ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1994
Ուսանողներ1400
Երկիր Հայաստան
ՀասցեՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան 4001, Ուսանողական 3
Կայքijevan.ysu.am

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ (հակիրճ՝ ԵՊՀ ԻՄ), բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հիմնադրվել է 1994 թ.՝ Իջևանի տարածաշրջանային քոլեջի բազայի վրա։ Ելնելով բարձրագույն կրթության զարգացման հեռանկարներից և Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների կադրային պահանջներից, հաշվի առնելով ժողպատգամավորների Իջևանի շրջանային խորհրդի խնդրանքը՝ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեի կոլեգիան 1991 թ. հոկտեմբերի 10-ին որոշում է Իջևանում ստեղծել տարածաշրջանային բազմաճյուղ քոլեջ։ Տնօրեն է հաստատվում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Կարայանը։ Ճշտվում են կրթօջախի կարգավիճակն ու կառուցվածքը։ 1991 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ ԲԿԳ պետական կոմիտեի կոլեգիան որոշում է կայացնում հաստատության գործունեությունը ծավալել հետևյալ ֆակուլտետներով՝

  • Բնական գիտությունների ֆակուլտետ,
  • Տնտեսագիտության ֆակուլտետ,
  • Հումանիտար գիտությունների և կիրառական արվեստի ֆակուլտետ[1]։

Հաստատության կանոնադրությամբ, որը ՀՀ ԲԿԳ կոմիտեն հաստատեց 1991թ. նոյեմբերի 11-ին, սահմանված էր, որ Իջևանի տարածաշրջանային քոլեջը «բարձրագույն ուսումնական և գիտական պետական հաստատություն է, որը ՀՀ հյուսիսարևելյան շրջանի մայր ԲՈՒՀ-ն է և իրականացնում է կրթության շարունակականության և ուսուցման ձևերի այլընտրական սկզբունքները գլխավորապես բարձրագույն կրթության քառաստիճան համակարգի երկրորդ աստիճանին համապատասխան»։

Նորաստեղծ կրթօջախը ներառում էր հիմնականում պետբյուջետային հիմունքներով գործող բաժիններ, սակայն ժամանակի ոգուն համապատասխան արտոնված էր նաև տնտհաշվարկի և ինքնաֆինանսավորման սկզբունքներով իրագործելու օժանդակ գործունեություն` կրթության ու գիտության ասպարեզներում։ Ըստ ժամանակավոր կանոնադրության` քոլեջը կոչված էր ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում բարձրացնել գիտամշակութային, քաղաքական և տնտեսական մակարդակը` այնտեղ ստեղծելով արդիական կայուն և բարձրակարգ գիտամշակութային մթնոլորտ, մտավորականության տեղական դպրոց, կասեցնել սահմանամերձ շրջաններից երիտասարդության արտահոսքը, պատրաստել խոր գիտելիքներով և բազմակողմանի ունակություններով օժտված, ազգային և համամարդկային մշակույթի ավանդներին նվիրված մասնագետներ, նպաստել առավել աչքի ընկնող ուսանողների ուսման շարունակմանը` բարձրագույն կրթության համակարգի հետագա աստիճաններում[1]։

1991 թ. դեկտեմբերի 9-ին արձակվում են ուսումնական գործին վերաբերող անդրանիկ հրամանները։ Նույն օրն էլ տնօրեն Հ. Կարայանի ողջույնի խոսքով տեղի է ունենում կրթօջախի առաջին զանգի հանդիսավոր արարողությունը։ Ուսումնական գործընթացը կազմակերպելու համար Իջևանի տարածաշրջանային քոլեջի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմը հրավիրվում է մայրաքաղաքից։ Նրանց թվում էին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Գրիգոր Ավագյանը, գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վալերի Տեր-Անտոնյանը, Ռոլանդ Ավագյանը, Մարտին Աբրահամյանը, Իշխան Խաչատրյանը, Վիդոկ Մուսոյանը, Յուրի Մովսիսյանը, Արտաշես Պապոյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Միքայել Հովսեփյանը, Վլադիմիր Աբրահամյանը, նաև գիտությունների տասնյակ թեկնածուներ։

