Լի Սի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Սի
չինարեն՝ 李斯
Ծնվել էմ. թ. ա. 280 Shangcai County, Chu
Մահացել էմ. թ. ա. 208 Սյանյան, Ցին դինաստիա
մահապատիժ
ՔաղաքացիությունChu և Ցին դինաստիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, փիլիսոփա և նախարար
Հաստատություն(ներ)Ցին Շի Հուանդի և Qin Er Shi?
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինչինարեն
Երեխա(ներ)Li You?
ՈւսուցիչXunzi?
 Li Si Վիքիպահեստում

Լի Սի (չին․ 李斯, փինյին Lǐ Sī,մ. թ. ա. 280, Shangcai County, Chu - մ. թ. ա. 208, Սյանյան, Ցին դինաստիա), կայսր Ցին Շի Հուանդիի պալատական խորհրդական, մ․ թ․ ա․ 246–208 թվականներին զբաղեցրել է Ցին պետության գլխավոր խորհրդականի պաշտոն։ Նա եղել է փիլիսոփա, քաղաքական գործիչ, լեգիզմի հավատարիմ կողմնակից, հայտնի է նաև որպես ականավոր վայելչագիր, գրել է Ցին դինաստիայի մասին[1]։ Ցին Շի Հուանդիի մահվան ժամանակ Լի Սին Չժաո Գաոյի հետ դավադրություն է կազմակերպել, որի արդյունքում իշխանությունն անցել է ոչ թե ավագ, այլ կրտսեր որդուն՝ Խուհային։

Իր պաշտոնավարման ընթացքում նա է որոշել ցինյան պետության քաղաքականությունն ու գաղափարախոսությունը, օժտված է եղել մեծ աշխատասիրությամբ և վերլուծական տաղանդով։ Նրա գաղափարներով պետությունը վերածվել է դաժան ռազմականացված մեքենայի, որը կառավարվել է բարդ բյուրոկրատական ապարատի կողմից։ Նրա օրոք կարգավորված են եղել միջոցներն ու կշիռները, չինական գրերը բերվել են միասնական ստանդարտի և մտցվել է միասնական տառատեսակ, նա եղել է կոնֆուցիականության կատաղի հակառակորդ, գիտնականները ենթարկվել են դաժան հալածանքների։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Սին ծնվել է Շանցայյում (չին․ 上蔡) Չու թագավորությունում (ժամանակակից Հենան նահանգ)։ Երիտասարդ տարիքում նա եղել է փայտահատ, այնուհետև Չուում կարողացել է ստանալ կրտսեր աշխատակցի պաշտոն։ Մի անգամ նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ առնետները թափոնների մեջ չար ու կեղտոտ են, իսկ ամբարում՝ կուշտ ու հանգիստ։ Սրանից նա եզրակացրել է, որ մարդիկ զգալիորեն կախված են իրենց սոցիալական կարգավիճակից, որը յուրաքանչյուրին տրվում է պատահականության սկզբունքով, և մարդիկ չունեն բարոյական սահմանափակումներ, որպեսզի հասնեն այն բանին, ինչը նրանք համարում են լավագույնն այս պահին իրենց համար։

Լի Սին որոշել է բարձունքի հասնել և սկսել է համառորեն սովորել՝ դա նրա միակ հնարավորությունն է եղել, քանի որ չէր պատկանում ազնվական ընտանիքի։ Սովորելով կոնֆուցիական ականավոր գիտնական Սյուն Ցզիի մոտ՝ նա որոշել է երջանկություն փնտրել ժամանակի ամենաուժեղ պետությունում՝ Ցին թագավորությունում։ Սյուն Ցզին հավանության չի տվել իր աշակերտի ցանկությանը և զգուշացրել է, որ պետական ծառայությունը շատ վտանգներ է պարունակում իր մեջ։ Սակայն Լի Սին քմծիծաղով պատասխանել է․

Երկար ժամանակ գտնվել ոչ ազնվական կարգավիճակում, ծանր և տանջալից նյութական վիճակում, դատապարտել քո դարաշրջանն ու զզվանք տածել քաղաքականության հանդեպ, ներկայանալ անգործունեությունից բավականություն վայելող ամենաիմաստունի դերում։ Սա գիտնականի համար լավագույն վարվելակերպը չէ, ախ, իմ ուսուցիչ[2]։
- Լի Սի (Սիմա Ցյանի «Շիցզի» աշխատություն, գլուխ 87)։

Գործունեություն Ցին պետությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցին թագավորություն մ․ թ․ ա․ 221-206 թվականներ

