Jump to content

Բրոդի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրոդի ամրոց
Նկարագրություն
Տեսակամրոց
Վարչական միավորՍլավոնական բրոդ
Երկիր Խորվաթիա
Կառուցված1715
Շինանյութքար և աղյուս
Քարտեզ
Քարտեզ
 Brod Fortress Վիքիպահեստում

Բրոդի ամրոց, ամրոց խորվաթական Սլավոնական բրոդ քաղաքում։ Կառուցվել է 18-րդ դարում Ավստրիայի էրցհերցոգի կողմից, Օսմանյան կայսրության նվաճումներից պաշտպանվելու համար։

Սլավոնսկի-Բրոդը եղել է ռազմավարական նշանակություն ունեցող կարևոր տրանսպորտային հանգույց, որը վերահսկում էր Թուրքիայի հետ սահմանային անցումները։ 1715 թվականից 1780 թվականների միջև Ավստրիան Սավա գետի ափին կառուցեց Բրոդի սահմանային մեծ ամրոցը։ Օսյեկ և Ստարա-Գրադիշկա ամրացված սլավոնական քաղաքների հետ միասին ամրոցը կազմում էր Օսմանյան կայսրության սահմանի պաշտպանական մեծ համակարգի մի մասը[1]։

Ամրոցը կառուցվել է 634 օրում՝ այդ նպատակով օգտագործելով գյուղացիների հարկադրական աշխատանքը։ Որպես շինանյութ օգտագործվել է տոփանված հող, աղյուս, փայտ և մասամբ քար։

Բրոդի ամրոցը կառուցվել է Սեբաստիան Լը Պրետր դը Վոբանի համակարգի համաձայն։ Ամրոցն ուներ ուղղանկյան տեսք, սակայն պաշտպանական ուղիների տեղակայման շնորհիվ այն աստղ էր հիշեցնում, ինչը պայմանավորված էր տեղանքի հարթությամբ։ Ամրոցի ներսում կարող էր տեղակայվել 4 հազար զինվոր և 150 հրանոթ։ Զբաղեցրած ընդհանուր մակերեսը կազմում էր 33 հեկտար։

Գնահատականների համաձայն դասական պաշարման դեպքում կպահանջվի 10 օր հարձակումը նախապատրաստելու համար և 46 օր ամբողջ ամրոցը գրավելու համար։ Ռազմական ղեկավարությունը թույլ չի տվել, որ ամրոցի ներսում կապիտալ տներ կառուցվեն։ Այդ պատճառով էլ ամբողջ 18-րդ դարի ընթացքում և 19-րդ դարի մեծ մասում Բրոդում կառուցվել են փոքրիկ փայտե տնակներ, որոնք ծածկվել են սալիկներով կամ փայտով։ Քաղաքը բարձրությամբ հավասարեցվեց, որպեսի թուրքերի հարձակման դեպքում հրետանու համար ամրոցի շուրջը բաց տարածություն ապահովվեր։

Չնայած քաղաքը սահմանային էր, բայց առիթ չի եղել որ ամրոցը ցուցադրեր իր մարտական հզորությունը։ Այնուամենայնիվ պահպանվել են բազմաթիվ ամրություններ, որոնք հիշեցնում են ամրոցի նախկին ռազմական կյանքը։

Ամրոցը բաղկացած էր երեք պաշտպանական գոտիներից՝ ներքին, արտաքին և հարավային։ Ամրոցը պահպանվում էր խրամուղիների երկու տեղամասերով, որոնք ջրով էին լցվում մոտակա աղբյուրից։

Հարավային մաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի հարավային մասում տեղակայված էր պաշտպանական աշտարակ, որը խոչընդոտում էր Սավա գետի վրայով թուրքերի անցումը։ Մինչև 18-րդ դարի վերջը հարավային պաշտպանական գոտում կառուցվեցին մի շարք շինություններ, այդ թվում ամրոցի հրամանատարի շենքը (այսօր այստեղ տեղակայված է Սլավոնսկի Բրոդի երաժշտական դպրոցը), ինչպես նաև սպաների տաղավարը (որտեղ այժմ տեղակայված է քաղաքային վարչակազմի շտաբ-բնակարանը), կաթոլիկ քահանայի տնակը, հրամանատարական խոհանոցը և ձիանոցն ու ախոռները։ Մնացած ազատ վայրերում գտնվում էին այգիներ և պուրակներ։

