Jump to content

Զարդուշթ Ալիզադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարդուշթ Ալիզադե
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 2, 1946(1946-02-02) (78 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան և  ԽՍՀՄ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և արևելագետ
Ծնողներհայր՝ Մուբարիզ Ալիզադե
ԿուսակցությունԽՄԿԿ, Ադրբեջանի ժողովրդական ճակատ և Azerbaijan Social Democratic Party?
 Zardusht Alizade Վիքիպահեստում

Զարդուշթ Մամեդ Մուբարիզ օղլը Ալիզադե (ադրբ.՝ Zərdüşt Əlizadə, փետրվարի 2, 1946(1946-02-02), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ և նախկին քաղաքական գործիչ։ Հայտնի է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությանը քննադատող իր հարցազրույցներով, քաղաքական մեկնաբանություններով և հոդվածներով, որոնք անդրադառնում են ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությանը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգությամբ թալիշ է[2]։ Ծնվել է 1946 թվականին Ադրբեջանական պետական համալսարանի լեզվաբանության պրոֆեսոր Մամեդ Մուբարիզ Ալիզադեի ընտանիքում[3]։ Սովորել է Բաքվի N 132 միջնակարգ դպրոցում և 1969 թվականին ավարտել Ադրբեջանական պետական համալսարանի արաբագիտության բաժինը։ Հաջորդ 7 տարիների ընթացքում Եգիպտոսում և Եմենում ԽՍՀՄ դիվանագիտական առաքելություններում աշխատել է որպես ռուսերենից արաբերենի թարգմանիչ։ 1971-1990 թվականներին աշխատել է Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում, որտեղ ավելի ուշ ստացել է լեզվաբանության մագիստրոսի աստիճան[4]։

Գործունեությունը Ադրբեջանի Ժողովրդական ճակատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին Զարդուշթ Ալիզադեն դարձավ այն ժամանակվա Խորհրդային Ադրբեջանի ընդդիմադիր առաջին կուսակցության՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատի հիմնադիրներից մեկը[5]։

1989 թվականին եղել է Վրաստան ուղարկված կուսակցական պատվիրակներից մեկը, որը պետք է հանդիպեր վրացական ընդդիմության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Զվիադ Գամսախուրդիայի և Մերաբ Կոստավայի։ Հանդիպման նպատակը Վրաստանում ադրբեջանական փոքրամասնության մասնակցությամբ հնարավոր միջէթնիկ բախումների կանխարգելումն էր։

Ալիզադեն հարում էր Ժողովրդական ճակատի կենտրոնամետ թևին, ուստի կուսակցությունում արմատականության աճին զուգահեռ նա ու կուսակցության կենտրոնամետ թևի մյուս ներկայացուցիչները հարձակումների էին ենթարկվում Աբուլֆազ Էլչիբեյի աջակիցների կողմից։ Վերջիններս հիմնականում այն ադրբեջանցիներն էին, որոնք ծնունդով Նախիջևանից կամ Խորհրդային Հայաստանից էին։ Այդ ժամանակաշրջանում Ժողովրդական ճակատն Ալիզադեն նկարագրել է որպես «ՊԱԿ-ի գործակալների և տարածաշրջանային մաֆիայի կլանների հավաքատեղի»։ 1990 թվականի հունվարի 7-ին Զարդուշթ Ալիզադեն հայտարարեց Ժողովրդական ճակատից իր դուրս գալու մասին։ Ըստ նրա՝ պատճառը ծայրահեղականների կողմից կուսակցության իշխանության գրավումն էր, ինչը, ըստ նրա, հանգեցրեց բռնությունների ու քաոսի[6]։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական ճակատից հեռանալուց հետո՝ Ալիզադեն համախոհների հետ միասին հիմնադրել է Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որն իրեն հռչակեց արևմտյան արժեքների ու սոցիալական կյանքի արևմտաեվրոպական ոճի հետևորդ։ Կուսակցությունը կոչ էր անում Ադրբեջանում հաստատել ժողովրդավարական կարգեր ու բարիդրացիական հարաբերություններ ունենալ նախկին խորհրդային մյուս հանրապետությունների հետ[6]։ 1990 թվականի սեպտեմբերի 30-ին Ալիզադեն չընտրվեց Ադրբեջանի Գերագույն խորհրդի անդամ և հայտարարեց, որ ընտրությունները կեղծվել են[7]։

