Էնմերքար
Էնմերքար շում.՝ 𒂗𒈨𒅕𒃸 en-me-er-kar2[1] | ||
Մոխրագույն ալեբաստրե քրմի արձանիկի վերնամասը։ Հայտնաբերվել է 1929-1930 թվականներին Գերմանական արևելյան ընկերության հնագիտական արշավախմբի կողմից կավե անոթի մեջ հնագույն Ուրուկ քաղաքում։ Նրան, հավանաբար, թաղել են ջարդելուց հետո։ Բարձրությունը մոտ 21 սմ է։ Ցուցադրվում է Բաղդադի Իրաքի ազգային թանգարանում։ | ||
| ||
---|---|---|
մ.թ.ա. 27-րդ դարի սկիզբ | ||
Նախորդող | Մեսքիագաշեր | |
Հաջորդող | Լուգալբանդա | |
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Դավանանք | Շումերական կրոն | |
Ծննդյան օր | մոտ մ.թ.ա. 31-րդ դար | |
Վախճանի օր | մոտ մ.թ.ա. 30-րդ դար | |
Դինաստիա | Ուրուկի I դինաստիա | |
Հայր | Մեսքիագաշեր | |
Զավակներ | Նինսուն |
Էնմերքար, շումերական հնագույն Ուրուկ քաղաքի կիսաառասպելական տիրակալը, որը կառավարել է մ.թ.ա. 27-րդ դարի սկզբին։ Ուրուկի I դինաստիայի ներկայացուցիչ[2]։
Հիշատակությունը «Թագավորական ցուցակում»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ «Թագավորական ցուցակի»՝ Մեսքիագաշերի որդին է ու նրա իրավահաջորդը։ Դյուցազներգական պատմությունները նրան անվանում են Ուտուի որդի, որը, սակայն նույն մակդիրն է, ինչը տրված է նաև նրա հորը «Թագավորական ցուցակում»։ Էնմերքարը, անկասկած, վաղշումերական ամենահայտնի անձնավորություններից մեկն էր։
Էնմերքար, Մեսքիագաշերի որդի, Ուրուկի թագավոր, նա, ով կառուցեց Ուրուկը, դարձավ թագավոր և թագավորեց 420 տարի։ - Նիպուրի թագավորական ցուցակ[3]
|
Ցուցակում ասվում է, որ Էնմերքարն է եղել «Ուրուկը կառուցողը», այսինքն նրա օրոք մշտական բնակություն է առաջացել Էանայի տաճարային համալիրի շուրջ։ Թերևս դրա հետ կապված Էնմերքարը դարձավ շումերական առասպելների ամենասիրված հերոսներից մեկը։ «Թագավորական ցուցակում» նրան անվանում են լուգալ (թագավոր), բայց էպոսում նրան անվանում են էն (գերագույն քուրմ)[4]։
«Թագավորների ցուցակում» նրա գահակալությունը, ինչպես բոլոր վաղ շումերական թագավորներինը, վերագրվում է 420 տարվա անհավանական տևողության (որոշ օրինակներում նույնիսկ ավելի քան 900 տարի)։
Էնմերքարի մասին էպոսը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերված և վերծանված շումերական հերոսական պոեմներից երկուսը նվիրված են Էնմերքարին, երկուսը՝ Լուգալբանդային (ավելին, մեկում կրկին հայտնվում է Էնմերքարը), իսկ հինգը՝ Գիլգամեշին։ Ընդ որում, պետք է նշել, որ երեք հերոսներն էլ Ուրուկի I դինաստիայի ներկայացուցիչներ են։
Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում «Էնմերքարը և Արատտայի գերագույն քուրմը» պոեմը։ Այս պոեմը շումերական գրականության մեջ այս ժանրի ամենահին ստեղծագործությունն է։ Այն, անկասկած, գոյություն է ունեցել բանավոր ավանդության մեջ մի քանի դար առաջ, նախքան այն գրվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին։ Այն առավել խիստ է ձևով և առասպելական բանաստեղծական պատկերներով պակաս ծանրաբեռնված։ Թե որքան հայտնի էր այն, վկայում է, մասնավորապես, այն, որ հայտնաբերվել է 20 աղյուսակներ (և դրվագներ)՝ իր տեքստով։ Դրանցից առավել ամբողջականը՝ ավելի քան 600 տող տեքստ պարունակող աղյուսակն է՝ բաժանված 12 սյունակի, որը պահվում է Ստամբուլի Հին Արևելքի թանգարանում։ «Էնմերքարը և Արատտայի գերագույն քուրմը» պոեմը հարուստ նյութ է տալիս Ուրուկի և նրա արևելքում գտնվող լեռնային երկրի՝ Արատտայի (հնարավոր է Ուրմիա լճից հարավ-արևելք գտնվող տարածքում) հետ հարաբերությունների մասին։
Էնմերքարի մասին երկրորդ պոեմը, որը կոչվում է «Էնմերքարը և Էնսուխքեշդանան»[2], նույնպես պատմում է Ուրուկի և Արատտայի կառավարիչների բանակցությունների մասին։ Երկար ժամանակ հայտնի էր միայն բավականին մեծ, գրեթե 100 տողանոց սկզբնական հատվածը և պոեմը եզրափակող 25 տողանոց հատվածը։ Այնուամենայնիվ, շումերական տեքստերի անխոնջ հետազոտողների համառ որոնումը պսակվեց հաջողությամբ, և 1951-1952 թվականներին ամերիկյան արշավախումբը պեղումների ժամանակ Նիպպուրում հայտնաբերեց երկու տախտակ, որոնք զգալիորեն լրացնում են տեքստի բացերը։ Չնայած առանձին պատմությունների մեկնաբանությունը դեռ ավարտված չէ, այս աշխատանքի իմաստը հիմնականում արդեն պարզ է։
Ի տարբերություն առաջին պոեմի, Էնմերքարի մասին երկրորդ ասքում Արատտայի տիրակալն այլևս անանուն չի խոսում։ Անվանվում են նաև այլ գործող անձերի անունները՝ Արատտայի տիրակալի «առաջին նախարարը» (վեզիրը կամ փոխարքան) կոչվում է Անսիգգարիա, նրա բարձրաստիճան պաշտոնյան, «մաշմաշի» քուրմը՝ Ուրգիրնուննա, Էնմերքարի փոխարքան՝ Նամեննադումա։ Պոեմում պատմվում է կործանված Համազի երկրի խնդրանքով Արատտայի բանակի դեպի հարավ կազմակերպած արշավանքի մասին, սակայն Էրեշ քաղաքի մոտակայքում տեղի է ունենում անորոշ ելքով ճակատամարտ, որից հետո, անհասկանալի պատճառներով Արատտայի տիրակալն ընդունում է Էնմերքարի առաջնությունը՝ կոչելով նրան «մեծ եղբայր»[2]։ Հատկանշական է նաև այն, որ բանաստեղծը, համաձայն շումերում գոյություն ունեցող ավանդույթի, մատնանշում է պոեմում նկարագրված իրադարձությունների ժամանակը։ Տեքստի վերլուծության հիման վրա կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունեցել այն օրերին, երբ Էննամիբարագգա-Ուտուն ամբողջ Շումերի թագավորն էր։ Անշուշտ, տեղի ունեցածը ժամանակի մեջ տեղավորելու այս փորձը ոչ այլ ինչ է, քան բանաստեղծական փոխաբերություն, որի նպատակը պատմվածքին իսկականության բնույթ տալն է։ Հետաքրքիր է, որ մեր տրամադրության տակ գտնվող տեքստերից ոչ մեկը չի հիշատակում Էննամիբարագգա-Ուտու անունով թագավորի մասին։ Կամ գուցե Էննամիբարագգա-Ուտուն արևի աստծո Ուտուի մեկ այլ անուն է, որը դեռևս անհայտ է գիտությանը։ Իհարկե, մեր առջև միայն առասպել է, և այնուամենայնիվ պետք է ընդգծել, որ անանուն հեղինակը, ով այս պոեմը հորինել է դրանում նկարագրված իրադարձություններից հազար տարի անց, անդրադառնում է ընդհանուր շումերական իշխանության հիմնախնդրին։
