Պատմական աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել է 1180 թվականին՝ որպես ամրացված բնակավայր Հյուսիսային Ֆրանսիայում։ 13-րդ դարում Լուի VIII թագավորը քաղաքի կարգավիճակ է շնորհել Լանսին։ 1526 թվականին Լանսը մտցվել է Իսպանական Նիդերլանդների կազմի մեջ և Ֆրանսիային է վերադարձվել միայն 1659 թվականին։ 1849 թվականին հայտնաբերվել են ածխի հանքավայրեր, և զարկ է տրվել քաղաքի բուռն աճին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Լանսը լրջորեն վնասվել է, ռմբակոծությունների է ենթարկվել նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ 20-րդ դարի 60-ական թվականներին ածխի արդյունահանումը դադարեցվել է։ Լքված ածխահանքերից մեկում 2012 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ[5] բացվել է Լուվրի թանգարանի մասնաճյուղը[6][7], որն զբաղեցնում է մոտավորապես 14 հազար քառակուսի մետր տարածք և տարեկան շուրջ 550 հազար այցելու է ունենում[8]։
Քաղաքի RC Lens թիմը հանդես է գալիս Ֆրանսիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի՝ Լիգա 1-իառաջնությունում։ 1997/1998 մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ Թիմն իր տնային խաղերն անցկացնում է Stade Bollaert-Delelis մարզադաշտում, որը կարող է տեղավորել 38 հազար մարզասեր՝ ավելի շատ, քան քաղաքի բնակչության թվաքանակն է։ Այստեղ անց են կացվել ֆուտբոլի Եվրո 1984-ի, ՖԻՖԱ 1998-ի, Եվրո 2016-ի առաջնությունների եզրափակիչ փուլերի, ինչպես նաև ռեգբիի աշխարհի գավաթի 1999 և 2007 թվականների խաղարկությունների մրցախաղեր։