Դամասկոսյան դարպասներ


Դամասկոսյան կամ Շհեմի դարպասներ (եբրայերեն՝ שער שכם, արաբ․՝ باب العامود), Երուսաղեմի հին քաղաքի մուսուլմանաբնակ թաղամասի գլխավոր դարպասները, համարվում են ամենագեղեցիկներից մեկը[1]։ Դարպասներն ուղղված են հյուսիս, տեղադրված են քաղաքի հյուսիսարևմտյան կողմի պատին` Արևելյան Երուսաղեմի արաբական թաղամասի դիմաց։ Այստեղից է սկսվում Նաբլուս քաղաք տանող մայրուղին, իսկ այնտեղից` Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս տանող ճանապարհը։ Հենց դրանով էլ բացատրվում են ժամանակակից եվրոպական և հրեական անվանումները[1][1][2]։ Ինչ վերաբերում է արաբական անվանմանը` Բաբ ալ Նասր (արաբ․՝ اب النصر), այն նշանակում է «Հաղթանակի դարպասներ», իսկ Բաբ ալ Ամուդ անվանումը` «Սյուների դարպասներ»։ 10-րդ դարից սկսած` մշտապես գործածվող վերջին անվանման վերաբերյալ հիշատակություններ են պահպանվել հռոմեական դարաշրջանի դարպասների դետալների ձևավորման մեջ[1][3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի սկզբանե դարպասները պատրաստվել են երկրորդ տաճարի շրջանում։ Դրանք իբրև քաղաքի գլխավոր մուտք են ծառայել մ. թ. ա. 1-ին դարում` Մարկոս Վիպսանիոս Ագրիպպայի կառավարման շրջանում[4]։ Մ. թ. 2-րդ դարում` հռոմեացիների կողմից Երուսաղեմի ավերումից հետո, դարպասները վերաշինվել են Հադրիանոս կայսեր օրոք (117-138)։ Հադրիանոսը զգալիորեն ընդարձակել է դրանք, ինչից հետո դարպասներն ունեցել են երեք մուտք, որոնցից պահպանվել է միայն արևելյանը։ Դարպասագլխին կարելի է տեսնել հռոմեացիների կառավարման օրոք քաղաքի անվանումը` «Էլիա Կապիտոլինա»[1]։ Հադրիանոսի դարպասների առաջ գտնվել է հռոմեական հաղթական սյունաշարը, որ հասել է մինչև մեր օրեր։ Այն խորհրդանշել է կայսեր փառքը։ Նրա պատկերը կարելի է տեսնել Սուրբ երկրի խճանակարային քարտեզում (6-րդ դար), ինչպես նաև Հորդանանի Մադաբա քաղաքի Գեորգիևյան ուղղափառ եկեղեցու հատակին[1][1]։ Արաբերենում դարպասները մինչ օրս էլ կոչվում են «Սյուների դարպասներ»։ Հադրիանոսի դարպասների մնացորդներ են հայտնաբերվել հնագիտական պեղումների ժամանակ։ Լինելով ութ դարպասներից մեկը, որ վերակառուցվել է 10-րդ դարում` Դամասկոսյան դարպասը միակն է, որ մինչ օրս պահպանել է իր անվանումը` «Բաբ ալ Ամուդ»[3]։
Խաչակիրները դարպասներն անվանել են սուրբ Ստեփանոսի անունով (լատին․՝ Porta Sancti Stephani)` ընդգծելով դրանց մոտ լինելը սուրբ Ստեփանոսի տանջանքի վայրին, որ նշանավորվել է նաև եկեղեցու և մենաստանի կառուցմամբ[2]։ Շինարարական աշխատանքների մի քանի փուլ է ընթացել վաղ այուբիդյան շրջանում (1183-1192), ինչպես նաև Երուսաղեմի` խաչակիրների կողմից կառավարման ընթացքում[2]։ 1523 թվականին հրեա ճանապարհորդը Երուսաղեմ կատարած այցի ժամանակ օգտագործում է «Բաբ էլ Ամուդ» անվանումը` նշելով դարպասի մոտ գտնվելը Ցիդկիյագու մենաստանից[5]։
