Գենետիկան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գենետիկայի բնագավառում հետազոտությունները Հայաստանում սկսվել են 1920-ական թվականներից Երևանի պետական համալսարանում: 1930- ական թվականներին Նիկոլայ Վավիլովի ղեկավարած գիտարշավների ընթացքում բացահայտվել են հացահատիկային մշակաբույսերի կազմը, հայտնաբերվել են նրանց վայրի ազգակիցների աճելավայրերը (Մ. Թումանյան, Ա. Արարատյան, Վ. Գուլքանյան)։ 1935 թվականին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի Կենսաբանության ինստիտուտի համակարգում կազմակերպվել է առաջին գենետիկական կենտրոնը, 1943 թվականին՝ Գենետիկայի ինստիտուտը, որը 1956 թվականին ընդգրկվել է Երկրագործության ինստիտուտի կազմում։ Այդ տարիներին պարզաբանվել են բույսերի ձևագոյաման շարժընթացների առանձին օրինաչափություններ (Մ. Թումանյան, Գ. Բաբաջանյան)։

Ընտրասերման ոլորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցորենի հիբրիդ
Ծխախոտի հիբրիդ

Ընտրասերման ոլորտում մշակվել են խաղողի արդյունավետ և ցրտադիմացկուն սորտերի ստացման եղանակներ (Ս. Պողոսյան, Ս. Խաչատրյան, Մ. Մելքոնյան, Կ. Պողոսյան), ցորենի առաջին հիբրիդային սերնդի գենետիկ, բարդացման եղանակ՝ նոր հայրական ձևերով ազատ փոշոտման միջոցով (Վ. Գուլքանյան, Ս. Հովհաննիսյան), ծնողական ձևերի ընտրության վրա հիմնված բարդ միջսորտային հիբրիդացման եղանակ (Ա. Անանյան), ծխախոտի ընտրասերման գենետիկական հիմունքները (Ս. Բարսեղյան, Պ. Ներսիսյան, Ռ. Էդոյան)։ Կարևոր տվյալներ են ստացվել նաև ցորենի հիբրիդային մահացության, բույսերի ինքնահամատեղելիության ու համակցված ընդունակության գենետիկական մեխանիզմների (Գ. Բաբաջանյան, Գ. Սահակյան, Ա. Աղաջանյան) և բջջասաղմնաբանության (Ա. Արարատյան, Գ. Բենեցկայա, Հ. Բատիկյան) ոլորտներում։

Կատարված հետազոտությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեզոքսիռիբոնուկլեինաթթու

Հայաստանի Գենետիկայի ինստիտուտում աշխատանքներ են կատարվել մշակաբույսերի վայրի ազգակիցների գենոֆոնդի ուսումնասիրման և օգտագործման ուղղությամբ (Պ. Ղանդիլյան), Բուսաբանության ինստիտուտում՝ վայրի ֆլորայի բազմաձև պոպուլացիաների կորիզաբանության ուսումնասիրություններ (Է. Նագարովա)։ 1960-ական թվականներից փորձարարական մուտագենեզի և ռադիոզգայունության բջջագենետիկական մեխանիզմների ուսումնասիրություններ են սկսվել Գիտությունների ակադեմիա բույսերի մուտագենեգի լաբորատորիաներում (Վ. Գուլքանյան, Վ. Ավագյան, Ռ. Բաբայան), Երևանի Պետական համալսարան-ում (Ն. Բեգլարյան), Երկրագործության (Ծ. Ավագյան, Ս. Սեմերջյան), Ֆիզիկայի (Ռ. Աթայան), Փորձարարական կենսաբանության (ՓԿԻ) ինստիտուտներում և Միկրոօրգանիզմների գենետիկայի և ընտրասերման Գենետիկայի համաշխարհային ինստիտուտի հայկական մասնաճյուղում (Մ. Հովհաննիսյան)։

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Փորձարարական կենսաբանության ինստիտուտում կատարվել են պլազմիդների արտաքրոմոսոմային գեների մոլեկուլային հիմքերի (Ռ. Զաքարյան), ԴՆԹկենսասինթեզի կինետիկայի քանակական պարամետրերի և բջիջների տարբերակման շարժընթացում նրա դերի (Յու. Մաղաքյան) վերաբերյալ ուսումնասիրություններ։ Ամինաթվականներուների տեխնոլոգ. Գենետիկայի հայկական ինստիտուտում ստեղծվել են անփոխարինելի ամինաթվականներուներ սինթեզող միկրոօրգանիզմների շտամներ (Մ. Հովհաննիսյան)։ Բնության պահպանության Համաշխարհային գիտահետազոտական ինստիտուտի Հայաստանի բնության պահպանության բաժնում աշխատանքներ են կատարվել գենետիկական մոնիթորինգի ուղղությամբ (Վ. Ավագյան)։ 1930-ական թվականներին Երևանի Պետական համալսարան-ում, Երևանի անասնաբուծ-անասնաբուժական ինստիտուտում (Ա. Թամամշյան, Ա. Ռուխկյան, Մ. Առաքելյան), Անասնաբուծ-անասնաբուժական Գիտահետազոտական ինստիտուտում (Վ. Ոսկանյան, Ս. Սարգսյան), այնուհետև Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի, ինչպես նաև Կենդանաբանության ինստիտուտներում շարունակվել են կենդանիների գենետիկայի և ընտրասերման բնագավառի աշխատանքները։ Աշխատանքներ են կատարվել անհետացող տեսակների՝ հայկական մուֆլոնի և բեգոարյան այծի գենոֆոնդի պահպանման ու վերականգնման, ինչպես նաև նրանց և ընտանի ձևերի հիբրիդացման ուղղությամբ (Լ. Մինասյան)։

