Թյուիլրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոորդինատներ: 40°44′ հս․ լ. 73°59′ ամ. ե. / 40.733° հս․. լ. 73.983° ավ. ե. / 40.733; 73.983
Թյուիլրի պալատ
ֆր.՝ Tuileries
Tuileries vers 1860.jpg
Տեղագրություն Ֆրանսիա Փարիզ
Կառուցման ժամանակ 1564–1860
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Ճարտարապետ Ֆիլիբեր Դելորմ

Թյուիլրի (ֆր.՝ Tuileries), արքայական պալատ Ֆրանսիայում` Փարիզի կենտրոնում: Լուվրի հետ կազմում է մեկ ընդհանուր համալիր: Սկսած Լյուդովիկոս XVI-ից` եղել է ֆրանսիական միապետների հիմնական նստավայրը: Պալատն այրվել է Փարիզի կոմունայի օրերին, ինչից հետո այլևս չի վերականգնվել:

Թյուիլրի պալատը բաղկացած է եղել կենտրոնական` Ժամացույցի մասնաշենքից, որին միացված էին երկու թևերը` Մարսանը և Ֆլորան[1]: Արևմտյան կողմից այն հարում էր Լուվրի բակին, սակայն ներկայումս նրա տեղում բաց տարածություն է: Նրանով է սկսվում Փարիզի պատմական առանցքը: Գլխավոր մուտքի առաջ եղել է Կարուզելի կամարը, որ խորհրդանշում էր Նապոլեոնի հաղթանակը: Ներկայումս պալատի հիմնական մասի տեղում համանուն այգին է, իսկ պահպանված Մարսան և Ֆլորա բաժինները մտնում են Լուվրի համալիրի մեջ:

Կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքերթ Թյուիլրի պալատի առջև

Պալատի անվանումը ծագում է «կղմինդր» բառից (ֆր.՝ tuile), քանի որ միջնադարում այդ տեղանքից կավ են ստացել և կղմինդր պատրաստել: Առանձին պալատ կառուցելու գաղափարը պատկանել է Եկատերինա Մեդիչիին, ով ցանկանում էր միշտ մոտ գտնվել իր որդիներին: Վերածննդի ոճով պալատի կառուցումը 1564 թվականին հանձնարարվում է ճարտարապետ Ֆիլիբեր Դելորմին:

Մերձքաղաքային Վերսալի կառուցման ժամանակ այստեղ է հանգրվանել Լյուդովիկոս XIV[2]: Այդ ընթացքում պալատն ընդարձակվում է` անցումով կապվելով Լուվրին: 1664-1670 թվականներին տարված այդ աշխատանքները ղեկավարել է ֆրանսիացի ճարտարապետ Լուի Լևոն: Պալատի առջև փռվող կանոնավոր այգին նախագծել է Անդրե Լենոտրը: Վերսալ տեղափոխվելուց հետո արքան Թյուիլրի էր գալիս միայն թատերական ներկայացումների համար[3]: Ֆիլիպ II Օռլեանցու առաջարկով 1716-1722 թվականին այստեղ է ապրել մանկահասակ Լյուդովիկոս XV-ը:

Ֆրանսիական մեծ հեղափոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորա մասնաշենքը

Թյուիլրի պալատը կապված է Ֆրանսիական մեծ հեղափոխության կարևորագույն իրադարձությունների հետ[4]: 1789 թվականին` բողոքի ալիքը սկսվելուն պես, Լյուդովիկոս XVI-ը իր կնոջ` Մարի Անտուանետ թագուհու հետ ստիպված լքում է ժողովրդին ատելի դարձած Վերսալի պալատը` հաստատվելով Թյուիլրիում. դա գործնականում տնային կալանք էր:

1791 թվականի հունիսին արքայական ընտանիքի` Վարեն փախչելու փորձը ձախողվում է; 1792 թվականի օգոստոսի 10-ին, գրավելով Թյուիլրի պալատը, Փարիզի ընդվզած բնակչությունը տապալում է միապետությունը: Նոյեմբերին Կոնվենտը որոշում է ընդունում բացել «երկաթյա պահարանը», որտեղ պահվում էր արքայի գաղտնի նամակագրությունը: Այդ թղթերի բացահայտումը արագացնում է տապալված արքայի մահապատիժը:

Թյուիլրի պալատական համալիրում իրենց տեղերն են զբաղեցնում Առաջին հանրապետության ներկայացուցչական մարմինները` Սահմանադրական ժողովը, Կոնվենտը և Հինգ հարյուրի խորհուրդը, սակայն 1798 թվականին վերջինս տեղափոխվում է Բուրբոնյան պալատ:

Պալատը Նապոլեոնի և նրա հետնորդների օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատի նոր ծաղկուն շրջանը սկսվում է Նապոլեոն Բոնապարտի` իշխանության գալուց հետո: 1799 թվականին, մտնելով Թյուիլրի, առաջին կոնսուլն այն հռչակում է իր պաշտոնական նստավայր` ձեռնամուխ լինելով հյուսիսային թևի կառուցմանը: Ճարտարապետներ Շառլ Պերսիեին և Պիեռ Ֆոնտենին հանձնարարվում է վերափոխել հին ինտերիերը Առաջին կայսրության նոր ոճով, որ ստացել էր «ամպիր» անունը: Կայսրուհի Մարիա-Լուիզա Ավստրիացու հարկաբաժինը ձևավորվում է նեոգրեկ նորաձև ոճով: Գլխավոր մուտքի առաջ հաղթական կամար է կանգնեցվում:

1830 և 1848 թվականների հեղափոխությունների ժամանակ ժողովուրդը գրոհով վերցնում է Թյուիլրի պալատը: Տարիների հետ այն ավելի ու ավելի էր վերածվում միապետական կառավարման խորհրդանիշի: Նապոլեոն III-ը, հետևելով կնոջը, ով տարված լինելով Մարի Անտուանետի կերպարով, նախընտրում էր Թյուիլրին, ևս գերադասեց Թյուիլրի պալատը: Նրա օրոք վերջապես ավարտին է հասցվում Լուվրի ձախ թևի կառուցումը Ռիվոլի փողոցի երկարությամբ[5]: 1860-ական թվականների վերջերին Լուվրը և Թյուիլրին մեկ ընդհանուր պալատական համալիր էին ներկայացնում:

Ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականի մայիսի 23-ին Փարիզի կոմունարներն այրում են պալատը: Այն հանգցնել հաջողվում է միայն երկու օր անց, երբ ողջ ինտերիերն արդեն այրվել էր: Ի տարբերություն Լուվրի, որ նույնպես տուժել էր կրակից, Երրորդ հանրապետության կառավարությունը որոշում է չվերականգնել Փարիզի սրտում միապետության խորհրդանիշը` Թյուիլրին:

Ավերակներն այդպես մնում են 12 տարի, մինչև նրանց ճակատագիրը որոշվում է դատարանում: Չնայած արվեստի գիտակների բողոքներին` 1882 թվականին խորհրդարանը որոշում է 33.000 ֆրանկ տրամադրել տարածքը պալատի ավերակներից մաքրելու համար: Այդ աշխատանքները տևում են 1883 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին: Պալատի որոշ հատվածներ օգտագործվում են Այաչչոյում գտնվող Լա Պունտա վիլլայի կառուցման համար:

Արդի ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարսան մասնաշենքը, 2009

Պալատից պահպանվել են Ֆլորա և Մարսան բաժինները, որոնք միացվել են Լուվրին: Ֆլորա մասնաշենքը, որ գտնվում է Սենայի ափին, կառուցվել էր դեռևս Հենրի IV-ի օրոք և ամբողջովին վերաշինվել Նապոլեոն III-ի օրոք: Հեղափոխության տարիներին այնտեղ էր իր նիստերն է անցկացրել Հասարակական փրկության կոմիտեն: Մարսան հարկաբաժինը իր ներկայիս տեսքը ստացել է Բոնապարտների օրոք:

2003 թվականից սկսած` բանավեճեր են ընթանում Ժամացույցի մասնաշենքը վերականգնելու շուրջ, որպեսզի ընդարձակվեն Լուվրի ցուցասրահները և վերականգնվի քաղաքի պատմական առանցքը, որ ավանդաբար սկսվում էր Թյուիլրի պալատից, ոչ թե Լուվրից, ինչպես այժմ[6][7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Filon, Augustin (1920). Recollections of the Empress Eugénie. London: Cassell and Company, Ltd. pp. 61–74. Retrieved 4 July 2013
  2. Coeyman 1998, pp. 45–46.
  3. Hautecoeur 1927, pp. 123–142; Devêche 1981, pp. 9–13.
  4. O'Leary, Margaret R. "Tuileries Palace Attacked, August 10, 1792." Forging Freedom: The Life of Cerf Berr of Médelsheim. N.p.: n.p., n.d. 344. Print.
  5. Filon, Augustin (1920). Recollections of the Empress Eugénie. London: Cassell and Company, Ltd. pp. 107–108. Retrieved 4 July 2013.
  6. "Alain Boumier, président du Comité national pour la reconstruction des Tuileries, en chat sur L'Internaute" (in French). Linternaute.com. 2006-12-09.
  7. "Le Palais des Tuileries va-t-il renaître de ses cendres ?" [Will the Tuileries Palace Rise From Its Ashes?]. La Croix (in French). 14 September 2008. Archived from the original on 14 September 2008. Retrieved 1 July 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]