Լի Սիին Ցին թագավորությունում հովանավորել է Լյուի Բուբեյը (չին․ 吕不韦) և նրան հաջողվել է Ցին Շի Հուանդի կայսեր ունկնդության ընդունելությանն արժանանալ։ Կայսրը բարձր է գնահատել նրա գաղափարները և սկսել է լսել նրա խորհուրդները, թե ինչպես կարելի է միավորել Չինաստանը։

237 թվականին ցինյան պալատականները, դժգոհ լինելով այն բանից, որ օտարերկրացիներին բազմաթիվ պաշտոններ են տալիս, կայսերն առաջարկել են երկրից վտարել բոլոր օտարերկրացիներին։ Սույն որոշումը տարածվում էր նաև Լի Սիի վրա, քանի որ ծնունդով Չուից էր։ Կայսերը ներկայանալով նա վարպետորեն նկարագրել է ցինյան պետությանը «եկվոր խորհրդականներից» ստացած բոլոր առավելությունները, չմոռանալով նշել «Չժաոյի կրքոտ աղջիկներին»[1]։ Այս հանդիպումից հետո ոչ միայն արտաքսման հրաման չի տրվել, այլև իր պերճախոս զեկույցի համար Լի Սին պաշտոնի բարձրացում է ստացել[3]։

Ըստ Սիմա Ցյանի Շիցզի կամ «Պատմական գրառումներ» (չին․ 史记) աշխատության, Լի Սին հող է նախապատրաստել ժամանակի ականավոր գիտնական և գրող արքայազն Հանֆեյ Ցզիի պաշտոնից հեռացման և ոչնչացման համար։ Արքայազնը դիվանագիտական պատանդ է դարձել Ցինում։ Նախանձելով նրան՝ Լի Սին Ցին Շի Հուանդիին համոզել է բանտ նետել արքայազնին, որտեղ էլ նրան ստիպել է թույն ընդունել։

Լի Սիի խորհրդով կայսրն սկսեց հետապնդել «Մտքի հարյուր դպրոց»-ի գիտնականներին, առաջին հերթին կոնֆուցիականներին։

․․․ Սակայն մասնավոր դպրոցների հետևորդները․․․ հայհոյում էին օրենքներն ու խրատները, և հրամանագրի հրատարակման մասին լսող ամեն ոք, ելնելով իր ուսմունքից սկսում է քննարկել այն։ Մտնելով Պալատ մտնելով՝ նրանք քննադատում են ամեն ինչ իրենց սրտում, պալատից դուրս գալով՝ նրբանցքներում զբաղվում են դատական վերաքննությամբ։ Միապետին անարգելը նրանք համարում են խիզախություն,․․․ հավաքելով ստոր մարդկանց՝ զրպարտություններ են սերմանում։ Լավագույն բանը կլինի՝ արգելե՛լ այն։
- Պատմաբան Սիմա Ցյան։

Լի Սին առաջարկել է արգելել բոլոր դպրոցները և այրել քաղաքական գրքերը, մահապատժի ենթարկել նրանց, ովքեր թաքցնում են դրանք, թողնել միայն հատուկենտ՝ բժշկական, և բախտագուշակությունների մասին գրքերը, նաև հողագործության մասին գրքերը։ Դաժանորեն հետապնդվե ենլ կոնֆուցիականները։ Մ․թ․ա․214 թվականին ոչնչացվել են Կոնֆուցիոսի բոլոր աշխատանքները և կազմակերպվել է գրքերի զանգվածային այրում, որոնք մահապատժի սպառնալիքի ներքո պարտավոր էին հանձնվել իշխանություններին, իսկ երբ գիտնականները հայտնել են իրենց դժգոհությունը, ողջ-ողջ թաղել են նրանց։ Մ․թ․ա․213 թվականին ողջ-ողջ թաղվել են (չին․坑) 460 կոֆուցիականներ։

Մահվանից առաջ Ցին Շի Հուանդին նամակ է ուղարկել իր ավագ որդուն՝ Ֆուսին, որով կայսրությունը նրան կտակելով՝ պատվիրել է դիմավորել սգո շարասյունը։ Գլխավոր ներքինի Չժաո Գաոն, լինելով գրասենյակի ղեկավար, պետք է կնքեր նամակը և ուղարկեր։ Բայց նա ուշացրել է նամակի ուղարկումը և այն այդպես էլ հասցեատիրոջը չի հասել։

