Լյայսան Ուտյաշևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյայսան Ուտյաշևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Ляйсан Утяшева
Մասնագիտացում՝մարմնամարզուհի
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 28, 1985 (38 տարեկան)
Ծննդավայր՝Ռաևսկի, Ալշեևսկի շրջան, Բաշկիրիայի ԻԽՍՀ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ
167 սմ
Քաշ՝50 կգ

Լյայսան Ալբերտովնա Ուտյաշևա (բաշկիրերեն՝ Ләйсән Альберт ҡыҙы Үтәшева, թաթ.՝  Ләйсән Альберт кызы Үтәшева , ռուս.՝ Ляйсан Альбертовна Утяшева, 28 հունիսի, 1985, Ռաևսկի, Ալշեևսկի շրջան, Բաշկիրիայի ԻԽՍՀ, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գեղարվեստական մարմնամարզուհի, սպորտի վաստակավոր վարպետ, Ռուսաստանի ու միջազգային առաջնությունների բազմակի հաղթող, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի վեցակի չեմպիոն, Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն (2002 թվական), Աշխարհի գավաթի առաջնության հաղթող (2001/02), ԱՊՀ և Բալթիկայի երկրների պատանեկան խաղերի հաղթող (2002 թվական)։ Հեռուստահաղորդավար, մարզական մեկնաբան, ՏՆՏ հեռուստաալիքի «Պարեր» շոուի հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյայսան Ուտյաշևան ծնվել է 1985 թվականի հունիսի 28-ին Բաշկիրիայի Ռաևսկի գյուղում՝ պատմաբան Ալբերտ Ուտյաշևի և գրադարանավարուհի Զուլֆիա Ուտյաշևայի ընտանիքում։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Լյայսան Ուտյաշևան նշել է, որ ինքը կիսով բաշկիր է (մոր կողմից)՝ ավելացնելով, որ իր երակներով հոսում է նաև թաթարական, ռուսական ու լեհական արյուն (հայրն ունի թաթարական, ռուսական ու լեհական արմատներ)[1]։ Մարմնամարզուհին ընդունել է ուղղափառություն[2][3]. նախկինում նա դավանել է իսլամ[1][4]։

1989 թվականին Ուտյաշևների ընտանիքը տեղափոխվել է Վոլգոգրադ։ Ծնողները նախատեսում էին իրենց դստերն ուղարկել բալետի դպրոց, սակայն խանութի հերթում նա պատահաբար գրավում է մարմնամարզության մարզիչ Նադեժդա Կասյանովայի ուշադրությունը, ով նկատում է աղջկա արտասովոր ճկունությունը։ 1994 թվականին Լյայսան Ուտյաշևան մարզվել է Տատյանա Սորոկինայի մոտ։ 1997 թվականին Լյայսան Ուտյաշևան տեղափոխվում է Մոսկվա ու սկսում մարզվել Ալլա Յանինայի ու Օքսանա Սկալդինայի ղեկավարությամբ։ 1999 թվականին նա ստանում է սպորտի վարպետի կոչում։

2000 թվականին Լյայսան Ուտյաշևան դառնում է Օքսանա Կոստինայի հիշատակին նվիրված առաջնության արծաթե մեդալակիր։ 2001 և 2002 թվականներն նա նվաճում է իր մարզական արիերայի ամենանշանակալի մրցանակները։ 2001 թվականի դեկտեմբերին Լյայսան Ուտյաշևան դառնում է Բեռլինում անցկացվող Աշխարհի գավաթի առաջնության բացարձակ հաղթող բոլոր վեց կատեգորիաներում։ Նույն թվականի հոկտեմբերին նա Մադրիդում անցկացվող աշխարհի թիմային առաջնությունում արժանանում է ոսկե մեդալի[5]։ Նրան շնորհվում է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում։