Հայաստանի կառավարության՝ 1992 թ. հունվարի 11-ի որոշմամբ նոր կրթօջախը պիտի ունենար բուհական համակարգին բնորոշ կառուցվածք, և տնօրենի հրամանով ձևավորվում է չորս ֆակուլտետ՝

Գիտական խորհրդի որոշմամբ ֆակուլտետների կազմում ձևավորվեցին մասնագիտական ամբիոններ։ Ամբիոնների քանակը և անվանումները ժամանակի ընթացքում փոփոխվել են որևէ այլ մասնագիտության կադրերի պատրաստումը սկսելու կամ դադարեցնելու հիմնավորումով։ Քոլեջի կանոնադրությանը համապատասխան՝ գործում էր ուսումնառության երկաստիճան համակարգ։ Այսինքն՝ «լավ» և «գերազանց» գնահատականներ ստացած ուսանողները 3-րդ կուրսից կարող էին շարունակել մասնագիտական կրթությունը բուհական ծրագրերով և ստանալ բակալավրի դիպլոմ։ Ցածր առաջադիմությամբ սովորող ուսանողները, 3-րդ կուրսում ստանալով ամփոփիչ մասնագիտական կրթություն և ավարտելով եռամյա դասընթացները, ստանում էին դիպլոմ՝ կրտսեր մասնագետի որակավորմամբ։ Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանի համաձայնությամբ տնօրեն Հ. Կարայանը 1994 թվականի ապրիլի 14-ին գրությամբ դիմում է ՀՀ ԲԿ նախարար Վարդգես Գնունուն.

«Ելնելով հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալ–տնտեսական իրավիճակից, որն իր ազդեցությունն է թողնում կրթօջախի գործունեության վրա, Իջևանի տարածաշրջանային քոլեջի կոլեկտիվը խնդրում է ԲԿ նախարարության կոլեգիայում քննարկել քոլեջի հիման վրա Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ձևավորման նպատակահարմարության հարցը»։

Միաժամանակ հանրապետության հյուսիսարևելյան տարածաշրջանը բարձրագույն կրթությամբ մասնագետներով ապահովելու և երիտասարդության արտահոսքը կանխելու մտահոգությամբ հանդես են գալիս նաև Երևանի պետական համալսարանի ռեկտորատը և Իջևանի շրջխորհրդի գործադիր կոմիտեն։ Դրանց հիման վրա ՀՀ ԲԿ նախարարության կոլեգիան 1994 թ. ապրիլի 29-ին որոշում է.

«Նպատակահարմար համարել Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորել որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ»։

Հայաստանի կառավարության՝ 1994 թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվում է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ։ Կրթօջախում կատարվում են կառուցվածքային նոր փոփոխություններ, հաստատությունն ավարտում են եռամյա կրթությամբ առաջին շրջանավարտները։ Ֆակուլտետների թիվը մնաց անփոփոխ, բայց որոշակի փոփոխությունների ենթարկվեցին ամբիոնները, վարիչները և դասախոսական կազմը։

Այդ փոփոխությունները տնօրենի՝ 1995 թ. հունվարի 1-ի հրամանով վերահաստատվել էին մասնաճյուղի ղեկավար և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաստիքային ցուցակով.