1992 թվականին կայացած ընտրությունների ժամանակ Էլչիբեյն ընտրվեց Ադրբեջանի նոր նախագահ։ Իր հարցազրույցներում և հրապարակումներում Ալիզադեն Էլչիբեյի նախագահությունը բնորոշում էր որպես «խելահեղ, կործանարար և Հեյդար Ալիևի բռնապետական կառավարմանը ճանապարհ հարթող»։ Նա Ժողովրդական ճակատի ակտիվիստներին բացահայտ անվանում էր «Ալիևի գործակալներ»։ 2000 թվականին Ալիզադեն լքեց իր իսկ կուսակցությունը, որն այդ ժամանակ գլխավորում էր իր եղբայրը՝ Արազ Ալիզադեն։ Զարդուշթ Ալիզադեն դժգոհ էր իր եղբոր վարած քաղաքականությունից ու երկու եղբայրների միջև հարաբերությունները լարված էին[7]։

Ներկա գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործունեությունը դադարեցնելուց հետո Ալիզադեն շարունակել է քննադատել Ադրբեջանի ներկայիս իշխանություններին։ Նա Ադրբեջանում առկա քաղաքական իրավիճակն անվանել է «միանձնյա իշխանություն», երբ իշխող էլիտան միայն հետաքրքրված է սեփական հարստության մեծացման ուղղությամբ[8]։ Նա քննադատում է Ադրբեջանում տարեցտարի գրանցվող ժողովրդավարական հետընթացը ու նշում, որ Արևմուտքը «աչք է փակում» դրա վրա, քանի որ մեծապես կախված է ադրբեջանական նավթից ու գազից[9]։

2006 թվականին ընդդիմադիր լրագրող Միրզա Սաքիթի ձերբակալությունից հետո, որը մեղադրվում էր թմրանյութ պահելու մեջ, Զարդուշթ Ալիզադեն Azadliq պարբերականում հրապարակեց մի հոդված, որտեղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցներին մեղադրեց թմրանյութերի բիզնեսում ներգրավված լինելու մեջ։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը զրպարտության մեղադրանքով դատական հայց ներկայացրեց Ալիզադեի դեմ, իսկ դատարանը Ալիզադեին պարտադրեց փոխհատուցում վճարել ԱԳՆ-ին[10]։

Ալիզադեն Ռուսաստանին դիտարկում է որպես գերտերություն, որը դիրիժորի դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հարաբերություններում ու Արցախյան հակամարտության մեջ։ Ըստ նրա՝ Ռուսաստանը միակ ուժն է, որը իր վերահսկողությունն ունի բանակցությունների վրա։ Ալիզադեն այն կարծիքին է, որ այս հանգամանքը չի կանգնեցնում մյուս գերտերություններին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին, օգուտ քաղել կոնֆլիկտային այդ իրավիճակից։ Նա թերահավատորեն է վերաբերում այս հակամարտության հիմնական միջնորդի՝ Մինսկի խմբի ջանքերին ու և կարծում, որ իրադարձությունների ցանկացած զարգացում՝ դրական կամ բացասական, բանակցային գործընթացում կամ մեծ տերությունների աշխարհաքաղաքական շահերի արտացոլումն է, կամ հակամարտող կողմերի նախընտրած մարտավարությունը[11]։

2012 թվականին Ալիզադեն քննադատել է Ռամիլ Սաֆարովին Ալիևի կողմից ներման շնորհումը, որին իր ցմահ ազատազրկման ութ տարվա պատիժը կրելուց հետո Հունգարիան արտահանձնել էր Ադրբեջանին։ Ալիզադեի կարծիքով՝ այդ գործողությունը հիմնված չէր որևէ քաղաքական կամքի, օրենքի նկատմամբ հարգանքի կամ հակամարտության կարգավորման հարցում շահագրգռվածության վրա, այլ ուներ միայն «էժան համբավ» և կարող էր միայն խանգարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը[12]։

Ալիզադեն քննադատական վերաբերմունք է ունեցել հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր այն կուսակցությունների նկատմամբ, որոնք կոչ էին անում Ադրբեջանի տարածքից միջազգային ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ։ Նա այդպիսի գործողությունը անվանել է ինքնիշխան պետության դեմ միջազգային իրավունքի խախտում և տարածաշրջանում ապակայունացնող խոշոր գործոն, որը կարող էր իրանական զորքերին ստիպել ներխուժել Ադրբեջանի տարածք ու 12 ժամվա ընթացքում հասնել Բաքու։ Միևնույն ժամանակ, Ալիզադեն այն կարծիքին է, որ ապագայում Իրանը կարող է դառնալ ամերիկյան ռազմական գործողության թիրախ[13]։