2002 թվականից Լյայսան Ուտյաշևան մարզվել է Իրինա Վիների ու Վերա Շատալինայի ղեկավարությամբ։ Սլովենիայում անցկացվող միջազգային առաջնությունում երկրորդ տեղը գրավելուց հետո՝ 2002 թվականի մայիսին, Ուտյաշևան հաղթում է Ֆրանսիայի Կորբեյ Էսոն քաղաքում անցկացվող աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունում։ ՀունիսինՄոսկվայում անցկացվող Պատանեկան խաղերում նա առաջին տեղն է զբաղեցնում բազմամարտում ու երեք մարզաձևերում (պարան, գնդակ, գուրզ)։ Նույն թվականի սեպտեմբերին Սամարայում տեղի ունեցած ցուցադրական ելույթների ժամանակ անհաջող վայրէջք է կատարել վատ նախապատրաստված ներքնակի վրա՝ վնասելով ոտնաթաթը։ Բժշկական հետազոտության արդյունքում վնասվածք չի հայտնաբերվել, և Ուտյաշևան շարունակել է մասնակցել մրցմանը։ Մարզուհին բազմիցս բողոքել է, որ ցավ է զգում ոտքում, սակայն կրկնակի հետազոտությունը ևս ոչինչ չի հայտնաբերել։

2002 դեկտեմբերին՝ աշխարհի գավաթի առաջնությունից հետո, Իրինա Վիները կազմակերպում է Լյայսան Ուտյաշևայի առողջականի վիճակի բժշկական հետազոտությունը Գերմանիայի կլինիկաներից մեկում։ Մագնիսական տոմոգրաֆիայի արդյունքում տրվում է ախտորոշումը. կոտրվել էր մի ոտքի նավակոսկրը, իսկ մյուս ոտքի ոսկորները հեռացել էին իրարից։ Կար մտավախություն, որ Ուտյաշևան ոչ միայն ստիպված կլինի դադարեցնել մարզումները, այլև չի կարողանա քայլել։ Սակայն ռուս բժիշկների իրականացրած հաջող վիրահատության շնորհիվ Լյայսան Ուտյաշևան կարողանում է վերադառնալ սպորտ։ 2004 թվականին նա կրկին սկսում է հանդես գալ Ռուսաստանի հավաքականի կազմում, դառնում է Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն, հաղթում է Լատվիայում ու Ֆրանսիայում անցկացված միջազգային մրցություններում։ Ուտյաշևան նախատեսում էր մասնակցել 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերին, սակայն 2006 թվականի ապրիլին, խորհրդակցելով Իրինա Վիների հետ, որոշում է թողնել սպորտը։

Մարզական կարիերան ավարտելուց հետո Լյայսան Ուտյաշևան սկսել է վարել ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի «Գլխավոր ճանապարհ» հաղորդումն ու առավոտյան եթերը, ինչպես նաև Живи հեռուստաալիքի «Ֆիտնես աստղերի հետ» հաղորդումը[6]։ 2007 թվականի մայիսին «Նոր օպերա» թատրոնում կայացել է նրա դեպյուտը «Բոլերո» բալետում։

2008 թվականի օգոստոսին Ուտյաշևան հանրությանն է ներկայացրել իր ինքնակենսագրական վեպը՝ «Անընկճելին» (ռուս.՝ «Несломленная», ISBN 978-5-386-00831-4), իսկ 2009 թվականի նոյեմբերին կայացել է Ուտյաշևայի «Հավերժության նշան» (ռուս.՝ «Знак бесконечности») շոուի պրեմիերան։

2010 թվականից վարում է ՆՏՎ հեռուստաալիքի «ՆՏՎ-ն առավոտյան» հաղորդման՝ առավոտյան մարմնամարզությանը նվիրված բաժինը։ «Спорт-Плюс» ալիքով Ուտյաշևան վարում է «Անձնական մարզիչ» հաղորդումը։ 2011 թվականի հոմտեմբերի 15-ին ՆՏՎ հեռուստաալիքով սկսել է հեռարձակվել Լյայսան Ուտյաշևայի հեղինակային հաղորդումը՝ «Գեղեցկության ակադեմիա Լյայսան Ուտյաշևայի հետ»։

2012 թվականի մարտին 47 տարեկան հասակում մահացել է Լյայսան Ուտյաշևայի մայրը՝ Զուլֆիա Ուտյաշևան[7][8]։

