Յաֆֆյան դարպասներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն
Յաֆֆյան դարպասներ
եբր.՝ שער יפו
Jerusalem Jaffa Gate BW 1.JPG
Կոորդինատներ: 31°46′35.51″ հս․ լ. 35°13′39.68″ ավ. ե. / 31.7765306° հս․. լ. 35.2276889° ավ. ե. / 31.7765306; 35.2276889
Յաֆֆյան դարպասները ներսից (տեսքը Հին քաղաքի կողմից)

Յաֆֆյան դարպասներ (եբր.՝ שער יפו‎, Շաար Յաֆո, արաբ․՝ باب الخليل‎‎, Բաբ-էլ-Խալիլ (Ընկերոջ դարպասներ), նաև արաբերեն Bab Mihrab Daud, «Դավթի աղոթախցի դարպասներ», նաև Դավթի դարպասներ), քարե շքամուտք Երուսաղեմի Հին քաղաքի պատմական պատի մեջ: Հին քաղաքի պատերի մեջ բացված ութ դարպասներից մեկն է և քրիստոնեական ու հայկական թաղամասերի գլխավոր դարպասը: Գտնվում է Հին քաղաքի արևմտյան մասում՝ դեպի Յաֆֆա տանող արևմտյան և դեպի Բեթղեհեմ ու Խևրոն տանող հարավային ճանապարհների կարևոր խաչմերուկում: Այս երկու ճանապարհները մինչև օրս էլ Երուսաղեմի կենտրոնական կարևոր զարկերակներն են:

Հին քաղաքի միակ դարպասներն են, որ տանում են դեպի արևմուտք՝ դեպի Միջերկրական ծով, նաև միակն են, որ գտնվում են պատի հետ ուղիղ անկյան տակ: Այս դիրքը կարող էր ընտրված լինել պաշտպանողական նպատակներով, որպեսզի դանդաղեցվի հարձակվողների առաջխաղացումը[1]:

Հին քաղաքի պատի մյուս մասերի քարերի նման Յաֆյյան դարպասների քարերն ավազագույն մեծաղյուսներ են: Մուտքի բարձրությունը մոտավորապես 6 մետր է, իսկ նրա վրա ևս 6 մետր բարձրանում է պատը[2]:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Յաֆֆյան դարպասները, այնպես էլ Յաֆֆյան ճանապարհն անվանվել են Միջերկրական ծովի ափին գտնվող Յաֆֆո նավահանգստի անունով, որտեղից իր ծովային ճանապարհորդությունն է սկսել Հովնան (եբրայերեն՝ Յոնահ) մարգարեն[3], և որտեղ իրենց ճանապարհին կանգ էին առնում Հին քաղաք գնացող ուխտավորները: Ժամանակակից №1 խճուղին, որն սկսվում է Յաֆֆյան ճանապարհի արևմտյան մասից, Թել Ավիվ-Յաֆֆո ուղեգծի վերջնամասն է:

Դարպասների արաբերեն անվանումը` Բաբ-էլ-Խալիլ (Ընկերոջ դարպասներ), վերաբերում է Խևրոնում հուղարկավորված Աբրահամին` Աստծո սիրելիին: Քանի որ Աբրահամն ապրում էր Խևրոնում, Յաֆֆյան դարպասները կոչվում են նաև «Խևրոնյան դարպասներ»: Արաբները այդ դարպասներն անվանում են նաև «Բաբ Միհրաբ Դաուդ» (Դավթի աղոթախցի դարպասներ), քանի որ Դավիթ թագավորը իսլամում մարգարե է համարվում: Խաչակիրները, որոնք վերականգնել էին Յաֆֆյան դարպասների մոտ գտնվող Դավթի աշտարակը, դարպասներ էին կառուցել նաև այժմյան Յաֆֆյան դարպասների հետնամասում` անվանելով դրանք «Դավթի դարպասներ»` Դավթի աշտարակի անունով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ սրանք Հին քաղաքի ճարտարապետների գերեզմաններն են

Շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսավոր բացվել են 1538 թվականին ավելի վաղ շրջանի դարպասների տեղում Հին քաղաքի պատերի վերականգնման նախագծի շրջանակներում, որ իրականացվում էր Օսմանյան կայսրության Սուլեյման Հրաշալի տիրակալի հրամանով[4]:

Անմիջապես դարպասների ներսում՝ երկաթե ճաղավանդակներով ցանկապատից ձախ, գտնվում է երկու գերեզման: Ենթադրվում է, որ դրանք Հին քաղաքի պատերի շինարարությունը Սուլեյմանի հրամանով ստանձնած երկու ճարտարապետների գերեզմաններն են: Լեգենդի համաձայն, երբ Սուլեյմանը տեսավ, որ ճարտարապետները Սիոն լեռն ու Դավիթ թագավորի գերեզմանը թողել են տարածքի պատերից դուրս, հրամայել է սպանել նրանց: Սակայն, հարգելով նրանց տպավորիչ ձեռքբերումները, նա հուղարկավորել է ճարտարապետներին պատերից ներս՝ Յաֆֆյան դարպասների կողքին[5]:

Ճեղքվածք պատին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճեղքվածք քաղաքի պատին Յաֆֆյան դարպասների մոտ

Հետիոտների կողմից օգտագործված Հին դարպասներից աջ պատի մեջ կա ճեղքվածք, որի միջով անցնում է ավտոճանապարհը: Այն բացվել է 1898 թվականին, երբ Վիլհելմ 2-րդ կայսրը պնդում էր, որ քաղաք մտնի իր սպիտակ ձիուն հեծած: Այնտեղ տարածված լեգենդի համաձայն՝ Երուսաղեմը կղեկավարի այն թագավորը, որը քաղաքի դարպասներից ներս կմտնի սպիտակ ձիով: Այդ պատճառով էլ, որպեսզի գոհացնեն կայսրի փառամոլությունը, բայց խուսափեն լեգենդում գուշակվածից, օսմանյան իշխանությունները նախընտրեցին քանդել ամրոցի պատի մի մասը և լրացնել այն Դավթի աշտարակի մոտ, և կայսրին թույլ չտալ մտնել դարպասներից: Կայսրն էլ կարծեց, թե ներս է մտել Յաֆֆյան դարպասներից: Այդ ճեղքվածքով մինչև այժմ իրականացվում է ավտոմեքենաների երթևեկությունը հին և նոր քաղաքների միջև: (Այլ տարբերակի համաձայն՝ պատի ճեղքվածքը արվել է նրա համար, որ կայսրը կարողանա քաղաք մտնել իր կառքով[6]:)

Յաֆֆյան դարպասներն ու օսմանյան աշտարակը

Ժամային աշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին Յաֆֆյան դարպասների տանիքին տեղադրվեցին ժամացույցներ, իսկ 1908 թվականին դարպասների վրա կառուցվեց ժամային աշտարակ` Խիննի հովտի վերին մասում զարգացող գործնական շրջանի սպասարկման համար: Աշտարակը պիտի դառնար 1900 թվականին Օսմանյան կայսրության կողմից կառուցված շուրջ 100 այդպիսի աշտարակներից մեկը, որ կանգնեցվել էին ի նշանավորումն սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի 25-ամյա իշխանության: Աշտարակի արժեքը կազմում էր 20000 ֆրանկ, քաղաքն այնքան աղքատ էր, որ փողերը հավաքել էին, այդ պատճառով էլ աշտարակի կառուցումն ավարտվեց միայն 1908 թվականին: Դրանից հետո աշտարակը շատ քիչ կանգուն մնաց, և 1922 թվականին այն քանդվեց[7] բրիտանացիների կողմից:

Ներկայում Իսրայելին և Պաղեստինին պատկանող տարածքում կառուցվել է այդպիսի 7 աշտարակ, որոնք գտնվում են Սոֆեդում, Ակրայում, Խայֆայում, Նազարեթում, Նաբլուսում, Երուսաղեմում և Յաֆֆոյում: Այն փաստը, որ Երուսաղեմում ժամային աշտարակի կառուցման համար ընտրվել են հենց Յաֆֆյան դարպասները, ցույց է տալիս այդ ժամանակաշրջանում Յաֆֆյան դարպասների կարևոր նշանակությունը:

Աշտարակը կառուցվել էր կրաքարից, որը բերվել էր Խիզկիյագու անձավից: Այն բարձրացվել էր 4 մետր և պսակվել 4 թվահարթակներով, որոնք ուղղված էին հորիզոնի չորս կողմերին: Արևելյան և հյուսիսային թվահարթակները ցույց էին տալիս պաշտոնական (եվրոպական) ժամանակը, իսկ հյուսիսայինն ու հարավայինը՝ տեղական ժամանակը: Թվահարթակների տակ գտնվում էր զանգը և օսմանյան իշխանության խորհրդանիշը՝ աստղով կիսալուսինը:

Բեցալել տաղավարը Յաֆֆյան դարպասների մոտ
Օսմանյան սաբիլը մուտքի մոտ

Բեցալել տաղավար և թուրք-օսմանյան սաբիլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաֆֆյան դարպասների դիմաց գտնվող Բեցալել տաղավարը ծածկված էր սպիտակ թիթեղով ծածկված ատամնաշարավոր տանիք ունեցող փայտյա կառուցվածքով և աշտարակով, որը կառուցվել էր 1912 թվականին Բեցալելի Արվեստի և դիզայնի ակադեմիայի արվեստանոցում և ցուցադրությունների սրահում: Տաղավարը նախագծված էր հատուկ զբոսաշրջիկների և այլ այցելուների համար և տեղակայված էր Հին քաղաք գնալու և այնտեղից դուրս գալու ճանապարհին: Տաղավարի առջև՝ Յաֆֆյան դարպասների մուտքի մոտ, գտնվում է սաբիլը:

Տաղավարը քանդվել է տեղադրվելուց 6 տարի հետո:

Բրիտանական մանդատ (1917-1948 թվականներ)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալ Ալլենբին ոտքով մտնում է Հին քաղաք Յաֆֆյան դարպասներով

1917 թվականին բրիտանական զորքերի հրամանատար Էդմունդ Ալլենբին Յաֆֆյան դարպասներով ոտքով մտավ Հին քաղաք[8]` որպես հարգանքի նշան քաղաքի հանդեպ և ցանկանալով խուսափել կայսրի հետ համեմատվելուց, որը Երուսաղեմ էր մտել 1898 թվականին: Ալլենբին Դավթի աշտարակում ճառ արտասանեց:

1944 թվականին բրիտանացիները քանդեցին քաղաքի պատի մոտ գտնվող մնացած շինությունները` փորձելով պահպանել Երուսաղեմի պատմական տեսքը:

Իսրայելի զրոյական կիլոմետր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. 132 թվականին գրավելով Երուսաղեմը` Ադրիան կայսրը այն վերակառուցեց որպես «Էլիա Կապիտոլինա» անվանումով հռոմեական քաղաք: Մյուս քաղաքներից հեռավորությունը հաշվելու համար սկզբնական կետ հանդիսացավ Դամասկոսի դարպասների ներսում գտնվող հրապարակի բարձր սյունը, որ ցույց է տրված Մադաբյան խճանկարային քարտեզի վրա: Ըստ երևույթին, այդ սյունն ընկել է կամ քանդվել բյուզանդական ժամանակաշրջանի ընթացքում:

20-րդ դարում որպես զրոյական կետ ծառայում էր Յաֆֆյան դարպասների առջև գտնվող հրապարակը, Բրիտանական մանդատի ժամանակաշրջանում Պաղեստինում դեպի Երուսաղեմ և Երուսաղեմից դուրս հեռավորությունը հաշվելու համար որպես զրոյական կետ ծառայում էր ավտոճանապարհի վրա գտնվող ցուցատախտակը: Այժմ այն բացակայում է:

1948 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1947-1949 թվականների արաբ-իսրայելական պատերազմի ժամանակ Իսրայելի զորքերը կատաղի պայքար էին մղում Յաֆֆյան դարպասների վրա հսկողություն ունենալու համար` նպատակ ունենալով Հին քաղաքի հրեական թաղամասը միացնել Արևմտյան Երուսաղեմի հետ: Իսրայելական ուժերին չհաջողվեց իրենց ձեռքը վերցնել վերցնել դարպասների վերահսկողությունը: Իսրայելի և Հորդանանի միջև կնքված զինադադարի պայմանագրի համաձայն՝ պատերազմի ավարտից հետո Յաֆֆյան դարպասները հայտնվեցին չեզոք գոտում և փակվեցին մինչև 1967 թվականը: 1967 թվականի 6-օրյա պատերազմից հետո դարպասները նորից բացվեցին:

2000 թվականին Հովհաննես Պողոս II պապն Իսրայել կատարած իր այցի ժամանակ Հին քաղաք մտավ Յաֆֆյան դարպասներով:

Այժմ Յաֆֆյան դարպասների առջև գործում են ստորգետնյա ավտոկայանատեղի` Հին քաղաք այցելող զբոսաշրջիկների համար, ինչպես նաև Մամիլա առևտրի կենտրոնը, փոստային բաժանմունք և Քրիստոնեական տեղեկատու կենտրոն: Յաֆֆյան դարպասներն ակտիվորեն օգտագործվում են ինչպես հետիոտների, այնպես էլ տրանսպորտային միջոցների կողմից:

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարպասների դիրքը որոշվում է քաղաքի տեղագրությամբ, որ տեղակայված է Ակրայի հյուսիսային բլրի և Սիոն լեռան հարավային բլրի միջև՝ հովտի երկայնությամբ, որի շարունակությունն է հանդիսանում Յաֆֆյան ճանապարհը[9]: Ճանապարհը և նրա երկարությամբ անցնող հովիտը շարունակվում են դեպի արևելք և ավելի հեռու՝ դեպի Տիրոպեոն հովիտ` քաղաքը բաժանելով հյուսիսային և հարավային մասերի` հյուսիսում քրիստոնեական և մուսուլմանական թաղամասերով, հարավում` հայկական և հրեական:

Հրապարակը և Դավթի աշտարակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Յաֆֆյան դարպասներ (ձախից) և Դավթի աշտարակ (աջից)