Ներկայիս դարպասները պատրաստվել են Հադրիանոսի դարպասների տեղում 1537 թվականին Օսմանյան կայսրության սուլթան Սուլեյման I-ի օրոք։
Ներկա ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամասկոսյան դարպասները գտնվում են երկու աշտարակների միջև, որոնք համարվում են հին քաղաքի մուսուլմանաբնակ թաղամաս և արաբական շուկա տանող մուտքը։ Ի տարբերություն Յաֆֆյան դարպասների, որի աստիճանները տանում են վերև, Դամասկոսյան դարպասի աստիճանները տանում են ներքև։ Ամֆիթատրոն տանող աստիճանները կառուցվել են 21-րդ դարում Երուսաղեմի քաղաքապետարանի կողմից։ Մինչև 1967 թվականը դարպասի գլխին կախված է եղել որմանցքներով փոքր աշտարակ, սակայն Վեցօրյա պատերազմի բախումների ժամանակ այն վնասվել է։ 2011 թվականի օգոստոսին Իսրայելի իշխանությունները վերականգնել է աշտարակը` 20-րդ դարասկզբին պահպանված լուսանկարների հիման վրա, երբ Երուսաղեմը ղեկավարում էր Բրիտանական կայսրությունը։ 11 որմակարերը ամրացնում են վերակառուցված աշտարակը պատին, իսկ քարե 4 չորսուները ձևավորում են որմահեցերի գագաթը։
Դարպասները բաց են հետիոտների համար։ Ուրբաթ առավոտյան այս դարպասներով անցնում է իսլամադավան աղոթողների հիմնական հոսքը` ուղղվելով Տաճարային լեռ, իսկ ուրբաթ երեկոյան և շաբաթ օրերին դարպասներով անցնում է հրեա ուխտավորների հոսքը` ուղվելով դեպի Լացի պատ։ Բացի դրանից` Դամասկոսյան դարպասներով անցնում են նաև քրիստոնյա ուխտավորների և զբոսաշրջիկների խմբեր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մադաբայի խճանակարային քարտեզը
-
Հադրիանոս կայսեր կիսանդրին
-
Դամասկոսյան դարպասներ. պատից աջ երևում է Տիրոջ գերեզմանի վրա կառուցված եկեղեցու գմբեթը, 1849
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 LaMar C. Berrett (1996)։ Discovering the World of the Bible (3rd ed.)։ Cedar Fort։ էջ 61։ ISBN 978-0-910523-52-3
- ↑ 2,0 2,1 2,2 Adrian J. Boas (2001)։ Jerusalem in the time of the crusades: society, landscape, and art in the Holy City under Frankish rule (Illustrated, reprint ed.)։ Routledge։ էջ 53։ ISBN 978-0-415-23000-1
- ↑ 3,0 3,1 David S Margoliouth (2010)։ Cairo, Jerusalem & Damascus: Three Chief Cities of the Egyptian Sultans։ Walter S. S. Tyrwhitt, illustrator։ Cosimo, Inc.։ էջ 329։ ISBN 978-1-61640-065-1
- ↑ Amelia Thomas, Michael Kohn, Miriam Raphael, Dan Savery Raz (2010)։ Israel and the Palestinian Territories (6th, illustrated ed.)։ Lonely Planet։ էջ 98։ ISBN 978-1-74104-456-0
- ↑ Palestine Exploration Fund (1869)։ Quarterly statement, Issue 3։ The Society։ էջ 376
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիրտուալ ուղևորություն Դամասկոսյան դարպասներ Archived 2017-11-27 at the Wayback Machine.
- Դամասկոսյան դարպասներ
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դամասկոսյան դարպասներ կատեգորիայում։ |
|