Jump to content

Գևորգ Բրուտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Բրուտյան
Ծնվել էհոկտեմբերի 14 (26), 1888[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Վախճանվել էդեկտեմբերի 26, 1952(1952-12-26)[1][2] (64 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմանկար, գծանկար և պլակատ
ՀայրԱրշակ Բրուտյան
ԶավակներՑիցիլիա Բրուտյան
Գևորգ Բրուտյան Վիքիդարանում

Գևորգ Արշակի Բրուտյան (հոկտեմբերի 14 (26), 1888[1][2], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 26, 1952(1952-12-26)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ գեղանկարիչ։ XX դարի առաջին կեսի հայկական գրաֆիկայի ավագ սերունդի ներկայացուցիչներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Բրուտյանը ծնվել է 1888 թվականին Ալեքսանդրապոլում, երաժիշտ-ազգագրագետ Արշակ Բրուտյանի ընտանիքում։ Ընդհանուր մասնագիտական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում, մասնագիտականը՝ Թիֆլիսում՝ Օ. Շմերլինգի նկարչական դպրոցում։ Խորհրդային իշխանության առաջին տարիներին կազմակերպել է Լենինականի կերպարվեստագետների ասոցիացիան, 1921 թվականին եղել գեղարվեստական ստուդիայի հիմնադիրներից և մանկավարժներից մեկը։ 1937 թվականին տեղափոխվել է Երևան[3]։ Նկարել է հանրապետական թերթերի և ամսագրերի համար, ստեղծել քաղաքական պլակատներ։ Ծավալել է նաև լայն քաղաքացիական, հասարակական գործունեություն։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Բրուտյանի ստեղծագործական աշխատանքները ընթանում են հիմնականում լինոփորագրության և գեղանկարչության բնագավառում։ 20-ական թվականների հայ գրաֆիկների շարքում Գևորգ Բրուտյանը միակն էր, որ համառորեն և հետևողական կերպով աշխատում էր լինոլեումի՝ հաստոցային գրաֆիկայի այդ տեսակի մեջ, մշակելով իր գեղարվեստական լեզուն և ինքնօրինակ ձևերը։

Նկարազարդել է մանկական գրքեր և ամսագրեր (Հովհաննես Թումանյանի «Տասներկու ոտանավոր», 1943), ստեղծել հայկական տարազների ալբոմ (500 տարազ)։

Հին Գյումրի շարքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգ Բրուտյանը եղել է իր ժամանակի առաջադեմ արվեստագետներից մեկը, իրապաշտ, միշտ կապված իր ժամանակի, իր շրջապատի իրադարձությունների ճշմարտացիությանը ու ստեղծագործական չափազանց լայն հետաքրքրությունների տեր մի նկարիչ, որը պատկերել է, թե՛ հեղափոխական իրադարձությունները, թե՛ հին անհետացող Գյումրին, թե՛ սոցիալական շինարարությունն ու Հայրենական մեծ պատերազմը։

Գևորգ Բրուտյանի ստեղծագործությունների զգալի մասը գեղանկարչական են, որոնց մեջ իր ուրույն տեղն ունի Հին Գյումրի շարքը, որտեղ նա պատկերել է հին Գյումրին իր ողջ ճշմարտացիությամբ ու հմայքով։ Շարքը ճանապարհորդություն է դեպի արդեն կորուսյալ դարձած անցյալը։ Այն հիշողությունների թատրոն է։ Իհարկե ասվածից պետք չէ ենթադրել, թե նրա ստեղծագործությունը որակում է որպես լոկ անցյալի ազգագրական, փաստական անտարբեր նկարագրություն։ Նկարիչը այդ կյանքը ներկայացրել է գեղարվեստական պատկերավորությամբ, ճիշտ է երբեմն հումորով, երբեմն քննադատորեն, անգամ ծաղրով։ Սակայն նկարչին հազիվ է հաջողվել թաքցնել իր սերն ու համակրանքը այդ բարի մարդկանց նկատմամբ։ Հին Գյումրի շարքը վերհուշ է (նկարել է 1937 թվականին, խորհրդային կարգերի հաստատումից հետո, և հավանաբար հումորի ու ծաղրի առկայությունը նկարներում թելադրված է ժամանակի պահանջով) հաճելի, աչք շոյող պատկերներ, կոմպոզիցիոն հետաքրքիր լուծումներով ու հյութեղ կոլորիտով։

Արվեստագետը պատկերել է մի անհետացող աշխարհ, որն իր հետ տարել է շատերի մանկությունը։ Նկարներից պարզ երևում է զգացումի այդ տրոփյունը, որն ունենում է մարդ, երբ խոսքն իր սիրելի քաղաքի մասին է, այն թախծոտ խնդությունը, որն համակում է մանկությունը վերհիշող մարդուն[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Գևորգ Բրուտյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  4. Ասեկոսեների ու բամբասանքի կենցաղավարումը Գյումրիում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Բրուտյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 580