Հետազոտություններն անասնաբուծության բնագավառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի անասնաբուծա-անասնաբուժական ինստիտուտի գենետիկայի և կենդանաբանության ամբիոնում (այժմ՝ Հայաստանի Ագրարային համալսարանի կազմում) ուսումնասիրություններ են կատարվել կենդանիների ինբրիդինգի և հետերոզիսի երևույթների (Մ. Առաքելյան), գյուղատնտեսական կենդանիների պոլիմորֆիզմի կենսաբանության էության (Վ. Ձորանյան) պարզաբանման ուղղությամբ։ Հայկական անասնաբուծության և կերարտադրության Գիտահետազոտական ինստիտուտի գյուղտնտեսական կենդանիների գենետիկայի և ընտրասերման բաժնում ուսումնասիրվել են խոշոր եղջերավոր կենդանիների ցեղի կազմվածքային և տնտեսական օգտակար հատկանիշների գենետիկայի խնդիրները (Վ. Ոսկանյան)։ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում Ս. Կարապետյանի ղեկավարությամբ ուսումնասիրվել են գյուղատնտեսական կենդանիների և թռչունների մթերատվության բարձրացման գենետիկայի հարցեր։

Գենետիկական հետազոտությունների վերսկսումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետությունում գենետիկական հետազոտությունները վերսկսվել են 1965 թվականից Երևանի Պետական համալսարանում՝ Հրանտ Բատիկյանի ջանքերով. մեծ է Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկու և նրա աշակերտների ու համախոհների (Ծ. Ավագյան, Ռ. Աթայան, Ա. Ջուրաբյան, է. Հակոբյան) դերը։ Ներկայումս հետազոտվում են մուտագենեգի մոլեկուլային մեխանիզմները, զարգանում է բժշկական բջջագենետիկան (Ռ. Հարությունյան և ուրիշներ)։ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության (Ն. Քոչար), Մոլեկուլային կենսաբանության (Լ. Եպիսկոպոսյան) ինստիտուտներում, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման (Թ. Սարգսյան), Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման (Հ. Սիմոնյան) գիտահետազոտական կենտրոններում զբաղվում են պոպուլացիոն, մարդաբանական և բժշկական գենետիկայի խնդիրներով։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում Ա. Բոյաջյանի ղեկավարությամբ զբաղվում են իմունոգենոմիկայի, «Հայկենսատեխնոլոգիա» Գիտությունների ակադեմիայի կենտրոնում (Հ. Հովհաննիսյան)՝ մանրէների գենետիկայի և ընտրասերման հարցերով։

Հայ գենետիկները հանրապետությունից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետությունից դուրս նույնպես գործել են հայ գենետիկներ։ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ԽՍՀՄ-ում կազմակերպվել է հակաբիոտիկների, ավելի ուշ՝ ամինաթթուների լայնածավալ արտադրություն, կատարվել են գենետիկական ճարտարագիտական առաջին ուսումնասիրությունները, հիմնադրվել է Գենետիկայի պետական Գենետիկայի հայկական ինստիտուտ, որը ներկայումս Ռուսաստանի Դաշնության առաջատար կենսատեխնոլոգիական հաստատությունն է։ Նրա ջանքերով Հայաստանի Հանրապետությունում զարգացել է մանրէների գենետիկան և կենսատեխնոլոգիան։ Բժշկական գենետիկայի բնագավառում ԽՍՀՄ-ում կարևորագույն ներդրում են ունենցել Մ. Վարդանյանն ու Լ. Բադալյանը։ Բույսերի գենետիկական ճարտարագիտության բնագավառում ՌԴ առաջատար մասնագետներից է է. Փիրուգյանը։ Ֆրանսիայում են գործում զարգացման գենետիկայի ճանաչված գիտնական Դ. Պաուլին-Սոլաքյանը, գենետիկական ճարտարագիտության անվանի մասնագետ Վ. Սաքանյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png