Ամրոցի ներքին մասը ուղղանկյուն էր բաղկացած չորս ամրոցապարսպի աշտարակներից, որոնք էլ միացած էին պաշտպանական պատերով։ Ամրոցապարսպի աշտարակները հնգանկյուն էին, որոնք դրսից ամրացված էին տոփանված հողապատնեշով։ Դրանք կոչված էին թշնամուն վերջնական դիմադրություն ցուցաբերելու, ամրոցի դիմացի տարածքի դիտարկման ապահովմանը, արտաքին պատերի և հարևան ամրոցապարսպի աշտարակների պաշտպանությանը։ Բացի 46 սանտիմետր բարձրությամբ հրանոթային հարթակներից, յուրաքանչյուր ամրոցապարսպի աշտարակի վրա տեղակայված էին մինչև չորս պահպանական հսկիչ խցեր։ Երկու ամրոցապարսպի աշտարակները իրար կապող հիմնական պատերը կառուցված են աղյուսից։ Պատերի ներսում կան շինություններ մարդկանց և զինամթերքի համար ինչպես նաև արհեստանոցներ։

Կենտրոնական մաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական մասում գտնվում է աղյուսից պատրաստված երկհարկանի հսկայական շինություն, որը ունի պայտի տեսք։ Դրա ներսում գտնվում են 108 նույն չափերի մեծ սենյակներ, որտեղ տեղակայված են զորանոցները, հրետանային արհեստանոցները, զինապահեստները, հիվանդանոցը և դեղատունը։ Ռեստավրացիայի ենթարկված շինության հարավ արևմտյան հատվածում 1800 մ² մակերեսով տարածքի վրա տեղակայվել է «Ռուժիչ» պատկերասրահը։ Սա 20-րդ դարի առաջին կեսի խորվաթական ժամանակակից արվեստի առաջին մշտական ցուցահանդեսն էր։ Պատկերասրահում ներկայացված են ծննդով Բրոդից խորվաթ քանդակագործ և նկարիչ Բրանկո Ռուժիչի ստեղծագործությունների հավաքածուի 400 արվեստի գործեր։ Ամրոցի հրապարակի կենտրոնում գտնվում է Սուրբ Աննայի եկեղեցին, հարավային կողմից այն պաշտպանված է երկու շինություններով սլավոնական զորանոցներով։ Զբոսաշրջիկների խմբերի համար ամրոցի հրապարակում կազմակերպվում են «կենդանի պատմությունների» ծրագրեր, ցուցադրում են մարդկանց, որոնք հագնված են 18-րդ դարի երկրորդ կեսի 12-րդ հուսարական գնդի մարտիկների հագուստ, ինչպես նաև այլ տեսարաններ ամրոցի անցյալից, հրամանատարների, սպասավորների, պահակազորին, արհեստավորների և այլն։

Արտաքին պաշտպանական գոտի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պաշտպանական պատը բաղկացած է ռավելիններից, եռանկյունաձև ամրություններից, որոնք պաշտպանում էին հիմնական պատերը և թույլ չէին տալիս թշնամուն ներս մտնել ամրոց։ Բոլոր ռավելինները կառուցված էին տոփանված հողից, արտաքինից աղյուսե պատից, իսկ վերևից տեղադրված էր ճաղաշար։ Արևմտյան և արևելյան պատերի ռավելինները ունեին ռեդուտներ, հնգանկյուն ամրություններ, որոնք օգտագործվում էին որպես զինանոց։ Պաշարման տեխնիկայի արագ զարգացման շնորհիվ արդեն 19-րդ դարի կեսերից Բրոդի ամրոցը կորցրեց իր պաշտպանական նշանակությունը։ Այդ պահից Սավա գետի ափին սկսվեց Բրոդի ինտենսիվ զարգացումը, իսկ հին փայտաշեն Բրոդը սկսեց անհետանալ։ Ամրոցի ավերումը շարունակվեց ամբողջ 20-րդ դարի ընթացքում, առանձին օբյեկտներ ոչնչացվեցին բանակի կողմից։ 1945 թվականից մինչև 1990-ական թվականների Խորվաթիայի պատերազմն ամրոցը ծառայում էր որպես բնակատեղի Հարավսլավական Ազգային բանակի զինվորների համար։

Այսօր Բրոդի ամրոցը համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ և 18-րդ դարի սլավոնական ռազմական ամրաշինական ճարտարապետության եզակի մոնումենտալ նմուշ:

Ամրոցի կենտրոնական մասի համայնապատկեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]