Զայանդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զայանդե
Zayandeh river map.png
Զայանդեի ավազանը
Բնութագիր
Երկարություն400
Ավազանի մակերես41 500 կմ²
Ջրի ծախս38±0,001 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքԶագրոսի լեռնային համակարգ
 · Ակունքի տեղակայում32/18/12/N/52/52/03/E
 · Բարձրություն3,974 մ
ԳետաբերանԳավխունի
 · Գետաբերանի տեղակայումԳավխունի
 · Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԻրան Իրան
ԵրկրամասՍպահանի նահանգ
Zayanderood (1).JPG

Զայանդե (նաև Զայանդեռուդ; պարս․՝ زاینده‌رود; պարսկերենից թարգմանած՝ «կենսատու գետ»), Իրանական լեռնաշխարհի խոշորագույն գետը, տեղակայված է երկրի կենտրոնական հատվածում[1]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զայանդե գետի ակունքները գտնվում են Չհարմահալ և Բախտիարի նահանգի տարածքում՝ Զագրոսի լեռնային համակարգի Զարդ Քուհ լեռնաշղթայի վրա: Երկարությունը 400 կիլոմետր է՝ արևմուտքից արևելք՝ մինչև Գավխունի ճահիճը[2]: Վերջինս սեզոնային աղի լիճ է, ընկած է Սպահան քաղաքից հարավ-արևելք:

Զայանդեն դարեր շարունակ զգալի հոսք է ունեցել, ի տարբերություն Իրանի գետերի շատերի, որոնք սեզոնային են: Վերջին շրջանում Սպահան քաղաքին հասնելու համար ջրի գերշահագործման պատճառով չորանում է. 2010 թվականի սկզբին գետի ստորին հատվածները ամբողջությամբ չորացրած էին[3]:

Զայանդե գետի ավազանը ունի 41,500 քառակուսի կիլոմետր տարածք, բարձրությունը՝ 3,974 մետրից մինչև 1,466 մետր է: Ավազանի տարածքում ջերմաստիճանը տատանվում է 3° C-29° C, տեղումները՝ տարեկան 130 մմ: Զայանդե գետի ավազանում կա 270,000 հեկտար ոռոգովի հողատարածք. ջուրը մատակարարվում է ինը հիմնական հիդրավլիկ միավորներից, ինչպես նաև կողային հովիտներում կան ջրհորներ, գետակներ և աղբյուրներ: Զայանդե գետը կյանք է տվել հիմնականում Սպահանի և Յազդի նահանգներին: Մինչև չորացումը, մեկ շնչի հաշվով հասնող ջուրը օրական 240 լիտր էր քաղաքում և 150 լիտր գյուղում[4]: 1970-ական թվականներին գետի հոսքը գնահատվում էր տարեկան 1,2 խորանարդ կիլոմետր, կամ մեկ վայրկյանում 38 խորանարդ մետր[5]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը բնակություն է հաստատել Զայանդե գետի ափերին հազարավոր տարիներ առաջ: Դրա ամենավաղ ապացույցը Սպահանից հարավ-արևմուտք հայտնաբերված Ղալե Բոզի քարանձավային համալիրն է: Մոտ 40 հազար տարի առաջ հին քարի դարի նեանդերթալյան մարդկանց որսորդական խմբերը բնակվում էին այս քարանձավներում՝ որպես ապաստան: Նորքարեդարյան շրջանի է դասվում մ.թ.ա. 6-րդ հազարամյակին թվագրվող Զայանդե գետի քաղաքակրթությունը:

Զայանդե գետի ակունքներ

Զայանդե գետի ափին Մեդական թագավորության (մ.թ.ա. մոտ 700 - մ.թ.ա. 550) շրջանում կառուցվել է Ասպանդանա քաղաքը, որի մոտ Աքեմենյաններն ու Սասանյանները կառուցել են ամրություններ: Արաբական արշավանքներից հետո Սպահանը դառնում է Արաբական խալիֆայության խոշոր կենտրոններից մեկը, հայտնի դառնում որպես «Էսֆահան»: Ուշ միջնադարում այն դառնում է Իրանի խոշոր մշակութային, քաղաքական և տնտեսական կենտրոնի՝ Սպահան քաղաքի միջով: 17-րդ դարում Սեֆյանների տոհմի ազդեցիկ խորհրդատուն՝ գիտնական Շեյխ Բահային մշակել և կառուցել է ջրանցքների համակարգ, որպեսզի գետի ջուրը հասցվի քաղաքի արվարձաններ: Դա նպաստեց բնակչության և տնտեսության աճին, օգնեց քաղաքին որպես ազդեցիկ կենտրոն և կանաչ լանդշաֆտ տվեց անապատի կողքին գտնվող Սպահանին: Զայանդե գետից հարավ կառուցվում է հայկական քաղաք Նոր Ջուղան, որը քաղաքի մեծացման պատճառով դառնում է Սպահանի արվարձաններից մեկը[6]: Գետի ձախ ափին հայկական քաղաք կառուցելը պայմանավորված էր կրոնական հանգամանքով[7]:

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1960-ական թվականները Սպահանի նահանգում ջրի բաշխումը կատարվում էր 16-րդ դարում ստեղծված Թոմարի միջոցով: Այն բաժանեց Զայանդե գետի հոսքը 33 մասի, որոնք հատկացվել էին տարածաշրջանի ութ խոշոր շրջաններին: Անկախ հոսքի բարձրությունից պահպանվել է հոսքի համաչափությունը[8]: Ջուրը օգտագործվել է հիմնականում գյուղատնտեսության համար, որով Սպահանը օազիս է դարձել շրջապատող անապատային տարածքում: 20-րդ դարի կեսերին բնակչության աճը պահանջեց նոր մոտեցումներ:

1972 թվականին Չադեգան քաղաքի մոտ կառուցվում է ջրամբար, որը օժանդակելու էր ջրի հոսքի կայունացմանը և էլեկտրաէներգիա արտադրելուն: Այն նախապես կոչվել է Շահ Աբբասի ջրամբար՝ Սեֆյան Իրանի ամենանշանավոր արքայի՝ Աբբաս I Սեֆիի անունով: 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից հետո վերանվանվել է Զայանդեի ջրամբար: Արդյունքում գետի ջրերի 80 տոկոսը օգտագործվում է գյուղատնտեսության համար, 10 տոկոսը՝ մարդկանց կարիքների (4,5 միլիոն բնակչության խմելու և ներքին կարիքների համար), 7 տոկոսը` արդյունաբերության (ինչպես Զոբահանե Էսֆահանը և Ֆոլադ Մոբարեքե պողպատե ընկերությունները և Սպահանի նավթաքիմիական, գործարանների և էլեկտրակայանների) և 3%-ը այլ նպատակների համար: Քարուն գետի ջրերի վերաուղղորդման նպատակով մի շարք թունելի ծրագրեր են եղել գծվել, որի շնորհիվ ջրով ապահովվել են Սպահանի և Յազդի գավառները[9]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իրանական մշակույթ, Զայանդե գետ
  2. "Gavkhouni Lake and marshes of the lower Zaindeh Rud". Ramsar Sites Information Service. Retrieved 25 April 2018.
  3. BBC NEWS : "The Zayandeh rood river in Isfahan, one of Iran's main tourist attraction, has dried up."
  4. "Zayandeh River Basin Short Profile" International Water Management Institute, Sri Lanka
  5. Beaumont, Peter (October 1974) "Water Resource Development in Iran" The Geographical Journal 140(3): pp. 418-431, p. 427
  6. Զբոսանք Սպահանի հայկական թաղամասում
  7. Ժոզեֆ դը Տուրնըֆոր. «Հայերն աշխարհի լավագույն մարդիկն են»
  8. Beaumont, Peter (October 1974) "Water Resource Development in Iran" The Geographical Journal 140(3): pp. 418-431, p. 421
  9. Assari, Ali; Erfan Assari (2012). "Urban spirit and heritage conservation problems: case study Isfahan city in Iran" (PDF). Journal of American Science. 8 (1): 203–209. Retrieved 7 January 2013.
Սիոսեփոլ կամուրջը Զայանդե գետի վրա
Սիոսեփոլ կամուրջը Զայանդե գետի վրա