Երևանի խորհրդանիշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի խորհրդանիշերը, 1994 թվականին ընդունվել էր Երևանի զինանշանը, 2004 թվականին՝ օրհներգն ու դրոշը։

Երևանի խորհրդանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի բոլոր նշանավոր քաղաքները, որոնց հետ Երևանը քույր և համագործակցող քաղաք է ունեն իրենց խորհրդանիշները։ Նրանց հետ հանդիպումներին Երևանը երկար ժամանակ ներկայանում էր ՀՀ պետական խորհրդանիշներով, քանի որ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը լինելով չուներ իր խորհրդանիշները։ Այդ հարցը միշտ անհանգստացրել է մեր քաղաքի ղեկավարներին, բայց ամեն անգամ հետաձգվել և լուծում չի ստացել։ Վերջապես, 20-րդ դարի վերջին, հարցը ստացավ իր լուծումը և մեր սիրելի քաղաքն ունեցավ իր խորհրդանիշները։ Դրանք քաղաքի դրոշը, օրհներգը և զինանշանն են։ Առաջին լուրջ քայլերը խորհրդանիշների ստեղծման ուղղությամբ կատարվեցին 1994 թվականին։

Երևանի խորհրդանիշներն առաջին անգամ մեր համաքաղաքացիներին ներկայացվեցին 2004 թ. հոկտեմբերի 13-ին օպերայի և բալետի թատրոնի դահլիճում կայացած «Էրեբունի-Երևան» տոնակատարության հանդիսավոր նիստի ժամանակ։ Նիստը սկսվեց օրհներգով, առաջին անգամ պարզվեց դրոշը և ներկայացվեց զինանշանը։ Այնուհետև Երևանի խորհրդանիշները հանդիսավորությամբ հանձնվեցին Երևան քաղաքի պատմության թանգարանին, որտեղ էլ նրանք իրենց տեղը գտան հիմնական ցուցադրության մեջ։

Երևանի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի զինանշան
Մանրամասնություններ
ԿրիչԵրևան քաղաք
ՀաստատվածՍեպտեմբերի 27, 2004

1995 թվականին ընդունվեց Երևանի զինանշանը, որի հեղինակն էր Ալբերտ Սոխիկյանը։

Զինանշանի կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված է «ԵՐԵՎԱՆ», պատվանդանին գլուխը հետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծն է։ Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող Կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է՝ երիզված ուղղանկյունաձև վահանակով։ Գործածված են բրոնզագույն և կապույտ երանգները։

Երևանի դրոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի դրոշ
Երկիր Հայաստան
Ընդունված էՍեպտեմբերի 27, 2004
Գույներ

     Սպիտակ      Կարմիր      Բրոնզագույն

     Կապույտ

2004թ. քաղաքապետարանը շարունակելով աշխատանքներն այս ուղղությամբ, ստեղծեց օրհներգի և դրոշի մրցույթային հանձնաժողովներ։ 117 հեղինակներից ստացվեցին 162 առաջարկներ։ Առաջին մրցանակը նվաճեց Կարապետ Աբրահամյանի և Կարապետ Փաշայանի համատեղ աշխատանքը՝ դրոշը։

Այն իրենից ներկայացնում է սպիտակ գույնի ուղղանկյուն, խաղապատկեր որպես մաքրության, պարզության խորհրդանիշ, որի կենտրոնում զինանշանն է՝ շրջապատված Հայաստանի մայրաքաղաքները խորհրդանշող 12 կարմիր եռանկյունիներով։ Դրոշի և զինանշանի մայրաքաղաքային նշանակությունը ընդգծելու համար հեղինակները օգտագործել են ազգային դրոշի գույները` կարմիր, կապույտ, ծիրանագույն։ Դրոշը, որպես մայրաքաղաքի խորհրդանիշ հաստատվել է Երևանի խորհրդի կողմից 2004 թվականի սեպտեմբերի 27-ին։

Դրոշի լայնության և երկարության հարաբերությունը 1։2 է։

Երևանի օրհներգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի օրհներգ հաստատվեց Պարույր Սևակի խոսքերով և Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ գրված «Էրեբունի Երևան» երգը, որ առաջին անգամ կատարվել էր քաղաքի 2750-ամյակի տոնակատարության ժամանակ։

«Էրեբունի-Երևան»

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։

Կրկներգ
Երևան դարձած իմ Էրերունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևան։

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ,
Մեր կանչն առանց քեզ ՝իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի։

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզնով հարբել,
Տաք է սերը մեր ՝շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։