  1. Կարայան Համլետ՝ տնօրեն, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
  2. Մակարյան Անուշավան՝ ուսումնական հարցերի գծով փոխտնօրեն,
  3. Անանյան Գարուշ՝ տնտեսական հարցերի գծով փոխտնօրեն,
  4. Թումանյան Վարդան՝ գիտական քարտուղար, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
  5. Ավագյան Ռոլանդ՝ Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
  6. Աղուզումցյան Ռուբեն՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ,
  7. Առաքելյան Սամվել՝ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու,
  8. Կարապետյան Պողոս՝ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան[1]։

1995 թ. ամռանը մասնաճյուղը տալիս է բակալավրական կրթությամբ իր առաջին շրջանավարտները՝ թվով 59 մասնագետ։ 1996 թ. ապրիլից մինչև 2000 թ. հոկտեմբեր ամիսը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ղեկավարում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Շավարշ Սեդրակի Մարգարյանը։ Պատրաստվող կադրերի որակը բարձրացնելու, ինչպես նաև ֆակուլտետների ու ամբիոնների աշխատանքներն արդյունավետ դարձնելու նպատակով մասնաճյուղի գիտական խորհրդի՝ 1996 թ. մայիսի 18-ի որոշմամբ մի քանի ամբիոններ լուծարվում են և անվանափոխվում. մասնաճյուղում ձևավորվում են 13 ամբիոններ։

1996-97 ուստարում՝ մինչև դեկանների ընտրության նոր մրցույթի անցկացումը, նշանակվում են ֆակուլտետների դեկանների նոր պաշտոնակատարներ.

  • Մկրտչյան Օնիկ՝ ուսումնական հարցերի գծով փոխտնօրեն, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ,
  • Առաքելյան Սամվել՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու,
  • Խուդավերդյան Նելլի՝ Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տեխն. գիտ. թեկնածու,
  • Սարգսյան Սպարտակ՝ Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, Հայաստանի նկարիչների միության անդամ[1]։

Մասնաճյուղում գործում էին հետևյալ ամբիոնները՝

  1. Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի,
  2. Ընդհանուր ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության,
  3. Տնտեսագիտության տեսության և ընդհանուր տնտեսագիտության,
  4. Ֆինանսների, հաշվապահական հաշվառման և վիճակագրության,
  5. Բանասիրության և հայոց լեզվի,
  6. Պատմության և հասարակագիտության,
  7. Հոգեբանության և մանկավարժության,
  8. Օտար և ռուսաց լեզուների,
  9. Իրավագիտության,
  10. Դեկորատիվ-կիրառական արվեստի,
  11. Արվեստի պատմության և ազգագրության,
  12. Ֆիզիկական կուլտուրայի և քաղպաշտպանության[1]։

2000-2018 թթ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ղեկավարել է պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Առաքելյանը։ Հայաստանի կառավարության՝ 2014 թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ՝ «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է հիմնադրամի, ըստ այդմ՝ մասնաճյուղը վերանվանվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ։

2018 թ. հունիսից մինչև 2019 թ. օգոստոսը մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարն էր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտակ Վոլոդյայի Ցուցուլյանը։ 2019 թ. սեպտեմբերից ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատարն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անուշավան Հայկարամի Մակարյանը։ Վերջին տարիները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համար հատկանշվում են որպես կրթական բարեփոխումների շրջան։ Շարունակվում են հետևողական աշխատանքները ուսումնագիտական գործընթացի կայունացման և զարգացման ուղղությամբ։ Կատարելագործվում են ուսումնական ծրագրերն ու պլանները՝ որպես ուսուցման նորացման կարևոր պայման և երաշխիք[1]։

Իր 29-ամյա գործունեության ընթացքում ԵՊՀ ԻՄ-ը տվել է ավելի քան 7000 (7154) շրջանավարտ, որոնց մեծամասնությունը հաջողությամբ աշխատում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, պետական և հանրային կառույցներում, բանկային համակարգում և այլն։ Ավելի քան մեկ տասնյակ շրջանավարտներ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն, աշխատում են մասնաճյուղում։ Իր ռազմավարական նպատակների իրականացման շրջանակներում մասնաճյուղը միտված է տալու բարձրորակ կրթություն, աջակցելու տարածաշրջանի գիտական, մտավոր, կրթական, տնտեսական և մշակութային առաջընթացին, ստեղծելու տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայր, տրամադրելու բարձրորակ և արդյունավետ օժանդակ ծառայություններ։