Յաֆֆյան դարպասներից դուրս գտնվում է ոչ մեծ հրապարակը, որի կողմերի երկայնքով տեղադրված են զբոսաշրջային տեղեկատու օֆիսն ու խանութները: Հրապարակի ելքերը տանում են դեպի քրիստոնեական թաղամաս (ձախից), մուսուլմանական թաղամաս (ուղիղ առաջ) և հայկական թաղամաս (աջ, Դավթի աշտարակի հետևում): Մուսուլմանական թաղամաս կարելի է անցնել այն փողոցով, որը տանում է Յաֆֆյան դարպասներից դեպի արևելք, երբեմն այն կոչվում էր «Մայրաքաղաքային փողոց», սակայն այսօր այն հայտնի է որպես «Դավթի փողոց» և շուկայի մի մասն է:

Հրապարակի աջ կողմում՝ Յաֆֆյան դարպասներից դեպի արևմուտք, գտնվում է հինավուրց Դավթի աշտարակը (եբր.՝ מגדל דוד‎, Միգդալ Դավիթ, անգլ.՝ Tower of David, Թաուըր օֆ Դավիդ, արաբ․՝ برج داود‎‎, Բարջ Դաուդ)` Երուսաղեմի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: Ամրոցը կառուցվել է մ.թ.ա. 2-րդ դարում Հին քաղաքի պաշտպանության և ռազմավարական թույլ օբյեկտների ամրացման նպատակով, այնուհետև քանդվել և վերակառուցվել է Երուսաղեմը գրավող քրիստոնյա, մուսուլման, մամլուք և Օսմանյան կայսրության նվաճողների կողմից: Ամրոցում հայտնաբերվել են կարևոր հնագիտական իրեր, որոնց տարիքը կազմում է 2700 տարի: Դավթի աշտարակը հայտնի վայր է միջոցառումների, համերգների, ժողովրդական տոնավաճառների և լուսաձայնային ներկայացումների անցկացման համար: Իր անունը Դավթի աշտարակն ստացել է բյուզանդացի քրիստոնյաների կողմից, որոնք կարծում էին, որ այդ վայրում է եղել Դավիթ թագավորի պալատը[10]:

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրություն Յաֆֆյան դարպասներին, 1854թ.
Յաֆֆյան դարպասներից ներս (տեսանյութ)

2010 թվականին Իսրայելի հնությունների վարչությունը վերջացրեց Յաֆֆյան դարպասների մաքրման ու վերականգման երկամսյա աշխատանքները, որը Հին քաղաքի պատերը ողջ երկարությամբ նորացնելու՝ 2007 թվականին սկսած 4 միլիոն դոլար արժողությամբ նախագծի մի մասն էր[2]: Մաքրումը ներառում էր թափված քարերի փոխարինում, պատերի մաքրում ավտոմեքենաների տասնամյա արտաժայթքումներից և 1593 թվականին դարպասների բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղադրված արաբերեն գրության վերատեղադրում[11]: Աշխատանքների ժամանակ Յաֆֆյան դարպասների մոտակայքում հայտնաբերվել է նաև մ.թ. 2-րդ կամ 3-րդ դարերի հին ջրանցույց կամուրջ[12]:


Դարպասների հրապարակի այժմյան համայնապատկերը
Դարպասների հրապարակի այժմյան համայնապատկերը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jerusalem - The Old City»։ Jewish Virtual Library։ Վերցված է 2010-05-03 
  2. 2,0 2,1 «Jerusalem reopens Jaffa Gate after two-month renovation»։ Haaretz։ 2010-04-21։ Վերցված է 2010-05-03 
  3. Հովնան 1:3.
  4. «The Re-Inauguration of Jaffa Gate in the Old City»։ пресс-офис Управления древностей Израиля։ Վերցված է 2010-05-03 
  5. «Lions in Jerusalem»։ Jerusalem Municipality։ Վերցված է 2010-05-03 
  6. Bard, Mitchell Geoffrey, Schwartz, Moshe, 1001 facts everyone should know about Israel, Rowman & Littlefield, 2005, p.115
  7. David Kroyanker. Jaffa Road. Biography of the street — Story of a City с.29 (heb)
  8. «Edmund Allenby Entering Jaffa Gate, Jerusalem - Signed Photograph»։ Shapell Manuscript Collection։ SMF 
  9. James Kean, "Among the holy places" (book excerpt)
  10. Jerome Murphy-O'Connor, The Holy Land, 22.
  11. «Jerusalem’s Jaffa Gate is reopened»։ Еврейское телеграфное агентство։ 2010-04-21։ Վերցված է 2010-05-03 
  12. «The 1,800 Year Old High-Level Aqueduct of Jerusalem was Exposed Next to Jaffa Gate in the Old City»։ пресс-офис Управления древностей Израиля։ 2010-02-19։ Վերցված է 2010-05-03