Երրորդ անգամ Էնմերքարին մենք հանդիպում ենք մի պոեմի մեջ, որի գլխավոր հերոսը Լուգալբանդան է՝ Էնմերքարի իրավահաջորդը Ուրուկում։ Այս աշխատության տեքստը շփոթեցնող է, և դժվար ընկալելի։ Էնմերքարի մասին պատմությունը հետևյալն է. Էնմերքարը խոր վշտի մեջ է, Մարտուի մարդիկ պաշարել են Ուրուկը և սպառնում են վերցնել այն։ Էնմերքարի հպատակներից ոչ մեկը չի համարձակվում գնալ Արատտա՝ Էնմերքարաի քրոջը՝ աստվածուհի Ինաննային փոխանցելու նրա օգնության խնդրանքը։ Լուգալբանդան ստանձնում է այս դժվարին և վտանգավոր գործը։ Նա խոստանում է միայնակ անցնել այս դժվարին ճանապարհը և գաղտնիքը պահել բոլորից։ Բազմաթիվ արկածներից հետո, հաղթահարելով յոթ լեռնաշղթա, հերոսը գալիս է Արատտա և աստվածուհուն փոխանցում Էնմերքարի խոսքերը։ Ինաննայի խորհուրդը եղբորը՝ Էնմերքարին, գրեթե անհնար է հասկանալ. դրանցում ռազմական օգնության մասին խոսք չկա. Ինաննան խոսում է մի քանի արտասովոր ձկների, սափորների, մետաղի ու քարի արհեստավորների մասին, որոնց պետք է հրավիրի իր քաղաք։ Բայց թե այս ամենը ինչպես կօգնի Էնմերքարին, անհասկանալի է։
Երեք պոեմներն էլ պատմում են Ուրուկի և Արատտայի մրցակցության մասին։ Բանաստեղծները խոսում են Արատտայի մասին՝ որպես իր հարստությամբ հայտնի պետության՝ բոլոր տեսակի մետաղներով ու շինաքարերով, բայց աղքատ գյուղատնտեսական արտադրանքով։ Հայտնի է, որ Միջագետքում ոչ շինարարական քարի, ոչ էլ մետաղի հանքավայրեր չեն եղել, և շումերները ստիպված են եղել այդ ամենը բերել հեռվից։ Ուստի բնական է, որ առևտուրը որոշիչ գործոն էր առանձին քաղաք-պետությունների և ողջ երկրի գոյության և զարգացման գործում։ Հումքի, և առաջին հերթին տաճարների՝ «աստվածների տների» կառուցման և հարդարման համար անհրաժեշտ նյութերի խնդիրն այն կենտրոնական խնդիրներից էր, որ շումերներն ունեին արդեն իրենց պետության կազմավորման առաջին տարիներին։ Դա արտացոլվել է նրանց առաջին էպիկական պոեմներում։ Չէ՞ որ Ուրուկի և Արատտայի միջև հակամարտությունը ծագել է հենց այն պատճառով, որ շումերները ցանկանում էին Արատտայից ստանալ իրենց անհրաժեշտ շինարարական քարը, թանկարժեք մետաղներն ու հանքանյութերը։ Եթե Էնմերքարի և Արատտայի տիրակալի մասին պատմվածքում բաց թողնենք հեքիաթային պատյանն ու սյուժետային շերտերը, որոնք բնական են բանաստեղծական որևէ ստեղծագործության մեջ, ապա կունենանք չոր ու գործնական զեկույց ապրանքների փոխանակման հետ կապված բանակցությունների մասին։ Շումերից հացահատիկ, անասուններ էին տարվում Արատտա, որի դիմաց նրանք ստանում էին փայտ, մետաղներ, քար և լազուրիտ։
