Դրաստամատ Կանայանի գերեզման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրաստամատ Կանայանի գերեզման
Հուշարձանի տեսքն առևջի կողմից
Քարտեզ
Քարտեզ
Տեսակմշակութային արժեք և դամբարան
Երկիր Հայաստան[1]
ՔաղաքՎերածնունդ հուշահամալիր
ԲնակավայրԱպարան[1]
Շինության ձևԲուրգ
Մասն էՎերածնունդ հուշահամալիր
ՀՀ ՊՄԱՀ2.2/7.3
 Mausoleum of Drastamat Kanayan Վիքիպահեստում

Դրաստամատ Կանայանի գերեզման (Դրոյի գերեզման, Դրաստամատ Կանայանի դամբարան), պատմամշակութային, զինվորական հուշարձան-գերեզման Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում[2][3][4]։

Գերեզմանում ամփոփված է Հայաստանի Առաջին Հանրապետության զորավար, Առաջին Հանրապետության ռազմական նախարար, ֆիդայի, վրիժառու, հայ ազատագրական շարժման գործիչ, Առաջին Հանրապետության հիմնադիրներից Դրաստամատ Կանայանի՝ Դրոյի աճյունը[2]։

Հուշարձանն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների Ապարան քաղաքի ցանկում և ունի հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ[3]։

Ճարտարապետական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձան-գերեզմանն ունի բրգաձև տեսք և իր բարձր դիրքի շնորհիվ տեսանելի է շրջակայքից։ Կառուցված է բազալտից։ Բրգի երկու կողմերում առկա են հայատառ գրություններ։ Բուրգի հյուսիս-արևելյան կողմում պատկերված է խաչ, որի ներքևում մեծ տառերով գրված է «ԴՐՈ»։ Հարավ-արևմտյան կողմում գրված է Դրաստամատ Կանայանի անունը, ծննդյան և մահվան թվականները, որի ներքևի մասում՝ նրա ռազմական համառոտ կենսագրական տվյալները։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրաստամատ Կանայանի գերեզմանը գտնվում է Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Վերածնունդ հուշահամալիրի տարածքում՝ 1915 Հայոց ցեղասպանության, 1918 Ապարանի ճակատամարտի հերոսների և Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ապարանցիների հիշատակին նվիրված եռակոթողից շուրջ 100 մ դեպի արևմուտք[4]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրաստամատ Կանայանը, ով հայտնի է նաև Դրո անվամբ, համարվում է հայ ազգի ռազմական նորագույն պատմության հայտնի, հերոսական անձանցից մեկը[4]։ Նա ծնվել է 1883 մայիսի 31-ին Ռուսական կայսրության կազմում գտնվող Երևանի նահանգի Իգդիր քաղաքում[2]։

Երիտասարդ տարիքում հայ ֆիդայինների հետ մասնակցել է հայ-թաթարական կռիվներին։ 21 տարեկանում մասնակցել է հայ բնակչության զանգվածային կոտորածների համար մեղավոր անձանց նկատմամբ իրականացված վրիժառության գործողությունների, այդ թվում՝ սպանել է հայ բնակչության կոտորածների գլխավոր կազմակերպիչ Բաքվի նահանգապետ իշխան Նակաշիձեին, ադրբեջանցի (թուրք) գեներալ Ալեխանդրո Արվանսկուն։ Քեռու ընդհանուր հրամանատարությամբ կազմակերպել է Նախիջևանի լեռնային հատվածների ինքնապաշտպանությունը, մասնակցել Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիվներին։ 1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայկական կամավորական 2-րդ գնդի կազմում (որպես գնդի հրամանատար) մասնակցում է Իգդիր - Բայազետ - Բերկրի - Վան ուղղության ռազմագործողություններին և հայ բնակչության պաշտպանությանը։ Արդեն 1915 թվականին իր ղեկավարած կամավորական զորագնդի հետ մտնում է Վան։ 1918 թվականի մարտին Հայոց ազգային խորհրդի կողմից նշանակվել է Հայոց բանակային կորպուսի ռազմական կոմիսար[2]։

1918 թվականի մայիսի 23-27-ին Դրոն ստանձնեց Ապարանի ճակատամարտի հրամանատարությունը։ Ապարանի ճակատամարտը, հիրավի, Դրաստամատ Կանայանի փառքի գագաթնակետն էր։ Հայ ժողովրդի համար ամենաօրհասական այդ օրերին նա կարողացավ ոչ միայն կասեցնել թուրքական 13.000-ոց զորաբանակի առաջխաղացումը դեպի Երևան, այլև ջախջախիչ հարված հասցրեց թուրքերին, որոնք խուճապահար փախան մարտադաշտից[2]։

Դրաստամատ Կանայանը 1918 թվականին։

1918 թվականին Լոռու և Ախալքալաքի գավառների պատկանելիության հարցում Վրաստանը հակասության մեջ է մտնում Հայաստանի հետ և իր զորքերը մտցնում այդ տարածքներ։ Հայաստանի կառավարությունը կարգադրում է Դրոյին ազատել Լոռին վրացական զորքերից։ Շուրջ մեկ ամիս տևած հայ-վրացական պատերազմի ժամանակ Դրաստամատ Կանայանի հրամանատարությամբ հայկական զորքերը ջախջախեցին վրացական զորքերին, Լոռին մաքրեցին վրացիներից։ Այնուհետև Դրոն պատրաստվում էր շարժվել դեպի Թիֆլիս։ Հայկական գրոհը կասեցվեց միայն անգլիական դիվանագիտական ճնշման տակ, հաշվի առնվեց նաև որ Թիֆլիսում հնուց ի վեր մեծ մասամբ եղել է բնակեցված հայերով[2]։

