Jump to content

Իտիրո Հատոյամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտիրո Հատոյամա
 
Կուսակցություն՝ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն[1], Ռիկկեն Սեյուկայ[1], Japan Democratic Party?[1], Liberal Party?[1] և Liberal Party–Hatoyama?[1]
Կրթություն՝ Տոկիոյի կայսերական համալսարան[1] և Առաջին բարձրագույն դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք բապտիստություն
Ծննդյան օր հունվարի 1, 1883(1883-01-01)[2][3][4][…]
Ծննդավայր Higashi-Gokenchō, Ushigome-ku
Վախճանի օր մարտի 7, 1959(1959-03-07)[5][2][3][…] (76 տարեկան)
Վախճանի վայր Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[5]
Թաղված Yanaka Cemetery
Քաղաքացիություն  Ճապոնիա
Հայր Կաձուո Հատոյամա[1]
Մայր Հարուկո Հատոյամա
Ամուսին Կաորու Հատոյամա
Զավակներ Իտիրո Հատոյամա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Քրիզանթեմի բարձրագույն շքանշանի մեծ ժապավեն

Իտիրո Հատոյամա (ճապ.՝ 鳩山 一郎, հունվարի 1, 1883(1883-01-01)[2][3][4][…], Higashi-Gokenchō, Ushigome-ku - մարտի 7, 1959(1959-03-07)[5][2][3][…], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա[5]), ճապոնացի քաղաքական գործիչ, 1954-1956 թվականներին Ճապոնիայի վարչապետ։ Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատոյաման ծնվել է 1883 թվականի հունվարի 1-ին Տոկիոյում։ Նրա հայրը՝ Կաձուո Հատոյաման, Ճապոնիայի խորհրդարանի պատգամավոր էր, իսկ մի ժամանակ՝ Ներկայացուցիչների պալատի նախագահ։ Մայրը՝ Հարուկո Հատոյաման, Տոկիոյի Կերիցու Կանանց համալսարանի հիմնադիրն էր։ Որպես ընտանիքում ավագ որդի՝ Իտիրո Հատոյաման գնացել է հոր հետքերով և սովորել Տոկիոյի կայսերական համալսարանում, որն ավարտել է 1907 թվականին[6]։ 1908 թվականին նա ամուսնացել է Մութ օվկիանոսի միությունից (Գենյոսյա) խորհրդարանի պատգամավորի ավագ դստեր հետ։ Ճապոնիայի 93-րդ վարչապետը՝ Յուկիո Հատոյաման, նրա թոռն է։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր քաղաքական գործունեությունը Հատոյաման սկսել է 1912 թվականին, երբ ընտրվել է Տոկիոյի քաղաքային ժողովի պատգամավոր։ 1915 թվականին նա դարձել Է Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռիկեն Սեյուկայից (ճապ.՝ 立憲政友会)։ 1927-1929 թվականներին նա եղել է Թանաքա Գիիտիի կառավարության նախարարների կաբինետի քարտուղարության պետը[6]։ Հատոյաման 1931-1934 թվականներին զբաղեցրել է Լուսավորության նախարարի պաշտոնը։ 1933 թվականին Ճապոնիայում սկսվել է «մտքի նկատմամբ վերահսկողությունը», և Հատոյաման՝ որպես նախարար, բազմիցս նպաստել է լիբերալ դասախոսների հեռացմանը, ինչի համար սկսել է ակտիվորեն քննադատության ենթարկվել կրթության ազատության սահմանափակման համար[6]։ 1942 թվականին նա ընտրվել է խորհրդարանի պատգամավոր և եղել Մեծ Ճապոնիայի քաղաքական ասոցիացիայի անդամ։

Պատերազմից հետո Հատոյաման հիմնել Է Լիբերալ կուսակցություն՝ դառնալով նրա առաջին նախագահը և նրա հետ հաղթելով 1946 թվականին Ներկայացուցիչների պալատի ընտրություններում։ Նույն թվականին օկուպացիոն իշխանությունների կողմից մաքրման ժամանակ Հատոյաման զրկվել է ցանկացած քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ պատերազմի ժամանակ Ճապոնիայի կառավարության հետ համագործակցելու համար։ Կուսակցության նախագահի պաշտոնը ստիպված են եղել հանձնել Սիգերու Իոսիդային, որը հետագայում վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մի քանի տարի։