Էնմերքարը, ըստ երևույթին, վերակառուցել և ընդլայնել է Ինաննայի տաճարը։ Մասնավորապես, նա Արատտայի տիրակալից նյութեր է պահանջել Ինաննայի տաճարի կառուցման համար։ «Էնմերքարը և Արատտայի գերագույն քուրմը» պոեմի հատվածից երևում է, եթե իհարկե տեքստը ճիշտ ենք հասկանում, որ սուրհանդակը երկրորդ և երրորդ անգամ Արատտա է տանում ոչ թե իր թագավորի բանավոր հրամանը, այլ մի տախտակ, որի վրա գրված է Էնմերքարի պահանջները (սա շումերում գրի գոյության առաջին հիշատակումն է)[5][6][7]։
Ուրուկի I դինաստիա | ||
Նախորդող։ Մեսքիագաշեր |
Ուրուկի արքա մ.թ.ա. 27-րդ դարի սկիզբ |
Հաջորդող։ Լուգալբանդա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Царский список». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայ ժողովրդի ռազմական տարեգիրք», Հատոր I, Մհեր Հակոբյան, Երևան, 2020, էջ 259, 437 (ծան. 2), ISBN 978-9939-0-3275-7
- ↑ Նիպուրի թագավորական ցուցակ
- ↑ Белицкий Мариан Шумеры. Забытый мир. — 80 с.
- ↑ 1. Месопотамия // История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. — 169 с.
- ↑ Ру Ж. Великие цивилизации Междуречья. — 122-123 с.
- ↑ Белицкий Мариан Шумеры. Забытый мир. — 80—93 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- История Древнего Востока. Зарождение древнейших классовых обществ и первые очаги рабовладельческой цивилизации. Часть 1. Месопотамия / Под редакцией И. М. Дьяконова. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1983. — 534 с. — 25 050 экз.
- Крамер Самюэль. Шумеры. Первая цивилизация на Земле / Пер. с англ. А. В. Милосердовой. — М.: ЗАО Центрполиграф, 2002. — 384 с. — (Загадки древних цивилизаций). — 7000 экз. — ISBN 5-9524-0160-0.
- Бертман Стивен. Месопотамия: Энциклопедический справочник / Пер. с англ. А. А. Помогайбо; коммент. В. И. Гуляев. — М.: Вече, 2007. — 414 с. — (Библиотека мировой истории). — ISBN 5-9533191-6-4.
- Белицкий Мариан. Забытый мир шумеров Արխիվացված 2023-06-19 Wayback Machine / Пер. с польского. — М.: Главная редакция восточной литературы издательства «Наука», 1980. — 398 с. — (По следам исчезнувших культур Востока). — 10 000 экз.
- Боттеро Ж. и др. Ранние цивилизации Ближнего Востока. История возникновения и развития древнейших государств на земле / Жан Боттеро, Дитц Отто Эдцарт, Адам Фалькенштайн, Жан Веркуттер; пер. с англ. А. Б. Давыдовой, С. В. Иванова. — М.: ЗАО Центрполиграф, 2016. — 447 с. — ISBN 978-5-9524-5202-2.
- Ру Ж. Великие цивилизации Междуречья. Древняя Месопотамия: царства Шумер, Аккад, Вавилония и Ассирия. 2700–100 гг. до н. э. / Пер. с англ. А. Б. Давыдовой. — М.: ЗАО Центрполиграф, 2019. — 448 с. — ISBN 978-5-9524-5391-3.
- Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт. / Автор-составитель В. В. Эрлихман. — Т. 1.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|