1919 թվականից մասնակցել է հայ-ադրբեջանական կռիվներին։ 1919 թվականի դեկտեմբերի կեսերին 600 զինվորներով Գորիս է հասնում Զանգեզուր-Ղարաբաղի ռազմական ուժերի ընդհանուր հրամանատար նշանակված Դրոն։ Կարճ ժամանակում՝ մինչև 1920 թվականի հունվարի 19-ը, ողջ Զանգեզուրն ազատագրվում է։ Դրոյի ընդհանուր հրամանատարությամբ կռվում էին Նժդեհի, Յապոնի, տաթևացի Վարդանի, Արտեմ Խանզատյանի և մյուս հրամանատարների առաջնորդած մարտական ուժերը։

1920 թվականի մարտի 22-ի երեկոյան՝ իսլամական Նովրուզ-Բայրամի օրը, սկսվում են հայ-ադրբեջանական ընդհարումներ։ Թեժ մարտեր են ընթանում հատկապես Վարանդայում, Ասկերանի ճակատում և Տումի-Խծաբերդի ու Մսուրմանլարի շրջանում։ Ասկերանի բերդի կռիվները տևում են 18 օր։ Շուրջ 500 հայեր կռվում են 3500-4000 հոգուց բաղկացած թուրքական կանոնավոր զորքի դեմ։ Թուրք-թաթարական ուժերը Ասկերանը գրավելուց հետո սկսում են Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորածը։ Այս արյունահեղությունը Հայաստանի կառավարությանը հարկադրում է օգնության ձեռք մեկնել Արցախին։ Ապրիլի 14-ին Դրոյի հրամանատարությամբ էքսպեդիցիոն զորագունդը մտնում է Շուշի։ Հռչակվում է Արցախի հայկական կառավարչություն։ Ազատագրվում է Արցախի մի մասը և հաստատվում հարաբերական անդորր։ 1920 թվականի ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում հրավիրված Արցախի հայության 9-րդ համագումարը որոշում է «հռչակել Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը որպես նրա անբաժան մաս»[2]։

Դրաստամատ Կանայանը մասնակցել է նաև 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմին, ղեկավարել Սուրմալուի ճակատամարտում հայկական զորքին։ Նա նշանակվել էր Սուրմալուի ռազմաճակատի հրամանատար։ Ռազմական այդ գիծը հայերի համար կարևոր էր այնքանով, որ եթե թուրքերին հաջողվեր գրավել Սուրմալուն, ապա մտնելու էր Երևան։ Սուրմալուի ռազմաճակատում թուրքական կանոնավոր և քրդական ավելի քան 10.000-անոց զորագնդերի դեմ կանգնած էին 3.000 մարտունակ հայեր։ Մի քանի օր ընթացող կռիվներում հայ զինվորները պարտության են մատնում թուրքերին և ծանր կորուստներ պատճառելով հարկադրում նահանջել[2]։

Հայաստանի Հանրապետության խորհրդայնացումից հետո՝ 1920-1921 թվականներին Դրաստամատ Կանայանը եղել է Խորհրդային Հայաստանի բանակի հրամանատարը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եվրոպայում գտնվող Դրաստամատ Կանայանը համագործակցել է Նացիստական Գերմանիայի ղեկավարության հետ՝ նպատակ ունենալով փրկել Եվրոպայի հայությանը գերմանական հարձակումներից և Խորհրդային Միության պարտության դեպքում վերականգնել Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Դրոն հանդիսանում էր Վերմախտի հրամանատարական շտաբի անդամ և ղեկավարում էր «Հայկական 812-րդ գումարտակը»։ Սկզբնական շրջանում այն ուներ 8000 հայ զինվոր, հետագայում խորհրդային բանակի գերի ընկած հայ զինվորների հաշվին ունեցավ 33000 զինվոր։ Հայկական այս զորագնդի նպատակն այն էր, որ եթե գերմանական ուժերը Ստալինինգրադի մոտ հաղթեին խորհրդային ուժերին, ապա հյուսիսից անմիջապես մտնեին Հայաստան։ Իր կապերի շնորհիվ Դրաստամատ Կանայանը մեծ դեր է ունեցել, որպեսզի Եվրոպայում ապրող հայերը չունենային հրեաների ճակատագիրը։

Պատերազմից հետո Դրոն մեկնել է ԱՄՆ, այնուհետև տեղափոխվել Լիբանան, որտեղից բուժման նպատակով կրկին մեկնել է ԱՄՆ։ Դրաստամատ Կանայանը մահացել է 1956 թվականին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում[2][4]։

2000 թվականի մայիսի 28-ին իր պատգամի համաձայն Դրոյի աճյունն ամփոփվել է իր հայրենիքի մի անկյունում՝ Ապարան քաղաքի Վերածնունդ հուշահամալիրի արևմտյան եզրաթմբի վրա[2][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]