Դյուսելդորֆի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյուսելդորֆի պատկերասրահ
Տեսակթանգարան
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԴյուսելդորֆ
ՎայրԴյուսելդորֆ
Հիմնադրվել է1872
Կայքkunsthalle-duesseldorf.de
Քարտեզ
Քարտեզ

Դյուսելդորֆի պատկերասրահ կամ Դյուսելդորֆ կունստհալլե (գերմ.՝ Kunsthalle Düsseldorf), պատկերասրահ Դյուսելդորֆ քաղաքում (Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգ), բացվել է 1967 թվականին բրուտալիզմի ոճով կառուցված շենքում, որի պատմությունը սկիզբ է առնում 1829 թվականին ձևավորված «Kunstverein für die Rheinlande und Westfalen» գեղարվեստական միավորումից, որի կազմում ներկայումս հաշվառված է շուրջ 3500 անդամ։ Թանգարանը համարվում է ժամանակակից արվեստի ցուցահանդեսների կազմակերպման հարթակ, ունի մասնաճյուղ, որը կոչվում է «Kunst im Tunnel», որը գտնվում է Հռենոսի ափին։

Պատմություն և նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուսելդորֆի պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուսելդորֆի թանգարանի պատմությունը կապված է տեղական գեղարվեստի պատկերասրահի (Gemäldegalerie) հետ, որը հիմնադրվել է կուրֆյուրստ Պֆֆալց Յոհան Վիլհելմի օրոք, որտեղ պահվում էր այդ ժամանակի արվեստի առանցքային հավաքածուներից մեկը։ 1795 թվականին նկարները տեղափոխվել են Մանհայմ՝ քաղաքին հեղափոխական Ֆրանսիայի բանակի մոտենալու պատճառով, հաշտության պայմանագրի կնքումից հետո կազմակերպվել է նկարների վերադարձը։ Պատերազմից հետո Բավարիայի, Ֆրանսիայի և Պրուսիայի միջև սահմանների փոփոխության հետ կապված 1805 թվականին արժեքավոր հավաքածուն նորից դուրս է բերվել նախ Կիրխհայմբոլանդեն, այնտեղից էլ՝ Մյունխեն։ Պրուսիայի և Բավարիայի միջև 1870 թվականի համաձայնագրի պայմանների համաձայն՝ Դյուսելդորֆ քաղաքը ստիպված է եղել հրաժարվել վերադարձնել արվեստի պատկերասրահը, որն այդ ժամանակ գնահատվել է 2,1 միլիոն թալեր, այսօր այն կազմում է Մյունխենի հին պատկերասրահի զգալի մասը։

Առաջին շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուսելդորֆի հին պատկերասրահի շենքի ճակատը

1872 թվականին Դյուսելդորֆ քաղաքի իշխանությունները միջնորդություն են ներկայացրել կայսր Վիլհելմ I-ին՝ հույս ունենալով փոխհատուցում ստանալ արվեստի կորցրած ֆոնդերի համար, կայսրը բավարարել է խնդրագիրը և հատկացրել 150,000 թալեր թանգարանի կառուցման համար։ Այն կառուցվել է 1878-1881 թվականների ընթացքում և պաշտոնապես բացվել է 1881 թվականի հուլիսի 3-ին։ Ցուցահանդեսային այդ շենքը զգալիորեն վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և վերջնականապես քանդվել է 1967 թվականին։ Նույն թվականին Գրաբբեպլաց հրապարակում կառուցվել է նոր շենք՝ նախորդի գտնվելու վայրից մոտ 150 մետր հարավ-արևմուտք. շինարարությունն իրականացվել է մրցույթում հաղթած «Beckmann und Brockes» ճարտարապետական բյուրոյի նախագծով։

Ժամանակակից շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին կառուցված դահլիճը պարզ մոնոլիտ մասնաշենք է եղել, որը Կոնրադ Բեքմանը և Քրիստոֆ Բրոքսը երեսապատել են բետոնե սալերով, որոնք մշակվել են 1950-ականներին՝ հավաքովի շինարարության մեջ զանգվածային օգտագործման համար։ Խորանարդաձև մասնաշենքը կառուցվել է սև բազալտի հիմքի վրա։ Ի սկզբանե պատկերասրահի շենքի մուտքը հրապարակի կողմից է եղել, բայց թանգարանի հետագա վերակառուցման շնորհիվ այսօր այն ունի մի քանի սանդղավանդներ և աստիճաններ հյուսիսային կողմից։ Կառուցման ժամանակ շենքը սուր քննադատության է ենթարկվել իր «բետոնե ճակատների բրուտալիզմի» համար, դրա կառուցումից անմիջապես հետո Դյուսելդորֆի արվեստի ակադեմիայի հինգ պրոֆեսորներ, այդ թվում՝ ապագա տնօրեն Նորբերտ Կրիկեն (1922-1984), կոչ են արել անհապաղ քանդել շենքը, որը քաղաքում հայտնի էր որպես «Կունստբունկեր» («բունկեր արվեստի համար»)։ Վիլհելմ Ալբերմանի (1835-1913) կողմից պատրաստված չորս քանդակները տեղակայվել են հին շենքի գլխավոր մուտքի կողմերում և այսօր նոր տեղ են գտել թանգարանի և Անդրեաս առաքյալի եկեղեցու միջև[1]։