2005-2011 թվականներին Զարդուշթ Ալիզադեն եղել է Բաց հասարակություն հիմնադրամի ադրբեջանական մասնաճյուղի գործադիր խորհրդի նախագահ[14]։ Ներկայումս նա Բաքվի լրագրության դպրոցի ղեկավարն է։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարդուշթ Ալիզադեն 1970 թվականին ամուսնացել է Նիյալ Բարխալովայի հետ։ Զույգն ունի երկու որդի՝ Խազար և Սալուր Ալիզադեները։ Սալուր Ալիզադեն 2009 թվականի հունվարի 21-ին ձերբակալվեր էր մեկ գրամ հերոին տեսակի թմրանյութ պահելու համար ու դատապարտվել 5 ամիս ազատազրկման[15]։ Զարդուշթ Ալիզադեն, որն այս գործողությունը բնորոշել էր որպես սեփական քաղաքական ակտիվությանը կառավարության պատասխան[16], նշել էր, որ իր որդին այնքանով է մեղավոր թմրանյութ պահելու մեջ, որքանով այն ընդդիմադիր լրագրողները, որոնք նախկինում նույն մեղադրանքով ձերբակալվել էին[17]։ Ալիզադեն հավելել էր, որ իր որդու ձերբակալմամբ, ադրբեջանական իշխանություններն իրեն զգուշացում էին ուղարկել։ Սալուր Ալիզադեի ձերբակալությունից երկու ամիս առաջ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ նա ադրբեջանական իշխանություններին անվանել էր «կազմակերպված հանցավոր իշխող դասակարգ, որն օգտագործում է նավթային գումարները՝ բնակչության վրա իր իշխանությունը հաստատելու համար»[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Zardusht Alizadeh's Son Arrested On Drug Charges Արխիվացված 4 Օգոստոսի 2013 թվականին.. Azerireport. 21 January 2009.
  2. Əlizadə, Zərdüşt (3 March 2020). «Mənim ana talış dilim». Meydan TV (ադրբեջաներեն). Վերցված է 28 August 2021-ին.
  3. BDU-da professor Məmməd Mübariz Əlizadənin 100 illik yubileyi münasibətilə tədbir keçirilib Արխիվացված 2013-09-08 Wayback Machine.
  4. Politoloq Zərdüşt Əlizadə ilə - FOTOSÖHBƏT Արխիվացված 2017-02-14 Wayback Machine. Modern.az. 10 May 2013.
  5. Zardusht Alizadeh. The End of the Second Republic Արխիվացված 2013-08-21 Wayback Machine.
  6. 6,0 6,1 Suha Bolukbasi. Azerbaijan: A Political History. I.B.Tauris, Sep 15, 2011; p. 127.
  7. 7,0 7,1 Зардушт Ализаде: Лидеры НФА – личные агенты Алиева Արխիվացված 2021-10-20 Wayback Machine. Haqqin.az. 12 July 2013.
  8. Zərdüşt Əlizadə: «Azərbaycanda mütləq hakimiyyət bərqərar olur». Radio Liberty/Radio Free Europe. 13 January 2009.
  9. Azerbaijan's Ruling Party Poised to Sweep the Board in Parliamentary Elections. Reuters. 5 November 2010.
  10. «Azadlıq» qəzeti və Zərdüşt Əlizadə cərimələndi. Radio Liberty/Radio Free Europe. 9 August 2006.
  11. Həmsədrlər Azərbaycan və Ermənistan xarici işlər nazirlərinin görüşü haqqında bunları deyirlər. Radio Liberty/Radio Free Europe. 18 June 2012.
  12. «'Ağ ev Ramil Səfərovun əfvindən narahatdır'». RFE/RL. September 1, 2012. Վերցված է September 1, 2012-ին.
  13. Zərdüşt Əlizadə: «İran ordusu 12 saata Bakıda ola bilər». Radio Liberty/Radio Free Europe. 29 March 2012.
  14. Фонд Сороса в Баку продолжит работать, но проводит реформы. News Azerbaijan. 5 December 2011.
  15. Zərdüşt Əlizadənin oğlu azadlığa buraxılıb. 22 April 2009
  16. Zərdüşt Əlizadə oğlunun həbsini özünə qarşı tələ adlandırıb. 23 January 2009.
  17. Zərdüşt Əlizadənin oğlu həbs edildi. Radio Liberty/Radio Free Europe. 22 January 2009.
  18. James Marriott, Mika Minio-Paluello. The Oil Road: Travels from the Caspian to the City. Verso Books, Sep 4, 2012; p.99
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարդուշթ Ալիզադե» հոդվածին։