Jump to content

Թեոպոմպոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոպոմպոս
հին հունարեն՝ Θεόπομπος
Ծնվել էմ. թ. ա. 380 կամ մ. թ. ա. 378
ԾննդավայրԽիոս
Մահացել էմոտ մ. թ. ա. 320 կամ մ. թ. ա. 315
Մահվան վայրԱլեքսանդրիա
ԵրկերPhilippica? և Hellenica?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող, պատմաբան և հռետոր
Ծնողներհայր՝ Damasistratus of Chios?

Թեոպոմպոս (Theopompus, հին հունարեն՝ Θεόπομπος, մ. թ. ա. 380 կամ մ. թ. ա. 378, Խիոս - մոտ մ. թ. ա. 320 կամ մ. թ. ա. 315, Ալեքսանդրիա), հին հույն պատմիչ և ճարտասան[1]։ Աշակերտել է համբավավոր ճարտասան Իսոկրատեսին և կարճ ժամանակում հասել լուրջ հաջողությունների։ Ըստ մի ավանդազրույցի՝ նրա ուսուցիչ Իսոկրատեսը սովորություն ուներ ասելու. «Եթե Էֆորոսը խթանի կարիք ունի, ապա Թեոպոմպոսը՝ սանձի»[2][3]։

Գրել է 12 գրքից բաղկացած և մ.թ.ա. 410-394 թթ. դեպքերը ներկայացնող «Հունաստանի պատմություն» (Hellenicа) երկը (շարունակում է Փուկիտիդեսի «Պատմությունը» ), ինչպես նաև 58 գրքից բաղկացած ու Փիլիպոս II Մակեդոնացու կառավարման շրջանին (մ.թ.ա. 362 - 336 թթ.) վերաբերող «Փիլիպոս II Մակեդոնացու պատմություն» աշխատությունը։ Թեոպոմպի հատկապես վերջին երկը մեծ հեղինակություն էր վայելում և լայնորեն ընթերցվում էր անտիկ շրջանում՝ օգտագործվելով որպես աղբյուր բազմաթիվ պատմիչների, այդ թվում նաև Պլուտարքոսի կողմից։

Թեոպոմպոսի երկերից մինչև մեր ժամանակները հասել են միայն հատվածներ և մեջբերումներ անտիկ շրջանի այլ հեղինակների գործերում (հատվածները զետեղված են «Fragmenta historicorum Graecorum» աշխատությունում (հ. I, էջեր 278 - 338, և հ. IV, 643 - 645))։ Բացի դրանից, հնում «Փիլիպոս II Մակեդոնացու պատմությունը» թարգմանվել է լատիներեն Պոմպեոս Տրոգոսի կողմից. մեզ է հասել այդ թարգմանությունից արված հակիրճ վերաշարադրանքը, որի հեղինակն է Հուստինոսը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Colby, Williams, էջ 233
  2. Walker, 1911, էջ 787
  3. Cicero. Brutus, 204.