  20. ↑ Людовик II, римско-германский император // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ешевский, Степан Васильевич, «Эпоха переселения народов» («Соч.», т. 2),
  • Конский, Пётр Алексеевич (1890–1907). «Лотарь I». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Кудрявцев, Пётр Николаевич, «Каролинги в Италии» («Соч.», 1-й т.)
  • Thierry, «Lettres sur l’histoire de France».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոթար I» հոդվածին։