Իննաքիստ պարսկական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իննաքիստ պարսկական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Քլորիդոիդայիններ (Chloridoideae)
Տրիբա Eragrostideae
Ենթատրիբա Cotteinae
Ցեղ Enneapogon
Տեսակ Իննաքիստ պարսկական (E. persicus)
Միջազգային անվանում
Enneapogon persicus

Իննաքիստ պարսկական (լատին․՝ Enneapogon persicus), հացազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիտ ճիմ առաջացնող բազմամյա խոտաբույս է։ 15-40 սմ բարձրությամբ ցողունն ուղիղ կանգնած է։ 4-9 սմ երկարությամբ և 1-3 սմ լայնությամբ ծաղկաբույլը խիտ հասկանման հուրան է։ 8-14 մմ երկարությամբ հասկիկներն ունեն 3-6 ծաղիկ։ 10-13 մմ երկարությամբ ստորին ծաղկային 8-9 թեփերը կորացած են և փետրաձև արծաթավուն մազոտ քիստերով[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Արաքս գետի հովիտ)։ Աճում է նաև Նախիջևանում, Ադրբեջանում, Իսպանիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Իրաքում, Իրանում, Միջին Ասիայում, Աֆղանստանում և Պակիստանում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 490-900 մ բարձրությունների վրա, ինչպես նաև չոր քարքարոտ լանջերին, ժայռերի միջև, շիբլյակում և ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոցելի տեսակ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Քանի որ տեսակի տարածման հիմնական շրջանը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հետևաբար սպառնալիքի կատեգորիան նվազեցվել է։ Տեսակին, կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ, սպառնում է անհետացման վտանգ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Ագարակ բանավանի (Մեղրու շրջան) շրջակայքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իննաքիստ պարսկական» հոդվածին։