Թանգարանի մուտքի վերևում կախված է վերացական բրոնզե բարձրաքանդակ, որը պատրաստել էր Կարլ Հարթունգը (Karl Hartung, 1908-1967) մոտավորապես 1967 թվականին, մուտքի բաց սանդուղքի վրա կանգնած է «Habakuk»-ը՝ գրեթե 4 մ բարձրությամբ թռչնի պատկեր, որը ստեղծվել է Մաքս Էռնստի կողմից 1970 թվականին՝ 1934 թվականին պատրաստված 52 սմ բարձրությամբ իր իսկ ստեղծագործության օրինակով։ Կեյ-ունդ-Լորե-Լորենց-Պլաց հրապարակի կողմից դահլիճի արտաքին պատի կողմից, տեղակայված է ջրմուղի սև խողովակը, որը ստեղծվել է Յոզեֆ Բոյսի կողմից. այդ օբյեկտը, որը կոչվում է «Das Schwarze Loch», տեղադրվել է 1981 թվականին՝ «SCHWARZ» ցուցահանդեսի համար։ 1990-ականների վերջից մինչև 2002 թվականը շենքը վերանորոգվել է «rheinflügel» ճարտարապետական բյուրոյի նախագծով։ Վերափոխման նպատակն էր «բացահայտել» շենքի բետոնե տարրերով սկզբնական կառուցվածքը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը սեփական հավաքածու չունի, սակայն կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ։ Բացի այդ, դասախոսությունները, սեմինարները և ներկայացումները հնարավորություն են տալիս ժամանակակից արվեստը փոխանցել քաղաքացիներին։ «Kunstverein für die Rheinlande und Westfalen» գեղարվեստական միությունը շենքում ունի իր սեփական տարածքը, շենքի հետնամասում Kom(m)ödchen կաբարեն ունի իր մուտքը[2]։ 2004 թվականից սրահի տարածքի մի մասը գտնվում է Salon des Amateurs երաժշտական ակումբի տրամադրության տակ[3]։ 2010 թվականից պատկերասրահը ղեկավարում է արվեստի պատմաբան Գրեգոր Յանսենը՝ ծնված 1965 թվականին։

Թանգարանը համարվում է ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որը համասեփականության իրավունքով պատկանում է Դյուսելդորֆ քաղաքին (64,9%), Kunstverein für die Rheinlande und Westfalen միությանը, (25,1%) և Stadtsparkasse Düsseldorf բանկին (10%)։ Ընկերության վերահսկիչ խորհուրդը 2019 թվականի դրությամբ գլխավորել է Կորնելիա Մորսը (SPD կուսակցություն)։ Գործունեությունը հիմնականում ֆինանսավորվում է խոշոր բաժնետերերի դրամաշնորհներով, սրահը լրացուցիչ եկամուտ է ստանում նաև տարածքների վարձակալությունից։ Տեղական Stadtwerke Düsseldorf AG կոմունալ ընկերությունը պարբերաբար ֆինանսական աջակցություն է տրամադրում թանգարանին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Georg Friedrich Koch: Museums- und Ausstellungsbauten // Eduard Trier, Willy Weyres (Hrsg.): Kunst des 19. Jahrhunderts im Rheinland. Band 2. Architektur: II, Profane Bauten und Städtebau. Schwann, Düsseldorf 1980, ISBN 3-590-30252-6, S. 212 f.
  • Alexandra König: Kunsthalle // Roland Kanz, Jürgen Wiener (Hrsg.): Architekturführer Düsseldorf. Dietrich Reimer, Berlin 2001, ISBN 3-496-01232-3, Nr. 20 auf S. 15.
  • Dietmar Dath: Kunsthalle Düsseldorf. 2., ergänzte Auflage. Hrsg.: Literaturbüro NRW, Stadtwerke Düsseldorf AG, 2006, ISBN 978-3-934268-47-0, 32 S.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Edgard Haider: Verlorene Pracht. Geschichten von zerstörten Bauten. Gerstenberg, Hildesheim 2006, S. 98ff.
  2. kunsthalle-duesseldorf.de (Geschichte)
  3. Aaron Coultate: Salon Des Amateurs: The post-kraut Haçienda. Feature vom 16. Januar 2015 im Portal residentadvisor.net, abgerufen am 28. Februar 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Kunsthalle Düsseldorf». duesseldorf-tourismus.de (գերմաներեն). Düsseldorf Tourismus GmbH. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  • «Kunsthalle Düsseldorf». artfacts.net (անգլերեն). Artfacts. 2019. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.