Jump to content

Զելայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զելայի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Զելայի ճակատամարտ
Թվականմ․թ․ա․ 67 թվական
Մասն էՄիհրդատյան պատերազմներ
ՎայրԶելա, Փոքր Հայք
Արդյունքհայ-պոնտական միացյալ զորաբանակի հաղթանակ
Հակառակորդներ
Պոնտոսի թագավորություն

Աջակիցներ՝
Արտաշեսյանների թագավորություն

Մեծ Հայքի թագավորություն
Հռոմեական կայսրություն Հռոմեական կայսրություն
Հրամանատարներ
Միհրդատ VI Եվպատոր
Արտաշեսյանների թագավորություն Տիգրան Մեծ
Հռոմեական կայսրություն Գայոս Վալերիանոս Տրիարոս
Կողմերի ուժեր
Հայ-պոնտական դաշինք
  • Պոնտական ուժեր՝ 10 հազար
  • Մեծ Հայքի ուժեր՝ 4 հազար
  • Փոքր Հայքի ուժեր՝ 5 հազար
Հռոմեական ուժեր
  • 10 հազարանոց բանակ
  • Ռազմական կորուստներ
    1000 հայ զինվոր
    1000 պոնտացի
    7174 զինվոր
    Ընդհանուր կորուստներ

    Զելայի ճակատամարտ, մ․թ․ա․ 67 թվականին Փոքր Հայքի Զելա բնակավայրի շրջակայքում Պոնտոսի թագավորության ու Մեծ Հայքի համատեղ ուժերի և Հռոմեական կայսրության միջև տեղի ունեցած ճակատամարտ։ Առճակատումը համարում է Միհրդատյան պատերազմների նշանավոր դրվագներից մեկը, որը հայ-հռոմեական հակամարտության առաջին փուլի անբաժանելի մասն է կազմում։

    Միհրդատ VI Եվպատորի և Տիգրան Մեծի համատեղ հաղթանակը ժամանակավորապես զստում է ագրեսոր Հռոմեական կայսրության զավթողական նկրտումները։ Որոշ ժամանակ անց Արևելք է ուղարկվում հռոմեացի զորավար, հետագայում՝ եռապետության անդամ, Գնեոս Պոմպեոսը, ով պարտության է մատնում Պոնտոսին և պատերազմ սանձազերծում Մեծ Հայքի դեմ (որն էլ ավարտվում է մ․թ․ա․ 66-ի Արտաշատի պայմանագրով

    Նախապատմություն

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Ձմեռն անցկացնելով Մծբինում` Լյուցիոս Լուկոլլոսի գլխավորած հռոմեական բանակը (մոտ 70.000) վաղ գարնանը, խուսափելով Մեծ Հայքի մոտեցող բանակից, թողնում է այն և Մծբին-Ամիդ-Արկաթիակերտ-Մելիտե-Առանե-Սեբաստիա (վերջինը` Փոքր Հայք, Սեբաստիա գավառ, Հալիս գետի աջ ափին) երթուղով սկսում նահանջել դեպի հյուսիս-արևմուտք` ընթացքում հավաքելով Մեծ Հայքի տարածքում ցրված կայազորները ու նահանջելով հռոմեական տիրապետության տակ մնացած Պոնտոսի շրջաններ։

    Այս ընթացքում Միհրդատ VI Եվպատորի գլխավորած Պոնտոսի թագավորության բանակը (10.000 հետևակ), ինչպես նաև Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունների միացյալ հեծելազորը, ցանկանալով ջախջախել Պոնտոսում գտնվող հռոմեական բանակը մինչև Լուկոլլոսի հիմնական բանակի տեղ հասնելը, պաշարում է Դադասը, որտեղ գտնվում էր թշնամու գումակը։ Տեղեկանալով այդ մասին` Պոնտոսում գտնվող հռոմեական բանակը (կազմված է շուրջ 10 հազար զինվորից) Մարկոս Ֆաբիոսին փոխարինած Տրիարոսի գլխավորությամբ շարժվում է թշնամու ուղղությամբ։ Ի պատասխան դրա Միհրդատը, թողնելով պաշարումը, իր բանակը արագորեն շարժում է թշնամուն ընդառաջ և քաղաքի մոտ հանդիպում վերջինիս։

    Պատերազմի ընթացք

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Հռոմեական բանակը վաղ առավոտյան հարձակվում է առաջապահում գտնվող Պոնտոսի թագավորության բանակի վրա, որի արդյունքում Զելայի շրջակայքում՝ Փոքր Հայքում, բռնկվում է համառ և անորոշ մարտ։ Պոնտական ուժերը նետահարում են թշանական զինուժին, իսկ հայերի ծանր հեծելազորը հակակշռում է հռոմեական հարձակվողական զորաբանակին։

    Զգալով, որ մարտը երկարաձգվում է, Միհրդատը, անձամբ գլխավորում է հայկական հեծելազորը, վճռական հարձակում գործում թշնամու վրա և նրան պարտության ու փախուստի մատնում։ Լեգեոներների մեծ մասը ապաստանում են մի ճահճոտ տեղանքում և ապա վերջնականապես ոչնչացվում։ Մարտի վերջում Միհրդատը վիրավորվում է իրեն աննկատ մոտեցած թշնամու ռազմիկներից մեկի կողմից, բայց դա որևէ կերպ չի փոխում իրավիճակը։

    Զելայի ճակատամարտում հայերը կորցնում են մոտ 1.000, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` 7.174 զինվոր։