ԵՊՀ ԻՄ-ի գործունեության հիմնական խնդիրը համալսարանական կրթության բովանդակության և ուսման բարձր որակի ապահովումն է։ Բուհում հետևողական աշխատանքներ են տարվում ուսումնագիտական գործընթացի, մասնավորապես՝ ուսումնական ծրագրերի ու պլանների կատարելագործման ուղղությամբ։ Մասնաճյուղն իրականացում է ԵՊՀ ծրագրերին համապատասխան՝ առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրական կրթություն[1]։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊՀ ԻՄ-ի գործունեության գերակա նպատակներից է հայագիտության, հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և բնական գիտությունների ու մշակույթի զարգացումը տարածաշրջանում։ Դրանից ելնելով՝ բուհում գործում է 4 ֆակուլտետ՝

  • Բնական գիտությունների,
  • Հումանիտար գիտությունների,
  • Տնտեսագիտության,
  • Կիրառական արվեստի[1]։

Ամբիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնական գիտությունների ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության) և իրականացնում է 2 կրթական ծրագիր («Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»)։ Ֆակուլտետում գործում են Թվային անվտանգության, Բնագիտության և համակարգչային տեխնիկայի ուսումնագիտական լաբորատորիաներ։
  • Հումանիտար գիտությունների ֆակուլտետն ունի 4 ամբիոն (Հայոց պատմության և հասարակագիտության, Հայոց լեզվի և գրականության, Մանկավարժության և հոգեբանության, Օտար լեզուների), 2 սեկցիա (Ռուսաց լեզվի և գրականության, Ֆրանսերեն լեզվի և գրականության) և իրականացնում է 7 կրթական ծրագիր («Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»)։
  • Տնտեսագիտության ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Ընդհանուր տնտեսագիտության, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության) և իրականացնում է 2 կրթական ծրագիր («Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Զբոսաշրջություն»)։
  • Կիրառական արվեստի ֆակուլտետն ունի 2 ամբիոն (Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի, Գծանկարի, գունանկարի և քանդակի) և իրականացնում է 2 կրթական ծրագիր («Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Դիզայն»)։ Ֆակուլտետում գործում է 7 արվեստանոց՝ Գծանկարի և գունանկարի, Տեքստիլի, Դիզայնի, Հագուստի մոդելավորման, Խեցեգործության, Քանդակի, Փայտի գեղարվեստական մշակման[1]։

Հեռակա ուսուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականից մասնաճյուղը իրականացնում է հեռակա ուսուցման 5-ամյա բակալավրական կրթություն՝ 8 կրթական ծրագրերով.

  • «Հայոց լեզու և գրականություն»,
  • «Պատմություն»,
  • «Հոգեբանություն»,
  • «Տարրական մանվարժություն և մեթոդիկա»,
  • «Ֆինանսներ (ըստ ոլորտի)»,
  • «Զբոսաշրջություն»,
  • «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»,
  • «Բնապահպանություն և բնօգտագործում»[1]։

Ուսանողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս մասնաճյուղի 4 ֆակուլտետներում առկա ուսուցման 12 կրթական ծրագրերով ուսանում է 635 ուսանող, հեռակա ուսուցման համակարգում 6 մասնագիտությունների գծով սովորում է 480 ուսանող (որից 13-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրով)[1]։

Ուսանողական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊՀ ԻՄ Ուսանողական գիտական ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) հիմնադրվել է 2002 թվականի հունվարին։ Մասնաճյուղի ՈՒԳԸ-ն ԵՊՀ ՈՒԳԸ ինքնավար ստորաբաժանում է։ Այն մասնաճյուղի ուսանողներին միավորող ներկայացուցչական մարմին է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ գործող օրենսդրությանը, ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությանը, ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ կանոնադրությանը և աշխատակարգին համապատասխան։ Այն նպաստում է ուսանողության կրթական, գիտական, ստեղծագործական և հոգևոր-մշակութային զարգացմանը[2]։

