Ելիզավետա Շահխաթունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելիզավետա Շահխաթունի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 20, 1911(1911-12-20)[1]
ԾննդավայրԵրևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 28, 2011(2011-10-28) (99 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲերկովեցկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1935)[1], Երևանի պետական համալսարան և Ազգային ավիացիոն համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունճարտարագետ և դասախոս
ԱշխատավայրՅակովլև[1], Antonov?[1] և Ազգային ավիացիոն համալսարան[1]
ԱմուսինՕլեգ Անտոնով
Պարգևներ և
մրցանակներ

Ելիզավետա Ավետի Շահխաթունի (դեկտեմբերի 20, 1911(1911-12-20)[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 28, 2011(2011-10-28), Կիև, Ուկրաինա), հայ խորհրդային ճարտարագետ-ավիակոնստրուկտոր։ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1962)։ Ավիակոնստրուկտոր Օլեգ Անտոնովի երկրորդ կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետա Շահխաթունին ծնվել է 1911 թվականի դեկտեմբերի 22-ին, Երևանում։ Հայրը՝ Ավետիս Տիգրանի Շահխաթունյանը, 20-րդ դարի սկզբի անդրկովկասյան քաղաքական գործիչ էր, Դաշնակցության գաղափարակիրներից մեկը։ Մայրն ուսուցչուհի էր[2]։

Դպրոցն ավարտելուց հետո Ելիզավետա Շահխաթունին երկու տարի սովորել է Երևանի պետական համալսարանի ինժեներական ֆակուլտետում։ 1930 թվականին ընդունվել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի միանգամից երկրորդ կուրս։ Հաճախել է սավառնորդների խմբակ։ 1935 թվականին ավարտելով ուսումը՝ սկսել է աշխատել ավիաարդյունաբերությունում՝ որպես սպառազինության և սարքավորումների մասնագետ՝ հայտնվելով Իլյուշինի ինքնաթիռներ արտադրող գործարանում[3]։

Պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքը, նկատի ունենալով Շահխաթունու հակումը դեպի ամրության հաշվարկները, նրան դուր չէր գալիս, և կես տարի անց նա տեղափոխվեց քաղաքացիական ձեռնարկություն՝ սավառնակների փոքր գործարան Տուշինոյում, որտեղ աշխատեց 1937-1939 թվականներին։ Այնտեղ նա ծանոթացավ կոնստրուկտորական բյուրոյի ղեկավար, հայտնի ինքնաթիռաշինարար Օլեգ Անտոնովի հետ։ Պատերազմի տարիներին այդ կոնստրուկտորական բյուրոն ստեղծել է դեսանտային սավառնակ, այնուհետև՝ քարշիչային կրկնաթև սավառնակ («Տանկի թևեր»), որը նախատեսված էր զրահապատ մեքենաների օդային փոխադրման համար։ Այս նախագծում Ելիզավետա Շահխաթունին հաշվարկել էր թևերի և տանկի թրթուրների ամրությունը, որպեսզի նրանք վայրէջքի ժամանակ չվնասվեին[3]։ Պատերազմը սկսվելու հետ մեկտեղ կոնստրուկտորական բյուրոն, ըստ էության չսկսելով աշխատել, շտապ տարհանվեց Մոսկվա։ Նույն թվականին Շահխաթունին ընդունվեց Ալեքսանդր Յակովլևի անվան փորձարարական-կոնստրուկտորական բյուրո, որտեղ էլ բարեհաջող աշխատեց մինչև 1945 թվականը։ Այնտեղ նա մասնակցել է Յակ-7, Յակ-9, Յակ-3, Յակ-15, Յակ-18 ինքնաթիռների ստեղծմանը։

1941 թվականին Անտոնովը Կաունասում, տրամվայների նախկին գործարանի հիման վրա, սավառնակների արտադրության կազմակերպման առաջադրանք էր ստացել, որտեղ մարդկանց հավաքագրելիս, կոնստրուկտորական բյուրո հրավիրեց նաև Շահխաթունուն։ Որոշ ժամանակ անց, պատերազմի նախօրեին, Օլեգ Անտոնովը և Ելիզավետա Շահխաթունին ամուսնացան։

Հետպատերազմյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ան-2 («կուկուրուզնիկ») ինքնաթիռը

Պատերազմի ավարտից հետո՝ 1946 թվականին, Անտոնովը նշանակվեց նախագծային բյուրոյի Նովոսիբիրսկի մասնաճյուղի գլխավոր կոնստրուկտոր, որտեղ առաջադրանք ստացավ ստեղծելու ինքնաթիռ գյուղատնտեսական կարիքների համար։ Որոշ ժամանակ անց հայտնվեց СХА-1 կրկնաթև ինքնաթիռը (Ան-2-ի փորձնական տարբերակը), որն ավելի ուշ ժողովուրդը կոչեց «կուկուրուզնիկ»։ Ինքնաթիռի ամրության հաշվարկն իրականացրել էր Շահխաթունու ղեկավարած բաժինը։

Շուտով Անտոնովի ղեկավարած կոնստրուկտորական բյուրոն փոխադրվեց Կիև, որտեղ կազմակերպվեց ռազմատրանսպորտային և ուղևորատար ինքնաթիռների արտադրություն։ Ելիզավետա Շահխաթունին, արդեն լինելով պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր հանդես էր գալիս որպես այդ ինքնաթիռների ամրության և անվտանգության պատասխանատու։ Այդ ինքնաթիռների հաշվարկը իրականացվել էր նրա կողմից։

1955 թվականին ստեղծվեցին նոր Ան-8, իսկ ավելի ուշ Ան-10 և Ան-1 ինքնաթիռները։ Նրանց ամրության հաշվարկը կատարել էր «պողպատյա հայուհու» ղեկավարած կոլեկտիվը։ Նա մասնակցել է նաև Ան-12, Ան-14, Ան-24, Ան-26, Ան-28, Ան-30, Ան-32 և այլ ինքնաթիռների ստեղծմանը։ Բայց նրա ղեկավարած կոլեկտիվի գլխավոր հաջողությունը Ան-22 «Անթեյ» ինքնաթիռի ամրության հաշվարկն էր։ «Անթեյն» ուներ ավելի քան 250 տոննա քաշ և կարող էր օդ բարձրացնել մինչև 80 տոննա բեռ։ Հետագայում այդ ինքնաթիռով սահմանվեց 41 համաշխարհային ռեկորդ, ներառյալ առավելագույն բեռնատարողության ռեկորդը[3]։ Այդ ինքնաթիռի ստեղծման համար Շահխաթունին արժանացավ Լենինյան մրցանակի[4]։

Ան-22 «Անթեյ» ինքնաթիռը

Ելիզավետա Շահխաթունին նաև դասավանդել է Կիևի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելիզավետա Շահխաթունին մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 28-ին, Կիևում։ Հոկտեմբերի 30-ին հայկական մատուռում տեղի է ունեցել նրա եկեղեցական հոգեհանգիստը։ Հաջորդ օրը Անտոնովի անվան գործարանի վարչական շենքում կայացել է քաղաքացիական հոգեհանգիստը, որից հետո խորհրդային անվանի կոնստրուկտորը թաղվել է «Բերկովցի» քաղաքային գերեզմանատանը։

Հուղարկավորման արարողությունը հայկական ծիսակարգով կատարել են արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը և տեր Հովհաննես քահանան։ Ելիզավետա Շահխաթունու գերեզմանին ավելացրել են հայրենի Հայաստանից բերված մի բուռ հող[2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ է գրել տուրբապտուտակային շարժիչներով ինքնաթիռների և պլաներների կայունության հաշվարկների մասին։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 425.
  2. 2,0 2,1 Киевская армянская община // Умерла Елизавета Шахатуни Արխիվացված 2015-07-22 Wayback Machine
  3. 3,0 3,1 3,2 Асканаз АБРААМЯН // Собеседник Армении // Запас прочности Елизаветы Шахатуни Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  4. «Վախճանվել է հայտնի ավիակոնստրուկտոր Ելիզավետա Շահատունին». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 425