Երբ Ցին Շի Հուանդին հանկարծամահ է եղել, Չժաո Գաոն և Լի Սին որոշ ժամանակ թաքցրել են նրա մահը։ Նրանք կայսեր մարմինը դագաղով դնում էին կառքի վրա, ուտելիք էին տանում նրա համար, ստանում էին կայսեր նամակները և նրա անունից պատասխանում դրանց։ Երբ ուժեղ շոգի պատճառով մարմինն սկսել էր քայքայվել, նրանք կառքը ծածկել են աղ դրած ձկներով՝ հոտը կոտրելու նպատակով։ Նրանք կեղծել են կայսեր կտակը՝ ժառանգորդ նշանակելով կրտսեր որդուն՝ Հուհային, որի ուսուցիչը Լի Սին էր, և Ցին Շի Հուանդիի անունից հրամայել են, որ նրա ավագ որդի Ֆուսին և գեներալ Մեն Տյանին պատվով ինքնասպան լինել։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Սին շատ բան է արել լեգիստական ռեժիմի ամրապնդման համար, այնուամենայնիվ, ինքն էլ դարձել է այդ ռեժիմի զոհը։ Լի Սին Ցին Շի Հուանդիի մահվանից հետո Չժաո Գաոն ինտրիգների միջոցով կարողացել է իր ձեռքը վերցնել պետության գործերը, նոր կայսրին համոզելով, որ պաշտոնյաներին անմիջաբար չընդունի։ Կառավարման սկզբում Էրշի Խուանի (Հուհայ) հրամանով մահապատժի են ենթարկվել արքունիքին առընթեր նահանգապետների և չինովնիկների մեծ մասը։ Ի վերջո հերթը հասել է նաև Լի Սիին։

Չժաո Գաոն կայսեր առաջ վարկաբեկել է Լի Սիին՝ ցանկանալով վերացնել հզոր մրցակցին պետական ապարատի կառավարման գործերից։

Աներևակայելի գործունեություն ծավալելով՝ անհայտ փայտահատից մինչև ցինյան կայսրության առաջին նախարարի պաշտոնին հասնելով, Լի Սին 72 տարեկան հասակում նույնպիսի անհավանական անկում է ապրել՝ զրկվելով ոչ միայն բոլոր պաշտոններից ու կոչումներից, այլ նաև կյանքից՝ իր ողջ տոհմի հետ միասին։

Լի Սիի մահապատժի մասին գոյություն ունեն հակասական տեղեկություններ։ Ըստ Սիմա Ցյանի նա մասնատվել է գոտկատեղից կայսրության մայրաքաղաք Սյանյանի կենտրոնական հրապարակում («Շինցզի», գլուխ 87), բայց «Խուայնան Ցզի» և «Յան Տե Լուն» աշխատությունները պնդում են, որ Լի Սին մասնատվել է կառքերով Շենսի նահանգի Շունհուա գավառի Յունյան քաղաքում։ Կայսրության պետական հանցագործների մասին օրենքների համաձայն՝ բնաջնջվել է նաև նրա ամբողջ ցեղը միչև երրորդ պորտը։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Սին եղել է բյուրոկրատական ապարատի ստեղծման ոգեշնչողը, որն օգտագործվել է Ցինից հետո հետագա դինաստիաներում։ Չափի, կշիռների և դրամական շրջանառությունների համակարգերը կարգի են բերվել։ Ցին պետությունը դարձել է շատ արդյունավետ և ուժեղ։

Լի Սին լեզվական ռեֆորմներ է անցկացրել Չինաստանում։ Չինաստանի տարբեր շրջաններից հավաքելով նմուշներ՝ Լի Սին համակարգել է չինական հիերոգլիֆները և ներմուծել է ուղղագրության և տառատեսակի ստանդարտները։ Մ․ թ․ ա 220 թվականին Լի Սին ստեղծել է այբեբարան՝ Cangjiepian, որը Չինական բառարանների նախատիպն է[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սիմա Ցյան Պատմական գրառումներ.
  2. «Н». www.vostlit.info. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  3. The Human Tradition in Pre-modern China. — Scholarly Resources, Inc, 2002. — ISBN 978-0-8420-2959-9Hammond, Kenneth James. (2002). The human tradition in premodern China. Wilmington, Del.: Scholarly Resources. ISBN 0-8420-2958-3. OCLC 49739219. (978-0-8420-2959-9)
  4. Theobald, Ulrich. «Cangjiepian 倉頡篇 (www.chinaknowledge.de)». www.chinaknowledge.de (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  5. Hundred Flowers Campaign (անգլերեն). {{cite book}}: Text "Chinese history" ignored (օգնություն)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Սի» հոդվածին։