Եվագր Պոնտացի

Եվագր Պոնտացի (հուն․՝ Εὐάγριος, ὁ Ποντικός, 346—399), քրիստոնյա աստվածաբան, բյուզանդացի փիլիսոփա, վանական ճգնակյաց, եկեղեցական մատենագիր։ Հայ առաքելական եկեղեցու սուրբ։
Ուսանել է Կեսարիայում, աշակերտել Բարսեղ Կեսարացուն, ապա՝ Գրիգոր Նազիանզացուն, բարեկամական սերտ կապեր է ունեցել նաև Գրիգոր Նյուսացու հետ։ Նրանցից սովորել է բնական գիտություններ, իմաստասիրություն, աստվածաբանություն, Սուրբ Գրոց գիտություն և հռետորություն։ 379–380-ին Գրիգոր Նազիանզացին նրան ձեռնադրել է գլխավոր սարկավագ, միասին մասնակցել են Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովին։ 381–385-ին եռանդուն գործունեություն է ծավալել Բյուզանդիայում։ Իբրև ուղղափառության ջատագով պայքարել է ժամանակի տարածված աղանդների՝ արիոսականների, ապողինարիանների, եվնոմիանների դեմ։ Կապադովկյան հայրերի պես հրապուրվել է Որոգինեսի ժառանգությամբ, կատարել թարգմանություններ նրա երկերից։ 385-ին գնացել է Երուսաղեմ, ապա առանձնացել Եգիպտոսի Սկիտ անապատում, աչքի ընկել իր խստակեցությամբ։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվագր Պոնտացին գրել է ճգնակեցական բնույթի բազում գործեր։ Նրա գրչին են պատկանում հարատև պայքարը զանազան կրքերի դեմ պատկերող գործնական ճգնակեցական հրահանգները։ Սրա շարունակությունն է «Գնոստիկը». այստեղ նկարագրել է վանական–գնոստիկի բարձրագույն ճանապարհը, որը տանում է դեպի Աստծո ճանաչողություն։ Աղոթքի և հայեցողության հարաբերակցությանն է նվիրված «Աղօթքի մասին» երկը։ «Հարիւրաւորքն վեցերորդք» 600 կարճառոտ խորհրդածություններից բաղկացած ժողովածուում քննարկել է դավանական և ճգնակեցական խնդիրներ։ Եվագր Պոնտացու քրիստոսաբանությունը ներկայացնող այս երկը մեզ է հասել հայկական և ասորական թարգմանություններով։ Եվագր Պոնտացու վարդապետության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում աղոթքի տեսությունը։ Ճգնակյաց վանականի գլխավոր զբաղմունքը աղոթքն է։ Քրիստոսին հետևել նշանակում է անդադար աղոթել՝ ինչպես ավանդել է Պողոս առաքյալը (Ա Թեսաղոնիկի 5.17): Եվագր Պոնտացուն էպատկանում «մտային աղօթք» հասկացությունը որ «բանականության հարատև հաղորդակցումն է Աստծուն» («Աղօթքի մասին»)։
Եվագր Պոնտացու երկերի հայերեն թարգմանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվագր Պոնտացու հոգևոր ժառանգությունը հայերեն է թարգմանվել 5-րդ դարում, հունարենից։ Նրա հոգեղեն խրատներն ու հրահանգներն իրենց որոշակի ազդեցությունն են թողել հայ միջնադարյան մտքի վրա։ Նրանից մեծապես օգտվել են Սահակ Ա Պարթևը, Եզնիկ Կողբացին, Հովհաննես Ա Մանդակունին, Վարդան Արևելցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ։ Նրա երկերի հետևողությամբ հայ հեղինակներ Գրիգոր Բ Վկայասերը, Մատթեոս Ջուղայեցին, Կիրակոս Երզնկացին գրել են աշխատություններ, հորինել լուծմունքներ։ Եվագր Պոնտացու երկերից իմաստախոսական բնույթի քաղվածքներ են բերված Աղեքսանդր Ա Ջուղայեցու կազմած «Վկայութիւնք պիտանիք եւ հարկաւորք...» աշխատության մեջ։
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: ![]() |