Եվրոպական խլուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպական խլուրդ
Talpa europaea MHNT.jpg
Խլուրդ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Սրընչակակերպներ
Ընտանիք Խլուրդներ
Լատիներեն անվանում
Talpa europaea
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 179962
NCBI 9373


Եվրոպական խլուրդ կամ սովորական խլուրդ (լատ.՝ Talpa europaea), կաթնասուն խլուրդների ընտանիքից:

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կմախք

Արտաքին տեսքով սա սովորական խլուրդ է: Մարմնի երկարությունը 12-16 սմ, պոչի երկարությունը 2-4 սմ, զանգվածը՝ 70-119 գրամ: Աչքերը փոքր են, բայց արտաքին տեսանելի, քանի որ աչքի ներքևում մաշկի մեջ կա նեղ ճեղք 0,5-1 մմ (Կովկասում բնակվող խլուրդների մեծ մասի ականջները ծածկված են մաշկով): Արտաքին ականջ չունի: Բուրդը թավշյա է, աճում է դեպի վերև, ոչ թե առաջ կամ հետ, որն էլ օգնում է խլուրդին տեղաշարժվել ստորգետնյա թունելներով ցանկացած ուղղությամբ: Մորթու գույնը սև է, մարմնի ներքևի հատվածը ավելի բաց է: Երիտասարդ խլուրդների մորթու գույնն ավելի խամրած է: Երբեմն հանդիպում են գունային շեղումներ: Պոչի մազերը կատարում են շոշափելի գործառույթ, նրանց շնորհիվ խլուրդն իր թունելներում կարողանում է հետընթաց շարժվել:

Խլուրդի դիմացի թաթերն իսկական բահեր են: Դրանք թեքված են ափերով ներքև այնպես, որպեսզի հեշտ լինի փորել դիմացի հողը և այն հետ նետել: Խլուրդի թաթի մատերը ծածկված են ընդհանուր մաշկով և վերջանում են ճանկերով:

Խլուրդի մորթին կարճ է, փափուկ, հավասարապես տարածված և՛ առաջ, և՛ հետ: Խլուրդների ամենալավ մորթին լինում է հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբեր:Ապրիլից մինչև հունիս, սկզբից էգերի, այնուհետև արուների մոտ տեղի է ունենում ձմեռային մորթուց անցում ավելի ցածր գարնանային մերթու, որն էլ պահպանվում է մինչև հուլիսի կեսեր:Հուլիսի վերջից մինչև օգոստոսի սկիզբ առաջինը իրենց մորթին փոխում են երիտասարդ խլուրդները: Տարվա գրեթե ողջ տաք եղանակները տեղի է ունենում մորթու փոխում:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական խլուրդը տարածված է Եվրոպայում, Եվրոպական Ռուսաստանի միջին հատվածում, Հյուսիսային Կովկասում, Ուրալում և Սիբիրում, արևելքում հասնելով Լենայի ավազան: Արեալի հյուսիսային սահմանն անցնում է տայգայով, հարավայինը՝ անտառատափաստանով:

Ապրելակերպ և սնուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլուրդն անտառների և գետերի հովիտների տիպիկ բնակիչ է: Զբաղեցնում է զանազան ապրելավայրեր. անտառի եզրեր, մարգագետիններ, դաշտեր, այգիներ: Տայգայի և չոր տափաստանների ջրբաժաններում հազվադեպ է հանդիպում, իսկ կիսաանապատներում, անապատներում, անտառային տունդրաներում և տունդրաներում ընդհանրապես չի հանդիպում: Խուսափում է ստորերկրյա ջրերով հարուստ տարածքներից, չի սիրում ավազոտ հող:

Խլուրդը սնվում է հողում բնակվող անողնաշարավորներով, որոնց շարքում գերակշռում են անձրևաորդերը: Քիչ քանակությամբ նաև ուտում է միջատներ: Խլուրդը նաև կարող է ուտել փոքր ողնաշարավոր (մուկ, մողես, գորտ), եթե այն անշարժ է: Խլուրդը կարող է ուտել միանգամից 20-22 գ անձրևաորդ. օրվա մեջ 50-60 գ կեր, որը մի փոքր ավելի քիչ է սեփական քաշից: Խլուրդը սնվում է օրվա մեջ մի քանի անգամ, որովհետև սնունդն իր օրգանիզմում մարսվում է 4-5 ժամում: Խլուրդը սոված կարող է մնալ 14-17 ժամից ոչ ավել, որից հետո մահանում է: Ձմռան համար հավաքում է պաշար, որը հիմնականում բաղկացած է անձրևաորդերից, որոնց գլուխը սկզբից ուտում է: Խլուրդների բներում հայտնաբերել են մի քանի հարյուր անշարժացած որդեր: Խլուրդի ձմեռային սննդի բաղադրությունը չի տարբերվում ամառայինից, սակայն ձմռանը սննդի անհրաժեշտությունը նվազում է:

Հասուն խլուրդները կռվարար են, հարձակվում են իրենց տարածք մուտք գործածների վրա և կարող են նույնիսկ կծելով սպանել նրանց: Նրանց թշնամիներն են աղվեսները, կզաքիսները, աքիսները, գիշատիչ թռչունները (բվեր, ճուռակներ և այլն): Խլուրդները հիվանդանում են տուլարեմիայով: Կյանքի տևողությունը 4-5 տարի:

Թունելների համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական խլուրդի գետնային անցումների համակարգը

Խլուրդն իր ամբողջ կյանքն անցկացնում է ստորգետնյա անցումներում: Խլուրդների ստորգետնյա անցումները լինում են երկու տեսակի. բնակելի և սնման: Մի գիշերվա ընթացքում խլուրդը կարող է փորել մինչև 50 մ երկարությամբ անցում: Նրա բունը գտնվում է 1,5-2 մ խորության վրա, սովորաբար պաշտպանված վայրում. ծառերի և թփերի արմատների միջև, կոճղերի, քարերի և կառույցների տակ:

Խլուրդներն ակտիվ են ամբողջ տարին, ձմռանը հաճախ թունելներ է բացում ձյան տակ, որտեղ հավաքվում են անողնաշարավորները: Խիստ ցուրտ ձմռանը, երբ որ հողը սառչում է կես մետրից ավել խորությամբ, հիմնականում խլուրդները մահանում են սովից: Անբարենպաստ են նրանց համար նաև երաշտները: Հասուն խլուրդները որպես օրենք կապված են լինում իրենց տարածքի հետ և միշտ վերադառնում են: Երիտասարդ խլուրդները հեռանում են իրենց հայրենի բնակավայրից մոտ 2 կմ:

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիությունը տևում է 35-40 օր. կույր, մերկ, անպաշտպան 2-3 գ քաշով երեխաները ծնվում են ապրիլի սկզբից մինչև հունիսի առաջին կես: Սովորաբար տարվա մեջ ունենում են մեկ պտուղ. երկրորդը ունենում են հասուն էգերի միայն 20-25 %: Ամսական տարիքում երիտասարդ խլուրդները հասնում են գրեքե հասուն խլուրդի չափերին: Հասակի աճի հետ նրանք դառնում են կռվարար: 1-1,5 ամսական երիտասարդ խլուրդները լքում են իրենց մայրական բունը և սկսում են փնտրել տարածք, որը զբաղված չէ այլ խլուրդներով:

Թվաքանակ և տնտեսական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խլուրդների թիվը մեծ է և նրանք չեն պատկանում պաշտպանվող տեսակների դասին: Սա այն սակավաթիվ միջատակերներից է, որի արժեքը մորթին է: XIX դարից ամուր, թավշյա խլուրդի մորթին արդյունահանվում էր մեծ քանակությամբ: Ներկա պահին տնտեսական մի շարք պատճառներով խլուրդն առևտրական որևէ նշանակություն գրեթե չունի:

Խլուրդներն օգուտ են բերում՝ վերացնելով վնասակար միջատներին և փոխելով հողի կառուցվածքը. հարստացնելով օրգանական նյութերով: Շատ տարիներ հողը փորելով՝ խլուրդները հանգեցնում են հողի բարելավմանը. ավելցուկային խոնավությունն անցնում է հողի ավելի ստորերկրյա շերտեր: Միևնույն ժամանակ խլուրդը համարվում է վնասատու գյուղատնտեսության և այգեգործության համար: Անցումներ փորելով՝ նա վնասում է բույսերի արմատները, այդպիսով խախտում նրանց նորմալ սնուցումը և հաճախ հանգեցնում մահվան: Խլուրդները նաև ոչնչացնում են հողի համար օգտակար անձրևաորդերին: Խլուրդների դեմ պայքարում են տարբեր միջոցներով, այդ թվում նաև ուժեղ հոտերի օգնությամբ (խլուրդների բներում դնելով կտրատած սոխ, սխտոր, կերոսինով թրջած կտորներ և այլն) կամ ձայնային ալիքների:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]