2012 թվականի մարտի 22-ին Romantika ռադիոալիքով սկսել է եթեր հեռարձակվել «Кафе Романтика» հաղորդումը։ Ամեն չորեքշաբթի Ուտյաշևան հյուր է կանչում հայտնի երաժիշտների, դերասանների, մոդելյերների, մարզիկների. մեկ բաժակ սուրճի շուրջ նրանք զրուցում են ռոմանտիկայի մասին, բացահայտում, թե ինչն է անհանգստացնում հաղորդման հերոսներին, ինչով են ապրում նրանք, ինչի մասին են երազում և ինչի են ձգտում[9]։ Նույն թվականին Ուտյաշևան նկարահանվել է «Չեմպիոնուհին» սերիալում։

2014 թվականի օգոստոսի 23-ից Ուտյաշևան վարում է «Պարեր» շոուն, որ եթեր է հեռարձակվում ՏՆՏ հեռուստաալիքով[10]։

2015 թվականի փետրվարի 14-ին տեղի է ունեցել Լյայսան Ուտյաշևայի ու Յոլկայի համատեղ տեսահոլովակի պրեմիերան, որ նկարահանվել էր երգչուհու «Точки расставлены» ալբոմի «Я тебя буду ждать» երգի հիման վրա[11]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերին Լյայսան Ուտյաշևան ամուսնացել է դերասան և շոումեն Պավել Վոլյայի հետ։ 2013 թվականի մայիսի 14-ին Մայամիում ծնվել է նրանց որդին, ում կոչել են Ռոբերտ։ 2015 թվականի մայիսի 6-ին ծնվել է զույգի դուստրը՝ Սոֆյան[12]։ Ընտանիքն ապրում է Մոսկվայից 45 կմ հեռավորության վրա գտնվող առանձնատանը[7]։

2012 թվականի հոկտեմբերին մամուլում տեղեկություն է հայտնվել, որ դատական գործ է սկսվել Ուտյաշևայի ու նրա նախկին սիրելիի՝ 34-ամյա գործարար Վալերի Լոմաձեի միջև, ում հետ Ուտյաշևան ծանոթացել էր 2010 թվականին։ Վեճի առարկան, ըստ զանգվածային լրատվամիջոցների, եղել են գումարն ու BMW X6 ամտոմեքենան։ 2012-2014 թվականներին տեղի ունեցած դատական քննությունից հետո Ուտյաշևան կարգավորել է Լոմաձեի հետ ունեցած ֆինանսական խնդիրները[13][14][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ляйсан Утяшева, рождённая в раю — Советский спорт, 22 февраля 2003, № 33 (15978)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  2. Ляйсан Утяшева пишет стихи — Комсомольская правда, 29 мая 2009
  3. «Ляйсан Утяшева скучает по ковру (газета «Родной город», 29 мая)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. Мусульманская община Ярославля встретилась со знаменитой спортсменкой Ляйсан Утяшевой — Муслим-пресс, 21/05/2006(չաշխատող հղում)
  5. «Досье: Утяшева Ляйсан | Аргументы и Факты Адыгея». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  6. «Страничка Ляйсан Утяшевой на официальном сайте телеканала Живи». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  7. 7,0 7,1 Ляйсан Утяшева впервые откровенно рассказала о жизни с Павлом Волей — 7Дней.ру
  8. «Ляйсан Утяшева похоронила маму — ЖурДом.ру, 14 марта 2012». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  9. ««Кафе Романтика» с Ляйсан Утяшевой». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  10. «Ведущая программы «Танцы»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  11. «Ляйсан Утяшева для Woman.ru: «Рожайте больше деток!»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  12. Ляйсан Утяшева родила Павлу Воле дочь
  13. Ляйсан Утяшеву снова тянут в суд — Новости общества и общественной жизни — МК
  14. Ляйсан Утяшева вернула деньги бизнесмену, обвинившему её в хищении
  15. Бизнесмен требует с Утяшевой 24 миллиона

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյայսան Ուտյաշևա» հոդվածին։