Դալի մողես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դալի ժայռային մողեսից)
Jump to navigation Jump to search
Դալի ժայռային մողես
Դալի ժայռային մողես
Դալի ժայռային մողես
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ընտանիք Իսկական մողեսներ (Lacertidae)
Ցեղ Դարևսկիա (Darevskia)
Տեսակ Դալի ժայռային մողես (D. dahli)
Միջազգային անվանում
Darevskia dahli
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 NT hy.svg
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Դալի մողես կամ Դալի ժայռային մողես, Դալի դարևսկիա (լատ.՝ Darevskia dahli), իսկական մողեսների ընտանիքի Դարևսկիա (լատ.՝ Darevskia) ցեղի մողես։ Փոքր Կովկասի բնաշխարհիկ է։ Հայաստանում հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերում։ Բնակվում է ժայռային և խիստ քարքարոտ վայրերում, ինչպես նաև՝ շինությունների պատերին, ճեղքերում, տափաստանային, թփուտային, նոսրանտառային, անտառային բուսականությամբ ցածր լեռնային վայրերում։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեկազմ, տափակ մարմնով փոքր մողես է, երկարությունը՝ 2,4-6,4 սմ, պոչը՝ կրկնակի երկար, ինքնահատվող։ Գլուխը տափակ է՝ ծածկված խոշոր վահանիկներով, մեջքային մակերեսը՝ միանման մանր ոսպանման թեփուկներով, կողմնային մակերեսների թեփուկներն ավելի խոշոր են։ Մեջքի գունավորումը խայտաբղետ է. գերիշխում են գորշ, մոխրագույն, ձիթապտղագույն ու բաց շագանակագույն երանգները։ Մեջքի երկայնքով ձգվում է մուգ, տձև, լայնակի ձգված մանր բծերից բաղկացած բավական նեղ նախշ։ Կողմնային մուգ գորշաշագանակագույն զոլերը կազմված են այս կամ այն չափով արտահայտված օղանման խալերի զուգահեռ երկայնակի շարքերից, ունեն բաց գույնի սպիտակավուն կենտրոնական խալ և մուգ, հաճախ կտրտված եզրագիծ։ Առջևի վերջավորությունների մակարդակին առկա են կապույտ խալեր։

Որովայնային մակերեսը ծածկված է 6 երկայնակի շարքեր ձևավորող խոշոր ու լայն վահանիկներով և ունի բաց դեղնավուն գունավորում, իսկ կոկորդային և ներքին ծնոտային մակերեսները սպիտակավուն են։ Որովայնային մակերեսի եզրային վահանիկները կրում են բաց երկնագույն խալեր։

Կարող է հանդիպել հայկական, Ռոստոմբեկովի, Ռադդեի ու Պորչինսկու ժայռային մողեսների հետ համատեղ․ դրանցից տարբերվում է գունավորմամբ և թեփուկավորման առանձնահատկություններով։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով։ Օգտակար է, կարգավորում է միջատների թվաքանակը։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսածին տեսակ է, հունիսի վերջից հուլիսի սկիզբը էգը դնում է 2-5 ձու (12x7 մմ)։ Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջը։ Պահպանության նպատակով, ինչպես նաև սիրողների կողմից հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հյուսիսային Հայաստանի և հարավային Վրաստանի սահմաններում, մինչև Քուռ գետի նախալեռնային հովտի հյուսիսում: Հայաստանի հյուսիսում գտնվող մի քանի մեկուսացած պոպուլյացիաների ժամանակակից արեալը մասնատված է[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Արեալը մասնատված է մի շարք փոքր, իրարից անջատված հատվածների, որտեղ թվաքանակի փոփոխությունները հայտնի չեն:

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում ճանապարհների վերակառուցումը, միկրոկլիմայի փոփոխումը գետերի ջրահոսքի փոքրացման հետևանքով:

Պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png