    Պատերազմական դրվագներ

    [խմբագրել | խմբագրել կոդը]

    Զելայի ճակատամարտի վերջնամասում հռոմեացի անհայտ անունով մի զինվոր վնասվածք է հասցնում Պոնտոսի արքա Միհրդատին։ Այդ իրողությունը պատկերավոր կերպով իր աշխատությունում բովանդակել է հռոմեացի մեծանուն պատմագիր Ապպիանոսը[1]

    Լուր ստանալով Լուկոլլոսի մոտենալու մասին` Տրիարիոսը, ձգտելով գործն ավարտել մինչև նրա գալը, գիշերով շարժվում է դեպի Միհրդատի առաջապահ պահակային ջոկատները։ Երկար ժամանակ մարտը անորոշ ընթացք ուներ, բայց ի վերջո արքան իր հատվածում ուժեղ հարվածով վճռում է վերջինիս ելքը և, ցրելով թշնամիներին, հետևազորը փակում է ճահճուտում, որտեղ նրանք բոլորը զոհվում են նույնիսկ հնարավորություն իսկ չունենալով կանգնել։ Հեծելազորին նա եռանդուն կերպով հետապնդում է հարթավայրում, հույս ունենալով օգտվել ճակատագրի հաջող շրջադարձից, ու դա տևում է այնքան ժամանակ, մինչև որ ինչ-որ մի հռոմեական ցենտուրիոն, որը վազում էր նրա կողքից ինչպես ստրուկ, նրան ազդրից չվիրավորեց սրի հարվածով` հույս չունենալով, որ կխոցի թիկունքից զրահի պատճառով։ Միհրդատի մոտիկները անմիջապես սպանում են սրան, իսկ Միհրդատը տարվում է թիկունք։ արդյունքում նրա բարեկամները հապճեպ հետ են կանչում զորքը` չնայած փայլուն հաղթանակին։ արդյունքում մարտնչողների մոտ շփոթություն ու վախ առաջացավ նման անմիտ հրամանից և կասկածով համակվում։ Ի վերջո, երբ նրանք իմանում են, թե ինչ է եղել, հարթավայրում շրջապատում Միհրդատին և այնքան ժամանակ աղմկում, մինչև որ բժիշկ Տիմոթեոսը չկանգնեցնում է արյունը և արքան չերևեաց ռազմիկներին մի բարձրադիր վայրում։
    - Ապպիանոս «Հռոմի պատմությունը, Միհրդատյան պատերազմներ», գլուխ 89, 90

    Ապաքինվելուն պես Միհրդատը փորձում է օգտագործել իր ռազմավարական հաջողությունները՝ նպատակ ունենալով դուրս բերել հռոմեական զորաբանակը տարածաշրջանից։ Այդ ժամանակահատվածում Եվպատորին զորավիգ էր լինում Մեծ Հայքի «արքայից արքա» Տիգրան Բ Մեծը, ով հավատարիմ էր մնացել մ․թ․ա․ 64 թվականին կնքված հայ-պոնտական դաշինքին։ Տիգրան Մեծի և Զելայի ճակատամարտի առնչությամբ Պլուտարքոսն իր «Համեմատական կենսագրություն» աշխատությունում նշել է հետևյալը[2]

    Երբ մի քանի օր անց Լուկոլլոսը հասավ այնտեղ, նա ստիպված եղավ Տրիարիոսին թաքցնել մոլեգնած զինվորներից։ Միհրդատը խուսափում էր Լուկոլլոսին ճակատամարտ տալուց, սպասելով Տիգրանին, որը մեծ ուժերով գալիս էր միանալու նրան, և Լուկոլլոսը որոշեց շարժվել Տիգրանինընդառաջ ու նրա հետ մարտի բռնվել, նախքան իր երկու թշնամիները դարձյալ կմիանային։ Սակայն ճանապարհին ֆամբրիականները խռովություն բարձրացրին և լքեցին իրենց դիրքերը զորաշարքերում, պատճառաբանելով, որ իրենք զորացրված են սենատի որոշումով, իսկ Լուկոլլոսը այլևս իրավունք չունի հրամայելու իրենց, քանի որ պրովինցիաները ուրիշներին են հանձնվել։ Կարիքը ստիպեց Լուկոլլոսին բավարարվել անգամ այդ զիջումով, որպեսզի մենակ չմնա և երկիրը չհանձնի ախոյանին։ Նա բոլոր զինվորներին պահում էր մեկ վայրում, այլևս նրանց ոչինչ չէր ստիպում և չէր տանում թշնամու դեմ, միայն թե նրանք իրենից չհեռանային։ Նա ստիպված եղավ հաշտվել այն մտքի հետ, որ Տիգրանը ամայացնում էր Կապադովկիան, որ Միհրդատը վերագտել էր իր հանդգնությունը, այն Միհրդատը, որի մասին սենատին զեկուցել էր, թե նրա հետ ամեն ինչ վերջացած է։
    - Պլուտարքոս «Համեմատական կենսագրություններ», «Լուկոլլոս», գլուխ 35

    Ծանոթագրություններ

    [խմբագրել | խմբագրել կոդը]
    1. Ապպիանոս «Հռոմի պատմությունը, Միհրդատյան պատերազմներ», գլուխ 89, 90
    2. Պլուտարքոս «Համեմատական կենսագրություններ», «Լուկոլլոս», գլուխ 35