Կազմակերպում է գիտական և գիտահանրամատչելի դասախոսություններ, գիտաժողովներ, կոնֆերանսներ, սեմինարներ, քննարկումներ, բանավեճեր, ցուցահանդեսներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ և այլ տիպի միջոցառումներ։ ՈՒԳԸ անդամները մասնակցում են Հայաստանում անցկացվող բազմաբնույթ սեմինարների, մրցույթների, գիտաժողովների։ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ-ն նաև հրատարակում է ուսանողների գիտական աշխատանքները։ Ընկերությունն իր կառուցվածքային սկզբնական օղակներն ունի ֆակուլտետներում։ Ֆակուլտետների ՈՒԳԸ-ների նախագահներն ի պաշտոնե ֆակուլտետի խորհրդի, իսկ մասնաճյուղի ՈՒԳԸ նախագահը` ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի անդամներ են[2]։

Հիմնադրումից սկսած՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությունը ղեկավարել են Էդիտա Սիմոնյանը (2002թ.), Ասպրամ Կիսկինյանը (2004թ.), Նարեկ Սահակյանը (2005 թ.), Արթուր Էդիլյանը (2007 թ.), Շահեն Հախվերդյանը (2008 թ.), Նաիրի Սահակյանը (նոյեմբեր 2009թ.), Սլավիկ Ալավերդյանը (փետրվար 2012թ.), Արա Հովսեփյանը (սեպտեմբեր 2013 թ.), Ալբերտ Զուրաբյանը (մարտ 2015 թ.), Հրանտ Ղարագյոզյանը (հոկտեմբեր 2017թ.), Մեդորա Ասիլյանը (փետրվար 2020թ.), 2022թ. մարտից ՈՒԳԸ նախագահն է Անի Թիրաբյանը։ Ընկերությունը իր գոյության ընթացքում կազմակերպել է շուրջ 20 գիտաժողով, հարյուրից ավելի գիտական և գիտահանրամատչելի դասախոսություններ, ինտելեկտուալ խաղի շուրջ 40 առաջնություններ, տասնյակ սեմինարներ, քննարկումներ, կինոդիտումներ և այլ տիպի միջոցառումներ։ Տպագրել է «Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված» մասնաճյուղային ուսանողական գիտաժողովի զեկուցումների ժողովածու (2010 թ.), Ուսանողական զեկուցումների շարք (2011 թ.), «Ի՞նչ, ինչպե՞ս, ինչու՞» ինտելեկտուալ խաղի հարցերի ժողովածու (2011թ.), «Երիտասարդության խնդիրները և պետության զարգացման միտումները» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովի հոդվածների ժողովածու (2017թ.), ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին նվիրված «Անկախության առաջնեկը» խորագրով հանրապետական ուսանողական գիտաժողովի հոդվածների ժողովածու (2020 թ․)[2]։

Ուսանողական գիտական ընկերության կայքում կարող եք գտնել տարեկան հաշվետվությունները, կիսամյակային աշխատանքային ծրագրերը[2]։

ԵՊՀ ԻՄ Ուսանողական խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդը ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման բարձրագույն ընտրովի մարմինն է, որն արտահայտում է ուսանողության շահերն ու իրավունքները, ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը, կազմակերպում ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը։ ԵՊՀ ԻՄ ՈՒԽ-ն ապաքաղաքական և ապակուսակցական կազմակերպություն է։ ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի որոշմամբ` ֆակուլտետների ՈւԽ նախագահներն ի պաշտոնե ֆակուլտետի խորհրդի, իսկ մասնաճյուղի ՈւԽ նախագահը` ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի անդամներ են։ Մյուսներին ընտրում է ՈՒԽ Նախագահությունը[3]։