Հատոյամայից բոլոր արգելքները հանվել են 1951 թվականին։ Միևնույն ժամանակ նա տարանջատվել է Իոսիդայից, որի արտաքին քաղաքականությունն ուղղված էր առավելապես ԱՄՆ-ի հետ փոխգործակցությանը։ 1954 թվականին նա իր կողմնակիցների հետ հիմնել է ժողովրդավարական կուսակցություն և դարձել կուսակցության նախագահ։ Կուսակցության ծրագրում ընդգծվում էր ճապոնական քաղաքականության անկախության և ինքնուրույնության, բոլոր երկրների, այդ թվում՝ Խորհրդային Միության հետ կապեր հաստատելու նրա ձգտումը[6]։

Գործունեություն կառավարությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականին Իոսիդան հրաժարական է տվել, և իշխանության եկել դեմոկրատական կուսակցությունը։ Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Հատոյաման թուլացրել է Ճապոնիայի վրա Միացյալ Նահանգների ազդեցության աստիճանը և վերսկսել է դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Միության հետ։

1955 թվականին տեղի է ունեցել սոցիալիստական կուսակցությունների ձախ և աջ թևի միավորումը, և ստեղծվել Ճապոնիայի Միասնական սոցիալիստական կուսակցությունը։ Դրան ի պատասխան՝ լիբերալներն ու դեմոկրատները նույնպես ստիպված էին միավորվել, ինչի արդյունքում նույն տարվա նոյեմբերին ստեղծվել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։ Չնայած նրան, որ Հատոյաման նոր կուսակցությունում անվերապահ առաջնորդ չէր, 1956 թվականի ապրիլին նա ընտրվել է կուսակցության նախագահ[6]։

Հատոյաման ակտիվորեն կապեր էր հաստատում Խորհրդային Միության հետ։ Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի հարաբերությունների վերականգնման մասին առաջին բանակցությունները տեղի են ունեցել դեռևս 1955 թվականին Լոնդոնում, սակայն անարդյունք են ավարտվել։ Երկրորդ անգամ խորհրդային և Ճապոնական ներկայացուցիչները հանդիպել են 1956 թվականի հուլիսին Մոսկվայում, սակայն այդ ժամանակ էլ չեն կարողացել համաձայնության գալ։ Այդ ժամանակ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում կազմակերպվել են խմբավորումներ, որոնք պահանջում էին չեղարկել կամ զգալիորեն թուլացնել ճապոնական կառավարության քաղաքականությունը Խորհրդային Միության հետ հարաբերությունները վերականգնելու համար։ Շուտով նրանց հաջողվել է հասնել կառավարության հրաժարվելուն խաղաղ պայմանագրի կնքումից, և նրանք սկսել են պահանջել հենց վարչապետի հրաժարականը։ Այն ժամանակ Հատոյաման հայտարարել էր, որ հրաժարական կտա միայն այն ժամանակ, երբ կատարի իր նախընտրական խոստումները և նորմալացնի հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ։

1956 թվականի աշնանը Հատոյաման, որն այդ ժամանակ արդեն ծանր հիվանդ էր և տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով, որոշում է կայացրել ինքնուրույն մեկնել Մոսկվա։ Ուղևորության արդյունքը դարձել է 1956 թվականի հոկտեմբերի 19-ին Ճապոնիայի և ԽՍՀՄ-ի միջև հարաբերությունների վերականգնման մասին Մոսկովյան հռչակագրի ստորագրումը խորհրդային վարչապետ Նիկոլայ Բուլգանինի հետ։

Ճապոնիա վերադառնալուց հետո 1956 թվականի դեկտեմբերին Հատոյաման հրաժարական է տվել՝ կատարելով իր խոստումը։ Վարչապետի պաշտոնում նրան փոխարինել է Տանձան Իսիբասին։

Հատոյամայի առողջությունն արդեն թույլ չէր տալիս նրան ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, չնայած նրան առաջարկվել է ղեկավար պաշտոն «Ճապոնիա-ԽՍՀՄ» հասարակությունում, բայց արդեն չի հասցրել մասնակցել նրա գործունեությանը[6]։

Մահացել է 1959 թվականի մարտի 7-ին Տոկիոյում՝ 76 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 鳩山一郎|近代日本人の肖像 (яп.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  4. 4,0 4,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Хатояма Итиро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Ю.Кузнецов. — (версия сайта от 25 октября 2007 года. web.archive.org)«Его подпись — под совместной декларацией» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հոկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտիրո Հատոյամա» հոդվածին։