Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշ
Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշ պորտ.՝ José Eduardo Van-Dúnem dos Santos | |
![]() | |
Կուսակցություն՝ | Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժում |
---|---|
Կրթություն՝ | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | օգոստոսի 28, 1942[1][2][3][…] (78 տարեկան) |
Ծննդավայր | Լուանդա, Անգոլա |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ի ծնե անուն | José Eduardo Van Dunen |
Ամուսին | Ana Paula dos Santos? |
Զավակներ | Isabel dos Santos? և José Filomeno dos Santos? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ |
Պատվո շքանշան, Ագոստինյո Նետոյի շքանշան, Սանտյագոյի շքանշանի մեծ շղթա, Օ. Ռ. Տամբոյի ուղեկցողների օրդեն, Խոսե Մարտի շքանշան, Բարեկամության շքանշան, Ինֆանտ դոն Էնրիկեի շքանշանի մեծ շղթա և Q98843256? |
Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշ (պորտ.՝ José Eduardo dos Santos, օգոստոսի 28, 1942[1][2][3][…], Լուանդա, Անգոլա), Անգոլայի երկրորդ նախագահը, կառավարել է 38 տարի՝ 1979 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 26-ը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը ծնվել է 1942 թվականի օգոստոսի 28-ին Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում՝ որմնադիրի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Ավարտել է տարրական դպրոցը և Լուանդայի Ազգային լիցեյը։ Քաղաքականություն է մտել դպրոցից անմիջապես հետո, մասնակցել է պարտիզանական շարժմանը, հիմնադրել է ՄՊԼԱ երիտասարդական մասնաճյուղը: 1961 թվականի նոյեմբերին պորտուգալացի գաղութարարների սկսած բռնաճնշումների կապակցությամբ Ժոզե դուշ Սանտուշը գաղտնի լքել է երկիրը և ուղևորվել է Կոնգոյի Հանրապետություն: Համարելով, որ միայն զինված պայքարի միջոցով կարելի է հեռացնել պորտուգալական գաղութարարներին, Ժոզեն անդամակցել է ՄՊԼԱ-ի ԵՊԼԱ պարտիզանական կազմակերպությանը:
1963-1969 թվականներին սովորել է Ադրբեջանի նավթի և քիմիայի ինստիտուտում (ԽՍՀՄ)։ Բուհում գլխավորել է Անգոլայի ազատության համար պայքարող մարտիկների խմբակը։
Ստանալով ինժեներ-նավթագործի մասնագիտություն՝ դուշ Սանտուշն իր մասնագիտությամբ երբեք ոչ մի տեղ չի աշխատել, բայց համալսարանում հեռահաղորդակցության համակարգերի գծով ստացած գիտելիքները նրան օգտակար են եղել 1970-1974 թվականներին Անգոլայի հյուսիսում տեղի ունեցած մարտերում։
1974 թվականին նշանակվել է ՄՊԼԱ կուսակցության արտաքին գործերի բաժնի համակարգող՝ լինելով դրա ներկայացուցիչը Հարավսլավիայում և Կոնգոյի Հանրապետությունում։ Նույն թվականին դարձել է ՄՊԼԱ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ։ 1975 թվականին՝ Անգոլայի անկախություն ձեռք բերելուց հետո, դարձել է արտաքին գործերի նախարար։
Ակտիվորեն մասնակցել է 1977 թվականի մայիսի 27-ի պետական հեղաշրջման փորձի ճնշմանը։
Անգոլայի առաջին նախագահ Ագոստինյո Նետոյի մահից հետո Ժոզեն 1979 թվականի սեպտեմբերի 21-ին դարձել է ՄՊԼԱ-ի նախագահը, Անգոլայի նախագահը և ՖԱՊԼԱ-ի (Անգոլայի ազատագրման ժողովրդական զինված ուժերի) գլխավոր հրամանատարը: 1980 թվականին դարձել է ԱԺՀ-ի ժողովրդական ասամբլեայի նախագահը։
Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր նախագահն իր հիմնական ջանքերը կենտրոնացրել է երկրում խաղաղության վերականգնման վրա՝ փորձելով վերջ տալ քաղաքացիական պատերազմին: Պատերազմին մասնակցել են երեք կողմեր` Անգոլայի ազատագրական ժողովրդական շարժումը (ՄՊԼԱ), Անգոլայի ազատագրման ազգային ճակատը (ՖՆԼԱ) ու Անգոլայի ամբողջությամբ անկախացման ազգային միությունը (ՈւՆԻՏԱ)։ ՄՊԼԱ-ին աջակցել են ԽՍՀՄ-ը և Կուբան, իսկ ՈՒՆԻՏԱ ապստամբական խմբավորմանը` ԱՄՆ-ն և ՀԱՀ-ը։ 1989 թվականին Անգոլայից դուրս են բերվել հարավաֆրիկյան և կուբայական ռազմական ստորաբաժանումները։ 1991 թվականին Անգոլայի և ՈՒՆԻՏԱ-ի միջև ստորագրվել է Բիսեսկի համաձայնագիրը, իսկ 1994 թվականին` Լուսակայի արձանագրությունը (ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի ու Պորտուգալիայի միջնորդությամբ)։ Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ խախտել են խաղաղության պայմանագրերը, որի արդյունքում Անգոլայի քաղաքացիական պատերազմը տևել է մինչև 2002 թվականը: 1992 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է` ստանալով ձայների ավելի քան 49%-ը։ Ավելի քան 40% հավաքել է ՈՒՆԻՏԱ-յի առաջնորդ Ժոնաս Սավիմբին։ Ընտրությունների երկրորդ փուլը ընդհատվել է «Հելոունի կոտորածով», երբ մի քանի աշնանային օրերի ընթացքում իշխանությունները սպանել են ՈՒՆԻՏԱ-ի մի քանի տասնյակ ակտիվիստներ ամբողջ երկրում։ Դրանից հետո դուշ Սանտուշի նախագահական ժամկետը ավտոմատ կերպով երկարաձգվել է: Երկու հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատվել է միայն 2002 թվականին, երբ ՈՒՆԻՏԱ-ն ճանաչել է իր վերջնական պարտությունը, և երբ սպանվել է նրանց առաջնորդ Ժոնաս Սավիմբին։
Վերահսկելով խոշոր ֆինանսական և տնտեսական ակտիվները` բազմիցս մեղադրվել է համատարած կոռուպցիայի և լիազորությունների չարաշահման համար[4][5][6]։
Երկար տարիներ դուշ Սանտուշը վայելել է քաղաքացիական պատերազմի տարիներին Խորհրդային Միության ռազմական, քաղաքական և նյութական աջակցությունը, այցերով մեկնել է այնտեղ, հանդիպել ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարների հետ՝ սկսած Լեոնիդ Բրեժնևից, և Ռուսաստանի բոլոր նախագահների հետ[7]:
1990 թվականին նա նախաձեռնել էր բարեփոխումների գործընթաց. մարքսիզմ-լենինիզմի մերժումը որպես ՄՊԼԱ-ի գաղափարախոսություն, անցում դեպի բազմակուսակցական համակարգ և շուկայական տնտեսություն: Դուշ Սանտուշը միջոցներ ձեռնարկել է տնտեսության ազատականացման, փոքր և միջին բիզնեսի աջակցության համար։ Անգոլան սկսել է համագործակցել նախկին հակառակորդների` ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Աֆրիկայի հետ, որոնցից վարկեր էր ստանում։
Անգոլայում հաստատվել է բազմակուսակցական համակարգ, մահապատիժը վերացվել է։ Այնուամենայնիվ, Անգոլան դեռ թերզարգացած երկիր է, գյուղացիությունը սոված է, կյանքի միջին տևողությունը շատ ցածր է, մանկական մահացությունը` բարձր: Իր քաղաքականության մեջ Խոսե Էդուարդո դուշ Սանտոսը շարժվել է Անգոլայի տարածքային ամբողջականության նկատառումներից (հյուսիսային էքսկլավային Կաբինդա նահանգը, որը գտնվում է Կոնգոյի Հանրապետության և ԿԴՀ-ի միջև, պահանջում է անկախություն, մինչդեռ Անգոլայի գրեթե ամբողջ նավթը գտնվում է այնտեղ):
Վերջին 10-15 տարիների ընթացքում Անգոլան աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է։ ՀՆԱ-ն 2002-2011 թվականներին ընկած ժամանակահատվածում աճել է միջինում տարեկան 11,6% -ով, նավթի արդյունահանումը կրկնակի աճել է. օրական` 1,8 մլն բարել։ Բյուջեի եկամուտները աճել են 10 անգամ։ Երկրում գործնականում չկա գործազրկություն, արտաքին պարտքի ցածր մակարդակ, բյուջեի զգալի ավելցուկ։ Անգոլան նավթի պաշարներով աշխարհում 16-րդն է, բնական գազի պաշարներով` 35-րդը, ադամանդի արտադրությամբ՝ 4-րդը։ Բայց երկրի բնակիչների 70%-ը ապրում է օրական 2 դոլարից պակաս եկամուտով [8]:
2010 թվականին ընդունվել է նոր սահմանադրություն, համաձայն որի` խորհրդարանական ընտրություններում հաղթող կուսակցության թեկնածուն ինքնաբերաբար դառնալու է նախագահ: Այսպիսով, դուշ Սանտուշի անձնական նախընտրական արշավը չէր պահանջվում, անհրաժեշտ էր միայն ՄՊԼԱ-ի հաղթանակը: Չնայած, որ նախագահը սահմանափակվելու էր պաշտոնավարման երկու 5-ամյա ժամկետով, այս օրենքը ընդունվել է 2012 թվականին, իսկ դուշ Սանտուշի կառավարման նախկին 30 տարիները չեն ենթարկվում այս օրենքին և տեսականորեն կարող էր նախագահ մնալ մինչև 2022 թվականը[9]։
2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ՄՊԼԱ կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել, և նոր սահմանադրության համաձայն` Ժոսե Էդուարդո դուշ Սանտուշը պահպանել է իր` որպես հաղթող խորհրդարանական կուսակցության ղեկավարի պաշտոնը[10]:
2013 թվականի աշնանը Անգոլայի կառավարությունը երկամյա դատավարությունից հետո վերջականապես հաստատել է երկրում իսլամ դավանելու արգելքը: «Սա վերջ կտա իսլամական ազդեցությանը մեր երկրում», - ասել է նախագահ դուշ Սանտուշը, քանի որ իսլամը հակասում է Անգոլայի սովորույթներին ու մշակույթին և աղանդ է: Անգոլայի բնակչությունը 16 միլիոն մարդ է, հիմնականում քրիստոնեություն են դավանում, մահմեդականների թիվը չի անցնում 90 հազարը [11]:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացել է երեք անգամ, ունի վեց երեխա՝ իր օրինական կանանցից ծնված և մեկ երեխա՝ ամուսնությունից դուրս: Ներկայումս նրա կինը Անա Պաուլա դուշ Սանտոշն է, որից Ժոսե Էդուարդու դուշ Սանտոշն ունի երեք երեխա: Անա Պաուլա դոշ Սանտոշը եղել է նախագահական ինքնաթիռի մատուցող։
Առաջին կինը եղել է խորհրդային քաղաքացի Տատյանա Սերգեևնա դուշ Սանտուշը (Կուկանովա, ծնված Պենզայում, ամուսնացած 1966 թվականին Բաքվում/ԽՍՀՄ-ում (որտեղ 5 տարի սովորել է Սանտուշը), ամուսնալուծված 1979 թվականին, ապրում է Լոնդոնում):
Դուստրը (առաջին ամուսնությունից միակ երեխան)` Իզաբել դուշ Սանտուշը (Isabel José dos Santos, ծնվել է 1973 թվականի ապրիլին Բաքվում, Ադրբեջանի ԽՍՀ-ում, ԽՍՀՄ-ում), Անգոլայի ամենահարուստ մարդն է[12] և Աֆրիկայի ամենահարուստ կանանցից մեկը։ 2013 թվականի սկզբին Իզաբել դուշ Սանտուշը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն[13]։ Ֆորբսը նրա կարողությունը գնահատում է 3,5 միլիարդ դոլար: 2016 թվականին գլխավորել է Sonangol պետական նավթային ընկերությունը, այժմ տնօրինում է Անգոլայի Unitel խոշորագույն հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի 25 %-ը, նրա մասնաբաժինը BIC բանկում կազմում է 42 %: Իզաբել դուշ Սանտուշը ակտիվներ ունի նաև Պորտուգալիայում՝ նրան է պատկանում Galp Energia նավթագազային ընկերության բաժնետոմսերի 6 %-ը, BPI բանկի բաժնետոմսերի գրեթե 19 %-ը և երկրի հեռուստաընկերություններից մեկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը[14]։
![]() | |
---|---|
![]() |
Իզաբել դուշ Սանտուշի լուսանկարը |
Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը տիրապետում է ռուսերենին։ Զբաղվում է ֆուտբոլով, հանդբոլով, բասկետբոլով, նվագում է կիթառ և թմբուկ։ Շատ է կարդում, սիրում է թեթև դասական երաժշտություն։ Նախընտրում է անգլիացի գրողներին։
Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով նախագահ՝ Ժոզե Էդուարդու դուշ Սանթուշը աշխարհում երկրորդ տեղն Է զբաղեցրել (Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգեմ Մբասոգոյից հետո մեկ ամսով հետ մնալով)՝ ներկայիս ոչ իշխանական պետությունների գործող ղեկավարների շարքում պետության ղեկավար լինելու տևողությամբ: Իսկ եթե հաշվի առնվեն միապետերը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին, Բրունեյ Հասանալ Բոլկիահին, Օմանի սուլթան Կաբուս բեն Սայիդին, Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին, Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավին, ապա գտնվում է վեցերորդ հորիզոնականում։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատկերված է 5 կվազեն թղթադրամի վրա: Անգոլա:
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ագոստինյո Նետո Շքանշան (Անգոլա)
- Սանտյագոյի շքանշանի Մեծ շղթա (16 հունվարի 1996 թվական, Պորտուգալիա)[15]
- «Ինֆանտա դոն Էնրիկեի» շքանշանի մեծ շղթա (Պորտուգալիա)
- Սերբիայի Հանրապետության շքանշանի մեծ շղթա (Սերբիա, 2016) - Սերբիայի Հանրապետության և Անգոլայի Հանրապետության միջև խաղաղ համագործակցության և բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ծառայությունների մատուցման համար
- Պատվո շքանշան (2012 թվականի օգոստոսի 31, Ռուսաստան) - Ռուսաստանի Դաշնության և Անգոլայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[16]
- Բարեկամության շքանշան (2006 թվականի հոկտեմբերի 30, Ռուսաստան) - Ռուսաստանի Դաշնության և Անգոլայի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության զարգացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[17]
- Օլիվեր Տամբոյի կողմնակիցների ոսկե շքանշան (Հարավային Աֆրիկա, ապրիլ, 2010) - Ապարտհեյդի դեմ պայքարում բացառիկ ներդրման և Աֆրիկայի հարավային մասում ազատագրական շարժումների աջակցության համար[18]
- Խոսե Մարտի շքանշան (Կուբա)
- Բանակի գեներալ (Անգոլա, 1986)
- ԱՄՆ ազատության ազգային ինստիտուտի պատվավոր դիպլոմ
- Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի պատվավոր դոկտոր (Ռուսաստան, 1998)
- «Քրիստոսի Միացյալ եկեղեցու ռասայական արդարադատության ազգային հանձնաժողովի» պատվավոր դիպլոմ (ԱՄՆ)
- Բրազիլիայի Դաշնային համալսարանի պատվավոր դիպլոմ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Անգոլացի պաշտոնները հուսախաբ են արել ամերիկացի նավթագործներին
- ↑ скрепы по-чёрному
- ↑ «UNITA, CASA-CE, FNLA, BD e PDP-ANA Declaram conjuntamente sobre os direitos humanos em Angola»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-18-ին։ Վերցված է 2013-12-18
- ↑ Անգլոլայում թոշակի անցավ մի առաջնորդ, ով գիտեր Բրեժնևին. ԲիԲիՍի
- ↑ Անգոլայում իշխանությունը փոխվում է Ժոզե Էդուարդո դում Սանտուշի նախագահությունից 38 տարի անց
- ↑ Кусов В.Г.։ «Жозе Эдуарду душ Сантуш: президент Анголы»։ Правители Африки: XXI век (ռուսերեն)։ Правители Африки: XXI век։ Վերցված է 2018-12-21
- ↑ «Angola set to vote for parliament and president» (անգլերեն)։ BBC։ 31 августа 2012 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-09-03
- ↑ «Ангола запретила ислам на своей территории»
- ↑ «Isabel dos Santos - Forbes»։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին։ Վերցված է 2013-04-15
- ↑ KLUB-K 24 FEVEREIRO 2013 Isabel dos Santos readquire cidadania russa
- ↑ В Анголе начались выборы нового президента после 38 лет правления душ Сантуша
- ↑ Информация на сайте Президента Португалии(պորտ.)
- ↑ Указ Президента Российской Федерации от 31 августа 2012 года № 1233 «О награждении орденом Почёта душ Сантуша Ж.Э.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 30 октября 2006 года № 1200 «О награждении орденом Дружбы душ Сантуша Ж.Э.»
- ↑ National Orders awards. April 2010 Archived 2011-01-04 at the Wayback Machine.(անգլ.)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Лидеры стран мира», Харвест, 2006 год, с. 13 — 14.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշ կատեգորիայում։ |