2012 թ.-ից ի վեր ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհրդի նախագահներն են եղել տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողներ՝ Նաիրի Ճաղարյանը, Ռազմիկ Հովսեփյանը, Արեն Ավետիսյանը, Լուիզա Մադաթյանը, հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ՝ Իսկուհի Շաղբաթյանը, Տիգրան Չիբուխչյանը, կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանող Վարդան Եգանյանը։ 2020 թ․-ից ՈՒԽ նախագահն է Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող՝ Գառնիկ Խաչատրյանը[3]։

ՈւԽ բարձրագույն մարմինը hամագումարն է, որին ձայնի իրավունքով մասնակցում են բոլոր պատվիրակները, ֆակուլտետային ՈւԽ-ների նախագահները, ուսանողական գիտական ընկերության, արհեստակցական կազմակերպության մեկական լիազոր ներկայացուցիչները։ Համագումարների միջև ընկած ժամանակահատվածում աշխատանքները ղեկավարում է նախագահությունը։ Նախագահը ներկայացնում է կառույցը ԵՊՀ Գիտական խորհրդում, ԵՊՀ ԻՄ Գիտական խորհրդում, համալսարանական այլ օղակներում։ Փոխնախագահի, պատասխանատու քարտուղարի թեկնածությունը առաջադրվում է նախագահության անդամների կազմից, իսկ հանձնաժողովի նախագահները հաստատվում են նախագահության կողմից։ Կառույցի մյուս օղակը ֆակուլտետային ուսանողական խորհուրդներ են, որոնք ձևավորվում են ուղղակի ընտրության միջոցով։ Յուրաքանչյուր կուրսից ընտրվող անդամների թիվը որոշվում է ըստ պատվիրակների (յուրաքանչյուր ֆակուլտետում 10 ուսանողից՝ մեկ պատվիրակ համամասնություն)։ Ուսանողական խորհուրդը կազմված է նաև 6 մշտական հանձնաժողովից և 1 կից ակումբից[3]։

Մասնաճյուղում գործող կենտրոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ․ հուլիսին ԵՊՀ ԻՄ-ում բացվել է «Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը», որը 2020 թ. նոյեմբերին վերակազմավորվել է որպես Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի Իջևանի մասնաճյուղ։ Վերջինիս հիմնական նպատակը կրթության, գիտության, մշակույթի, պատմական և ազգագրական գործունեության, երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայ-ռուսական համագործակցության զարգացումը և խորացումն է[1]։

2020 թ․ փետրվարից մասնաճյուղում գործում է «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ը, որի նպատակն է մարզի՝ մասնավորապես Իջևան քաղաքի և հարակից գյուղերի բնակիչների համար կազմակերպել կրթական, մշակութային և տեղեկատվական միջոցառումներ, տարբեր թեմաների շուրջ ուսումնական կարճատև ծրագրեր և անգլերենի անվճար դասընթացներ, որոնց շնորհիվ կզարգանան մասնակիցների սոցիալական և տեխնիկական հմտությունները, ինչպես նաև տեղի բնակչությունը կծանոթանա ամերիկյան արժեքներին, պատմությանը և մշակույթին[1]։

2021 թ․ հուլիսից ԵՊՀ ԻՄ-ում պաշտոնապես բացվել է «Տավուշի մարզի Գիտելիքի նորարարական հաբը», որի նպատակը EU4Youth Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացումն է՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար ծրագրի շրջանակներում Տավուշի մարզում սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի խթանումը։ Այն միտված է երիտասարդների նոր գիտելիքիների ձեռք բերմանը, գաղափարների գեներացմանը, դասընթացների ու միջոցառումների կազմակերպմանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 «ԵՊՀ ԻՄ կայք». ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ. Վերցված է 03.05.2022-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերություն». ԵՊՀ ԻՄ կայք. Վերցված է 03.05.2022-ին.
  3. 3,0 3,1 3,2 «ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհուրդ». ԵՊՀ ԻՄ կայք. Վերցված է 03.05.2022-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]